Մեր վատագույն կանխատեսումները իրականություն են դառնում ոչ թե որովհետև թշնամին է ուժեղ, և նույնիսկ ոչ թե որովհետև երկրի ղեկին են բացահայտ երիտթուրքեր և համագործակցողներ (կոլաբորացիոնիստներ), որոնք կառավարում են հայկական աշխարհի լուռ համաձայնությամբ և վաղուց վարկաբեկված «նախկինների» «ընդդիմությամբ»: Այս խմբերի հետ, ցավոք, ամեն ինչ վաղուց է պարզ:
«Խաղաղ երթուղիների» ու երկու դեռևս բաց սահմաններից մեկը (Իրանի հետ) փաստացիորեն կորցնելու պայմաններում «ապաշրջափակման» այս ամբողջ պատմությունը և մեծ հաղթահերոս Փաշինյանի մյուս «դիվանագիտական ձեռքբերումները» հնարավոր դարձան շնորհիվ նրանց, ովքեր նույնիսկ հիմա, ինչ-ինչ ուշադրություն և որոշ վստահության կրեդիտ ստանալուց հետո, նոր օրակարգի և այլընտրանքի փոխարեն որոշեցին կառուցել սիրելի հայկական «օբյեկտը»՝ չափազանց բարձր ակնկալիքներ:
Սկզբում նրանք ժողովրդին հեքիաթներ են հրամցնում, թե բա ամեն ինչ կլինի մեր ձևով և մենք դեռ բոլորին կցույց տանք, թե մենք ով ենք: Այնուհետև մեկ անգամ ևս ժողովրդին հիասթափություն են պատճառում և կրկին համոզում, որ մենք դատապարտված ենք գոյատևել առանց արժանի վերնախավի, այսինքն` շուտով դադարել որպես քաղաքական միավոր գոյություն ունենալ: Անօգնականություն և «առանձին վերցված մարզում արդյունաբերականացում» հայ ժողովրդին ուսուցանում են նրանք, ովքեր չկարողացան նույնիսկ պահել արդեն իրենց պատկանող «Էլեկտրացանցերը»: Ինչ խոսք, խոստումնալից մեկնարկ իշխանության գալու և Հայաստանի օկուպացված տարածքներն ու Արցախի վերադարձնելու համար:
Ինչպես հին, այնպես էլ նոր՝ արդեն հնից անզանազանելի ընդդիմությունը, անգիր արած կարգախոսները նախընտրելով բովանդակային քայլերին, հայ ժողովրդի համար սովորական դարձրին կորուստներն ու հավերժական արժեքների նկատմամբ երեսպաշտ վերաբերմունքը: Ո՞վ պետք է վրդովվի Սյունիքի հանձնումից, եթե շատերը Փաշինյանի և նրա նախորդների թեթև ձեռքով դեռ 2020 թ. վերջին են համոզվել, որ դա անդարձելի է: Ո՞վ՝ բացի տեղացի բնակիչներից՝ նկատեց Թավուշում գյուղերի հանձնումը: Եվ ահա արդեն ոչ ոքի չի անհանգստացնում, որ բանավեճը նրա մասին է, թե ո՛ր արտասահմանյան խաղացողը կվերահսկի ադրբեջան-թուրքական միջանցքը դեպի երբեմնի մեր Նախիջևան՝ դեռևս մեր Սյունիքով: «Կարևորն այն է, որ ոչ Ռուսաստանը», – ասում են գլխավոր թուրքի մանկլավիկները: «Ինադ կանեմ էլերին, քամակս տամ գելերին», – արձագանքում է գլխավոր թուրքը՝ իրականացնելով պանթյուրքիստների նվիրական երազանքը, որը գրանցվել էր դեռ Ալեքսանդրապոլի պայմանագրում՝ իսկ հիմա դրոշմվում է վաշինգտոնյան ծերունի Թրամփի ստորագրությամբ:
«Նոր» ընդդիմությունը իրեն արտապատվիրակում է հինին, Սփյուռքը և դեռևս չծնված հայ ազնվականությունը հայոց ապագայի պատասխանատվությունը արտապատվիրակում են թուրքական ժամիշխաններին: Արդյոք պե՞տք է զարմանալ, որ նրանք էլ, իրենց հերթին, հայ պետականության ողնաշարն են «արտապատվիրակում» թշնամուն: Այս ենթավարձակալության սխեմայում չափազանց շատ օղակներ են եղել, և ամենաթույլերը թերևս սննդային շղթայի ներքևում գտնվողներն են՝ նրանք, ովքեր հայկական, թուրքական, ամերիկյան և ում ասես նարցիսիզմի այս բուրգն են սպասարկում սեփակա՛ն քրտինքով, արցունքներով, արյամբ և դրանցով ողողված հողով: Բայց քանի դեռ երևանյան բենզալցակայանները իրանական հեղուկ գազ են մատակարարում, իսկ վանաձորյան սրճարանները՝ վրացական գազավորված ջուր, գաղութի բնիկներին թվում է, թե ամեն ինչ նորմալ է ընթանում: Երբ միջանցքի պատճառով մենք կզրկվենք Իրան, իսկ «անկլավները» հանձնելով ՝ Վրաստան տանող ճանապարհից, կանադական նրբերշիկները կարելի կլինի բերել նաև Թուրքիայից:
Իսկ մինչ հայկական ֆիտոպլանկտոնը իր կուշտ և ընդհանուր սեղանին մատուցելու պատրաստվող ստամոքսի համար կվճարի սեփական ապագայով, նրա «ղեկավարները» շռայլորեն կսիրաշահեն թուրքական տերերին՝ ով պայմանագրերով, ով զիջումներով, ով էլ Անկարայում հաճոյանալով: Ժամանակի ընթացքում մեր ոսկորների վրա այս խրախճանքին կմիանան շատերը, այդ թվում նաև նրանք, որոնց այդ փափագելի միջանցքը չտրվեց: Սակայն «Թրամփի երթուղին» ունի միայն մեկ վերջնակետ, և դա ոչ թե խաչմերուկ է, այլ նոր Գողգոթա:
Մեղրիից մինչև Գողգոթա
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
