Անավարտ ինքնություն։ Մաս Երկրորդ

Ժամանակն է հաղթահարել սեփական «եսը» և դուրս գալ հարմարավետության գոտուց, որտեղ հայերը աղքատ են, դժբախտ, անպաշտպան և զրկված դաշնակիցներից՝ դրանով կանխելով նոր ողբերգությունը։

Այս թեմային առնչվող նախորդ հոդվածում մենք քննարկել էինք, թե որքան փխրուն է հայոց ազգային ինքնագիտակցությունը և որքան աղավաղված ինքնաընկալումը՝ հիմք ընդունելով Հայաստանի և Արցախի արհեստական և դավաճանական բաժանումը։ Ժամանակն է վերադառնալ հայկականության երրորդ սյունին՝ Սփյուռքին, որքան էլ դա ցավոտ չլինի։

Ամենևին պարտադիր չէ մոլի մարքսիստ լինել` համաձայնելու համար, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Այսպիսով, ինչպիսի՞նն է կեցություն ունի հայկական աշխարհի համեմատաբար ակտիվ շերտի ճնշող մեծամասնության կեցությունը` արտերկրյա առօրյայի աշխատանքային և ընտանեկան խնդիրների արանքում։ Նախաճաշին` Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ «X» (նախկինում Twitter), Facebook, Instagram-ում կամ կուսակցական ԶԼՄ-ներում լուրեր և գնահատականներ, մեկընդմեջ` ընտանեկան խնջույքների ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրություններ, ամեն ապրիլ` մի շարք ողբերգական միջոցառումներ, ամառները` դեպի Հայաստան ճամփորդություններ՝ երևանյան Վերնիսաժում թուրքական հուշանվերներ ձեռք բերելով, Նոր տարվան` Հայաստանի կենացներ և, վերջապես, մի քանի զանգ կամ հաղորդագրություն իրենց խորհրդարանական ներկայացուցիչներին, երբ Հայաստանը հերթական անգամ հայտնվում է հարևանների ուղիղ նշանառության տակ։ Հազիվ թե արժե այս ցանկը շարունակել։ Եվ եթե որևէ մեկին անգամ հաջողվում է իր համայնքային կյանքում տվյալ «բինգոյի» ավելի շատ կետեր կատարել, հազիվ թե դա կարող է ուրախության կամ սփոփանքի առիթ հանդիսանալ։

Ինչպես և այս թեմային առնչվող նախորդ հոդվածում, մենք չենք բարդում մեղքը հայերի վրա, որոնք զոհ են դարձել հանրապետական և համայնքային «վերնախավի» կողմից հրամցված նման վարքագծային մոդելին։ Ի հեճուկս օտարածին և դավաճանական քամիների, այս մարդիկ իրենց մեջ կրել և պահպանել են հայկական ինքնությունը, ինչպես նաև ազգային և պետական նախագծի հետ իրենց կապը։ Ցավոք, ոմանց համար այս արժեքը չափվում էր ամպագոռգոռ խոսքերով, սահմանափակ ազդեցության հումանիտար ծրագրերով և հարյուրավոր (թեկուզ հազարավոր կամ միլիոնավոր) դոլարներով, ոչ թե արարքներով։ Հայ ժողովրդի բավականին հայտնի բազում ներկայացուցիչներ շարունակում են անտեսել Փաշինյանի բացահայտ համագործակցող (կոլաբորացիոնիստ) քաղաքական ռեժիմը, շարունակելով սեղմել թուրք սուլթանի երևանյան դրածոների դավաճան ձեռքը և շարունակելով ծափահարել վերջիններիս «Իրական Հայաստան» գովերգող՝ Արագած լեռան ֆոնին պրեզենտացիաներին։

Այնուամենայնիվ, այս նյութի նպատակը չի հանդիսանում հայերին «հայրենիքը ճիշտ սիրել» սովորեցնելը, ավելին` սույն հոդվածի հեղինակը նմանօրինակ աստվածային հմտության տիրապետելու հավակնություններ չունի։ Աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները չափազանց երկար են զուրկ եղել հանուն հայոց պետականության, այն է, հանուն հայոց պատմության շարունակման, առաջնորդության և զոհողության օրինակներից։ Չափազանց համառ էին և Երրորդ հանրապետության ղեկավարները` հայկական Սփյուռքը Հայաստանի և հայության հետ որևէ առնչություն ունենալու ցանկությունից զրկելու ձգտման մեջ։ Թե՛ Հայաստանում, թե՛ համայնքներում ձևավորված իրադրությունում հայ մնալու ցանկությունը, այսինքն, առ հայկական պատմական ժառանգության անսասանություն հավատն ու համախոհներին աջակցելու պատրաստակամությունը, արդեն իսկ մեծ ներդրում է Հայաստանի` որպես քաղաքական միավորի ապագայի մեջ։

Խնդիրն այլ է։ Մեր պատմական ժառանգության համապարփակ, հետևողական ըմբռնման գրեթե համընդհանուր բացակայության պատճառով, այսպիսի պասիոնար մարդիկ ակամայից ծախսում են արժեքավոր ռեսուրսները և էներգիան, պահպանելով և աջակցելով կեղծ կարծրատիպերին և ինքնության ներքին հակասություններին։ Ի վերջո, այն ոչ միայն չի կարող չհանգեցնել արժեքավոր ակտիվներ և պասիվներ վատնելուն, այլև կարող է հանգեցնել ֆրուստրացիաի, հիասթափության և Հայաստանից, հայերից և հայկականությունից հեռանալու ցանկության։

Հայրենիքի նկատմամբ սերը լուսավոր և հրաշալի զգացողություն է, սակայն այն, հակառակ սիրո մասին տարածված համոզմունքներին, չի կարող լինել «կույր»: Այն, ինչ Սփյուռքի շատ հայեր (ոչ բոլորը) անվանում են հայրենիքի նկատմամբ սեր և դրանով արդարացնում, լավագույն դեպքում դեռևս մինչև վերջ չբացահայտած երևույթի մաս կազմելու ձգտում է, վատագույն դեպքում` սեփական «եսը» բավարարելու կամ «բնիկների» հաշվին հարստություն դիզելու ցանկություն.

Այս պահին չենք թվարկի այն կարծրատիպերը, որոնցով շատ համայնքային հայեր ներկայացնում են «տեղի» հայերին` հայկական պետականության ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորներին։ Ագահություն, ծուլություն, կոռումպացվածություն` կարծրատիպերի դասական հավաքածու ցանկացած, ոչ միայն հայկական, համայնքի համար։ Իսկապես, նմանատիպ պատկերացումները անհիմն չեն, սակայն մենք համոզվել ենք, թե որքան ողբալի կարող են լինել վերջիններիս արդյունքները, եթե համակերպվել նրանց հետ՝ լեգենդար Քըրք Քըրքորյանի ժառանգության օրինակով։

Համաձայնվեք, դժվար չէ «փրկագին» վճարել հայրենիքի հանդեպ ցմահ պարտքից ազատվելու համար՝ ներդնելով մի կլորիկ գումար, բայց ոչ սեփական ժամանակը, իսկ այնուհետև խիստ զարմանալ, որ Ձեր ներդրումները բարելավեցին մի խումբ իշխանավորների, ոչ թե հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքերը։ Դժվար չէ դրանում մեղադրել կոռումպացված իշխանությանը և վերջիններիս հանդուրժող ժողովրդին (որը, ի միջի այլոց, դարեր շարունակ չի տեսել պատշաճ ինքնակառավարում և որակյալ կառավարում)։ Բացարձակ դժվար չէ մեղադրել այդ նույն ժողովրդին, որը, հետևելով պետական ապարատը զավթած իշխանության օրինակին, օտարերկրյա հայերին դիտարկում է որպես քայլող դրամապանակների։ Առավել դժվար է ժամանակ առանձնացնել/տրամադրել և ողջ գիտելիքը և փորձը ուղղել առ այն, որ սկսես դիտարկվել ոչ թե որպես դրամապանակ, այլ որպես կողմնորոշիչ, ներդրում կատարել ոչ թե անցողիկ բարիքների, այլև ազգակերտման և պետականաշինության մեջ, կայուն հաստատությունների և պայքարի մեջ` ընդդեմ նրանց, ով այդչափ խանգարում է հայրենիքն անգամ հեռավորությունից սիրելուն։

Ուստի ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հայրենիքը։ Դա, որքան էլ մեր օրերում ահավոր չհնչի, իրական երկիր է՝ իրական մարդկանց իրական խնդիրներով։ Եվ հենց այն, թե որքան են այդ մարդիկ իրենց մերժված զգացել տասնամյակներ շարունակ, այսօր օգնում է թուրք գաղութապետ Փաշինյանին` ոչ միայն առաջ տանել իր «Իրական Հայաստան» մոթելի խայտառակ հայեցակարգը, այլև արդյունավետ լռեցնել Սփյուռքի ոչ անտարբեր հայերին, նրանց ներկայացնելով որպես իդեալիստներ, անհույս ռոմանտիկներ և արկածախնդիրներ, որոնք կամենում են տեղացի հայերին զոհաբերել հանուն գեղեցիկի մասին իրենց սեփական պատկերացումների։ Հայրենիքը յուրաքանչյուր հայն է, անկախ ծագման վայրից, կուսակցական պատկանելությունից և նրա կողմից գործակցվող հայոց լեզվի ստանդարտից կամ բարբառից։

Իհարկե, հայրենիքին հաճելի է, երբ թույլ չես տալիս նրան նեղացնողներին «Դիսնեյում» գովազդվել։ Նրա համար միևնույն չէ, եթե անգամ անօգուտ է, երբ ամերիկյան հերթական նահանգը կամ եվրոպական քաղաքը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը` ի վերջո դու անում ես փոքրիկ քայլեր հանուն մի նպատակի իրականացման, որ զետեղված է դեռևս գործող Հայաստանի Անկախության հռչակագրով։ Հայրենիքը հիշում է և Արցախի ազատագրման գործում քո ներդրումը։

Ավաղ, հայրենիքի զգալի մասը կորսված է և հայտնվել է անմիջական վտանգի տակ, իսկ հազարավոր երիտասարդ տղաներ զոհվել են, քանզի ձեր հայտնի կուռքերը ժամանակին նախընտրեցին լռել, պարզապես գումարներ ուղարկել, սոցիալական ցանցերում հեշթեգներով հրապարակումներ անել` ի շահ հայկական պետականության համակարգված աշխատանք կատարելու փոխարեն։ Կորուստներ կրեցին ոչ միայն Հայաստանի և Արցախի բնակիչները, այլ նաև դու` Սփյուռքում ապրող հայդ։ Այլևս չկա հաղթանակը, շնորհիվ որի դու սերունդներ անց հիշեցիր, թե ինչ է նշանակում հայ լինելով հպարտանալը։ Այլևս չկան այն մեծ ծրագրերը, որոնք քեզ դրդում էին ժամանակ տրամադրել սեփական ազգին և ժառանգությանը։ Գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է այն պետությունը, որը կոչված է պաշտպանելու այս ազգաբնակչությանը և երաշխավորել նրա փոխանցումը հաջորդ սերունդներիդ։ Եթե դու հույս ես տածում, որ նրանք դրան կծանոթանան ամբողջ աշխարհի գրադարաններում քո թողած գրքերի և ձեռագրերի միջոցով` դու չարաչար սխալվում ես. ադրբեջանցիները և թուրքերը դրանք աստիճանաբար ոչնչացնում են, դրա դիմաց անփութության և մոռացկոտության պատճառաբանմամբ տուգանք վճարելով։

Ռոբերտ Քոչարյանը որակվեց որպես բռնապետ, Նիկոլ Փաշինյանը` պատերազմի և քաոսի հոմանիշ, սակայն նրանց միավորում է մեկ երևույթ. թե ինչպիսի հարմար և համոզիչ արդարացումներ են տրամադրում օտարերկրյա համայնքների հայերին` Հայաստանում ապրելը անգամ չդիտարկելու և երկիրը բարելավել չփորձելու։ Այդ ամենով հանդերձ, և վերջիններս, և Սերժ Սարգսյանը շարունակեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ավանդույթը, համաձայն որի հայկական համայնքները ոչ թե հավասար գործընկերներ են պետականաշինության հարցում, այլև դոնորներ` բյուջեի անհատակ դեֆիցիտը և ներքին կաշառքները ապահովելու համար։

Երկրում մշտապես «այն ղեկավարը չէ» կամ «համապատասխան պահը չէ» հայրենադարձության համար, ու դրանք չեն էլ հայտնվի, քանի դեռ հայոց աշխարհի լավագույն ուղեղները և սրտերը չեն ձևավորել անդրազգային քաղաքական ազգի ինստիտուտը և պատասխանատվություն չեն վերցրել հայկական պետության համար։

Միայն իրական ազգային վերնախավն է ի վիճակի կասեցնել հայոց ցեղասպանության հերթական և վերջնական փուլը՝ Հայկական Հարցի փակումը։ Հայկական հարցին հայկական պատասխան տալու համար առաջին հերթին անհրաժեշտ է գիտակցաբար և անկեղծ պատասխանել այն հարցին, թե ո՞վ ենք մենք միմյանց համար, և ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ միասնական հայկական պետականություն ունենալը։ Ժամանակն է հաղթահարել սեփական «եսը» և դուրս գալ հարմարավետության գոտուց, որտեղ հայերը աղքատ են, դժբախտ, անպաշտպան և զրկված դաշնակիցներից՝ դրանով կանխելով նոր ողբերգությունը։ Հայաստանը դատապարտված է հուսալի բնական դաշնակից ունենալու, և այդ դաշնակիցը կազմակերպված և պետականակենտրոն հայկական աշխարհն է: Այլընտրանքը առհավետ չքանալն է:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն