2018 թվականից ի վեր առաջին անգամ թուրքական կոլաբորացիոնիստի տակ «տեղապահի» աթոռը սկսել է ճոճվել։ Առաջին միտքը, որ ծագում է՝ նա վախեցել է Սամվել Կարապետյանից, ով հայտարարել է «սկզբունքորեն նոր» քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին։ Ցավոք, իրական պատճառը դա չէ։ Կարապետյանի թիմը (եթե այն առհասարակ կա) առայսօր չի ձևավորել կենտրոնացված քաղաքական ենթակառուցվածք, չի հրապարակել Դոկտրինան (արժեհամակարգային և գաղափարական հիմքը), քաղաքական Ծրագիրը և դրա իրագործման մեխանիզմները։ Կարապետյանի ձերբակալությունից ի վեր հնչում են միայն կցկտուր և վատ ձևակերպված հայտարարություններ՝ իբր նոր ուժի հայտնվելու մասին, սակայն առանց որևէ հստակեցման։ Միևնույն ժամանակ կոլաբորացիոնիստական (համագործակցող) վարչակարգը բավականին հմտորեն օգտագործում է Կարապետյանի թիմի թույլ տված սխալներն ու բացթողումները՝ ստեղծելով և առաջ մղելով պատումներ, որոնց պատճառով հակառակորդն անընդհատ փորձում է արդարանալ։ Սա մի խաղ է, որտեղ Փաշինյանը հարձակողական դիրքում է, իսկ Սամվել Կարապետյանը (այս պարագայում նրա թիմը)՝ լոկ պաշտպանողական, արձագանքող։
Իհարկե, կոլաբորացիոնիստներին բացահայտ մարտահրավեր նետելը խիզախ քայլ էր Կարապետյանի կողմից և պետք է արժանանա այն մարդկանց զորակցությանը, ովքեր Հայաստանի համար ընտրում են հայկական, այլ ոչ թե թուրքական ապագա։ Սակայն այդ քայլը բացարձակապես բավարար չէ Փաշինյանի ռեժիմի դեմ արդյունավետ պայքարելու համար, քանի որ նա վայելում է Թուրքիայի խորքային պետության (ոչ միայն անձամբ Էրդողանի) և լիբերալ-գլոբալիստական էլիտայի լուրջ ներակայացուցիչների լիարժեք աջակցությունը։ Անհրաժեշտ է վերջապես խոստովանել և ընդունել, որ Փաշինյանն ընդամենը տեղապահ է, ով որևէ ռեսուրսային բազա չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք իրագործելու համար։ Գնալ նրա դեմ նշանակում է պատերազմ հայտարարել հզոր հակառակորդներին, որոնք ունեն գիտելիք, փորձ և ռեսուրսներ։Պայքարելու համար պետք է ունենալ խորապես մշակված ռազմավարություն, որի շուրջ կմոբիլիզացվի անհրաժեշտ քանակական և որակական ռեսուրսային բազա։ Ներկայիս դաժան իրողություններն անտեսող ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման։
Փաշինյանի վախի աղբյուրն իրականում այլ տեղ է թաքնված։ Վերջին չորս տարիների ընթացքում (2021 թվականի ընտրություններից ի վեր) նրա վարչակարգը երկու հիմնական հենասյուն ուներ՝ այսպես կոչված «նախկինների» (ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի) հանդեպ հասարակության ունեցած վախերի շահագործումը և առանց Սյունիքը հանձնելու Ադրբեջանի հետ գալիք խաղաղություն հաստատելու հանդիսավոր երդումը։ «Նախկինների» հետ ամեն ինչ պարզ է և հասկանալի. նրանք միայն իրենց կեղծ քաղաքական ներկայությամբ (այդ թվում՝ Ազգային ժողովում) արդեն իսկ լեգիտիմացնում են կոլաբորացիոնիստական վարչակարգը։ «Ընդդիմության» ղեկավարները դա գիտակցում են և երբեմն հակաազգային հրեշին (որը ծնվել և հզորացել է հենց իրենց 20 տարվա «հանճարեղ քաղաքականության» պատճառով) կերակրում են իրենց խաղազինվորներով՝ հույս ունենալով, որ կամ կփրկվեն, կամ ինչ-որ հրաշքով «խժռողը» կխեղդվի/կանհետանա/կինքնաոչնչանա։ Սակայն Փաշինյանի թիկունքին կանգնած են թուրք և լիբերալ-գլոբալիստ բավականին բանիմաց վերլուծաբաններ ու մասնագետներ, որոնք հասկանում են, որ «նախկինները», որպես քաղտեխնոլոգիական հրեշ, շուտով իրենց կսպառեն։ Այդ պատճառով 2026 թվականի այսպես կոչված ընտրությունների նախաշեմին պետք է առաջընթաց ապահովել մեկ այլ ճակատում՝ Հայաստանի և հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի միջև «մեծ խաղաղության, առաջընթացի, սիրո և հարգանքի» հարցում։
Ու այստեղ ի հայտ են գալիս լուրջ «բայց»-եր, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ նույն չորս տարիների (2021 թվականից) ընթացքում զբաղվել է իր երկրի արտաքին կապերը դիվերսիֆիկացնելով: Նա նվազագույնի է հասցրել Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա և զգալիորեն նվազեցրել է նաև թուրքական գործոնը, որը գերակշռող էր դարձել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից հետո։ Բաքուն տպավորիչ աշխատանք է իրականացրել՝ Չինաստանի հետ կնքելով մի շարք ռազմավարական բնույթի համաձայնագրեր, ամրապնդելով Իսրայելի հետ ունեցած բազմապրոֆիլային կապերը և ձևավորելով որակապես տարբերվող լոբբիստական ենթակառուցվածք ԱՄՆ-ում (հատկապես ամերիկյան ավետարանչական շրջանակների ուղղությամբ)։ Բաքվի դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական կողմը այս կամ այն ձևով վերահսկելու է Սյունիքը, իսկ հայ զինվորականները (և առհասարակ հայերը) ոչ մի պարագայում չեն ստուգելու ո՛չ Ադրբեջանի քաղաքացիներին, ո՛չ էլ «Իրական Հայաստան» կամ Նախիջևան փոխադրվող ադրբեջանական ապրանքները։
Հիմա Փաշինյանը խուճապորեն աղաչում է տարբեր ուժերին (հատկապես իր թուրք հովանավորին) թույլ տալ իրեն գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավոր կլինի հրամցնել սեփական բնակչությանը և շարունակել լինել «Խաղաղության խաչմերուկի» (այսինքն քաղաքական բորդելի) տեղապահը։ Փաշինյանը ծնկաչոք պաղատում է թուրքական սուլթանին. «Թույլ տվեք ևս մեկ անգամ ապացուցել, որ դեռ կարող եմ լինել լավագույն կուսակալը»։ Կալանավորելով Սամվել Կարապետյանին ու սկսելով Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուտի կազմաքանդման գործընթացը՝ նա ընծաներով ժամանել է Էրդողանի մոտ։ Սուլթանն ընդունել է ընծաները, այնուհետև բանակցություններ անցկացրել Ալիևի և իր մտերիմ ընկեր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվ, ըստ երևույթին, տեղապահի «դեմքը փրկելու» տարբերակը գտնվել է։
Այժմ Փաշինյանի վարչակարգն ակտիվ կերպով առաջ է մղում մի գաղափար, ըստ որի՝ Սյունիքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ հանգույցի վերահսկողությունը կարող է փոխանցվել ամերիկյան մի մասնավոր ընկերության։ Դուք ճիշտ եք հասկացել. խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգության արտապատվիրակման-սեփականաշնորհման մասին։ Չի բացառվում, որ դա կարող է լինել նույնիսկ ամերիկյան/նորվեգական/շվեյցարական կազմակերպություն, բայց աշխատանքի ընդունել ինչպես ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների, այնպես էլ՝ հենց Ադրբեջանի քաղաքացիների։ Ո՞վ պիտի մասնավոր կազմակերպությանն արգելի ինքնուրույն ձևավորել իր կառուցվածքը, մասնավորապես, անձնակազմի ընտրության հարցում։ Բայց Փաշինյանը և նրա երիտենիչերիները ջանք չեն խնայի՝ Հայաստանի քաղաքացիներին և համայն հայությանը համոզելու, թե իբր Ալիևին խաղից դուրս են թողել, Թրամփին դարձրել են Հայաստանի դաշնակիցը, և որ ռազմավարական լոգիստիկ երթուղիների կառավարման հանձնումը արտասահմանյան մասնավոր ընկերությանը ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլ նաև՝ Հայաստանի փրկիչ, մեծն գեոստրատեգ Փաշինյանի փայլուն հաղթանակն է։ Արդեն իսկ հրապարակ են նետվում Սյունիքի հարցի անհեթեթ համեմատություններ Կալինինգրադի հետ՝ ռուսական անկլավի, որը սահմանակցում է Լեհաստանին և Լիտվային։ Սակայն նույնիսկ նման զավեշտալի համեմատություններ անելիս վարչակարգի սպասարկուները մոռանում են մի պարզ ճշմարտություն. Կալինինգրադը Ռուսաստանինն է, իսկ Ռուսաստանը միջուկային գերտերություն է։
Սյունիքի վերջնական հանձնումն էլ է կարող բավականին հետաքրքիր ձևակերպվել։ Վերջերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է 100 տարով վարձակալել Զանգեզուրի միջանցքը (իհարկե՝ հենց այս ձևակերպմամբ)։ Այս մոտեցումը իսկապես տպավորիչ է, քանի որ տվյալ գործողությունը կլինի միջազգային հարաբերությունների պատմության մեջ առաջին դեպքը, երբ պայմանական Ա երկիրը (Ադրբեջան) առանց գեթ մի կրակոցի ստանում է վերահսկողություն Բ երկրի (Հայաստան) ռազմավարական տարածաշրջանի նկատմամբ՝ Գ երկրի (ԱՄՆ) միջնորդական ջանքերով, ինչը ներկայացվում է որպես վարձակալություն՝ հետագայում մասնավոր կազմակերպությունների կառավարմանը փոխանցելու համար։ Բրավո, Բաքո։
Մենք չենք էլ կասկածում, որ ինչ-որ պահի հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ կհաջողվի իրականացնել դարի այս աշխարհաքաղաքական բլեֆը։ Չենք կասկածում, քանի որ Երևանում իշխողի աթոռին նստած է անսկզբունքային տեղապահ, որը հենց հիմա «հայրենասիրական մղումներից ելնելով» օրը ցերեկով «ազգայնացնում» է հայի պատկանող մասնավոր ընկերությունը, բայց միևնույն ժամանակ, կարծես թե նույն «զգացմունքներից» ելնելով, պատրաստ է ազգային անվտանգության հարցը (Սյունիքի ռազմավարական հանգույցները) հանձնել արտասահմանյան մասնավոր ընկերության։ Չենք կասկածում, որովհետև Հայաստանի քաղաքացիները «թավշյա տրանսի» մեջ են, իսկ աշխարհասփյուռ հայությունը պառակտված է և ապակողմնորոշված։ Չենք կասկածում այն պատճառով, որ քիչ թե շատ հեղինակություն ունեցող հայերը կամ վախկոտների պես փախել են, կամ բերանները ջուր են լցրել (պասիվ կոլաբորացիոնիզմ), կամ էլ կոլաբորացիոնիստական վարչակարգին պատերազմ են հայտարարում, իսկ հետո աններելի սխալներ գործում։ Մենք իրատես ենք։
Մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվում և գիտակցում ենք, որ հենց մենք՝ հայերս ենք թույլ տվել, որ այսօր Հայաստանում կյանքի կոչվի Թուրքիայի կողմից գաղութացման (գաղութացման ձևն ու ձևաչափն այդքան էլ կարևոր չեն) հենց այս սցենարը: Սակայն մենք նաև հստակ հասկանում ու գիտակցում ենք, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Հասկանում ենք, թե որքան կտրուկ կարող է փոխվել ուժերի հարաբերակցությունը, երբ ի հայտ գա անդրազգային հայկական ազնվականություն, որը կհամախմբի ու կառաջնորդի բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ հայությանը և կձևավորի համազգային ճանապարհային քարտեզ։Այս գործընթացն անխուսափելի է, ինչպես և անխուսափելի է հայկական կողմի ռազմավարական հաղթանակը։ Հակառակ դեպքում՝ մենք կմնանք միայն պատմության գրքերում՝ բացառապես այն դերում, որը մեզ համար կկանխորոշեն հաղթողները։ Նեղանալ չկա` պատմությունը գրում են հաղթողները։
