Եթե վերջին լուրերից մեկը լսեինք զուգահեռ տիեզերքում, այն մեզ լավատեսություն կներշնչեր: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «Էլեկտրացանցերի» «ազգայնացման» մասին: Դեղին լրագրող Փաշինյանի սիրելի վերնագրերում բարձրագոչ խոսքեր են հնչում ինքնիշխանության, անկախության, ինքնուրույն վերահսկողության և զարգացման մասին:
Սակայն իրականում՝ մեր տիեզերքում և Երրորդ հանրապետությունում, խոսքը ոչ թե Հայաստանի պետությանն ու քաղաքացիներին իրենց պատկանելիքը վերադարձնելու մասին է, այլ մի գաղութի «գույքի» տարրական զավթման և վերաբաշխման, որը ձգտում է նահանգի/երկրամասի կարգավիճակը փոխարինել վիլայեթի կարգավիճակով: Վերաբաշխումը սկսվել է 2018 թվականից՝ սկզբում հին ու նոր օլիգարխների միջև, իսկ այժմ, երբ օլիգարխներն արդեն անխզելիորեն միաձուլվել են այլասերված համակարգի հետ, այդ գործընթացը հասել է միջազգային մակարդակի: Կոլաբորացիոնիստները գցել-բռնել են, որ իրենց համար ավելի շահավետ է ռուսական դրոշը փոխարինել թուրքականով, մասամբ՝ բրիտանականով և չինականով: Ինչ խոսք, հակազգային իշխանությունից անհնար էր ակնկալել, որ նա կվերադարձնի ժողովրդին կենսական նշանակության ենթակառուցվածքների իրական վերահսկողությունը։
Հեռահաղորդակցություն, էներգետիկա, լեռնային հանքեր և դրանց արդյունահանման համակարգեր, ֆինանսական էկոհամակարգ, Հայաստանի հայերի առողջությունը և ապագան՝ այս բոլոր ռեսուրսներն ու բարիքները, որոնք իրավամբ պատկանում են հայ ժողովրդին և (կամ) կոչված են նրան ծառայելուն, Փաշինյանի ռեժիմը պարզապես չի կարող վերստին չվերավաճառել, ինչպես և դա արել են Երրորդ Հանրապետության «հայրերը»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Օդը՝ ահա այն արժույթը, որով Փաշինյանը առևտուր է անում հայ ժողովրդի և իր հին ու նոր տերերի հետ: Դրա փոխարեն նա ստանում է առևտուրը շարունակելու մանդատ՝ հայերից, և այդ մանդատի երաշխիքներ՝ տերերից:
Մենք հատուկ ուշադրություն չդարձրինք, թե ինչպես կառավարությունը բաժնեմասեր ստացավ հեռահաղորդակցության ամենախոշոր օպերատոր «Վիվայում» (նախկին «Վիվասել-ՄՏՍ») և երբեմնի ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատում: Ինչպես և պատահում է նմանատիպ դեպքերում, անուշադրությունը և անտարբերությունը հանգեցրին լիակատար ամենաթողության: Ձեռքի մեկ շարժումով քվեարկություն խորհրադարանում՝ և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» անցնում են թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ: Ի դեպ, նոր «ազգային» (բայց իրականում օֆշորային ընկերության անվան տակ գրանցված) «Վիվան», շնորհիվ մրցակից Սամվել Կարապետյանի բանտարկության, շուտով ձեռք կբերի նախկին «Ռոստելեկոմը»: Ահա թե ինչպիսի տեսք ունի մենաշնորհների դեմ պայքարը և տնտեսության զարգացումը փաշինյանական Հայաստանում:
Հանրային ճնշումներ, գաղտագողի գործարքների արագացված հաստատում և օրենսդրական կամայականություն. ինչ խոսք, ոգեշնչող ազդանշան են պոտենցիալ ներդրողների համար: Թեև, հաշվարկը հենց դա է` Հայաստանի պետականության մնացորդների աճուրդում Փաշինյանը և նրա թուրք տերերը մրցակիցների կարիք չունեն:
Կրկնենք սկզբում արտահայտված միտքը: Լուրը, որ հայկական պետությունը վերահսկողության տակ է առնում հայ ժողովրդի կենսագործունեությունը, անվտանգությունն ու ապագան ապահովող ենթակառուցվածքները, այլ հանգամանքներում՝ գոնե բովանդակային հայկական պետության առկայության պայմաններում, մեր կողմից, անշուշտ, հավանության կարժանանար, և կլիներ մեր պայքարի առարկա: Սակայն դրա և, հետևաբար, կապակցված, անդրազգային հայկական սփյուռքի բացակայության պայմաններում, կարևորագույն ընկերությունների ղեկին հայ ազգանուններ ունեցող անձանց առկայությունը վտանգի դեպքում նրանց հուսալիության երաշխիք չէ: Նույնպես երաշխիք չէ և նրանց` միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը, քանի դեռ այդ քաղաքացիությունը որոշներին չի խանգարում էությամբ թուրքահպատակ լինել:
Հարցը Սամվել Կարապետյանի և հայկական բիզնես վերնախավի այլ ներկայացուցիչների նկատմամբ վստահության մասին չէ: Հարցը այդ մարդկանց` Հայաստանի շահերին ծառայությունն ապահովող ինստիտուտների բացակայության մասին է: Վերջապես, հարցն այն է, որ քանի դեռ իսկապես անկախ Հայաստանի համար անհրաժեշտ որակներն ու ռեսուրսներ ունեցող անձինք չեն որոշում երկրի ապագան և նման մարդիկ զբաղված չեն պետության կառուցմամբ, ոչ մի ազգային շահ պարզապես ձևակերպված չէ: Ուստի, իհարկե, Փաշինյանը կարող է առանց որևէ խնդիրների թուրքական վերահսկողությունը կոծկել մեկ այլ հայկական ազգանունով, եթե, իհարկե, համարի, որ մենք արժանի ենք գոնե քաղցր ստի: Սա իրավիճակը կփոխի միայն այնքանով, որ եթե նախկինում կարող էին մտահոգություններ լինել Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի (Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իսրայելի՝ ցանկացած երկրի, որտեղից կարող էր լինել նման ընկերությանը տիրապետող էթնիկ հայը) հետ դիրքորոշումների տարբերության դեպքում, ապա այժմ երաշխավորված է, որ այդ էներգետիկ և, ընդհանրապես, ցանկացած այլ անվտանգությունը իսպառ բացակայում է: Ակնհայտ է նաև, թեև դա դժվար թե արթնացնի դավաճանական ձեռքեր սեղմող հայերին, որ նոր, «իրական Հայաստանում», և նույնիսկ նրա գաղութային «տնտեսությունում» տեղ չկա հայերի համար, նույնիսկ նրանց համար, ովքեր սկզբում բավականին անվտանգ և հարմար էին իշխանությունների համար:
Մեզ նոր, թուրքական գաղութացում են վաճառում՝ փաթեթավորված ռուսական ազդեցությունից դուրս գալու, դիվերսիֆիկացիայի և նույնիսկ ինքնիշխանության պատրանքով: Դե որոշակի դիվերսիֆիկացիա հնարավոր է և տեղի ունենա (օրինակ, այն բանից հետո, երբ Թուրքիան վերահսկողության տակ առնի կրիտիկական ենթակառուցվածքներն ու անվտանգությունը, Բրիտանիան կվերահսկի ֆինանսական ճարտարապետությունը և մասամբ հանքարդյունաբերությունը, իսկ Չինաստանը՝ «լոգիստիկան» և «տարանցումը»): Սակայն այս ամենը իմաստ կունենար, եթե մենք կարողանայինք անհոգ շարունակել խոսել ֆինանսների, սեփական տարածքի, ռեսուրսների արդյունահանման մեր շահերի մասին այն պայմաններում, երբ հիմնականը՝ անվտանգությունը, հանձնվում է թշնամուն, ով հայկական պետությունը համարում է իր գոյության հիմնական սպառնալիք և մտադիր է ոչնչացնել այն: Ահա թե ինչպիսին է «անկախությունը՝ որպես շատերից կախվածություն»-ը Փաշինյանի և նրա երիտենիչիների պատկերացմամբ:
Մի ժամանակ, պետական հեղաշրջման սկզբում, Փաշինյանը խոստացավ հարուստներից գույքը խլել և բաժանել աղքատներին: Թերևս, հարուստները մենք ենք՝ հայ ժողովուրդը, իսկ աղքատները՝ Թուրքիան ու թուրքական աշխարհը, նրանց գործակալ Խաչատուր Սուքիասյանը (Գրզոն), գլոբալ կորպորացիաները և այլն: Հնարավոր է նաև, որ դա այն հազվադեպ դեպքերից էր, երբ թուրք գաղութապետը չի ստել: Մենք իսկապես հարուստ էինք և չէինք գիտակցում դա: Մենք ստացանք երկար սպասված անկախությունը, ազատագրեցինք հայկական Արցախը և ապահովեցինք մայրցամաքային Հայաստանի անվտանգությունը, մեր թիկունքում կանգնած էր ազդեցիկ և հարուստ հայկական աշխարհը, իսկ Թուրքիային մնում էր միայն վիրավորված արգելափակել մեր երկիրը՝ սահմանափակելով ավելի շատ իրեն, քան մեզ:
Այժմ մենք վճարում ենք մեր սեփական վատնողության, ագահության ու ծուլության համար: Մենք թույլ տվեցինք, որ իշխանության գան մանր վաճառականների թուլությունները մարմնացողները, ովքեր չեն ցանկանում տնօրինել իրենց ժառանգությունը և պատասխանատվություն կրել դրա համար, այլ գրավադրում են այն կամ վարձով տալիս, որպեսզի ստացված գումարով զբաղվեն սովորական վերավաճառքով: Վերջնական արդյունքը միշտ նույնն է՝ վարկատուն հոգնում է վարձավճար («խաղաղության խաչմերուկում» տարանցման տոկոսները կամ միջնորդի բաժինը) վճարել և դուրս է նետում ծույլ ու ինքնահավան «բուրժուային»: Իրական քաղաքականության ջունգլիները չեն ներում նրանց, ովքեր չեն գիտակցում սեփական ուժը:
Հայկական ակտիվների և հանածոների ազգայնացում լինելու է: Հարցը նրանում է, թե որ ազգն ու պետությունը կդառնան դրա շահառուները:
