Իրանի և Իսրայելի բախումը մեզ կրկին վերադարձնում է միջազգային հարաբերությունների համակարգերի մասին մեծ բանավեճերին: Միջազգային հասարակության մի մասը կրկին զգուշացնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿի) մի անդամի կողմից մյուսի նկատմամբ ագրեսիայի անթույլատրելիության մասին: Մյուսները պնդում են, որ մի կողմն իրավացի է կանխարգելիչ հարված հասցնելու՝ սեփական անվտանգությունը ապահովելու համար: Բոլոր կարևոր (և ոչ այնքան) խաղացողները, անկախ այս կամ այն կողմի նկատմամբ աշխարհաքաղաքական համակրանքից, բազմիցս զսպվածության և դիվանագիտական ձևաչափին վերադառնալու կոչ կանեն: Ո՞վ է ճիշտ, ո՞վ է մեղավոր, ո՞վ կկրի պատասխանատվությունը և ինչպե՞ս կավարտվի այս ամենը. սրանք արտաքին դիտորդի հիմնական հարցերն են, որոնք բացարձակապես հետաքրքիր չեն ձերդ մեծություն իրական քաղաքականությանը (Realpolitik-ին):
Իրական քաղաքականությունն անփոփոխ օբյեկտիվի և անվերջ փոփոխվող սուբյեկտիվի խաչասերման արդյունքն է: Օբյեկտիվը շատ պարզ է. յուրաքանչյուր պետություն, որպես այս կամ այն ազգը միավորող ձևաչափ, ձգտում է գոյատևել բոլորը բոլորի դեմ մշտական պատերազմում: Գոյատևումը պահանջում է մեծամասնության կողմից ընդունված հիմնավորում՝ կյանքի որոշակի մոդելին (գաղափարախոսության) հետևելու, որը մշակված է փոքրամասնության կողմից (ազգային ազնվականության, հիմնադիր հայրերի և այլն), ինչպես նաև այդ գաղափարախոսությունից բխող և արդյունավետ գործող հոգևոր, գիտական, հետախուզական, ռազմատեխնիկական, տնտեսական և սոցիալապես նշանակալի այլ հաստատություններ, որոնք լուծում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ: Այլ կերպ ասած՝ ցանկանալ գոյատևել նշանակում է ստանձնել սեփական ճակատագրի համար ամբողջ պատասխանատվությունը, որն իրենից ներկայացնում է հիմնարար ռազմավարական և ամենօրյա մարտավարական քաղաքական որոշումների փոխկապակցված շղթա:
Գոյատևելու անհրաժեշտությունը ինքնին նշանակում է ցավալի, բայց վճռական փաստի ընդունում, այն է՝ աշխարհաքաղաքական դաժան ջունգլիներում մենակությունը: Հրեական ազնվականությունը՝ ժամանակակից Իսրայելի պետության հիմնադիրը, այդ մասին լսելով չի իմացել: Մշտական հալածանքները, ճնշումները և արտաքսումները ստիպեցին հրեաներին դառնության, արյան և ողբերգությունների միջոցով ընդունել իրենց մենակությունը և գոյատևման համար պայքարել բոլոր հնարավոր միջոցներով:
Կարելի է ցանկացած կերպ վերաբերվել ժամանակակից Իսրայելին և նրա միջազգային գործունեության (այսինքն՝ գոյատևելու) մեթոդներին, բայց այն ձևավորվել է և շարունակում է գոյություն ծավալել բացառապես իրական աշխարհի կոշտ և դաժան խաղի կանոնները գիտակցաբար ընդունելու շնորհիվ: Անհնար է համոզել հրեա-իսրայելցուն, որ աշխարհը դարձել է մեծահոգի, մարդասեր և քաղաքակիրթ, որ այլևս չեն լինի Դրեյֆուսի դատ և հերթական Հոլոքոստ: Ցանկացած փորձ ապարդյուն է հրեա-իսրայելցուն ապացուցելու համար, որ նա պետք է հանգստանա և վայելի կյանքը՝ ուշադրություն չդարձնելով իր ոչնչացմանն ուղղված այլ երկրի հնարավոր միջուկային զենքին: Այն ժողովուրդը, որ անցել է պատմության բոլոր հնարավոր և անհնար մսաղացների միջով, բնազդաբար ամբողջ աշխարհին կդիտարկի որպես ռազմադաշտ, որտեղ գործում է միայն մեկ օրենք՝ ուժեղի իրավունքը:
Ընդ որում՝ ոչնչացում ասելով պարտադիր չէ հասկանալ երկրի կամ ժողովրդի ֆիզիկական բնաջնջում։ Խոսքը ռազմավարական վերահսկողության և կառավարման հաստատման ձևի մասին է։ Իրական քաղաքականությունը ելնում է այն սկզբունքից, որ պետությունը/ազգը, որը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ, կարելի է համարել ոչնչացված՝ մինչև վերահսկողությունը վերադարձնելը։ Հետևաբար, Իսրայելի համար Մերձավոր Արևելքի նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը և այդ տարածաշրջանում մեծ տերությունների քաղաքականության վրա ազդեցությունը սեփական գոյատևման հիմնական պայմանն է: Անցյալ դարի 50-70-ական թվականների աշխարհաքաղաքական փորձը նրանց ցույց տվեց, որ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են դաշինքներն ու դաշնակցական պարտավորությունները, չափազանց հարաբերական են և գործում են բավական ընտրողաբար: Իրական քաղաքականությունը ունի մեկ ոսկե կանոն. գործում է բացառապես այն մեխանիզմը, որը դու կարող ես ստիպել աշխատել։ Ավելի պարզ ասած՝ մի՛ հավատա, մի՛ վախեցիր, մի՛ խնդրիր։
Նույնը վերաբերում է Իրանին: Հնագույն առաջին հզոր կայսրությունների ակունքներին կանգնած մեծ թագավորների հետնորդները չեն ուզում իրենց տհաճ և օտար տարրեր հանդուրժել: Իրանը (Պարսկաստանը) Մերձավոր Արևելքի տիրակալն է՝ մարդկության օրրանը, իսկ իրանցու (կայսերական պարսիկի) գործառույթը (կյանքի իմաստը) ամեն գնով այդ ժառանգությունը պաշտպանելն է: Այս ամենին գումարվել է կրոնական կերպարը, և այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն Պարսկական կայսրության, այլև մուսուլմանական աշխարհի ժառանգն ու պաշտպանն է: Պարսկական/Իրանական կայսրության տիրույթներում չի կարող հայտնվել Իսրայելը, որը հավերժական թշնամիների (արևմտյան իմպերիալիստների) աջակցությամբ կվերահսկի Երուսաղեմը, որտեղ գտնվում է Ալ-Ակսա մզկիթը՝ իսլամական աշխարհի երեք գլխավոր սրբավայրերից մեկը: Իրանի համար Երուսաղեմի՝ երեք համաշխարհային կրոնների կենտրոնի նկատմամբ վերահսկողություն հաստատելը նշանակում է իրեն վերադարձնել ամբողջ տարածաշրջանի կենտրոնական տերության գործառույթը: Ոչ ոք չի համոզի պարսիկներին/իրանցիներին, որ Իսրայելը պարզապես հրեական ժողովրդի փորձն է՝ գոյատևման համար իր տունը գտնելու։ Նրանց համար հրեական պետությունը իրենց սեփական գոյատևմանը (այսինքն՝ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությանը) սպառնալիք է և տարբեր ուժերի գործիք, որոնք ձգտում են վերակառուցել տարածաշրջանը իրենց կերպարանքով և նմանությամբ:
Իսրայելի և Իրանի միջև փոխզիջումն անհնար է, քանի որ խոսքը երկու սուբյեկտիվ գոյատևման մոդելների բախման մասին է: Սա զրոյական գումարումով խաղ է, որտեղ մեկի հաղթանակը (գոյատևումը) ավտոմատ նշանակում է մյուսի պարտությունը (վախճանը): Երկու կողմերն էլ դա վաղուց հասկացել և ընդունել են (ի տարբերություն մեզ՝ հայերիս, որոնք հավատում են անկեղծ խաղաղությանը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գոյակցությանը): Թուրքական աշխարհը, ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, գործում է սառնարյուն հաշվարկով՝ ըստ որի իր գոյատևումը հնարավոր է միայն հայկական աշխարհի ոչնչացման (ռազմավարական վերահսկողության) պայմանով: Ի տարբերություն հրեաների/իրանցիների՝ մենք ոչ միայն չենք հասկացել իրական քաղաքականության էությունը, այլ նաև հիմնովին ու խորությամբ չենք վերանայել սեփական պատմական ձախողումները և ողբերգությունները (ներառյալ 1915-1923 թթ. Ցեղասպանությունը)։
Հրեաները/իրանցիները, ընդունելով խաղի կանոնները, պատրաստ են օգտագործել ամեն ինչ և բոլորին, օգտագործվել նույնիսկ, եթե դա կօգնի նպատակին հասնել: Բացի սեփական հսկայական ռեսուրսներից՝ Իսրայելը օգտագործում է ժամանակակից ամենազորեղ ուժերից մեկը՝ Ավետարանչական Ամերիկան (ինչպես նաև օգտագործվում վերջինիս կողմից), Իրանն օգտագործում է (և օգտագործվում) ոչ պակաս ազդեցիկ անդրազգային ազդեցության կենտրոնների՝ Ամերիկայի կելտական (իռլանդա-շոտլանդական) աշխարհի և Չինաստանի կողմից։ Իսրայելը (Իռլանդիայի հետ միասին) երկու պետություններից մեկն է, որը վայելում է լավ կազմակերպված անդրազգային ցանցերի ներկայությունն ու աջակցությունը: Իսրայելական և կելտական անդրազգային ազգերը միմյանց հետ մրցակցում են գլոբալ տերությունների (հիմնականում ԱՄՆ-ի) ներսում քաղաքական և տնտեսական որոշումների ձևավորման և ընդունման գործընթացների նկատմամբ ռազմավարական վերահսկողության համար:
Իսրայելական անդրազգային ազգի զորության հիմնական աղբյուրներից մեկը 70 միլիոն մարդ գերազանցող ավետարանչական կրոնական խումբն է, որը հավատում է, որ հրեաների Իսրայելի հող վերադարձը և այդ երկրի անվերապահ պաշտպանությունը Սուրբ Գրքի մարգարեությունների կատարման անհրաժեշտ պայմաններ են: Ավետարանչականներն ամենամեծ ընտրազանգվածներից մեկն են (հատկապես հարավային նահանգներում), և տարածաշրջանային ու դաշնային մակարդակի որևէ քաղաքական գործիչ չի կարող անտեսել նրա արտաքին քաղաքական օրակարգը, որը հանգում է Իսրայելի անվերապահ աջակցությանը (քրիստոնեական սիոնիզմ): Կելտական անդրազգային ազգը միավորում է բողոքական և կաթոլիկ իռլանդացիներին ու շոտլանդացիներին: Այս ազդեցիկ խմբից ծնվեց իռլանդական ազգային ազնվականությունը, որը ջախջախեց բրիտանական մեծ կայսրությանը և ազատագրեց Իռլանդիան բազմադարյա գաղութային լծից: Նրա ազդեցության շնորհիվ Իռլանդիան (Իսրայելի հետևողական և կոշտ քննադատը) ունի Միացյալ Նահանգների եզակի դաշնակցի կարգավիճակ: Կելտական խումբը տարբեր եղանակներով աջակցում է Իրանին և աշխարհի ու տարածաշրջանի այլ ուժերին՝ հետևելով պարզ տրամաբանության՝ իմ թշնամու թշնամին իմ թշնամին է:
Անկախ Իրանի և Իսրայելի հակամարտության վերջնական արդյունքից՝ անհրաժեշտ է պատրաստվել երկարատև, խորքային և բազմաշերտ բախման, որի հետևանքները (անկախ արդյունքից) աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար, ինչն իր հերթին նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար: Թուրքիան և Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կորոշեն արագացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական գաղութացման գործընթացը: Երեւանի կոլաբորացիոնիստ վարչակարգը պատրաստվում է հաջորդ տարվա հունիսին կայանալիք այսպես կոչված «ընտրություններում» թարմացնել իր մանդատը՝ պետությունը վերջնականապես ապամոնտաժելու համար։ Նրանք անպայման կօգտվեն այս իրավիճակից և կփորձեն մեզ համոզել, որ Սյունիքը հանձնելը, Անկախության հռչակագրից, պատմական հիշողությունից և Հայ Եկեղեցուց հրաժարվելը խաղաղության անխուսափելի պայմաններ են, եթե ուզում ենք փրկել մեր զավակների կյանքը:
Այնուամենայնիվ, իրանա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ ընթացիկ ճգնաժամային երևույթները, լայն հնարավորություններ են ստեղծում մեզ համար: Անհրաժեշտ է արագացնել հայկական գլոբալ ազնվականության ձևավորման գործընթացը և սեփական անդրազգային ազգ կերտելու համար արդյունավետ ռազմավարություն կառուցել: Երրորդ անդրազգային (հայկական) ցանցի ձևավորումը և ուժեղացումը բխում է բազմաթիվ գլոբալ ուժերի (այդ թվում՝ գոյություն ունեցող անդրազգային ազգերի) երկարաժամկետ շահերից, որոնք նոր ձևավորվող միջազգային հարաբերությունների համակարգի շրջանակներում ուժերի հավասարակշռության բանաձև են փնտրում: Շատ խաղացողներ կթուլանան, իսկ ոմանք ընդհանրապես կվերանան, ուստի մենք պետք է պատրաստ լինենք պատմության հերթական հնարավորությանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք, որ Հայաստանի ապագաղութացման և հայկական բովանդակալից պետականության կառուցման պայքարը կախված կլինի բացառապես նրանից, թե որքանով կհաջողենք գլխավոր առաքելությունը՝ հայկական անդրազգային ազգի, այսինքն՝ գլոբալ հայկական ազնվականության ստեղծումը։
