Շատերս սիրում ենք մեզ անվանել ամենահին քաղաքակրթություններից մեկը, առաջին քրիստոնեական ազգ կամ մեզ տալ մեր ինքնասիրությունը շոյող այլ բնութագրեր: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ «ազգ» տիտղոսը կարող է ճշմարտության չհամապատասխանել այն էթնոսի պարագայում, որը կազմակերպված գոյություն ունի մարդկության պատմության սկզբից ի վեր: Դժվար էր դա պատկերացնել նաև արտասահմանյան հետազոտողների համար, որոնք Երրորդ Հանրապետության արշալույսին միաձայն հայտարարում էին, որ Հայաստանը արագ ոտքի կանգնելու հարցում առավելություն ունի, քանի որ, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, մեզ այլևս պետք չէր միաժամանակ հա՛մ պետություն, հա՛մ ազգ կառուցել:
Սակայն ի՞նչ է ազգը, և ինչո՞ւ է Հայկական Հանրապետությունը իր առանցքային նպատակներից մեկը համարում Հայկական լեռնաշխարհի, Փոքր Կովկասի զգալի մասի և Քուր-Արաքս հովտի բնիկ էթնոսի ազգակերտման ձևակերպումը:
Կարելի է համարել, որ ազգերը սոցիալական կոնստրուկտներ են, որոնք արտացոլում են մարդկանց՝ իրենց որոշակի համայնքի մեջ ներառելու ընտրությունը: Կարելի է, ընդհակառակը, համաձայնվել պրիմորդիալիստների հետ և կարծել, թե ազգերը ձևավորվել են դեռևս քարե դարից և գենետիկորեն կոդավորված են: Ինչ սահմանում էլ ընտրենք, այն իր էությամբ կմնա սոցիալ-մշակութային, գուցե կենսաբանական, բայց ոչ` քաղաքական:
Լեզուն, ընդհանուր նորմերն ու սովորությունները, իհարկե, ստեղծում են հավաքական ինքնագիտակցություն: Բայց նույն տարածքում բնակվող տարբեր էթնոսների ներկայացուցիչների մոտ երբեմն ավելի շատ ընդհանուր բան կա, քան մեծ երկրի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցների մոտ: Ապա ի՞նչ ասել գլոբալ հայկական աշխարհի մասին: Ոչ մի բարդ ու զարգացած համակարգ՝ հատկապես մարդկանցից կազմված համակարգ (որն ի դեպ անցել է բազմաթիվ ջարդերի ու տեղահանությունների միջոցով), հնարավոր չէ պարզ հաջորդականության հանգեցնել ըստ մերձավոր կամ հեռավոր ազգակցական կապերի։
Եթե հասարակության անդամների միջև փոխազդեցությունը որոշվում է անձնական ծանոթություններով, ընտանեկան կապերով և ոչ ֆորմալ պայմանավորվածություններով, ոչ թե հիմնվում գործող ինստիտուտների և ընդհանուր բարիքի մասին պատկերացումների վրա, ապա այդպիսի հասարակությունը չի առաջանցել լոկ համայնքի շրջանակից:
Մենք բազմիցս անդրադարձել ենք առանց քաղաքական ազգի բովանդակալից ինքնիշխան պետություն կառուցելու անհնարությանը: Անհնար է ձևակերպել ազգային շահը և պաշտպանել այն, եթե անհասկանալի է, թե ում համար է այն սահմանվում, եթե հստակ չէ, թե ով է կազմում այդ ազգի մի մասը:
Բնականաբար, մեզ հետ համաձայն չէ հայկական քաղաքական մտքի կորիֆեյ («ականավոր վարպետ»)՝ թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող երևույթը համոզում է, որ մենք պետք է անցում կատարենք «պետականազուրկ ազգից» դեպի պետական (!) ժողովուրդ: Վերը ներկայացրած (թեկուզ և այդքան կարճ) ուսումնասիրությունից հետո արժե՞ խոսել այն մասին, որ անգրագետ դեղին լրագրողը այդպիսի սահմանմամբ հակասում է առողջ մտքին և աշխարհի երեսին գոյություն ունեցող քաղաքական բոլոր տեսություններին:
Մինչ Փաշինյանն այս իր նոր հայ «ժողովրդին» չի կառուցել, որը նրա ծրագրով պետք է սպասարկող փոքրամասնություն դառնա հայկական պետականության վերջին ֆիզիկական պատվարում, սկսենք գույքագրել այն, ինչ հիմա ունենք որպես էթնոմշակութային համայնք: Ի՞նչ է այսօր հայկական ինքնությունը: Դա մրցակից միկրոինքնությունների լաթերից կարված վերմակ է: Յուրաքանչյուր շրջան, նույնիսկ գյուղ, հավակնում է «իսկությանը»՝ մերժելով այս պատվարժան կոչումը մնացածին: Մենք չենք իջնելու գյուղերի կամ շքամուտքի մակարդակի (երևանյան փողոցների աղտոտվածությունից դատելով՝ շատերի համար հայրենիքի սահմանները անցնում են հենց մուտքի դռների մոտ): Այսօր խոսենք երբեմնի հայտարարած եռամիասնության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք հենասյուներից մեկի` Արցախի ընկալման մասին:
Հայկական ազգի պրոկրուստյան մահիճը
Չկա որևէ բան, որն այնքան կբացահայտեր հայկական ազգային ինքնագիտակցության դյուրաբեկությունը, որքան մայրցամաքային Հայաստանի և Արցախի բնակիչների միջև հորինված «հակամարտությունը»: Այս առումով Արցախի հայերը եկան փոխարինելու Բաքվի, Սումգայիթի և Գանձակի հայերին: Ի դեպ, խորհրդային շրջանում անգամ նույն Արցախի հայերի և նույն այդ վայրերում բնակվող իրենց ազգականների միջև անհասկացություններ կային: Այդ քաղաքների բնիկ հայերից բացի՝ այնտեղ հայտնվել էին նաև այն հայերը, որոնց ադրբեջանական վարչակազմն աստիճանաբար տեղափոխում էր Արցախից՝ ադրբեջանական քաղաքները զարգացնելու և Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով:
Կարծրատիպները, ինչ խոսք, հարմար են: Նրանք թույլ են տալիս արագ տարանջատել սեփականը օտարից: Բայց օրինաչափ է, որ դրանք հանգեցրին նրան, որ փախստականների առաջին ալիքը գործնականում չհարմարվեց Հայաստանում և դարձավ այդ նույն «օտարը»: Կատարվածի համար պետք չէ մեղադրել հայ ժողովրդի տարբեր շերտերին: Բարդ հարցերի պարզ պատասխանները նրանց տվեց Երրորդ Հանրապետության նորաստեղծ «վերնախավը», որը նախ չընդունեց Բաքվից փախստականների հետ առաջին օդանավերը, ապա պիտակեց նրանց որպես ռուսախոս, համահայկական գումարներով նրանց տներ շնորհեց, բայց չտվեց նրանց այդ նույն «տան» զգացողությունը, դրանով նրանց դեմ տրամադրելով պատերազմի, շրջափակման և շուկայական տնտեսությանը անցման պատճառով տուժած բազում մարդկանց:
Հայկական պետությունը դեռ միայն երկնում էր և երկնում էր ցավերի մեջ, ուստի չպետք է մեղադրել ադրբեջանական մեծ քաղաքներից փախստականների այդ զգալի մասին այն բանի համար, որ նրանք բավարար հասունություն և իմաստություն չցուցաբերեցին՝ գիտակցելու, որ երկիրը բազմաթիվ այլ խնդիրներ ունի, և որ բավարար վճռական չէին ամեն ինչ զրոյից սկսել աղետալի և սովահար երկրում, սովորել նրա լեզուն, ուս ուսի կռվել այն մարդկանց հոտ, ովքեր գաղթականներին վիրավորում և «շուռ տված» հայեր էին անվանում: Այդպիսի մասշտաբի խնդիրները, հատկապես օտարերկրյա հատուկ ծառայությունների ստեղծած նարատիվներին (պատումներին) դիմակայելու գործում, ի զորու էր լուծել միայն ազգային ազնվականությունը: Սակայն նրա սաղմը ժամանակ չուներ զբաղվելու երևանյան անցուդարձով. նա Արցախի լեռներում պայքարում էր հայկական պատմության շարունակության համար: Ազնվականությանը վիճակված չէր վերադառնալ Արցախից` նրանց Երևանում հայտնվելը անթույլատրելի էր մայրաքաղաքում փափուկ տեղավորված ժամիշխանների համար:
Հաջողությամբ երկրից դուրս քշելով Քուր-Արաքս հովտի փախստականներին՝ նոր հայկական վերնախավը անցավ ներսից պառակտմանը: Նոր զոհ ու քավության նոխազ նշանակվեցին Արցախի հայերը, որոնց հայտարարեցին Հայաստանից առանձին քաղաքական սուբյեկտ: Ի՞նչ միջազգայնորեն հաստատված իրավունքով ազգերի ինքնորոշման մասին կարող էր խոսք լինել, եթե հայերը չկարողացան ինքնորոշվել սեփական տարածքում: Այսպիսով Երրորդ Հանրապետության իշխանությունների, լինեն նրանք ծնված Արցախում (Ռոբերտ Քոչարյան), Սյունիքում (Սերժ Սարգսյան) կամ Տավուշում (Նիկոլ Փաշինյան), բոլոր հետագա անհաջողությունների արդարացումը հայտարարվեցին Արցախի հայերը:
Նոր զորքի և «անկախ» (Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի մտահղացմամբ) պետության կառուցմամբ, տների վերականգնմամբ և պատերազմում զոհվածների տապանաքարեր կանգնեցնելով տարված արցախյան հայությունը չէր էլ պատկերացնում, որ Ստեփանակերտից 6 (իսկ այն ժամանակ դեռ 10-12) ժամ հեռավորության վրա տեղի է ունենում հայկական ծագող պետության լիարժեք գրավումը հենց ներսից։ Դեռ անտեղյակ էին և որ դարձան առասպելական «ղարաբաղյան կլանի» մի մաս, ագահության հոմանիշ, որ հիմա Երևանում իշխանություն են հայտարարված: Ի դեպ, իշխանության մեջ ծագումով Արցախից հայերի մասնաբաժինը ամենամեծն էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որը վերջիններիս հաշվին ապահովում էր իր սեփական լեգիտիմությունն ու ռեյտինգը:
Բայց այդպիսի քավության նոխազները օգնում էին ոչ միայն իշխանություններին՝ ատելությունն այլ օբյեկտի վրա կենտրոնացնելու համար. նրանք նաև պատասխանատվությունից էին ազատում տեղի բնակչությունը, որը կարող էր արդարանալ, թե «էլիտաների» արածներին ի զորու չէ դիմադրել, ու շարունակել զբաղվել միայն սեփական անձնական խնդիրներով։
Իսկ նրան, թե ինչպես էին Ստեփանակերտում Երևանի՝ այսպես կոչված «վերնախավի» ներկայացուցիչները կեղծ «միասնության» մասին հեքիաթներով լռեցնում Արցախի բնակչությունը ու արցախահայության ինչ-որ «յուրօրինակության» պատրանք ստեղծում, մենք արդեն անդրադարձել ենք առանձին հոդվածում։
2023 թվականը հայերին տվեց հերթական արյունալի հնարավորությունը՝ վերջապես ճանաչելու ինքն իրեն՝ դառնալով ապահով հենարան մեկմեկու համար: 2023 թ. սեպտեմբերի վերջին մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ ֆիզիկապես և բարոյապես սլացել Գորիսի շրջակայք` արցախահայ գաղթականներին սփոփելու և օգնելու: Սպասելի էր, որ ժողովրդի՝ ապրումակցման և իրական միասնության ոգին շուտով կոտրվեց Փաշինյանի թուրքական վարչակազմի բոտերի և տասնամյակներ, Լևոն Տեր-Պետրոսյանից ի վեր պետության կողմից սնված արցախաֆոբերի, գրոհի ներքո: Ապա Փաշինյանի գործակալների կողմից հանրային ելույթներում «Արցախ» տեղանունից խուսափելը փոխարինվեց չթաքցվող արցախաֆոբիայով:
Անօթևան արցախահայերը, որոնց միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր նպաստները կառավարությունը չեղարկեց ընդամենը 1,5 տարի անց, շարունակում են ներկայացվել որպես «մուրացկաններ» ու «պարազիտներ», որոնք կախված են Նիկոլի հավերժ դեֆիցիտային բյուջեից:
Սակայն Հայաստանի թուրքական գաղութացման համար բավարար չէ մասերով թշնամուն փոխանցել նրա կտորները, բավարար չէ նաև ցուցադրաբար անպատասխան թողնել նրա կրակոցները: Թուրքական աշխարհը երկարաժամկետ է խաղում, և նրան անհրաժեշտ է, որ մենք ոչ միայն երբեք չուժեղանանք, այլև ատենք մեր էությունը և այն, ինչ մեզ է պատկանում:
1,800 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը Արցախի Ամարաս վանքում հիմնեց հայկական առաջին դպրոցներից մեկը։ Սա այն սրբավայրերից է, որտեղ ձևավորվեց մեր ինքնությունը՝ մշակութային, քաղաքական ու հոգևոր առումով։ Այդտեղ միահյուսվեցին այն լեզուները, որոնցով մտածում ու գրում էին մեր նախնիներն ու հոգևոր առաջնորդները, այդ հայերենով հայն արդեն ինքն էր իր տեղը նշում համաշխարհային պատմության մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր հատկապես դպրոցներն ու Հայ Առաքելական Եկեղեցին են օկուպացիոն իշխանությունների սկանդալների ու պրովոկացիաների թիրախը։ Հարցը ոչ թե Ամարասի, Տաթևի կամ Թանահատի (որտեղ գործել է Գլաձորի համալսարանը) մասին է, այլ այն խոր արմատների, որ այնտեղ է թողել կրթված հայը, նրա, թե ինչ են իսկական հայի համար նշանակում մշտական հոգևոր և մտավոր կատարելագործումը: Եթե նորմալ դպրոցն ու համալսարանը «մերը» չեն ու մեզ մոտ «չեն ստացվում», ապա Ամարասն էլ մերը չէ։ «Իրական Հայաստան» մոթելի սպասարկման հարկի բնիկների` բարձրագույնի ձգտելը թուրք տերերը ավելորդ են համարում։
Ահա թե ինչու ենք կանգնած մի կողմից «կրթվելը նորաձև է» գոռացող ցնցոտիավորների, մյուս կողմից՝ կորսյալ Արևմտյան Հայաստանի միջև, որտեղ հայուհիները առաջին կին բժիշկներն էին ու համաշխարհային գրականությունը թարգմանողները։ Սա է «իրական» ու «պատմական» Հայաստանի միջև ընտրությունը։
Մեր քաղաքական ինքնության անավարտության շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվել է պարտադրել «իրական Հայաստանի» այլաբանությունը՝ պարզեցված, պրագմատիկ, անհարմար պատմական հարցերից «մաքրված»։ Վարչապետը գիտակցաբար հրաժարվում է ազգային ինքնագիտակցության սաղմերից՝ բազմաշերտ ինքնությունը փոխարինելով գոյատևման ու առօրյա հարմարավետության ֆունկցիայով։ Փաշինյանը ավարտին է հասցնում հայ հասարակության քայքայումը՝ ստիպելով եղբայրներին և քույրերին ատել միմյանց ու արհամարհել իրենց հայրերին։ Սա մեզ այլ ժողովուրդներին չի նմանեցնում, այլև հակառակը, մեզ ներկայացնում է որպես պատմության ամենաանպետք աշակերտների, ում մի օր այդ նույն պատմությունը կարող է հոգնել անընդհատ թողնել նույն դասարանում և որոշել մեկընդմիշտ հեռացնել։ «Իրական Հայաստանը» հենց դրան է ձգտում։
Շարունակությունն, իհարկե, հաջորդիվ…
