Ամերիկյան ազնվականությունը. պատմություն և ներկա: Մաս 1

Այսօրվա ամերիկացիները հարյուրավոր տարբեր ժողովուրդների սերունդներ են, որոնք տարբեր պատմական ժամանակաշրջաններում տեղափոխվել են Նոր Աշխարհ՝ ավելի լավ կյանք ունենալու ակնկալիքով։ Սակայն այդ ազգը, ինչպես և բոլոր կայացած ազգերը, ունի իր միջուկը, որի շուրջ ձևավորվեցին հետագա շրջանակները։

Դժվար թե ժամանակակից աշխարհում կարելի է գտնել մեկ այլ երկիր, որի նախագահական ընտրություններին ողջ մարդկությունը հետևում է համակ ուշադրությամբ։ Եվ միայն այս փաստը վկայում է ամերիկյան պետության` համաշխարհային գործունեության վրա ազդեցության բարձր մակարդակի մասին։ ԱՄՆ-ն բացարձակապես նոր և եզակի կայսրության տեսակ է, որն իր մեջ ներառել է իր կործանված նախորդների (հատկապես Հռոմեական կայսրության) լավագույն հատկանիշները։ Այն հեռու է իդեալական լինելուց և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, սակայն մի բան ակնհայտ է՝ այն ունի զարմանալիորեն կայուն և մարդկության պատմության մեջ մինչ այժմ չտեսնված ներքին դիմադրողականություն (իմունիտետ)։ 2016 թվականը նշանակալի դարձավ Միացյալ Նահանգների և ողջ մարդկության համար։ Նախագահական ընտրություններում, հակառակ բոլոր կանխատեսումների, հաղթանակ տարավ գործարար և շոումեն Դոնալդ Թրամփը։ Նա բավականին հեշտությամբ հաղթեց ոչ թե հասարակ քաղաքական գործչի, այլ Հիլարի Քլինթոնին՝ Դեմոկրատական կուսակցության էլիտար խմբավորումների կոնսենսուսային թեկնածուին։

Ամերիկյան քաղաքականության մեջ մասնագիտացող մի շարք լուրջ փորձագետներ այս իրադարձությունը հեղափոխական անվանեցին։ Սակայն առավել ճիշտ այն բնութագրել է Ուոլթեր Ռասսել Միդը՝ իր «Ջեքսոնյան ապստամբություն» վերնագրով հոդվածում։ Այս բնորոշումն ավելի ճշգրիտ է, քանի որ հիմնարար խորքային փոփոխությունների մասին խոսելը դեռ չափազանց վաղ է և համարձակ։ Իրոք, ապստամբություն տեղի ունեցավ, բայց դրա հետևանքները լուրջ ազդեցություն ունեցան ամերիկյան էլիտար խմբերի ուժերի հարաբերակցության վրա։ Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, մենք պետք է ավելի հստակ պատկերացում ստանանք ժամանակակից Միացյալ Նահանգների բնույթի և բովանդակության մասին, ինչի համար անհրաժեշտ է սկսել արմատացած մոլորությունների հերքումից։ Առաջինը և, թերևս, առանցքայինը այն լեգենդն է, թե ամերիկացիները ներգաղթյալների ազգ են։ Իրոք, այսօրվա ամերիկացիները հարյուրավոր տարբեր ժողովուրդների սերունդներ են, որոնք տարբեր պատմական ժամանակաշրջաններում տեղափոխվել են Նոր Աշխարհ՝ ավելի լավ կյանք ունենալու ակնկալիքով։ Սակայն այդ ազգը, ինչպես և ցանկացած այլ (խոսքը կայացած ազգերի մասին է), ունի իր միջուկը, որի շուրջ ձևավորվել են հետագա շրջանակները։ Սկսենք միջուկից։

_________________________________________________________

Միջուկի առաջին գիծ — Օլսթեր-կելտական խումբ
Միջուկի երկրորդ գիծ — Հոլանդական խումբ
Միջուկի երրորդ գիծ — Գերմանական խումբ
Միջուկի չորրորդ գիծ — Կելտական կաթոլիկ խումբ
__________________________________________________________

Օլսթերկելտական խումբ

Էթնիկ խումբ` իռլանդացիներ և շոտլանդացիներ
Ծագման աշխարհագրություն` Օլսթեր (ժամանակակից Հյուսիսային Իռլանդիա)
Կրոնական պատկանելություն` կելտական (ազգային) բողոքականություն

Իռլանդիայի քրիստոնեացման պատմությունը սերտորեն կապված է մարտական կելտական ցեղերի հարձակումներին պարբերաբար ենթարկված Բրիտանիայի հռոմեական նվաճման հետ։ Չնայած հռոմեացիները երկար ժամանակ պատրաստվում էին կելտական հողերի նվաճմանը՝ նրանց տեղային արշավները (լոկ տարածքում տեղակայված ուժերի միջոցով) հաջողություն չունեցան։ Գնեուս Յուլիուս Ագրիկոլան՝ Բրիտանական պրովինցիայի այդ ժամանակվա կառավարիչը, Հռոմից լրացուցիչ ուժեր խնդրեց Իռլանդիայի գրավման համար, սակայն արշավը այդպես էլ տեղի չունեցավ։ Քրիստոնեությունը նվաճեց այս կղզին գրեթե անարյուն կերպով, ինչի մասին է վկայում շատ այլ քրիստոնյա ժողովուրդների բնորոշ նահատակության պաշտամունքի բացակայությունը։ Արդեն Սուրբ Պատրիկի (իռլանդական քրիստոնեության հոր) օրոք ձևավորվեց տեղական ազգային եկեղեցին, որը ճանաչում էր Հռոմի պապի գերակայությունը։ Սակայն, հաշվի առնելով աշխարհագրական հեռավորությունը մայրցամաքային Եվրոպայից և Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը, երկու Եկեղեցիների միջև կապը կրում էր բացառապես ձևական բնույթ։ Պատրիկը, լինելով հիանալի ռազմավար, հասկանում էր այս (թեկուզ և ձևական) կապի կարևորությունը որպես նոր կրոնի հիմք, որի շուրջ էլ ընթանում էր տեղի ցաքուցրիվ ցեղերի միավորման գործընթացը։

Կելտականության և կղզային քրիստոնեության համադրման արդյունքում առաջացավ տարբերվող Կելտական Կաթոլիկ Եկեղեցին (ԿԿԵ)։ Իռլանդացիները և շոտլանդացի կաթոլիկները, հատկապես հյուսիսային հողերից (Օլսթերից), հիանալի քաղաքական գործիչների և մարտիկների համբավ ունեին։ Նրանց ներկայացուցիչները մասնակցում էին ռազմավարական պլանների մշակմանը և հրամանատարում էին Վատիկանի զորքերի առավել էլիտար ջոկատները Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Կելտական գործոնը դարձավ եվրոպական կաթոլիկության կարևորագույն տարրերից մեկը, որը նրա ավանդական լատինական մասից զգալի հեռավորություն էր պահպանում։ Կելտական կաթոլիկ ազնվականությունը խիստ թշնամաբար ընդունեց Մարտին Լյութերի կողմից 1517 թվականին սկսված Բարեփոխումը։ Նրանք Պապից ավելի վճռական գործողություններ էին պահանջում՝ խուսափելու պառակտումից և դրա ցավոտ հետևանքներից։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ԿԿԵ-ին խորթ էին այնպիսի գծեր, ինչպիսիք են անչափ ագահությունը և նյութական հարստության ձգտումը, որոնք բնորոշ էին լատինական Կաթոլիկ Եկեղեցու ղեկավարությանը։ Կելտական ազնվականությունը, ի տարբերություն լատինականի, հոգ էր տանում իր ժողովրդի մասին, ուստի բարեփոխական ապստամբությունը նրա վրա որևէ կերպ չանդրադարձավ։

Իռլանդիա՝ կելտական աշխարհի սիրտ, անգլիկանության տեսքով բողոքականությունը մտավ խիստ և պարտադրված ձևով` Օլիվեր Կրոմվելի պատժիչ արշավի արդյունքում։ Օլիվեր Կրոմվելը, որպես անգլիական պետականության համոզված ջատագով, իռլանդացիներին որպես անգլիական ազգային նախագծին սպառնալիք էր ընկալում և, օգտվելով իրավիճակից (1641 թվականի ապստամբությունից), որոշեց գործել ուժային դիրքերից։ Կրոմվելը սկսեց տեղական ազնվականության ֆիզիկական ոչնչացումից՝ այդպիսով գլխատելով իռլանդական ժողովրդին, որը այդկերպ զրկվեց հենարանից։ Նրա ազդեցության տակ գտնվող Երկարատև պառլամենտը ընդունեց բնակավայրերի մասին հատուկ ակտ, որը հաստատեց իռլանդացիներից` անգլիացիների օգտին հողեր բռնագրավելու իրավունքը։ Բացի այդ՝ իռլանդական բնակչության զգալի մասը տեղահանման էր ենթակա դեպի կղզու ամենաանպտուղ և ամայի մասը՝ Կոննախտ շրջանը։ Այսպիսով, անգլիական խորհրդարանը տասնյակ հազարավոր իռլանդացիների դատապարտեց սովամահ լինելուն։ Այդ շրջանը լքած իռլանդացիներին սպասում էր մահապատիժ՝ առանց որևէ քննության և գործի ուսումնասիրության։

Ամենադժվարը Օլսթերի գաղութացումն էր, որն անցկացվեց առանձնակի դաժանությամբ։ Ի տարբերություն Իռլանդիայի կենտրոնական մասի՝ հարավը և հյուսիսը երբեք չէին դադարեցնում պայքարը՝ անգլիացիների դեմ կռվելով բոլոր հասանելի միջոցներով։ Կրոմվելը, ով լավ գիտեր հյուսիսային կելտերի բնավորությունը, որոշեց փոխատեղման դիմել, հյուսիսային հողեր ուղարկելով Անգլիային հավատարիմ (գնված) իռլանդական ընտանիքներ՝ որպես կառավարիչներ։ Ավելի համոզիչ թվալու համար նա իր անձնական ջոկատում ընդգրկեց իռլանդացի կաթոլիկների։ Այսպիսով, Օլիվեր Կրոմվելը ստեղծեց խաղաղ համագոյակցության պատրաստակամության պատրանք։ Տեղացիները հավատացին նրա մտադրությունների անկեղծությանը, ինչի համար թանկ վճարեցին։ Հյուսիսիռլանդական կաթոլիկ ազնվականությունը կա՛մ կոտորվեց, կա՛մ ձերբակալվեց, կա՛մ աքսորվեց Կոննախտ։ Բնակչությունը, մնալով մեն-մենակ հզոր հակառակորդի դեմ, կա՛մ լքեց հայրենի վայրերը, կա՛մ ընդունեց անգլիկանությունը։ Հաշվի առնելով հայրենի հողին կառչած լինելը՝ վերջիններս ավելի շատ էին։ Նրանք դա չէին դիտարկում որպես դավաճանություն, այլ որպես ժամանակավոր անխուսափելի պայման՝ շարունակելու համար ապրել իրենց նախնիների հողում։ Անգլիացիները նաև սկսեցին ակտիվորեն բնակեցնել Օլսթերը շոտլանդացի բողոքականներով։ Նրանք հույս ունեին, որ դա թույլ կտա արագացնել տեղական իռլանդացիների ձուլման գործընթացը։

Սակայն նրանք հաշվի չառան, որ այս երկու ժողովուրդներն ունեն մեկ կելտական արմատ։ Բողոքականություն ընդունած իռլանդացիների և շոտլանդացիների խառնուրդի արդյունքում առաջացավ յուրահատուկ խումբ՝ օլսթերական կելտեր կամ իռլանդական շոտլանդացիներ։ Նրանց կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջինը՝ «ձևացնողներն» էին։ Ձևականորեն նրանք հավատարիմ էին մայր երկրին և ցուցադրում էին նվիրվածություն Անգլիկանական Եկեղեցուն, բայց իրականում օգտագործում էին իրենց հնարավորություններն ու դիրքը իրենց հայրենակից-կաթոլիկների պաշտպանության համար և ֆինանսավորում էին տարբեր տեսակի խռովություններ, ապստամբություններ և պարտիզանական շարժումներ անգլիացիների դեմ։ «Ձևացնողներից» շատերը բացահայտվեցին և մահապատժի ենթարկվեցին, սակայն հնազանդության և ներողության փոխարեն նրանք արտասանում էին՝ «Փառք Իռլանդիային, մահ անգլիացիներին»։ Երկրորդը՝ «հավատարիմներն» էին, նվիրված Անգլիային և նրա շահերին։ Խոսքը նրանց մասին է, ում մեջ կրոնական բաղադրիչը (անգլիական բողոքականությունը) ճնշել էր ազգայինը (կելտականը)։ Առաջին խմբի ազդեցությունն ու թվաքանակը նվազեցնելու նպատակով բրիտանական Թագը որոշում ընդունեց հնարավորինս շատ օլսթերցիների արտաքսել իր ամերիկյան գաղութներ։ Առաջին նավերը, ներառյալ հայտնի «Մեյֆլաուեր»-ը, լցված էին Օլսթերի բնակիչներով, բրիտանացի կալվինիստներով (մեծ մասը նույնպես ուներ շոտլանդական և ուելսական ծագում) և զմրուխտ կղզու հարավային հողերից իռլանդացի բանտարկյալներով։

Այս խմբի ներկայացուցիչները կազմեցին առաջնային ամերիկյան գաղութային, իսկ հետագայում նաև՝ ամերիկյան պետական ազնվականության միջուկը։ Օլսթեր-կելտական ծագում ունեին ամերիկյան պետականության ապագա հիմնադիր հայրերը՝ Ջոն Ադամսը, Ջեյմս Մեդիսոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջեյմս ՄաքՀենրին, Փիրս Բաթլերը, Ուիլյամ Փաթերսոնը և հենց ինքը՝ գեներալ Ջորջ Վաշինգտոնը, որը դարձավ ամերիկյան անկախության խորհրդանիշը և պետության առաջին նախագահը։ Վաշինգտոն ընտանիքի պատմությունը սկիզբ է առնում հին Իռլանդիայից։ Ընտանիքի հիմնադիրը կելտ մարտիկ և աբբա Կրինանն էր, ով ծագում էր իռլանդական արիստոկրատական Քեննելլ դինաստիայից, որը կառավարում էր միջնադարյան Թիրկոննելլի թագավորությունը (ներկայիս Օլսթերի հողերը)։ Կրինանն ամուսնացավ շոտլանդական արքայի` Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ II Ավերիչի դստեր (Բեթոքի) հետ։ Մալքոլմ II թագավորը հայտնի է նրանով, որ ճակատամարտի ժամանակ սպանեց իր նախորդ Քեննեթ III-ին՝ Անգլիայի նկատմամբ խաղաղասեր քաղաքականության համար։ Մալքոլմը պատրաստվում էր պատերազմի Անգլիայի դեմ, սակայն 1006 թվականին պարտություն կրեց։ Անգլիացիները գրավեցին ռազմավարական կարևոր Դարեմ քաղաքը՝ սպանելով տեղի տղամարդկանց, որոնց կտրված գլուխները ցցվեցին քաղաքի պարիսպների նիզակների վրա։

Իմանալով անգլիացիների դաժանության մասին՝ կելտական ազնվականությունը տարբեր երկրներից Մալքոլմին զորքեր ուղարկեց` վրեժ լուծելու համար։ 1018 թվականին շոտլանդական թագավորը ջախջախիչ պարտության մատնեց անգլիացիներին՝ գրավելով ընդարձակ անգլիական հողեր մինչև Թուիդ։ Կելտական վերնախավի որոշմամբ զինուժի զգալի մասը մնաց Մալքոլմի տրամադրության տակ՝ Շոտլանդիայի՝ կելտական քաղաքակրթության հիմնական հենակետի պաշտպանության համար։ Այդ ժամանակվա Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ Մեծը փորձեց հետ վերցնել կորցրած հողերը, բայց երկու անգամ պարտություն կրեց։ Կրինանի և Բեթոքի ամուսնությունից ծնվեց Դանկան I-ը՝ ապագա Շոտլանդիայի թագավորը և Դանկելդյան արքայատոհմի հիմնադիրը։ Նրա անկումը (նա ժառանգ չուներ) հանգեցրեց ներքին պառակտումների և երկու անգլո-շոտլանդական պատերազմների, որոնք ավարտվեցին վերջինների հաղթանակով և միասնական ու անկախ Շոտլանդիայի Թագավորության հաստատմամբ, որը գլխավորեց հին կելտական Բրյուսների կլանը, որի ժառանգներից էր մեկ այլ նշանավոր ամերիկացի՝ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը։ Անկախության կորստից հետո Դանկելդյան դինաստիայի վերջին անդամները ստիպված էին լքել Շոտլանդիան։ Նրանք հաստատվեցին Անգլիայում և քողարկման համար վերցրին նորմանդական Վեսինգտոն ազգանունը, որը հետագայում դարձավ անգլիական Վաշինգտոն։

__________________________________________________________________________

«Եթե ես պարտություն կրեմ որևէ այլ տեղ, ես ազատությունը կպաշտպանեմ իմ հայրենի Վիրջինիայում շոտլանդացիների և իռլանդացիների հետ»։
Ջորջ Վաշինգտոն
_____________________________________________________________________

Ինչ-որ չափ 1775-1783 թվականների անգլո-ամերիկյան պատերազմը կարելի է անվանել առաջին խոշոր բրիտանա-կելտական պատերազմ։ Կոնտինենտալ բանակի (ամերիկացիների) առավել մարտունակ զորամասերը բաղկացած էին իռլանդական և շոտլանդական ծագում ունեցող մարտիկներից։ Ողջ Եվրոպայից հազարավոր իռլանդացիներ հանդիպում էին հայցում ամերիկյան դեսպանների հետ՝ պահանջելով իրենց ուղարկել անգլիացիների դեմ պատերազմի։ Ֆրանսիայում բրիտանական դեսպանը բազմիցս խնդրել է արտաքին գործերի նախարարին ազդել ամերիկացի դեսպանորդ Բենջամին Ֆրանկլինի և մարկիզ Ժիլբեր դե Լաֆայետի վրա, ովքեր ապահովում էին իռլանդացիների գաղտնի ուղարկումը Թագի դեմ պատերազմի։ 1777 թվականի Սարատոգայի ճակատամարտում, որը կանխորոշեց ողջ պատերազմի ելքը, չորս հրամանատարներից երեքն ունեին օլսթեր-կելտական ծագում՝ ներառյալ Հորեյշո Գեյթսին (երբեմնի բրիտանական բանակի սպայի)։

Շարունակելի


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն