Մինչ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկ» է կառուցում և պնդում, որ անկախությունը շատերից կախվածությունն է, Ադրբեջանը կառուցում է իր սուբյեկտությունը և այլ խաղացողներին է դարձնում իրենից կախյալ: Ահաբեկիչ պետությունը ավարտել է արտաքին քաղաքական նոր ճարտարապետության ձևավորումը՝ վերջնականապես դուրս գալով նույնիսկ իր ավագ դաշնակիցների ստվերից: Ավագ եղբոր՝ Թուրքիայի վրա, ավանդույթի համաձայն, հույսը դնելու փոխարեն, Բաքուն կառուցում է զուգահեռ կապերի ցանց՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Պարսից ծոցի երկրների և նույնիսկ Հնդկաստանի հետ: Դուրս են մնում Հայաստանը և Վրաստանը՝ երկու երկրներ, որոնք հնարավորություն ունեին իրենց աջակցող լայն կոալիցիաներ կառուցել, բայց փոխարենն ընտրեցին դառնալ «խաղաղության խաչմերուկներ», այլ կերպ ասած՝ թուրք-ադրբեջանական բիզնեսի համար ոտքի ճամփա: Վրաստանն արդեն կասկածի տակ է դնում այս ընտրությունը, իսկ Հայաստանը դեռ հեռու է դա գիտակցելուց:
Շատ հայկական ԶԼՄ-ներ ալեկոծվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ Արցախի Ադրբեջանին պատկանելու մասին վերջերս արված հայտարարությունից հետո, կարծես թե Իրանի պաշտոնական դիրքորոշումը երբևէ արտահայտել է այլ բան և կարծես թե հենց պաշտոնական Երևանը նման հայտարարություններ չի անում: Մարտավարական տեսանկյունից Իրանի հետ ամեն ինչ անփոփոխ է. Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանում սահմանների անփոփոխության օգտին և պնդում է, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքը պիտի գործի իր, այլ ոչ թե հայկական տարածքով:
Սակայն Փեզեշկիանի այցը և դրա ընթացքում ստորագրված համաձայնագրերը արձանագրում են նոր տարածաշրջանային իրողություններ, որտեղ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընտրության դեպքում Իրանը ստիպված կլինի ընտրել առաջինը: Հիշեցնենք, որ Իրանը լիովին գոհ էր Արցախում հայկական հարևանությունից և Արցախի հարավում ենթակառուցվածքային ծրագրեր էր իրականացնում: Այժմ դրանք վերսկսվում են արդեն Ալիևի ստորագրությամբ և օրհնությամբ: Վերջ ի վերջո, խեղդվողի փրկությունը նախևառաջ հենց խեղդվողի գործն է: Իրանին ավելի շահավետ է ուժեղ Հայաստանը, բայց եթե Հայաստանն այլ ծրագրեր ունի, հարևան պետությունն, ակնհայտորեն, այդ իրականությանը կհամաձայնեցնի և սեփական պլանները:
Ադրբեջանը քչով չի բավարարվում: Երկիրը միաժամանակ ակտիվորեն ներգրավվում է եվրասիական, իսլամական, թյուրքական, գլոբալ ձևաչափերում՝ արդյունավետ կերպով արգելափակելով դրանցում Հայաստանի հնարավոր մասնակցությունը: Դա բոլորովին դժվար չէ՝ հաշվի առնելով հայկական «դիվանագիտության» պասիվությունը և անսկզբունքայնությունը, իսլամական աշխարհի ավանդաբար բարեկամ պետություններին, աշխարհի փոքր պետություններին և միջին տերություններին հայկական դիրքորոշումը հասցնելու անկարողությունը: Ընդլայնելով իր կապերը և միևնույն ժամանակ հրաժարվելով ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին անդամակցելուց՝ մեր հարևանը մեր աչքի առաջ ուժի կենտրոնների միջև միջնորդ է դառնում (Իսրայել — Թուրքիա, մասամբ Ռուսաստան — Ուկրաինա)՝ տարածաշրջանային և գլոբալ կայունության օղակ: Դրա համար Ադրբեջանը դիմում է նաև ապակառուցողական միջոցների, ինչպիսին է Նոր Կալեդոնիայում ապակայունացումը՝ այսկերպ ստիպելով հաշվի նստել իր հետ և հավակնություն հայտնելով մասնակցելու նոր աշխարհակարգի հիմնադրմանը, երբ նախկին փխրուն կոնսենսուսը ակնհայտորեն քանդված է:
Օրինաչափ է, որ Ադրբեջանի համար հիմնական գրավիչ կենտրոններից մեկն է դառնում Չինաստանը, որը նոր աշխարհի կանոնները վերաշարադրում է ոչ թե խոսքով, այլ գործով: Մինչ Հայաստանը ավելի քան 10 տարիների ընթացքում ցուցադրաբար անտեսում է չինական կողմի համագործակցության հրավերները՝ Ադրբեջանը դարձել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրորդ խոշորագույն ներդրողը Չինաստանից հետո՝ ներդնելով Նոր Մետաքսի ճանապարհի լոգիստիկայում ավելի քան 20 միլիարդ դոլար և պաշտոնապես դառնալով Չինաստանի ռազմավարական գործընկերն և ներկայացուցիչը տարածաշրջանում: Բնականաբար, Պեկինի համար հարցը ոչ թե գումարներն են, որոնք ինքն էլ, անկասկած, կարող է ներդնել, այլ Բաքվի մտադրությունների լրջության ցուցադրումը: Այժմ Չինաստանն Ալիևի իշխանության հաջողության և կայունության հիմնական շահագրգիռ կողմերից մեկն է:
Մնալով գազի հիմնական արտահանողը դեպի Եվրոպա՝ Ադրբեջանն անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում որոշումների կայացման գործընթացից «հավաքական Արևմուտք»-ին բացառելու համար: Երկիրը հավատարմություն է ցուցադրում «3+3» ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա), որում չկա ոչ մի երկիր, որը գոնե արձանագրեր Արցախի հայերի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը՝ ներառյալ ներկայումս թուրքական ենթակայության տակ գտնվող Հայաստանը: Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը ամբողջ այս վեցյակի մեջ որևէ չափով մտահոգում է միայն Իրանին:
«3+3» հարթակին նման հավատարմությունը անհիմն չէ: Ալիևը ստուգել է բոլոր տարածաշրջանային դերակատարների կարմիր գծերը և գիտի, որ Իրանի և Թուրքիայի հանդուրժողականության շեմը բարձրացված է ներքին քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով. բացի այդ՝ այդ երկրները, թեև դժգոհ են Ադրբեջանի «պրոիսրայելական» քաղաքականությունից, այժմ գնահատում են այն հնարավորությունները, որոնք կարող են դրա շնորհիվ ստանալ: Ինչպես ցույց տվեց Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարից հետո Ալիևի հիստերիային և Բաքվի «Ռուսական տան» փակմանը Կրեմլի արձագանքը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը և հաջորդած Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը), ռուսական համբերության սահմաններին մինի-սուլթանը դեռ նույնիսկ չի մոտեցել:
Վերջապես, խոսենք Հնդկաստանի՝ վերջին տարիներին Հայաստան զենքի խոշորագույն ներմուծողի մասին: Հնդկաստանը ժամանակին հրաժարվել էր նման գործարքներ կնքել Ադրբեջանի հետ՝ ընտրելով Հայաստանը (որին, հիշեցնենք, մինչ օրս չի ճանաչում Հնդկաստանի թշնամի և Ադրբեջանի դաշնակից Պակիստանը): Ի՞նչ ենք տեսնում հնդկա-պակիստանյան հակամարտության սրման ֆոնին: Ադրբեջանն ավելացնում է թռիչքների և առևտրի ինտենսիվությունը Հնդկաստանի հետ և կապեր է հաստատում հնդկական ղեկավարության երկու պետությունների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իսրայելի միջոցով, քանի որ Իսրայելին ձեռնտու է ուժեղ Ադրբեջանը և, ինչպես գրել ենք նախկինում, Իսրայելը դրա համար Ադրբեջանին է տրամադրում իր գլոբալ լոբբիստական ցանցերը:
Այսպիսով՝ Ադրբեջանը կառուցում է ամուր հիմք Արցախի էթնիկական զտման և Հայաստանի տարածքի օկուպացիայի իր ապագա անպատժելիության համար: Երբ տարածաշրջանային և գլոբալ դերակատարները նստեն արդեն ուրվագծվող նոր աշխարհակարգի կանոնները ամրագրելու, հենց Ադրբեջանը կդառնա նրանց միջնորդներից և բանակցային հարթակներից մեկը: Շատ հարմար է արդարացնել Հայաստանի պասիվությունը ադրբեջանական նավթով, սակայն ակնհայտ է, որ հակամարտող երկրների (Իսրայել-Իրան, Իսրայել-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, Հնդկաստան-Պակիստան) միջև հավասարակշռության պահպանումը քաղաքական կամքի և դիվանագիտական հմտության արդյունք է, ոչ թե պարզապես նավթ և գազ թորելու հետևանք:
Մեկուսացված, խաղաղության խաչմերուկ մոգոնած Հայաստանը ձևավորվող իրավիճակում պարզապես հետաքրքիր չի լինի ոչ մեկին, և ոչ մի «բարի կամք», նույնիսկ եթե այդպիսին որևէ մեկը դրսևորի, մեզ չի օգնի: Իր հավատարիմ դաշնակիցների, այն էլ Արցախում իր ռազմական հաղթանակը կռած դաշնակիցների, բարի կամքին չի ապավինում նույնիսկ Ադրբեջանը` դիվերսիֆիկացնելով իր արտաքին քաղաքականությունը: XX դարի սկզբին մենք չկարողացանք ամրապնդել մերժված պետության (նորաստեղծ Թուրքիայի) դեմ ձեռք բերված հաղթանակը, այժմ էլ նոր կանոնների համահեղինակ կդառնա մեր ամենաոխերիմ թշնամին, որի գոյության և ինքնության հիմքը Հայաստանի և ամեն հայկականի հանդեպ ատելությունն է:
