Մինսկի գործընթացը

Ի՞նչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչո՞ւ է ադրբեջանա-թուրքական կողմն այդքան ակտիվ առաջ մղում դրա կազմաքանդման թեզը, և ինչպիսի՞ աշխարհաքաղաքական հետևանքների կարող է հանգեցնել դա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիմնական պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երևանում թուրքական գաղութապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հակադրվում Ալիևի այս գաղափարին, այլ ամեն կերպ աջակցում է դրան: Ի՞նչ է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության) Մինսկի խումբը, ինչո՞ւ է ադրբեջանա-թուրքական կողմն այդքան ակտիվ առաջ մղում դրա կազմաքանդման թեզը, և ինչպիսի՞ աշխարհաքաղաքական հետևանքների կարող է հանգեցնել դա: Կփորձենք պատասխանել այս հարցերին՝ դիտարկելով արցախյան/ղարաբաղյան խնդիրը միջդիսցիպլինար հայելիների՝ փիլիսոփայության, պատմության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և իրավագիտության տեսանկյունից: Հեռավոր պատմական խորքերի մեջ չխորանալով, արձանագրենք մի շարք անվիճելի փաստեր:

Առաջինը՝ Արցախը/Լեռնային Ղարաբաղը տարածք է, որտեղ հայ բնակչությունը միշտ բնիկ է եղել:

Երկրորդը՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, անկախ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ժողովրդագրական փոփոխություններից, միշտ կազմել է բացարձակ մեծամասնություն:

Երրորդը՝ ժամանակակից Ադրբեջանը, որն արհեստականորեն կարվել է վաղ խորհրդային ղեկավարության կողմից, չունի ո՛չ պատմական, ո՛չ իրավական նախադրյալներ Արցախը/Լեռնային Ղարաբաղը կառավարելու համար:

Չորրորդը՝ ժամանակակից Ադրբեջանի տարածքում հայ բնակչության էթնիկ զտումները 1988-91 թվականների ընթացքում 1915-1923 թթ. երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության շարունակությունն են:

Հինգերորդը՝ 1991-94 թթ. Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմական գործողություններն անօրինական գործողությունների հետևանք են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի չեղարկման և հայ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի:

Վեցերորդը՝ Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հայկական կողմի՝ 1991-94 թթ. Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացմանն ուղղված ռազմական ագրեսիայի հետմղման արդյունք է:

Յոթերորդը՝ անկախ կարգավիճակի քաղաքական օրինականացումը հայ բնակչության ֆիզիկական անվտանգության հիմնարար սյուներից մեկն է՝ որպես Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դարավոր բնիկ և տիրակալ:

Ցավոք, հայկական կողմն իր քաղաքական միամտության և կարճատեսության պատճառով, ռազմական հաղթանակ տանելով՝ չկարողացավ հասնել Ադրբեջանի կապիտուլյացիային, խաղաղության պայմանագիր կնքել և դրանով իսկ ամրագրել Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողությունները: Արդյունքում հաղթանակն ավարտվեց հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրմամբ (1994 թվականի Բիշքեքի արձանագրություններ): Բայց վերադառնանք փոքր-ինչ հետ: ԵԱՀԽ-ն (Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը) ընդհանուր առմամբ և առանձին խաղացողներ մասնավորապես, ակտիվորեն ներգրավված էին հակամարտության կարգավորման գործընթացում՝ հետապնդելով իրենց շահերը:

Թուրքական խաղը

Հատկապես դա վերաբերում էր Թուրքիային, որը սկզբից ևեթ խորամանկ հնարքներով փորձում էր գործընթացից դուրս մղել չեզոք և հայկական կողմի համակիր խաղացողներին: Անկարան Ռուսաստանին առաջարկեց երկկողմ փոխգործակցության ձևաչափ՝ հրադադարի հասնելու և բանակցություններին անցնելու համար: Սակայն շուտով Մոսկվան պարզեց, որ թուրքական կողմը ձգտում է օգտագործել ռուսական ազդեցության լծակները, որպեսզի հայկական կողմին ստիպի գնալ միակողմանի զիջումների՝ ներառյալ Լաչինի միջանցքի հանձնումը, որը կապում էր Արցախը/Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Թուրքիան խաղում էր երկու ճամբարի համար: Մի կողմից՝ ասում էր Կրեմլին, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային տերությունների կողմից, մյուս կողմից՝ այդ նույն տարածշրջանում ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի աշխարհառազմավարական շահերը, որը շահագրգռված էր Ադրբեջանի ռազմական պարտությունը թույլ չտալու մեջ:

Վերջին պահին, երբ թուրքերը սկսեցին հրադադարի հարցը կապել հայկական կողմից տարածքային զիջումների հետ, Չեթին-Կոզիրև (Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ) նախաձեռնությունը ձախողվեց: Թուրքիայի չեզոքացման մեջ հատուկ դեր խաղացին Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը՝ ի դեմս ավագ Բուշի վարչակազմի և Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարության, աջակցում էր հայկական կողմին: 1988 թվականից ի վեր՝ երկու կուսակցությունների առաջնորդները, ի դեմս սենատորներ Ռոբերտ Դոուլի (Հանրապետականներ) և Քլեյբորն Փելի (Դեմոկրատներ), աջակցում էին խորհրդային հայ մտավորականության պահանջին՝ Արցախը/Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ կազմ: Փաստորեն Միացյալ Նահանգները պետական մակարդակով աջակցում էին «Միացում» (Արցախի և Հայաստանի վերամիավորում) հայեցակարգին և բարձրացնում էին այդ հարցը պետական մակարդակով: Սպիտակ տունը Բաքվի գործողությունները դիտարկում էր որպես ագրեսիա՝ այն դուրս բերելով 1992 թվականի Ազատության աջակցության մասին օրենքով նախատեսված բոլոր ծրագրերից: Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետությունը, չունենալով դե-յուրե ճանաչված կարգավիճակ, ներառվել էր ամերիկյան պետական ծրագրերում:

Նախագահ Բիլ Քլինթոնի հանձնարարությամբ պետքարտուղար Քրիստոֆերը նախազգուշացրեց Չեթինին միակողմանի կողմնակալ գործողությունների և մինսկյան գործընթացը խափանելու անթույլատրելիության մասին: Վաշինգտոնը հասկանում էր, որ Անկարայի իրական նպատակը ոչ թե հրադադարի ռեժիմի հաստատումն էր, այլ հանուն Ադրբեջանի շահերի համար սեփական կշիռն ու դերը բարձրացնելը: Ավելի ուշ թուրքերը հրաժարվեցին ընդունել նաև ռուսական արտաքին գործերի նախարար Կոզիրևի մանրամասն առաջարկները՝ պահանջելով ծրագրի մեջ ներառել հայկական կողմից միակողմանի տարածքային զիջումների կետեր: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մարտական գործողությունները դադարեցնելու իրենց առաջարկներում միշտ նշում էին երեք կողմ՝ Հայաստան, Արցախ/Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան: Այսինքն՝ Արցախը/Լեռնային Ղարաբաղը նշվում էր որպես առանձին լիիրավ սուբյեկտ, որի դիրքորոշումը պետք է ընդունվեր որպես բանակցային գործընթացի հիմնարար տարր: Թուրքերը փորձում էին ոչնչացնել այս կառուցվածքը՝ պնդելով, որ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն է: Այս հարցը առանցքային էր:

Առաջին դեպքում շեշտը դրվում էր Արցախի/Լեռնային Ղարաբաղի անկախության վրա՝ որպես Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանք: Այս կառուցվածքն անհնարին էր դարձնում առանց Ստեփանակերտի (Արցախի մայրաքաղաքի) շահերը հաշվի առնելու ցանկացած բանակցային գործընթաց և որևէ որոշման ընդունում: Երկրորդ դեպքում (որին ձգտում էին թուրքերը) խոսքը Հայաստանի ագրեսիվ մտադրությունների մասին էր, որը տարածքային պատերազմ էր սանձազերծել Ադրբեջանի դեմ:

Ուժերի հավասարակշռության բեկումը հօգուտ արցախյան կողմի

Ադրբեջանական կողմի՝ օբյեկտիվ բանակցություններից խուսափելը նաև կապված էր մարտի դաշտում իր դիրքերն ամրապնդելու համար ժամանակ շահելու ծրագրերի հետ: Բաքուն լրջորեն հույս ուներ, որ Թուրքիան կգտնի մարտական գործողություններում ակտիվ ներգրավվելու մեխանիզմներ: Սակայն 1993 թվականը Բաքվին և Անկարային բազմաթիվ անակնկալներ մատուցեց: Հայկական/արցախյան կամավորական ստորաբաժանումներն ազատագրեցին Քարվաճարի շրջանը՝ աշխարհագրորեն սերտորեն միացնելով Հայաստանը և Արցախը/Լեռնային Ղարաբաղը: Նույն թվականին արևելյան և արևմտյան սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով գրավվեցին Ակնան (Աղդամը), Վարանդան (Ֆիզուլին), Մարտակերտը, Ջրականը (Ջեբրաիլը), Կովսականը (Զանգելանը) և Սանասարը (Կուբաթլին): Նույն ժամանակահատվածում ներքաղաքական խառնաշփոթի արդյունքում Բաքվում իշխանության եկավ նախկին խորհրդային ուժային Հեյդար Ալիևը: Նրա խնդիրն էր վերանայել հակամարտության էությունը և հասնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից հայերի վրա ճնշման՝ կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով: Սակայն Ալիևի նախագահությունը սկսվեց Աղդամի անկումով, ինչը նրան հավասարակշռությունից հանեց: Բաքուն փորձում էր օգտագործել դա իր օգտին՝ ցույց տալով, որ հայերը ուզում են նոր տարածքներ նվաճել:

Սակայն իրականում հայկական կողմն ուներ այլ երկաթե տրամաբանություն հակառակորդի կրակակետերի ճնշման անհրաժեշտության հարցում: Ամերիկացիները և ռուսները չէին կարող դա հաշվի չառնել, քանի որ քաջ գիտեին, որ Բաքուն շարունակում է Աղդամի տարածքից Արցախի/Լեռնային Ղարաբաղի հրետանային ռմբակոծությունները: Ալիևը չէր դադարեցնում հակամարտությանը երկկողմանի բնույթ հաղորդելու փորձերը, ինչը բացահայտ սկսեց զայրացնել մյուս խաղացողներին: Բաքուն հասկանում էր, որ կողմերի համբերությունը սպառվում է, և հակամարտության կարգավորման գծով լուրջ աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը մոտենում է ավարտին: Ռուսաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ և ԱՊՀ (Անկախ Պետությունների Համագործակցութան) նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն Բիշքեքի գագաթնաժողովին նախապատրաստվելիս միանշանակ հայտարարեց, որ Արցախը/Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, և առանց այս փաստն ընդունելու հնարավոր չէ առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում: Շումեյկոն հղում էր անում ԵԱՀԽ նախարարների խորհրդի 1992 թվականի մարտի 24-ի հելսինկյան որոշմանը, որում «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» հստակ ձևակերպում կար:

Ալիևը, որը մինչ այդ Ռուսաստանի բարեհաճությանն էր հավակնում, որոշեց բախտը փորձել Արևմուտքում՝ կամուրջներ գցելով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ), Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ: Այն օրը, երբ մինսկյան գործընթացի անդամները Բիշքեքում ակտիվորեն աշխատում էին հրադադարի ռեժիմ սահմանելու փաստաթղթի վրա, Ադրբեջանի նախագահը Բրյուսելում էր՝ ստորագրելով Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցելու ծրագիրը: Նա նաև գաղտնի բանակցություններ էր վարում աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ հուսալով նրանցից քաղաքական լոբբիստական աջակցություն ստանալ արցախյան/ղարաբաղյան գործում: Հայկական և արցախյան/ղարաբաղյան կողմը ստորագրեցին Բիշքեքի վերջնական փաստաթուղթը, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվեց դա անել: Ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը ստիպված եղավ փաստաթղթով թռչել Բաքու՝ ստորագրություն ստանալու համար: Ադրբեջանի նախագահը հասկանում էր, որ հրաժարումը վերջնականապես կխարխլի իր հեղինակությունը Մոսկվայում, բայց անձնական պատասխանատվություն ստանձնել նույնպես չէր ուզում:

Նա դժգոհում էր իբր հայամետ ձևակերպումներից, ինչպես օրինակ՝ «գրավյալ տարածքներ», ոչ թե, օրինակ, «զավթված», ինչպես պնդում էր Բաքուն: Տրամաբանությունը պարզ էր՝ այդ տարածքները իրոք զբաղեցվել էին, քանի որ դրանցից իրականացվում էր խաղաղ քաղաքների և գյուղերի ռմբակոծություն: Ուրվագծվում էր հստակ պատճառաբանություն՝ հայերը գնում էին ոչ թե տարածքներ գրավելու, այլ դրանք զբաղեցնելու՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների սպառնալիքները չեզոքացնելու համար: Այս մոտիվը թույլ էր տալիս սահմանել ագրեսոր-դերակատարին այս հակամարտության մեջ, ինչը չէր կարող չանհանգստացնել ադրբեջանցիներին: Հեյդար Ալիևը Կազիմիրովի ներկայությամբ խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևին հանձնարարություն տվեց ստորագրել բիշքեքյան փաստաթուղթը: Այս քայլը բուռն արձագանք առաջացրեց ռադիկալ տրամադրված «պատերազմի կուսակցության» մի մասի կողմից, որը մեղադրեց ստորագրողներին Ադրբեջանի շահերը հանձնելու մեջ: Սակայն այդ պահին Հեյդար Ալիևը արդեն կառուցել էր հստակ ռազմավարություն՝ մինչև խոշոր նավթագազային կորպորացիաների հետ մեծ գործարքի դուրս գալը ժամանակ շահելու համար: Գուլիևը խորհրդարանում իր ելույթի ժամանակ, ձգտելով հանգստացնել ռադիկալ թևին, նշեց, որ Բիշքեքի արձանագրությունը կատարման համար պարտադիր միջազգային իրավական ակտ չէ, այլ մտադրությունների մասին որոշակի ճանապարհային քարտեզ, որը կրում է զուտ հանձնարարական բնույթ:

Շարունակությունը՝ հաջորդիվ…


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն