Ցուցափեղկերի և ավերակների միջև ընտրության պատրանք

Ողբերգական է, որ երբեմնի հռչակավոր «Հայաստան – Սփյուռք – Արցախ» եռամիասնության երրորդ հենասյունը կորցնելով, հայկական աշխարհի և հայ հասարակության տարբեր շերտեր ոչ միայն հեռացել են միմյանցից, այլև կորցրել են հայկական պետության նպատակի և նրա լինելիության անհրաժեշտության վերաբերյալ փխրուն փոխհամաձայնությունը։

Հայաստանում 35 տարվա «անկախության» ընթացքում այդպես էլ չձևավորվեցին դասական գաղափարախոսական բաժանումներ: Այստեղ Կոմունիստական կուսակցությունը քրիստոնեություն է քարոզում, իսկ իշխող կուսակցությունը միաժամանակ բարձրացնում է հարկերը և հրաժարվում սոցիալական պարտավորություններից: Չկան «ձախեր» և «աջեր», չկա նույնիսկ բովանդակային բաժանում «Արևմուտքի/Ռուսաստանի հետ» համատեքստում: Միևնույն ժամանակ չկա նաև ընդհանուր իրականություն: Բայց կան 25 «քաղաքական ուժեր», որոնք մասնակցել են 2021 թվականի բեմադրված արտահերթ ընտրություններին:

Ողբերգական է, որ երբեմնի հռչակավոր «Հայաստան – Սփյուռք – Արցախ» եռամիասնության երրորդ հենասյունը կորցնելով, հայկական աշխարհի և հայ հասարակության տարբեր շերտեր ոչ միայն հեռացել են միմյանցից, այլև կորցրել են հայկական պետության նպատակի և նրա լինելիության անհրաժեշտության վերաբերյալ փխրուն փոխհամաձայնությունը։ Հայաստանը և հայկական աշխարհը բաժանվել են պղպջակների, որոնք անհարմար են միմյանց համար և չեն ցանկանում լսել միմյանց: Նրանք, ովքեր ունակ են ճեղքել դրանց թափանցիկ պատերը` ապագա հայկական ազնվականությունը, նույնպես նախընտրում են պարփակվել երկուսից մեկում:

Առաջին պղպջակը՝ տոնական, բայց անրջային

Դա Երևանն է և նրա փայլուն ցուցանակները: Դա աղմկոտ սրճարաններն են, որտեղ քննարկում են, թե որտեղ է ավելի լավ նշել Նոր տարին՝ Դիլիջանո՞ւմ, Թբիլիսիո՞ւմ, թե՞ Դուբայում: Այստեղ ամեն ինչ  «մարդավարի» է՝ սրճարաններ, ստարտափների քննարկումներ, առօրյա հոգսեր՝ հիփոթեք, արձակուրդ, երեխաներ: Սա ցուցափեղկերի, փառատոների, քովորքինգների Հայաստանն է: Սա Հյուսիսային պողոտան է, որից ընդամենը մի քանի մետր հեռու՝ Օպերայի կողմերում, միշտ կգտնվեն բողոքող, խեղճ մարդիկ՝ որոնք կորցրել են որդիներին, տունը, գոյության միջոցները: Նրանք ոչ մի կերպ չեն մռայլում համընդհանուր տոնակատարությունը: Չէ՞ որ ըստ  Ավստրիայի` նացիստական Գերմանիայի կողմից 1938 թ․ անշլյուսի հայտնի բանաձևի` «քանի դեռ Վիեննան պարում է, այս աշխարհը չի փլուզվի»: Եվ այդպես արդեն՝ 5 տարի շարունակ:

Այս պղպջակում մարդիկ չեն ապրում լիակատար անտեղյակության մեջ: Նրանք կարդում են լուրեր, թեև դա «վնասակար է մտավոր առողջության համար», երբեմն գումար են նվիրաբերում մարդասիրական կարիքների համար, քննարկում են քաղաքականությունը: Բայց այս ամենը միայն ֆոն է։ Այս պղպջակում հայկական հարցը փակված է Արցախը հանձնելուց հետո, և չկա Ցեղասպանության ու բռնագաղթի տրավմա: Այս կայունության պղպջակում տաք է, լուսավոր, համեղ և, ամենակարևորը՝ ապահով: Համենայն դեպս, նրա բնակիչներին այդպես է թվում: Միայն թե չգիտես ինչու՝ հենց նրանք են համոզված, որ Հայաստանը թույլ է և անկարող է ինքնապաշտպանվել:

Սա «Իրական Հայաստանն» է: Այնտեղ՝ ահա անկյունում, արդեն «խաղաղության խաչմերուկն» է՝ առևտուր բոլորի հետ, անտարբերություն կամ ատելություն միմյանց նկատմամբ, այնքան ուժեղ, որ մրցակցում են թշնամիների նկատմամբ «մարդասիրության» հետ: Այստեղ շատ են ուզում լինել «ուրիշ» և «ապաշխարել» հարևանների առջև Հայաստանում հայ մնալու ցանկության համար, ազատվել «ագրեսորների» և «օկուպանտների» «բարդույթից»:

Երկրորդ պղպջակը՝ ոչ այնքան պայծառ, բայց իրական

Այս պղպջակում ապրում են Արցախից բռնի տեղահանված հայերը, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերը: Այս պղպջակում հրավառության ձայները առաջացնում են ոչ թե հիացմունք, այլ՝ վախ և ողբերգական հիշողություններ: Այստեղից շատ դժվար է դուրս գալ. «վերապրածների» կողքին ընկած զինվորներն են և կորցրած վանքերն ու գերեզմանները:

Այս պղպջակում ամեն ինչ հակառակն է՝ չկան որևէ պատրանքներ և հույսեր: Չկան և նորաձև միտումներ, սակայն հենց դրանով էլ այն պղպջակ է, որ մթնեցնում է գիտակցությունն ու հայացքը: Դժվար է դուրս գալ և ցավոտ ապրումները վերափոխել կառուցողական ներուժի, երբ քեզ փութաջան կերպով թաքցնում են առաջին պղպջակի բնակիչներից: Այս մեկը ցավոտ է, այն հիշեցնում է, թե ինչ է նշանակում հայ լինել՝ մշտական պայքար և անդադրում աշխատանք: Շատ ավելի հեշտ է թաքցնել այն և բորոտություն և բոլոր դժբախտությունների աղբյուր հայտարարել, իսկ նրա մեջ եղած լավագույնը՝ հայկական ինքնության պահպանման ձգտումն ու դրա համար զրկանքներ կրելու պատրաստակամությունը, հռչակել թյուրիմացություն:

Սփյուռքը երկու աշխարհների միջև

Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները վառ օրինակ են, որ այս բաժանումը իրականում անցնում է ոչ միայն հայկական աշխարհով, այլ գրեթե յուրաքանչյուր հայի միջով: Ժխտելով և ավելի խորացնելով այն՝ մենք միայն սրում ու բարդացնում ենք ապագա հետևանքները:

Դժվար է ժխտել, որ Սփյուռքը հիմնականում ապրում է բավականին առօրեական՝ ավելի շուտ ինչպես առաջին պղպջակում, թեև որոշ համայնքների համար նույնպես պատերազմներն ու բռնագաղթը իրականություն են։ Բացառությունները հիմնականում ընկնում են ապրիլ ամսին, մասնավորապես, ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ցավոք, այս բացառությունները Սփյուռքին մղում են դեպի երկրորդ պղպջակ, որտեղ շատ ցավ և հույզեր կան, բայց դեռևս չկա ռեալիզմ և պատասխանատվություն:

Սա համընդհանուր խնդիր է շատ սփյուռքերի համար։ Քչերն են, օրինակ, իռլանդական սփյուռքում հիշում Հայրենիքի մասին Մեծ սովից և Սուրբ Պատրիկի օրվանից դուրս, կամ ունեն հստակ պատկերացում Իռլանդիայի և նրա խնդիրների մասին: Սակայն իռլանդացիները կարող են դա իրենց թույլ տալ՝ շնորհիվ ազգային ռազմավարության մեջ ներկառուցված համազգային ցանցի, որտեղ ազնվականությունը գիտակցում է այդ ազգի կենտրոնի՝ իռլանդական պետության կարիքներն ու հնարավորությունները։

Հայ «հիմնադիր հայրերը»՝ մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ընտրեցին մեկ այլ ճանապարհ, Երևանից հայկական համայնքների օտարացման ճանապարհը: Նույն բանով էին զբաղված նրանց պրոտեժեները Ստեփանակերտում: Իսկ ներսից համայնքները սպառում էին ավանդական կուսակցությունների («Դաշնակցություն», «Հնչակ» և «Ռամկավար») միջև հակասությունները: Այժմ այս օտարացման արդյունքում Սփյուռքը ստիպված է պատկերացումներ ձևավորել Հայաստանի և հայկական քաղաքականության մասին Facebook-ից և «X»-ից (նախկին «Twitter»)՝ ամբողջ աշխարհում բևեռացման գլխավոր հովանավորներից: Դժվար է հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում, և մոբիլիզացվել, երբ մի կողմից քեզ հրում է սոցիալական ցանցերի ալգորիթմը, իսկ մյուս կողմից՝ այսպես կոչված «սփյուռքյան կուսակցությունները»:

Ոմանք տեսնում են միայն հաջողակ քաղաքային կյանքի պատառիկներ և կարծում են, որ Հայաստանը Սիլիկոնյան հովտից հետ է ընդամենը 15 տարով․ մնացել է միայն էլեկտրականության հովհարային անջատումների խնդիրները լուծել: Մյուսները տեսնում են միայն բողոքների, թաղումների և ավերածությունների կադրեր և եզրակացնում են, որ ամեն ինչ անհույս է: Թե՛ մեկը, թե՛ մյուսը, առանց իմանալու, հաճախ երկխոսություն են վարում ֆեիքերի և տրոլների հետ՝ Հայաստանի հայերի մասին կազմելով կարծիք ինչ-որ մեկի քաղաքական պատվերի վրա հիմնվելով: Ստարտափներին մենթորային աջակցությունը, զրկված ընտանիքներին նվիրատվությունները և հավերժական սուգը ոչ միայն չեն կարող փրկել հայկական պետությունը վերջնական ապամոնտաժումից, այլև ստեղծում են կեղծ պատրանք, որ դրա կարիքը (կամ հնարավորությունը) չկա:

Արդյունքում արտերկրում շատ հայեր հայտնվում են կոգնիտիվ դիսոնանսի վիճակում. նրանք միաժամանակ զգում են մեղք, ամոթ, անօգնականություն և հեռվանում են: Այսպիսով ինքնությունը դառնում է ցավի, ոչ թե պատկանելիության աղբյուր, և միայն խորացնում է Ցեղասպանության տրավման նրանց մոտ, ովքեր այժմ կարող էին նոր հայկական ազգ կառուցել և ուղղորդել նրա վնասվածքները դեպի ստեղծարար պայքար, այլ ոչ թե քայքայում և բաժանում: Այդ ինքնությամբ ավելի դժվար է թերթել սոցցանցերը և կարդալ նորությունները, ցավոտ է կարդալ մեկնաբանությունները և գիտակցել, թե որքան ցածր է ընկել ժամանակին հերոսական կոչվող հասարակությունը, և այն արդեն չի առաջացնում այնպիսի հպարտություն, ինչպես 90-ականներին, երբ երկար ժամանակ անց Հայաստանն առաջին անգամ ոչ թե կորցրեց, այլ վերադարձրեց պատմական հայրենիքի մի կտոր՝ Արցախը:

Միևնույն ժամանակ Սփյուռքը շարունակում է համալրվել նրանցով, ում համար բարեկեցության առաջին պղպջակը փոքր է և ցանկանում են ուսումնասիրել ավելի մեծ շուկաներ, և նրանցով, ովքեր արդեն չեն կարող գոյատևել Հայաստանում, որը ոչ միայն կառավարվում է թուրքական գաղութապետի կողմից, այլև դառնում է չափազանց թանկարժեք կյանքի համար: Հայաստանի համար դա նշանակում է ժողովրդագրական աղետ, Սփյուռքի համար՝ նոր հիասթափություններ:

Ի՞նչ է սա նշանակում հայկական աշխարհի համար

Նրանք, ովքեր ընտրում են ապրել առաջին պղպջակում՝ Փաշինյանի «Իրական Հայաստանում», շատ հարմար են տեղավորվել և խարանում են բոլորին և ամեն ինչ: Նրանք մեղադրում են Արցախի բնակիչներին, որ Հայաստանը չի դարձել «խաղաղության խաչմերուկ» 30 տարի առաջ և չի կարող այդպիսին դառնալ այժմ, քանի դեռ նրանք Հանրապետության տարածքում են, Սփյուռքին՝ արտերկրում «հարմարավետ կյանքի» մեջ: Այսպիսով, նրանք զրկում են հայկական աշխարհի ճնշող մեծամասնությանը, հայկական պատմության և պետականության օջախների՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի մշակույթի պահապաններին, հայկական ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից:

Սփյուռքն էլ իր հերթին  նախընտրում է մեղավորներ փնտրել Հայաստանի բնակիչների շրջանում, ովքեր հանդուրժել են կոռումպացված և անորակ կառավարումը, որը վատնել է քրտինքով վաստակած արտասահմանյան համայնքների հսկայական ռեսուրսները։ Իսկ Արցախի բնակիչները իրենց դառը ճակատագրի պատճառով վիրավորված են ամբողջ աշխարհից, որը ներառում է Հայաստանը և հայկական աշխարհը:

Զոհ լինելը հարմար է: Բայց մի անգամ այդպիսի ընտրություն կատարելով, մենք կորցնում ենք սուբյեկտայնությունը և այլևս չենք կարող որևէ ընտրություն կատարել ապագայում: Թուրքական գաղութապետ Փաշինյանը գիտակցաբար և հազարավոր կյանքերի գնով պարտադրել է այս կարգավիճակը հայկական աշխարհին ու ապալեգիտիմացրել է հայկական գոյության բոլոր հիմքերը: Արդյունքում վերոգրյալ պղպջակների առանձին ներկայացուցիչները դադարել են միմյանց մեջ տեսնել ոչ միայն հայերի, այլ նաև մարդկանց: Հայտնի է, որ ապամարդկայնացումը՝ բռնության առաջին քայլն է: Ով՝ ով, բայց հայերի նկատմամբ համակարգային ատելությամբ լցված թուրքական աշխարհը և նրա կուսակալը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը, դա քաջ գիտեն:

Անհարմար է միայն հայ զինվորին: Նա հավասարապես պաշտպանում է թե՛ «Բիթլզ» փաբում աղմկողներին, թե՛ վրաններում գիշերող փախստականներին: Նա պաշտպանում է հայկական աշխարհի սահմանները արդեն 35 տարի և արժանի է Երևանում ունենալու հուսալի թիկունք՝ ազգային ազնվականություն: Մարդկանց, ովքեր ունակ են հայերին դուրս բերել իրենց պղպջակներից և մշտական սթրեսից ու ճնշումից, պատրաստ են զոհաբերել սեփականը հանուն ազգայինի՝ գիտակցելով, որ առանց ազգայինի՝ սեփականը դատապարտված է: Մարդկանց, ովքեր չեն գրգռի թուրքական աշխարհի ախորժակը՝ թողնելով հայ զինվորին նրա դեմ մեն-մենակ՝ ի պատասխան չկրակելու ստույգ հրամանով:

Մենք չպետք է ընտրենք ցավի և հարմարավետության, անցյալի և ներկայի միջև: Սա կեղծ ընտրություն և շռայլություն է, որոնք մենք մեզ թույլ տալ չենք կարող:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն