Աչքից հեռու, օրակարգից` դուրս

Հայաստանի թուրքական գործերի նախարարությունը դուրս չի գալիս հայկական աշխարհի գլխավոր թշնամիների կոչման համար առնետավազքից, այլ կերպ ասած՝ շարունակում է պայքարել իր ղեկավարության սիրուն արժանանալու համար։ ԱԳՆ-ն արդեն հաճույքով զեկուցել է, թե ինչպես է հմտորեն «ընդունել» 120 հազար հայերի Հայաստանում (լռության տալով, որ նրանց «ընդունելու» անհրաժեշտություն առաջացավ հենց իր մեղքով), և որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս չի մտնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեջ։ Սակայն մենք արդեն հասել ենք  երկու թուրքական ահաբեկչական պետությունների կողմից առևանգված գնացքի հաջորդ կանգառին. արցախահայերին որպես մարդ ընդունելուց հրաժարվելուն և տարրական սոցիալական իրավունքներ մերժելուն։ Հայաստանի ԱԳՆ-ն թեթևացած հայտարարեց, որ Արցախից հայերի բռնի տեղահանությունից հետո խնդիրը վերացել է. այն այլևս ահաբեկչական պետության հետ «երկկողմ» հարաբերությունների օրակարգում չէ։ Նման անմարդկային վերաբերմունք նույնիսկ օտարի նկատմամբ (առավել ևս՝ արյունակցի) ունակ են ցուցաբերել աշխարհի քարտեզի վրա եզակի երկրներ, և Հայաստանը դարձավ դրանցից մեկը։ Ակնհայտ է, որ առանց Հայկական Հարցի փակման՝ «խաղաղության խաչմերուկ» հնարավոր չէ հասնել։

Անկասկած՝ ամեն ինչ դրան էր գնում։ Այս ամսվանից սկսած՝ գրեթե բոլոր փախստականները զրկվում են նպաստներից այն պայմաններում, երբ չկա բնակարանային ապահովման իրապես գործող ծրագիր։ Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին շատերը կհայտնվեն փողոցում, և զգալի մասը կարտագաղթի` կենսական գոյության պայմաններ օտարության մեջ փնտրելու։ Անիմաստ է նույնիսկ քննարկել Հայաստանի կողմից անտեսվող մարդկային, ժողովրդագրական, տնտեսական, մշակութային ներուժը՝ այս ամենն արդեն անցել ենք Հյուսիսային Արցախի (Շահումյանի շրջան) և Խորհրդային Ադրբեջանի հայերի հետ։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանում չկա արցախահայերի մեծամասնությունը, շուտով չի՛ լինի «արցախյան հարցը», չի՛ լինի Հայկական Հարց, չի՛ լինի Հայաստան։ Իշխանությունը կանխամտածված կերպով ոչնչացնում է միանգամից երեքն էլ, քանի որ հասկանում է, Արցախի հարցը անբաժան է Հայկական մեծ Հարցից, և որ հայկական պետությունը մնում է հայկական, քանի դեռ ուղղված է դրանք լուծելուն։

Ընդամենը 1,5 տարի է անցել արցախահայերի շրջափակումից դուրս գալուց և Ցեղասպանության հերթական ակտից «փրկվելուց»։ Իշխանությունը որոշել է նրանց ոտքի կանգնելու և շունչ քաշելու հնարավորություն չտալ, ինչպես չի տալիս ամբողջ հայկական աշխարհին՝ նրան դնելով իր տերերի՝ թուրքական աշխարհի, նորանոր հարվածների տակ։ Փոխանակ «ապաշխարող» և «կարեկցող» միջազգային հանրության կողմից նվիրաբերված բոլոր ռեսուրսները արցախահայությանը տրամադրեր և շարունակեր հայցել ֆինանսական ու մարդասիրական աջակցություն, կառավարությունը որոշել է միջոցների կեսը սառեցնել արտակարգ նոր իրավիճակների համար (ո՞վ է հաջորդը սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակ ստանալու հերթում), հրաժարվել նույնիսկ քննարկել (!) աջակցության շարունակման տարբերակները՝ միաժամանակ նպաստելով Հայաստանից արցախահայերի հետագա արտահոսքին։ Այս ամենն իրականացվում է իր մանկլավիկների և մինյոնների կողմից ստեղծված ատելության մթնոլորտի պայմաններում։

Հետաքրքիր է, թե որքանով կգնահատեն այս քայլը «Իրական Հայաստան»-ի իսկական քաղաքացիները, ովքեր կհայտնվեն հիփոթեքները վճարելու անհնարինության առջև` քանզի դրանք վերցրել էին հատուկ այն հաշվարկով, որ Արցախի փախստականները դեռ երկար կլցնեն նրանց գրպանները` չնչին նպաստները ընտանիքներով համատեղելով։ Գոնե բանկիրներին կհասնեն ժամկետանց տոկոսները կամ նույնիսկ բռնագրավված տներն ու բնակարանները։

Հասկանում ենք, թե ինչու են նման հայտարարություններով իրենք իրենց խայտառակում թուրք գաղութապետի կրտսեր ենիչերիները։ Ընտրությունները մոտ են, ցուցակներում տեղերը կպակասեն, իսկ եթե նա պարտվի, ապա հազարավոր պորտաբույծներ կհայտնվեն փողոցում։ Հայաստանի ԱԳՆ-ի անունից արցախահայության հարցի փակման մասին հայտարարություն անող նման սրիկաները հույս ունեն, որ մինչ այդ Հայաստանում հայեր չեն մնա հայեր, ովքեր հենց այսպիսի զառանցանքներ տարածող արարածներին կհիշեցնեն արցախահայության մասին իրենց իսկ մանտրան. «գնացեք աշխատեք», «ով է ասում, որ պիտի Երևանում ապրեք, գնացեք սահմանին ապրեք»։ Սրանք, իրենց հերթին, իհարկե, փորձում են փող աշխատել, քանի դեռ կարող են։ Տեսնենք, թե ինչպես այսօրվա պճնված պաշտոնյաները, որոնք մինչև իրենց բարերար Նիկոլը օր անգամ չեն աշխատել և փոքր-ինչ լուրջ փողեր մոտիկից չեն տեսել, կվերադառնան իրենց բնական վիճակին և կփորձեն գոյատևել հետավինյանական Երևանում ամսական այն նույն 120000 դրամով (մոտ 300 ԱՄՆ դոլար), որը ներկայումս վաստակում է աշխատող արցախահայերի մոտ կեսը։ Արի ու տես՝ հանկարծ կպարզվի, որ, իրոք, նրանց կողմից վերջնականապես ոչնչացված Երևանն այդքան էլ հրապուրիչ չէ, եթե փորձես այն անցնել ոտքով կամ հասարակական տրանսպորտով և ձմեռը չանցկացնես Դուբայում, Կիպրոսում կամ Կալիֆոռնիայում։

Իսկ թե ի~նչ տեսարան կունենանք, եթե նրանք վերադառնան իրենց հայրենի գյուղեր ու քաղաքներ ու տեսնեն, որ «Իրական Հայաստանում»՝ Երեւանից դուրս, գրեթե աշխատատեղեր չկան, իսկ տների վարձավճարները գերազանցում են աշխատավարձերը: Գուցե այդ ժամանակ մտածեն ազնվորեն խոստովանել հայկական պետության քանդման ու հայատյացության մասին։ Նրանց նմաններին շատ ավելի հեշտ կլինի պետության հաշվին ապրել, նույնիսկ եթե դա լինի բանտում։ Մինչդեռ նրանց իշխանության յուրաքանչյուր օրը մեզ ու մեր սերունդներին ավելացնում է 10 տարի՝ նրանց սխալները ուղղելու համար։ Եթե, իհարկե, նվաճենք այդ հնարավորությունը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն