Վերջերս Ջարեդ Գենսերը՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, հանդես եկավ Հայաստանի Հանրապետության «ղեկավարությանն» ուղղված հայտարարությամբ-ուղերձով և նույնիսկ շնորհակալություն հայտնեց կոլաբորացիոնիստական ռեժիմի ամենանվիրված երիտենիիչերիներից մեկին՝ Արարատ Միրզոյանին` մեջբերում ենք. «իմ պաշտպանյալի եւ Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների եւ գերիների ազատության համար հանդես գալու համար»։ Դիտարկենք նրա առաջարկած կետերը։
1. Հանրային հայտարարություններ եւ հանրային դիվանագիտություն
Հայտարարությունները ցանկացած լուրջ տեղեկատվական ու քարոզչական արշավի կարևոր բաղադրիչն են։ Սակայն դրանք պետք է ռազմավարական ճանապարհային քարտեզի մաս լինեն, որի հիմքում ընկած կլինի հստակ քաղաքական դիրքորոշում։ Մենք արդեն կոչ ենք արել Վարդանյանի ընտանիքին նախ կոնկրետ, մտածված և հետևողական դիրքորոշում մշակել, որին կհետևեն բոլոր նրանք, ովքեր ձգտում են մասնակցել Ռուբեն Վարդանյանի և Արցախի այլ ղեկավարների՝ Բաքվի գերությունից ազատագրման համար պայքարին։ Մշակված և իմաստալից քաղաքական դիրքորոշումից կտրված ցանկացած հայտարարություն անիմաստ է, անարդյունավետ և վտանգավոր, քանի որ ողջ միջազգային հանրության և մասնավորապես թուրքական աշխարհի առաջ` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, ի ցույց է դնում վերջինիս դեմ ելածների ամբողջական անկազմակերպվածությունը, թուլությունն ու միամտությունը։
2. Աջակցություն ընտանիքներին
Բարոյական տեսանկյունից հայ գերիների ընտանիքներին աջակցությունը համազգային պատվի և արժանապատվության հարց է։ Սակայն դա կոլաբորացիոնիստական ռեժիմից (Թուրքիայի հետ համագործակցողներից) պահանջելը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր։ Դա նրա ներկայացուցիչների համար հնարավորություն է ստեղծում բարդագույն խնդրից շատ էժան «ազատվելու» և լրացուցիչ քարոզչական դիվիդենդներ ստանալու։ Փաշինյանը դեղին մամուլի լրագրող և քաղաքական աֆերիստ է, ով վաղը կարող է գերիների ընտանիքներին նյութապես ապահովելու որոշում կայացնել և վերահսկվող լրատվամիջոցների միջոցով իր համար մեծահոգի առաջնորդի կերպար ստեղծել, ով «մեր գերիների կանանց և երեխաներին ճակատագրի քմահաճույքին չթողեց»։ Նա հեշտությամբ դա կվերափոխի կոնկրետ քաղաքական միավորների՝ տեղեկատվական օրակարգից դուրս մղելով իր համար անցանկալի թեմաները ՝ սկսած Արցախի և իր ղեկավարների հանձնումից մինչև առաջիկա սահմանադրական հանրաքվե, որի իրական նպատակը Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարելն է։ Խոսակցություններ կսկսվեն, թե Փաշինյանը չի կարող դեմ լինել Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների վերադարձին, չէ՞ որ նա հոգ է տանում նրանց ընտանիքների մասին։ Հայ գերիների ընտանիքներին աջակցությունը գերիների ազատագրման և Հայաստանի` կոլաբորացիոնիստական ռեժիմից ապագաղութացման համար (երկրորդից բխում է առաջինը) պայքարողների բարոյական պարտքն է։
Ի դեպ, Դիլիջանում հերթական եկեղեցու կառուցման համար 6 միլիոն դոլարի անօգուտ ծախսելու փոխարեն կարելի էր ստեղծել հայ գերիների ընտանիքներին աջակցության հիմնադրամ։
3. Փոխազդեցություն Ադրբեջանի հետ
Այս կետը երկու հիմնարար բան է ենթադրում։ Առաջինը՝ կոլաբորացիոնիստական ռեժիմի լեգիտիմացում և նրան` Հայաստանի և Արցախի ճակատագիրը որոշելու լիազորում: Երկրորդը՝ հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման ճշմարտացիության ընդունում։
Ապօրինաբար գերեվարված հայերի ազատ արձակումը չի կարող որևէ բանակցությունների առարկա լինել, նրանք պետք է ազատ արձակվեն առանց որևէ նախապայմանի։ Հակառակ դեպքում՝ տեղի է ունենում ադրբեջանական կողմի բոլոր գործողությունների լեգիտիմացում`ներառյալ Արցախի դեմ ագրեսիան, նրա ղեկավարության գերեվարումը և այնտեղից 150 հազարանոց հայ բնակչության տեղահանումը։
Սակայն այս կետը զուրկ է որևէ իմաստից ավելի պարզ պատճառով՝ Փաշինյանի և Ալիևի (կարդա՝ Էրդողանի) միջև ոչ մի բանակցություն չի կարող լինել, քանի որ առաջինն ընդունակ է միայն մեկ բանի` երկրորդի հետ համաձայնելու և նրա պահանջները իրականացնելու։ Մեղմ ասած, շատ տարօրինակ է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած և 150 հազար արցախահայերին ճակատագրի քմահաճույքին լքած գաղութապետից, որ նա մետրոպոլիայի իր ղեկավարության հետ բանակցություններ վարի իր իսկ կողմից փաստացիորեն գերության մատնվածներին ազատ արձակելու վերաբերյալ:
4. Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եվրոպական միությունից
Նախ` կարճ տեղեկատվություն միջազգային հարաբերությունների տրամաբանության մասին։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն՝ առնվազն Հայաստանի քաղաքացիների (բայց դե ֆակտո նաև համաշխարհային հայության) ճակատագրի վերաբերյալ քաղաքական որոշումներ ձևավորելու և իրականացնելու լիազորություններով օժտված միակ միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ: 2018 թվականից Հայաստանը գրավված է թուրքական կոլաբորացիոնիստական ռեժիմի կողմից, որը հետևողականորեն հանձնեց Արցախը, այն ճանաչեց Ադրբեջանի մաս, աջակցեց (իր փաստացի լռությամբ) նրա ղեկավարության գերեվարմանը և այնտեղից ամբողջ 150 հազարանոց հայ բնակչության տեղահանմանը։ Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Արցախի դեմ, գրավել հենց Հայաստանի տարածքները և իրականացրել վերջին երկու դարերի ամենալայնածավալ էթնիկ զտումներից մեկը։
Միջազգային հանրությունը Բաքվի դեմ գեթ սիմվոլիկ պատժամիջոցներ չկիրառեց, քանի որ Արցախի հայաթափումը խնդիր չդարձավ նույնիսկ պաշտոնական Երևանի համար։ Ամերիկացիները, ռուսները, ֆրանսիացիները և բրիտանացիները չեն կարող հայերից առավել հայ լինել։
Հայկական կողմի`ի դեմս Փաշինյանի կառավարության, անտարբերությունը լեգիտիմացրեց և արդարացրեց միջազգային հանրության անգործությունը։
Հենց այդպես, ոչ ավելի ոչ պակաս։ Հայ գերիները արցախյան հարցի տարր են, որը, իր հերթին, մեծ հայոց հարցի մասն է։ Հիմա ուշադրություն. Փաշինյանի համար չկա որևէ Արցախի հարց կամ հայոց հարց. նա բացահայտ ասում է, որ իրեն միայն «Իրական Հայաստանն» է հուզում: Այսպիսով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության կողմից աջակցության ներգրավման մասին ի՞նչ խոսք կարող է լինել։
5. Իրավական գործերի շարունակում եւ ընդլայնում
Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ցանկացած հայցերից։ Այստեղ նույն տրամաբանությունն է, ինչ «Ադրբեջանի հետ փոխազդեցություն» կետում: Գաղութը չի կարող դատի տալ մետրոպոլիային՝ նման ձևակերպումն անգամ անհեթեթ է։
6. Համաշխարհային կրոնական համայնքի ներգրավում
Տե՛ս հետևյալ նյութը:
7. Բազմակողմ ներգրավվում
Տե՛ս «Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եվրոպական միությունից» կետը։
8. ՄԱԿ—ի ներգրավում
Տե՛ս «Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եվրոպական միությունից» կետը։
Ավելի ուշ Գենսերը Փաշինյանին մեկ այլ պարգև մատուցեց՝ հայտարարելով, որ Հայաստանը հայ գերիների ազատ արձակման գործում չի ձեռնարկում նույնպիսի լուրջ քայլեր, ինչպիսիք արեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` ամերիկացի գերիներին ազատելու համար։ Այդ պահին Փաշինյանի սեփական կարևորության զգացումը հասավ աննախադեպ բարձրությունների, քանի որ նրան համեմատեցին ամենահզոր միջուկային տերության առաջնորդի հետ։ Բոլորովին կարևոր չէ այդ համեմատության համատեքստը, քանի որ այն իր իսկ գոյությամբ խաղում է գաղութապետի օգտին։ Միևնույն ժամանակ, պարոն Գենսերը նրան հնարավորություն ընձեռեց իր անգործությունը Հայաստանի` փոքր երկիր հանդիսանալու և ԱՄՆ-ի հետ համեմատելի հնարավորություններ չունենալու փաստով։ Եթե Գենսերը շարունակի նույն ոճով, ապա Փաշինյանը լրջորեն կդիտարկի նրանով` իր աչքի չընկնող մամլո քարտուղարին փոխարինելը, քանի որ Գենսերը 10 օրում կարողացավ գաղութապետի համար գերազանց թերթային վերնագրերի մի ամբողջ շարք ստեղծել։
Միևնույն ժամանակ, հենց Ռուբեն Վարդանյանն իր վերջերս տարածված հեռախոսային ուղերձում գերության մեջ հայտնվելուց ի վեր առաջին անգամ առաջ բերեց մի շարք չափազանց կարևոր թեզեր, որոնք պետք է հստակ և հետևողական դիրքորոշման հիմք կազմեն։ Նախ, նա ընդգծեց, որ Արցախ տեղափոխվելու և այնտեղ քաղաքական գործունեություն ծավալելու որոշումը ամբողջովին գիտակցված էր («Ես զոհ չեմ»), ոչ թե մարդասիրական առաքելություն էր կամ մոլորություն։ Երկրորդ, նա ընդգծում է, որ տարածաշրջանում իրական և կայուն խաղաղության գրավականը ուժեղ հայկական պետականությունն է, որն անհնար է կերտել առանց ազգային ազնվականության (Ռուբեն Վարդանյանը այն անվանեց «վերնախավ»)։ Երրորդ, նա արդարացիորեն և ճշտորեն զգուշացնում է, որ այսօր ողջ համաշխարհային հայությունը՝ փոքրից մինչև մեծ, կանգնած է լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև («Դատում են բոլոր հայերին… Պատրանք է, որ հետո բոլորին հանգիստ կթողնեն»)։ Ռուբեն Վարդանյանը փաստացիորեն կրկնեց այն թեզերը, որոնք անդուլորեն ընդգծում է Հայկական Հանրապետությունը և որոնք ընկած են մեր հայեցակարգային փաստաթղթերի՝ Գաղափարախոսական Դրույթների և Մանիֆեստի հիմքում։
Այս ուղերձն ուղղված էր ոչ միայն իր ընտանիքին և մտերիմներին, այլև ողջ աշխարհասփյուռ հայությանը, և դրա էությունը պարզ է՝ ժամանակն է վերաիմաստավորել մեր պատմությունը, անել անհրաժեշտ եզրահանգումներ և սկսել գործել արագ, գործնական և սառնասիրտ կերպով («Սա միակ ճանապարհն է` ձեզ արթնացնելու այդ անտարբերությունից, որում դուք հայտնվել եք»)։ Պետք է հասկանալ և ընդունել, որ անձնականի փրկության ճանապարհն անցնում է ընդհանուրի ուժեղացման միջով, ու մենք չենք կարող մեզ թույլ տալ «մենք և մերը» «ես և իմ»-ին զոհաբերելու շռայլությունը։ Վարդանյանի ընտանիքը և նրա զինակիցները պետք է ընտրություն կատարեն՝ կամ Ջարեդ Գենսերի կետերը, կամ հենց Ռուբեն Վարդանյանի թեզերը։ Դրանց (մոտեցումների) համատեղումը, համադրությունը կամ համակեցությունը անհնար են, քանի որ բովանդակությամբ հակասում են միմյանց։
