Մի՛ հավատա, մի՛ վախեցիր, մի՛ խնդրիր. մեր գերիների մասին

Տեղեկատվական անկապ և անհետևողական շրջապտույտները ռազմավարական արժեք չունեն, այլ ընդհակառակը՝ վնասակար և անարդյունավետ են, քանի որ դրանք միայն նպաստում են Էրդողանի, Ալիևի և թուրքական աշխարհի հստակ ռազմավարական նպատակների իրականացմանը: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է նախ ինքներս մեզ համար հստակեցնենք Բաքվում բռնի պահվող հայերի կարհավիճակը և նրանց ազատելուն ուղղված ռազմավարությունը:

Արցախի քաղաքական ղեկավարության այսպես կոչված «դատավարությունը» շարունակվում է: Պաշտոնական Բաքուն և ողջ թուրքական աշխարհն այս հարցին նայում են շատ ավելի լայն և խորը տեսանկյունից, քան մենք՝ հայկական աշխարհը: Ընդամենը 35 տարի առաջ հայկական աշխարհը ստացավ սեփական պետականությունը վերականգնելու պատմական հնարավորություն: Մենք ունեինք հաջողությունն ամրապնդելու բոլոր հնարավորությունները, քանի որ կարողացանք դիմակայել մահաբեր փորձություններին:

1988 թվականին հայերը բախվեցին Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքներին, որը, ըստ տարբեր գնահատականների, խլեց 25-35 հազար մարդկային կյանքեր, ավելի քան 150 հազար մարդ դարձավ հաշմանդամ, ավելի քան 500 հազարը մնացին անօթևան: Փոքր երկրի և փոքրաթիվ ժողովրդի համար, որն ընդամենը 70 տարի առաջ 1,5 միլիոն մարդ էր կորցրել 1915-1923 թվականների Ցեղասպանության ժամանակ, սա ոչ թե պարզապես մեծ, այլ հսկայական կորուստ է: Երկրաշարժից առաջ՝ նույն 1988 թվականին, թուրքական աշխարհը, ի դեմս արդեն ուշ-խորհրդային Ադրբեջանի (թուրքական հատուկ ծառայությունների և գորբաչովա-ալիևյան քաղբյուրոյի աջակցությամբ), վերսկսեց ցեղասպանության քաղաքականությունը՝ կազմակերպելով հայերի ջարդեր և արտաքսում Սումգայիթից, Բաքվից, Մարաղայից, Կիրովաբադից (Գանձակից):

Թուրքական աշխարհը հայկական հարցը մեկընդմիշտ փակելու (հայերի ամբողջական ոչնչացման և իրենց պատմական հողերից արտաքսման) հերթական հնարավորությունը ստացավ: Սակայն այդ նույն 1988 թվականին տեղի էր ունենում հայկական աշխարհի մոբիլիզացիան: Այս փաստն ինքնին արդեն պատմական նշանակություն ունի, քանի որ ի տարբերություն 1915-1923 թվականների՝ մենք ձեռքերս ծալած չնստեցինք և որոշեցինք պայքարել: Մարդկային, նյութական և քաղաքական ռեսուրսների համախմբումը տեղի էր ունենում երկու առանցքային նպատակների շուրջ: Մի կողմից՝ 1920 թվականին կորցրած անկախ պետականության վերականգնման գաղափարի, մյուս կողմից՝ Արցախի ազատագրման, որը ողջ հայության ռազմավարական հենակետն էր: Արցախի վերահսկողությունը Հայաստանին կարող էր դարձնել տարածաշրջանային քաղաքականության առանցքային խաղացողներից մեկը՝ համաշխարհային մասշտաբով ձևավորված բազմամիլիոն հայկական ցանցի հնարավորություններից օգտվելու դեպքում։ Մենք հետագայում վճռականորեն հաղթեցինք պատերազմում՝ ցուցադրելով լավագույն հատկանիշներ, որոնք թույլ կտային հետագայում արագ կերպափոխվել հետխորհրդային հայ ժողովրդից ինքնաբավ հայ ազգի:

Արցախի ազատագրումը ժամանակավորապես կանգնեցրեց 20-րդ դարում հայկական երկրորդ ցեղասպանության գործընթացը և մեզ հնարավորություն տվեց կառուցել բովանդակալից, հզոր պետականություն: Ինչի՞ համար: Ցանկացած պետության հիմնական գործառույթը և նրա գոյության իմաստը իր քաղաքացիների և հայրենակիցների ֆիզիկական, հոգևոր, մշակութային և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև՝ զարգացման պայմանների ապահովման մեջ է: Մենք կարևոր քայլ արեցինք՝ միջազգային հանրության կողմից ճանաչված անկախ երկիր ունեցանք: Բայց պետք է հստակ հասկանալ, որ սեփական դրոշ ունենալու իրավունքը և ինքնուրույն ապագան որոշելու հնարավորությունը մենք ստացանք բացառապես Արցախյան ազատագրական պատերազմում հաղթանակի շնորհիվ: Այստեղից պարզ եզրակացություն՝ Արցախը ոչ միայն տարածք է, այլ հայկական ազգային և պետական ինքնության առանցքային տարր: Նույնը, ինչ Երուսաղեմն ու Արևմտյան Ափը Իսրայելի համար, Կորքն ու Օլսթերը՝ Իռլանդիայի համար, Տրույմյաստոն՝ Լեհաստանի համար: Ինքնության նման կարևոր տարրերի վերահսկողության ձևը կարող է լինել բոլորովին տարբեր, բայց անփոփոխ պետք է մնա մեկ բան՝ այնտեղ սեփական բնակչության առկայությունը:

Եվ ահա ընդամենը 35 տարի անց թուրքական աշխարհը, օգտվելով Հայաստանի քաղաքական ղեկավարության և Սփյուռքի այսպես կոչված «առաջնորդների» դիլետանտությունից, վաճառվածությունից, վախկոտությունից, միամտությունից և նարցիսիզմից, 180 աստիճանով շրջեց ամեն ինչ: Հայաստանում իշխանության եկան բացահայտ թուրքասեր կոլաբորացիոնիստներ, Արցախը հանձնվեց թշնամուն, ողջ հայ բնակչությունը (150 հազար մարդ) արտաքսվեց Արցախից, Արցախը ազատագրած հերոսների հուշարձաններն ու գերեզմանները պղծվեցին և ոչնչացվեցին, իսկ Արցախի քաղաքական ղեկավարությունը գերի հանձնվեց: Եվ այս ամենին թուրքական աշխարհը հասավ ընդամենը 4 տարում: Անկարան և Բաքուն չեն պատրաստվում շեղվել իրենց ճանապարհից, և վերոնշյալ «նվաճումները» նրանց համար միայն սկիզբն են:

Բայց կենտրոնանանք Արցախի գերվարված առաջնորդների վրա: Սկսենք նրանից, թե ինչու է դա այդքան կարևոր Թուրքիայի և Ադրբեջանի համար: Առաջինը՝ փիլիսոփայական սիմվոլիզմ է: Թուրքական աշխարհը բացահայտորեն ցուցադրում և առաջաձգում է իր ուժը: Երկրորդը՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հզոր հոգեբանական և էմոցիոնալ ճնշում են գործադրում հայկական աշխարհի վրա՝ ձգտելով կոտրել գործնական և սառնասիրտ որևէ գործողությունների նրա կամքը: Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կոլաբորացիոնիստական ռեժիմի աջակցությունը: Արցախի գերեվարված առաջնորդների մեջ առանձնանում է Ռուբեն Վարդանյանի անձը, որի նկատմամբ թուրքական գաղութապետ Փաշինյանը անձնական հակակրանք է տածում: Չորրորդը՝ Անկարան և Բաքուն միջազգային հանրությանը հստակ ազդանշան են ուղարկում հայկական աշխարհի ծայրահեղ անօգնականության մասին, համոզելով, որ նրա հետ որևէ լուրջ գործ ունենալու և առավել ևս՝ նրան պաշտպանելու որևէ իմաստ չկա:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ռուբեն Վարդանյանի և Արցախի այլ առաջնորդների ազատագրման համար պայքարը պետք է դառնա հայկական աշխարհի (այսինքն՝ ազգային ազնվականության, որը պետք է ձևավորվի հնարավորինս կարճ ժամկետներում) կարևորագույն նպատակներից մեկը: Եվ սա ոչ թե պայքար է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, այլ առաջին հերթին Երևանում նրանց հետ համագործակցող ռեժիմի դեմ: Հերթական անգամ կրկնենք կարևոր թեզը, որը մենք անընդհատ ընդգծում ենք. միջազգային հանրության աչքում Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների վերաբերյալ քաղաքական որոշումներ մշակող և իրականացնող միակ սուբյեկտն է: Թուրքական գաղութապետ Փաշինյանը և նրա կրտսեր ենիչերիները բազմիցս կրկնել են, որ իրենց համար Արցախի խնդիր չկա (և այստեղ արդեն կարելի է վերջակետ դնել), գոյություն չունեն Արցախից արտաքսված հայեր և չկա Արցախի ղեկավարություն: Այս կապակցությամբ Վարդանյանի ընտանիքի միջազգային հանրությանը, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, հայտնի անձանց, Հոլիվուդի աստղերին և քրիստոնեական աշխարհին ուղղված բոլոր կոչերը, մեղմ ասած, օդում անգնդակ կրակոցներ են: Չէ՞ որ խնդիրը հայերին Բաքվի գերությունից ազատագրեն է, այլ ոչ թե կարեկցանք և ափսոսանք արթնացնելը:

Սակայն նրանց գերի հանձնելու (ոչ թե ձերբակալման, այլ հենց գերի հանձնելու) պահից առ այսօր ո՛չ Հայաստանը, ո՛չ Վարդանյանի ընտանիքը, ո՛չ էլ հենց գերիները չեն ձևավորել ու արտահայտել հստակ դիրքորոշում: Հիշեցնենք, որ նրանց գերի հանձնվելու պահից արդեն անցել է ավելի քան 500 օր: Պաշտոնական Երևանի հետ, որը ժամանակավորապես գրավված է կոլաբորացիոնիստների կողմից, ամեն ինչ պարզ է և ակնհայտ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և մյուսներին անհրաժեշտ է նախ կողմնորոշվել մի շարք սկզբունքային հարցերում: Առաջինը՝ կարգավիճակը: Ովքե՞ր են Բաքվում բռնի պահվող անձինք: Անջատողականնե՞ր, որոնք ձերբակալվել և այժմ մասնակցում են դատական գործընթացին (այդ դեպքում Ալիևից ոչ մի պահանջ չի կարող լինել), թե՞ բռնի պահվող քաղաքական բանտարկյալներ, որոնց նվաստացուցիչ կերպով ներկայցնում են ցուցադրական շոուի ժամանակ՝ հստակ քաղաքական նպատակների հասնելու համար: Երկրորդը՝ պայքարի ռազմավարությունը: Տեղեկատվական անկապ և անհետևողական շրջապտույտները ռազմավարական արժեք չունեն, այլ ընդհակառակը՝ վնասակար և անարդյունավետ են, քանի որ դրանք միայն նպաստում են Էրդողանի, Ալիևի և թուրքական աշխարհի հստակ ռազմավարական նպատակների իրականացմանը: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է նախ հստակեցնել այս երկու դիրքորոշումները:

Ընդ որում, բացարձակապես կարևոր է չկատարել անմիտ գործողություններ և չանել հայտարարություններ, որոնք հաճախ հակասում են միմյանց: Չափազանց վտանգավոր է անիմաստ հայտարարություններում քրիստոնեական աշխարհի շուրջ շեշտադրումներ անելը և անհեթեթ ընդգծելը, որ Ռուբեն Վարդանյանը եկել էր Արցախ՝ պաշտպանելու հայ-քրիստոնյաներին: Թուրքական աշխարհը միշտ ձգտում է ընդգծել, որ հայերը մուսուլմանների թշնամիներն են: Նրանք ուզում են հայերի համար տարածաշրջանում քրիստոնեական հինգերորդ շարասյան կերպար ստեղծել: Իրականում հայերը երբեք որևէ խնդիր չեն ունեցել իսլամի հետ, ընդհակառակը՝ իսլամը և հիմնականում մուսուլմանական երկրները կարևոր դեր են խաղացել հայկական ինքնության պահպանման գործում 1915-1923 թվականների Ցեղասպանությունից հետո, որը կազմակերպել էին աթեիստ, անաստված երիտթուրքերը, որոնք իսլամական աշխարհի թշնամիներ էին և վտարեցին օսմանյան վերջին սուլթանին: Ադրբեջանի ներկա ղեկավարությունը, որը բանտարկել է հարյուրավոր մուսուլման կրոնական գործիչների, նույնպես որևէ առնչություն չունի իսլամական աշխարհի հետ: Ավելի ուշադիր վերլուծության և ռազմավարական խորը աշխատանքի դեպքում կարելի է բացահայտել բոլորովին այլ բան՝ իսլամական աշխարհը (ի դեմս Իրանի և արաբական երկրների) հայկական աշխարհի բնական դաշնակիցն է շատ ռազմավարական հարցերում՝ ներառյալ Արցախի գերեվարված ղեկավարության ազատագրումը: Ավելին՝ նույն Ռուբեն Վարդանյանը իր տարբեր երկրներից մուսուլման ընկերների հետ էր վերականգնում մուսուլմանական սրբավայրերն ու հուշարձանները Արցախում:

Ռուբեն Վարդանյանի կողմնակիցներին նույնպես անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել իրենց հայտարարություններում: Այնպիսի ազդեցիկ անձինք՝ ինչպիսիք են Նուբար Աֆեյանը և Դևիդ Իգնեշիուսը, պետք է կենտրոնանան բովանդակալից ռազմավարության վրա, այլ ոչ թե աղերսանքներով և խնդրանքներով դիմեն նրանց, ովքեր հանձնել են և ովքեր պահում են նրան և մյուս հայ գերիներին: Խնդրանքներն ու կոչերը չեն գործում. միայն իմաստավորված և նպատակաուղղված պայքար: Ավելին՝ անհրաժեշտ է դադարեցնել շեշտելը, որ Ռուբեն Վարդանյանը ձեր մտերիմ ընկերն ու համախոհն է: Սա անօգուտ հույզերի դրսևորում է, որոնք հակառակ արդյունք են տալիս հայ գերիների ազատագրման գործում: Էրդողանին և Ալիևին չի հուզի ձեր ընկերությունը, ընդհակառակը՝ նրանք ևս մեկ անգամ կհամոզվեն, որ նույնիսկ այդպիսի ազդեցիկ և հայտնի հայերը չունեն որևէ իմաստավորված ռազմավարություն. միայն հույզեր, խնդրանքներ և աղերսանքներ: Կա՛մ գործում ենք իմաստավորված, կա՛մ պատրաստվում ենք հերթական ողբերգությանը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն