Որքան էլ երևակայեն դիլետանտ քաղաքական գործիչները, ժամանակակից միջազգային հարաբերություններում դեռևս իշխում են կոշտ հաշվարկը, ազգային կարողությունն ու շահերը, այլ ոչ թե պատրանքներն ու էժանագին փիառը (PR-ը): Չնայած նույնիսկ գերիշխող էթնիկ փոքրամասնություններ ունեցող տարածքների առկայությանը` մինչև վերջին տասնամյակ Ուկրաինան համեմատաբար կայուն և միասնական երկիր էր, իսկ այժմ հայտնվել է քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական լուրջ աղետի շեմին: Չափազանցություն կլինի այն հիմա «պետություն» անվանելը՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայի ռեսուրսների և ենթակառուցվածքների վերահսկողությունը Ռուսաստանի հետ զինադադարից հետո կհայտնվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ պարտատերերի ձեռքում: Այդ կտրուկ անկման գլխավոր պատճառը դիլետանտներին վստահելն է, ովքեր ոչ միայն ընդունակ չեն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատևելու ռազմավարություն մշակել, այլև անգամ չեն տիրապետում նման հասկացությունների: Սա կարևորագույն դաս է նաև Հայաստանի համար, որը նույնպես հայտնվել է քաղաքական ռեալիզմի հիմնական սկզբունքները չըմբռնող պոպուլիստի ճիվաղներում:
Պատրանքներ՝ երաշխիքների փոխարեն
Ուկրաինան ամբողջ աշխարհին թանկ արժեցող և ողբերգական դաս տվեց՝ թե ինչ կործանարար հետևանքների է հանգեցնում հստակ երաշխիքներից զուրկ խոստումների վրա հիմնվելը: Հասկանալով միջուկային տերության հետ հակամարտության վտանգը և գիտակցելով, որ դիմակայությունը կպահանջի մարդկային կյանքեր ու երկրի ապագայի զոհաբերություն, Ուկրաինան, այնուամենայնիվ, ոչինչ չձեռնարկեց պատերազմը կանխելու ուղղությամբ: Դժվար է ասել, թե ինչի վրա էր հույսը դնում Զելենսկին։ Հավանաբար երևակայում էր, որ «Արևմուտքը» ըստ արժանվույն կգնահատի ամբողջ պետության զոհաբերությունը, կամ գուցե վերջին պահին կորոշի խնայել բազմամիլիոն ժողովրդին և նրա բեղուն երկիրը:
2022 թվականին, լայնածավալ հակամարտության սկսվելուց հետո, պարզ դարձավ, որ խոստումները համարժեք չեն պարտավորություններին, իսկ ռազմական օգնությունը տրամադրվում է միայն այն ծավալներով, որոնք բխում են «դաշնակիցների», այլ ոչ թե Ուկրաինայի շահերից: Եվ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի չար մտադրությունների կամ նույնիսկ ագահության մեջ է, այլ պարզապես նրանում, որ կայացած պետությունները ղեկավարում են առաջնորդներ, ովքեր իրենց քաղաքացիների շահերը գերադասում են մյուսներից, հակառակ դեպքում՝ վճարում են իրենց քաղաքական կարիերայով: Հենց այս նշաձողին էին ժամանակին ձգտում Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդները, սակայն առերեսվեցին դաժան` դիլետանտների կերտած անբովանդակ իրականությանը:
Քաղաքական փորձառություն չունեցող նախկին կատակերգու Վլադիմիր Զելենսկին միջազգային հարաբերությունները դիտարկում է որպես բազմասերիանոց ֆիլմի սցենար, որտեղ նա մարմնավորում է չարի դեմ պայքարող գլխավոր հերոսի դերը: Խնդիրն այն է, որ միջազգային հարաբերությունները հիմնված են ոչ թե դրամատուրգիայի, այլ ուժերի հավասարակշռության վրա, և ցավոք, անհնարին է վերանկարահանել չհաջողած դրվագը, կամ ըստ հանդիսատեսի համակրանքի՝ սպանել կամ վերակենդանացնել կերպարին: Զելենսկին ի սկզբանե չուներ պատերազմից դուրս գալու հստակ ռազմավարություն, այլ միայն հռետորաբանություն, որը երբեմն վերածվում էր Չինաստանին ուղղված սպառնալիքների, Արևմուտքին ուղղված վերջնագրերի և անիրագործելի պահանջների: Արդյունքում՝ Ուկրաինան հայտնվեց ռազմավարական փակուղում, իսկ գլխավոր հերոսի ժողովրդականության համար «հոծախումբը» վճարեց միլիոնավոր կյանքերով, կորցրած տարածքներով, ավիրված տնտեսությամբ, ժողովրդագրական ճգնաժամով և հենց այն պաշարների նկատմամբ ռազմավարական վերահսկողության կորստով, որոնք նախկինում գրավիչ էին դարձնում Ուկրաինան: Այժմ այդ ռեսուրսները ամրագրված են Միացյալ Նահանգների համար, և Ուկրաինայի ղեկավարության հետ առանց «տան մեծերի» արդեն ոչ ոք լուրջ չի խոսի:
Ուկրաինական դասերը Հայաստանի համար
Թերևս, նույնիսկ այդպիսի աղետալի հետևանքների համատեքստում, Փաշինյանի համար Զելենսկու հետ համեմատությունը չափազանց մեծ պատիվ է: Սակայն անհնար է չնկատել անփորձ առաջնորդների ղեկավարած երկու հանձնվող երկրների միջև զուգահեռները` զուտ իրականության առջև հայկական կապիտուլյացիան ավելի արագ է տեղի ունենում: Փաշինյանի սակավաթիվ կողմնակիցները, իհարկե, կհանեն ռուսատյացության դիմակը և կցնծան, թե իրենց առաջնորդը ճիշտ էր՝ ընդունելով Ադրբեջանի հետ հակամարտությունից «խուսափելու» ուղին: Սակայն նախ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությունն ուժերի անհամաչափությամբ երբեք չի համեմատվի ուկրաինա-ռուսաստանյանի հետ, և երկրորդ՝ Փաշինյանն արդեն վճարել է հսկայական մարդկային գին հայ ժողովրդի հաշվին, նույն կերպ վատնել է հայկական ինքնիշխանության մնացորդները և նույն պոպուլիստական ու հուզական, կեղծ պատրանքների վրա հիմնված՝ թշնամուն զոհ է մատուցում Հայաստանն ու հայկական աշխարհը:
Փաշինյանը որոշեց, որ ինքը ավելի խորամանկ է և վաճառում է Հայաստանը թշնամուն ուղղակիորեն՝ առանց «կոլեկտիվ Արևմուտքի» կամ ամենուր ներկա Ռուսաստանի միջնորդության: Ճիշտ է՝ իր դավաճանական զիջումները կյանքի կոչելիս, նա չի խորշում ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի մասնակցությունից, որպեսզի վերջին պահին նրանց վրա դնի հայերի և Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունը: Գերագույն կապիտուլյանտը չի հասկանում, թե ինչու հայկական աշխարհի հաշվին իր «առատաձեռնությունը» չի արժանանում ուժային կենտրոնների պատշաճ գնահատականի և թեկուզ իր անվտանգության և իշխանության վերարտադրության բազային երաշխիքների: Սակայն ոչ ոք չի արժևորում թուլությունն ու զիջողականությունը, ոչ ոք հավասարի պես չի շփվում դիլետանտների հետ, ոչ ոք իրական երաշխիքներ չի տալիս նրանց, ովքեր դրանք աղերսում են: Առավոտյան Արցախն ու Հայաստանի մնացորդները, իսկ երեկոյան… ո՞ւմ հանձնել վճարված աթոռները երեկոյան, եթե արդեն դրանք դնելու տեղն էլ չկա:
Այն երկրների համար, որոնց առաջնորդները հաղորդակցվում են կարգախոսներով և թերթի խորագրերով, ավա՜ղ, այլ ապագա չի նախատեսված. հստակ ազգային ծրագրի և ռազմավարական տեսլականի բացակայությունը միշտ էլ նրանց կբերի պոպուլիստների և նրանց մանիպուլացնող համաշխարային խաղացողների ճանկերը: Արդյո՞ք սա նշանակում է, որ պատմության ընթացքին դիմադրելն անօգուտ է: Միանշանակ այո՛, քանի դեռ այդպիսի քաղաքական գործիչներ են իշխանության ղեկին, և քանի դեռ ժողովուրդները պատրաստ են հանդուրժել արժանի վերնախավերի բացակայությունը, որոնք ունակ են ձևավորել ազգային շահերը և պաշտպանել դրանք: Հայաստանն արդեն շատ հեռու է գնացել: Բայց Ուկրաինայի ցավալի դասը, որը մեզ տրվել է իրական ժամանակի ռեժիմում, ի վերջո պետք է մեզ սթափեցնի. մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել իրականությունը: Մենք չենք կարող տրվել «խաղաղության խաչմերուկի» և «իրական Հայաստանի» պատրանքներին, ինչպես նաև այն թյուր կարծիքին, թե մարդասեր Եվրոպան կգնահատի Ադրբեջանի հետ ընկերանալու մեր ջանքերը, կամ որ փորձառու գործարար Թրամփը և (կամ) ռեալիստ Պուտինը կգնահատի մեր «պրագմատիկությունը» «հաղորդակցությունների ապաշրջափակման» հարցում: Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե ինքնության դավաճանության և սին ակնկալիքների միջոցով, այլ առկա ակտիվների և պասիվների խելացի օգտագործման և իրական դաշնակիցների որոնման միջոցով, ովքեր ունակ են և պատրաստ են աջակցել երկրին ոչ թե խոսքով, այլ գործով, ովքեր շահագրգռված են նրա անվտանգությամբ և անկախությամբ գրեթե այնպես, ինչպես իրենց սեփականով:
