Անցյալ տարի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում, որտեղ կենտրոնացած է աշխարհի խոշորագույն հայկական համայնքներից մեկը, տեղի ունեցավ չափազանց հետաքրքիր իրադարձություն։ Այն հետաքրքիր է նրանով, որ ակնառու ապացույց է առ այն, որ համաշխարհային հայության գլխավոր թշնամին ո՛չ Թուրքիան է, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը կամ Արևմուտքը և նույնիսկ ոչ մասոնները, այլ քաղաքական անգրագիտությունը, միամտությունն ու կարճատեսությունը։ Մենք բազմիցս գրել ենք, որ իմունային անբավարարությունից բուժվելու համար առաջին քայլը համազգային ազնվականության և բուրժուազիայի ստեղծումն է, որի միջոցով կմեկնարկի բովանդակալից ազգային և պետական կառուցման գործընթացը։ Չկա ազգային ազնվականություն՝ չկա քաղաքական ազգ (այժմ մենք պարզապես ժողովուրդ ենք), չկա պետականություն (այժմ մենք ունենք պարզապես ֆիզիկական տարածք, որը Երևանի կոլաբորացիոնիստները սիստեմատիկ կերպով հանձնում են թշնամիներին), չկա պետականություն՝ չկա Սփյուռք (այժմ մենք ունենք լոկ հազարավոր մասնատված համայնքներ)։ Սակայն եկեք փորձենք ավելի խորանալ և կոնկրետ օրինակով բացահայտել ազգային ազնվականության կայացման գործում առաջընթացի բացակայության պատճառները։
Սկսենք Գլենդելի մասին համառոտ ակնարկից։ Այսօր Գլենդելը Միացյալ Նահանգների ամենաբարգավաճ, անվտանգ և թանկարժեք քաղաքներից մեկն է։ Քաղաքում բնակվում է 184 հազար մարդ, որոնց 40%-ը հայկական ծագում ունի։ Կալիֆոռնիան դաշնային ընտրական համակարգում առանցքային նահանգներից մեկն է, որին հատկացված է 52 տեղ Ներկայացուցիչների պալատում (Կոնգրեսի ստորին պալատ) և 2 սենատոր (վերին պալատ)։ 2001-2023 թվականներին Գլենդելում (տարածաշրջանի առանցքային քաղաքում), Պասադենայում, Արևմտյան Հոլիվուդում և Բըրբանքում բնակվող ավելի քան 300 հազար հայերի շահերը ներկայացնում էր Ադամ Շիֆը, որը 2024 թվականից Կալիֆոռնիայի կրտսեր սենատորն է։ Նրա վերին պալատ անցնելուց հետո 30-րդ ընտրատարածքի ներկայացուցչի տեղը (Գլենդել, Արևմտյան Հոլիվուդ, Բըրբանք, Պասադենա և այլն) թափուր մնաց։ Հայազգի քաղաքական գործչի համար դաշնային մակարդակում կարիերա կառուցելու գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություն բացվեց։
Կալիֆոռնիայի հայկական համայնքը նահանգի ամենահին համայնքներից է։ Սակայն, չնայած իր քանակական (ընտրազանգված, ֆինանսներ) և որակական (հայտնի դեմքեր) ռեսուրսներին, այն տարեցտարի կորցնում է իր հսկայական քաղաքական ներուժը։ Հայազգի վերջին ազդեցիկ կալիֆոռնիացի քաղաքական գործիչները եղել են հանրապետականներ Ջորջ Դոքմեջյանը (նահանգապետ 1983-1991 թթ․) և կոնգրեսական Չարլզ Փաշայանը (1979-1991 թթ․)։ Հնարավոր է՝ տեղի հայկական համայնքների ղեկավարներն առաջնորդվել են նրանով, որ կարևոր է ոչ թե քաղաքական գործիչը, այլ նրան ֆինանսավորողը։ Մասամբ դա իրոք այդպես է, քանի որ հովանավորները կարևոր դեր են խաղում ընտրական գործընթացում, և հաղթած թեկնածուները որոշ չափով պարտավոր են իրականացնել նրանց անհրաժեշտ օրակարգը։ Այլապես՝ հաջորդ փուլում (վերընտրվելիս) կհայտնվեն չֆինանսավորվելու վտանգի տակ։ Այդ պատճառով կոնգրեսական Ադամ Շիֆը աջակցում էր 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին և այլ հայանպաստ նախաձեռնություններին։
Մարտավարական առումով հայկական համայնքը գուցե ինչ-որ բան շահեց (թեև սա էլ է բավականին վիճելի), բայց ռազմավարական առումով միանշանակ պարտվեց։ Ինչո՞ւ։ Շիֆը, օգտագործելով հայկական ռեսուրսային բազան, դաշնային մակարդակում կարիերա արեց։ Այժմ նրա առջև դեպի ավելի լուրջ դիրքեր, այդ թվում՝ երկրի նախագահի պաշտոն ուղիղ ճանապարհ է բացվում։ Պարզ է, որ նրա տեղում կարող էր լինել հայազգի քաղաքական գործիչ։ Միանգամից նշենք, որ Հայկական Հանրապետությունը որևէ հավակնություն չունի սենատոր Շիֆի նկատմամբ, ընդհակառակը՝ մենք կոչ ենք անում հայկական համայնքի քաղաքական գործիչներին օրինակ վերցնել նրանից։ Մեկ այլ խնդիր է, որ դաշնային մակարդակի քաղաքական գործիչը ձգտում է դիվերսիֆիկացնել ազդեցության աղբյուրները։ Շիֆը, որը ջերմ զգացմունքներ է տածում հայկական համայնքի նկատմամբ, բացառություն չի լինի, քանի որ նոր մակարդակները նոր հոսքեր և պարտավորություններ են բացում։ Ոչ մի ոչ հայազգի քաղաքական գործիչ երկար չի մտածի, երբ ծառանա հայկական համայնքի և, օրինակ, ռազմարդյունաբերական համալիրի շահերի միջև ընտրության հարցը։ Եվ դա միանգամայն բնական է, ուստի կորեական, մեքսիկական, աֆրոամերիկյան, չինական, հրեական, լեհական և իռլանդական համայնքները ֆինանսավորում և մեծ դաշնային քաղաքականության աշխարհ են առաջ մղում իրենց ներկայացուցիչներին։
Վերադառնանք 2024 թվականին կալիֆոռնիական 30-րդ ընտրատարածքի ընտրություններին։ Այսպիսով՝ նախնական ընտրություններում 15 թեկնածուների թվում կային 2 հայ՝ Ժիրայր Ռաթևոսյանը՝ Դեմոկրատական կուսակցությունից և Ալեքս Բալեկյանը՝ Հանրապետական կուսակցությունից։ Արդեն այս փաստը վկայում է նույնիսկ այդքան փոքր հայկական համայնքի մակարդակում լուրջ բովանդակային համակարգի բացակայության մասին, քանի որ ռազմավարական տեսանկյունից երկու հայ չպետք է առաջադրվեին նույն ընտրատարածքում։ Միանգամայն ակնհայտ է, որ նրանք պարզապես կբաժանեն հայկական ընտրազանգվածը երկու մասի, միմյանցից կտանեն կարևոր ձայներ՝ այդպիսով առավելություն տալով իրենց մրցակիցներին։ Ավելին՝ այս փաստից (երկու հայի միմյանց դեմ գնալու) հիասթափված շատ հայեր կնախընտրեն անտեսել ընտրությունները կամ իրենց ձայնը տալ մեկ այլ համայնքի ներկայացուցչի։ Ներկայիս իրողություններում, երբ տեղի է ունենում ամերիկյան քաղաքական համակարգի հիմնարար վերափոխում (նեոլիբերալ համակարգի ճգնաժամն ակնհայտ է), հայկական համայնքը պետք է առաջադրեր մեկ հայազգի հանրապետական թեկնածու՝ ստեղծելով նրա համար անհրաժեշտ ջեքսոնյան քաղաքական գործչի կերպար (նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարական գիծը)։ Նման թեկնածուի համար դժվար չէր լինի այս ընտրություններում ում ասես հաղթելը։ Արդյունքում՝ եզրափակիչ փուլ դուրս եկան Գլենդելի երկու թեկնածու՝ դեմոկրատ Լորա Ֆրիդմանը և հանրապետական Ալեքս Բալեկյանը։ Աշխարհի խոշորագույն հայկական համայնքը կենտրոնացնող ընտրատարածքում հաղթանակ տարավ Ֆրիդմանը։ Այժմ Կալիֆոռնիայի 52 կոնգրեսականների թվում կան բոլոր խոշոր էթնիկ համայնքների ներկայացուցիչներ՝ բացի հայկականից։
Սա, իհարկե, առաջին դեպքը չէ։ 2013 թվականին Մասաչուսեթս նահանգի 5-րդ ընտրատարածքից (Միդլսեքսից, Նորֆոլք և Սաֆոլք ընտրատարածքների մի մասից), որտեղ նույնպես կենտրոնացած է խոշոր, հարուստ և ազդեցիկ հայկական համայնք, Ներկայացուցիչների պալատ էր առաջադրվել Փիթեր Քութուջյանը՝ Միդլսեքս ընտրատարածքի շերիֆը։ Արդյունքում Քութուջյանը պարտվեց Քեթրին Քլարքին, որը հաղթանակ տարավ Ուոթերթաուն քաղաքի բնակիչների ձայների շնորհիվ, որտեղ բնակչության մեծ մասը նույնպես հայկական ծագում ունի։ Նրա մրցակիցները՝ Վիլ Բրաունսբերգերը և Քեթրին Քլարքը, Ուոթերթաունում կարողացան հավաքել համապատասխանաբար 30% և 14%։ Պետք է նշել, որ Քութուջյանի պարագայում հայկական համայնքն ավելի մոբիլիզացված էր, և նրա պարտության պատճառը մեծ մասամբ թաքնված է արդյունավետ ռազմավարության բացակայության մեջ։ Բայց դրանից ավելի հեշտ չի դառնում, չէ՞ որ վերջին հաշվով մենք ունենք հերթական հայի՝ լուրջ աճի ներուժով, որը դուրս մնաց դաշնային մեծ քաղաքականությունից։
Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։ Պատասխանները նույնն են՝ ազգային ազնվականության բացակայություն, գրավիչ և արդյունավետ համակարգ ստեղծելու ունակ ներդաշնակ և փոխկապակցված համաշխարհային Սփյուռքի բացակայություն, այն մասնատված համայնքներից հավաքելու մեջ շահագրգռված քաղաքական ազգի և բովանդակալից պետականության բացակայություն։ Իսկ ինչո՞ւ չենք կարողանում ձեռնամուխ լինել այս ամենի ձևավորմանը։ Պատասխանը նույնպես պարզ է՝ աշխարհով մեկ (այդ թվում՝ Հայաստանում) ամենահեղինակավոր, ազդեցիկ և բարեկեցիկ հայերը նախընտրում են հեշտ ու անհոգ կյանքը՝ չցանկանալով իրենց վրա ողջ ժողովրդի ներկայի և ապագայի համար որևէ պատասխանատվություն վերցնել։ Բովանդակային աշխատանքին նրանք նախընտրում են իմիտացիոն գործունեությունը կամ լռությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ձեռնտու է Երևանի թուրքական կոլաբորացիոնիստներին և հայկական համայնքներում նրանց ազդեցության տակ գտնվող գործակալներին։ Չի՛ կարելի մոռանալ, որ մասնատված հայկական աշխարհում հնարավոր կլինի կարգ հաստատել միայն այն Հայաստանում հաստատելով։
