The Washington Post ազդեցիկ լրատվամիջոցում երկուշաբթի օրը լույս է տեսել միջազգային հեղինակավոր լրագրող Դևիդ Իգնեշիուսի հոդվածը Ռուբեն Վարդանյանի «դատավարության» մասին։ Նախքան հոդվածի բովանդակային գնահատականին անցնելը, նշենք, որ Դևիդ Իգնեշիուսը Հայոց ցեղասպանության (1915-1923 թթ.) Պոլ Ռոբերտ Իգնեշիուսի (Իգնատոսյանի) որդին է, ով կառուցել էր տպավորիչ կարիերա՝ դառնալով ամերիկյան զինված ուժերի համակարգում հայկական ծագմամբ ամենաբարձրաստիճան նախարարը։ Պոլ Իգնեշիուսը զբաղեցրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը 1967-1969 թվականներին՝ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմում, Վիետնամական պատերազմի (Սառը պատերազմի դարաշրջանի ամենաարյունալի պատերազմի) թեժ շրջանում։
Իր բացառիկ ծառայությունների համար Պոլ Իգնեշիուսն արժանացել է Պատվո մեդալի՝ ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական պարգևի, եղել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ և հնագույն վերլուծական կենտրոններից մեկի՝ Ջորջ Մարշալի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականին նրա անունով է կոչվել չորրորդ սերնդի հրթիռային զենքով կառավարվող ականակիր նավը։ Նա ռազմական և քաղաքական կարիերա է կերտել գլոբալ գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հակամարտության բարդագույն և վտանգավոր աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում, ինչը վկայում է նրա երկաթե բնավորության, հաստատակամություն և անսասանության մասին։ Պրոֆեսիոնալ և ռեալիստ։
Նրա որդին՝ Դևիդ Իգնեշիուսը, երկար ժամանակ զբաղվում է միջազգային հարաբերություններով և անկասկած համարվում է գլոբալ քաղաքականության հարցերում ամենատեղեկացված փորձագետներից մեկը։ Նա բազմիցս է առաջատար միջազգային հարթակներում խոշորագույն տերությունների ղեկավարների հետ քննարկումներ վարել։ Իգնեշիուսը հիանալի լրագրող է և, անկասկած, իր գործում պրոֆեսիոնալ։ Կարճ ասած՝ նա այն եզակի մասնագետներից է միջազգային հարաբերությունների ոլորտում, ում կարիք չկա հիշեցնելու, որ խոսքը զենք է, որի հզորությունը դժվար է գերագնահատել։ Հենց այդ պատճառով նրա վերջին հոդվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնք Հայկական Հանրապետությունը կարևոր է համարում բարձրաձայնել, քանի որ ներկայիս իրավիճակում, երբ հայությունը և Հայաստանը կանգնած են ոչնչացման իրական սպառնալիքի առջև, դրանք կրիտիկական բնույթ են կրում։
Այսպիսով, պարոն Իգնեշիուսը գրում է, որ Ղարաբաղը (շեշտենք, որ նրա տեքստում չկա Արցախ բառը) Ադրբեջանի ճանաչված տարածք էր։ Եթե Դուք այդպես եք կարծում, ապա ի՞նչ պահանջներ կարող են լինել Ադրբեջանի ղեկավարության գործողությունների նկատմամբ։ Ադրբեջանական կողմի տրամաբանությունը շատ պարզ է՝ եթե Արցախը/Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա այդ տարածքում գործող ցանկացած կառույց և դրանց ղեկավարները անջատողականներ են և հանցագործներ։ Հետևաբար՝ նրանց ձերբակալությունը և հետագա «դատավարությունը» զուտ Ադրբեջանի ներքին գործն է, որն այդպիսով չի խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ։ Հետևաբար՝ ցանկացած ոք, ով խոսում և գրում է, թե Արցախը/Ղարաբաղը օրինական, իրավական և միջազգայնորեն Ադրբեջանի մաս է կամ ճանաչվում է որպես այդպիսին, ավտոմատ կերպով աջակցում է պաշտոնական Բաքվի գործողությունների քաղաքական և իրավական տրամաբանությանը։
Շատերի մոտ հիմա հարց կառաջանա՝ իսկ մի՞թե դա այդպես չէ։ Արցախը/Ղարաբաղը չի՞ ճանաչվել որպես Ադրբեջանի մաս։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ 1992 թվականի մարտի 24-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արցախյան/ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ կառույցի ոչ մի փաստաթղթում չկա նշում, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը Ադրբեջանի մաս է (չշփոթել ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող 7 տարածքների հետ)։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձևում (որոնց վկայակոչում է Ադրբեջանի ղեկավարությունը) նույնպես նման ձևակերպում չկա։ Սա լիովին տրամաբանական է, քանի որ հակառակ դեպքում կառաջանար օրինաչափ հարց՝ ինչի՞ մասին են ընթանում բանակցությունները, ինչո՞ւ են կողմերը քննարկում Արցախի/Ղարաբաղի կարգավիճակի հարցը և ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահները Երևանից և Բաքվից բացի՝ այցելում պաշտոնական Ստեփանակերտ։ Արցախը/Ղարաբաղը նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում երբեք չի եղել Ադրբեջանի անբաժանելի մասը՝ ունենալով ինքնավարության կարգավիճակ։ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Մինսկի խմբի մշտական երկրներ-համանախագահները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) փորձել են «ստիպել ճանաչել Արցախի/Ղարաբաղի անկախությունը» և, համապատասխանաբար, ի սկզբանե չեն համարել այն Ադրբեջանի մաս։
Այս կապակցությամբ, պարոն Իգնեշիուս, մենք հույս ենք տածում, որ Ձեր գրածը պարզապես թյուրիմացություն է և որ Դուք պարզապես չեք հասցրել խորապես ուսումնասիրել այս հարցը։ Այս կամ այլ կերպ այս մեկ նախադասության պատճառով Ձեր տեքստը կօգտագործվի ոչ թե ի օգուտ, այլ ի վնաս այն մարդու, ում Դուք (ինչպես և մենք) ցանկանում եք օգնել։ Ավելին՝ դա ստեղծում է հակամարտության էության և դրա պատճառների, հաջորդած բանակցային գործընթացի խիստ աղավաղված պատկերացում։ Թեզն այն մասին, որ Արցախը/Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, քարոզվել է պաշտոնական Բաքվի և նրա լոբբիստների կողմից։ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության Ձեր հիմնական գիծը կառուցված է անձնական ընկերական հուզական կապվածության վրա։ Դուք, իհարկե, ճիշտ եք նկարագրում նրան որպես բարերար, ով իրականացրել է բազմաթիվ մարդասիրական ծրագրեր ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում և Արցախում/Ղարաբաղում։ Բայց սա ակնհայտորեն թույլ դիրքորոշում է մի շարք պատճառներով։ Նախ նշենք, որ Ռուբեն Վարդանյանի և Արցախի ղեկավարության այլ անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումն ու ճնշումը Ալիևների դինաստիական բռնապետության կողմից (որը պատասխանատու է Նախիջևանի՝ Սովետական Ադրբեջանում մեկ այլ հայաբնակ ինքնավարության արյունալի հայաթափման համար, որտեղ այժմ, ինչպես և Արցախում, չի մնացել ոչ մի հայ), կարելի է անվանել ինչ ասես, բայց ոչ դատավարություն։ Դատավարությունը մի քիչ այլ բան է, և մենք չենք կասկածում, որ պարոն Իգնեշիուսը, ով ապրում է ամերիկյան իրավական համակարգում, գիտի դա շատերից ավելի լավ։
Լավ, եկեք մի պահ տրվենք ցնորքին ու ենթադրենք, որ սա իրական իրավական դատավարություն է, որտեղ կա ազնիվ մրցակցություն պաշտպանության և մեղադրանքի միջև։ Որո՞նք են Ձեր` որպես պաշտպանի դիրքորոշման խոցելի կողմերը, պարոն Իգնեշիուս։ Նախ, ներկայիս Ադրբեջանին և նրա ղեկավարությանը խորթ են մարդասիրական զգացմունքները, ընդհակառակը՝ նրանք դա ընկալում են որպես թուլության և խոցելիության դրսևորում։ Կաշառակեր Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի (ով դանակահարել էր քնած հայ սպային ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների ժամանակ և հետագայում դատապարտվել հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման) գնման և Ադրբեջանում նրա հետագա հերոսացման սկանդալային դեպքից հետո Բաքվում հասկացան, որ ամեն ինչ վաճառվում և գնվում է, քանի որ նույնիսկ ամենաեռանդուն մարդասերները կասպյան խավիարի համն առնելով պատրաստ են շատ բաների վրա աչք փակել։ Երկրորդ՝ Բաքվի համար սա քաղաքական գործ է, և մարդասիրական բնույթի ցանկացած փաստարկ ոչ միայն ծիծաղելի է, այլև հակաարդյունավետ։ Դրանք միայն ցույց են տալիս պաշտպանության կողմի հուսահատությունը, որը ի վիճակի չէ անել որևէ այլ բան՝ բացի միևնույն պատմություններից մեծ մարդասերի մասին, ում դատում են նրա համար, որ նա ցանկանում էր օգնել մարդկանց։ Պարոն Իգնեշիուս, Ռուբեն Վարդանյանը մասնավոր անձ չէր, ով սնունդ էր տեղափոխում կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէր, նա Արցախում/Ղարաբաղում քաղաքական (պետական նախարարի) պաշտոն էր զբաղեցնում։ Ինչպես և մյուս բոլոր հայերը, որոնց «դատում են» Բաքվում։
Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսեր։ Կա՛մ մենք ընդունում ենք այն փաստը, որ մեր դեմ ընթանում է անողոք քաղաքակրթական և քաղաքական պայքար, և մենք այդ ասպարեզում անհրաժեշտ գործիքակազմով պատասխանում ենք հակառակորդին, կա՛մ ընդունում ենք մեր անզորությունն ու պարտությունը։ Միանշանակ անկարելի, վտանգավոր և միամիտ է որևէ մեկից ողորմածություն սպասել այս իրական աշխարհում, որտեղ կանոններն ու նորմերը սահմանում են ուժեղներն ու անողոքները։ Հաստատ՝ ոչ բռնապետ Ալիևից և նրա գրպանի դատարանից։ Համարձակվենք հիշեցնել, որ մեր պատմության մեջ նման բան արդեն եղել է։ Ազգային ազնվականության, սառնասիրտ ռազմավարության և կանխարգելիչ գործելու կարողության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ձեր նախնիները, պարոն Իգնեշիուս, 1915 թվականին ստիպված էին փախչել հարազատ Խարբերդից Ամերիկա։ Նրանք շատ ավելի բախտավոր էին, քան 1,5 միլիոն այլ հայեր, ովքեր սառնասրտորեն սպանվեցին և բռնաբարվեցին այն կառավարիչների հրամանով, որոնց մինչ օրս Թուրքիայում և Ադրբեջանում պատվում են որպես հերոսների։ Կա նաև ավելի թարմ օրինակ՝ 2020-2023 թվականներից, երբ Արցախի/Ղարաբաղի 150 հազարանոց հայ բնակչությունը վտարվեց իր նախնիների հազարամյա հողից։ Որևէ մեկը փորձե՞ց դրան խոչընդոտել, մեծ մարդասերներից որևէ մեկը ողորմածություն ցուցաբերե՞ց։
Եվ վերջապես,պարոն Իգնեշիուս, մենք Ձեզ կոչ ենք անում խորամուխ լինել հայության և Հայաստանի հետ կապված ընթացիկ գործընթացներում։ Մենք կցանկանայինք հավատալ, որ դրանից հետո Դուք կգնահատեք համաշխարհային հայության առջև ծառացած սպառնալիքների իրական մասշտաբները։ Մեր հայրենակիցների ձերբակալման պահից Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ բողոք չի հայտնել. նրանց համար չկա ոչ մի Արցախ, չկան արցախյան փախստականներ, չկան հայ քաղբանտարկյալներ։ Օրերս Հայաստանի խորհրդարանի նախագահ Արցախի/Ղարաբաղի բնակիչների հայրենիք վերադառնալու հարցին բառացիորեն պատասխանել է, որ «կարելի էր մնալ և կռվել մինչև վերջ»։
Ռազմավարական մտածողությունը ենթադրում է, որ պետք է պաշտպանել ընդհանուրը՝ մասնավորի հուսահատ պաշտպանության անհրաժեշտության ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով։ Սա անվիճելի է։ Մենք չպահպանեցինք Հայաստանը և այն հանձնեցինք վաճառված սրիկաների ձեռքը, ում քաղաքականությունը ընդամենը 3 տասնամյակում հանգեցրեց նրան, որ հուսահատ ժողովուրդը հավատաց «թավշյա բարեփոխողներին», ովքեր իրականում հասարակ թուրքական կոլաբորացիոնիստներ դուրս եկան, հանձնեցին Արցախը/Ղարաբաղը և ժպիտով հետևում էին 150 հազար հայերի արտագաղթին իրենց չպահած հողերից։ Հենց ընդհանուրի բացարձակ առաջնահերթության կարևորության ըմբռնման բացակայությունն է մեզ հասցրել նրան, որ այսօր ստիպված ենք փորձել պաշտպանել թշնամու կողմից գերեվարված առանձին հայերի։ Եվ մեզ պետք է վախեցնի ոչ թե Բաքվի «դատարանը», այլ պատմության մոտալուտ դատը, որին պետք կլինի բացատրել, թե ինչու ենք մենք անընդհատ կրկնում միևնույն սխալները և ինչու պետք է նորին մեծություն պատմությունը մեզ հերթական հնարավորություն պարգևի։
