Վերջերս կրկին անդրադարձանք Երրորդ Հանրապետության «հայրերի» քաղաքական պատասխանատվության քննարկմանը և սկսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանից: Ժամանակն է շարունակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժառանգության մասին շարքը, որը պսակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով: ԱՄՆ պետդեպարտամենտի վերջերս գաղտնազերծված և «Ազատության» կողմից վերլուծված փաստաթղթերը ստիպում են վերհիշել Ռոբերտ Քոչարյանի կողմից հայկական աշխարհին հասցված վնասի այլ բաղադրիչներ:
Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, նպատակահարմար չգտավ արձագանքել այն վկայություններին, որոնք ակնհայտորեն հակասում են իր նախկին հայտարարություններին և երդման ժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու խոստմանը: Նրա փոխարեն դա արեց փաշինյանական խորհրդարանում բազմած իր որդի Լևոնը: Պարզվեց, որ Լևոն Քոչարյանը ի դեմս իր հոր՝ բավական հպարտ է այդ ժամանակաշրջանի հայկական դիվանագիտության «ձեռքբերումներով», որոնց արդյունքում «Արցախը կդառնար Հայաստանի մաս՝ Լաչինի միջանցքի հետ միասին»:
Նախ՝ Քոչարյան կրտսերն անտեսում է Շուշիի հատուկ կարգավիճակը, որը, չնայած նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին պատկանելուն, վերջինից առանձին էր քննարկվում: Երկրորդ՝ ուշագրավ է, որ հայ պատգամավորը և նախկին նախագահի որդին հպարտանում է նրանով, որ իր հայրը, ով այդ պահին ձեռքին ուներ գրեթե բոլոր խաղաքարտերը (ինչպես հիմա Իլհամ Ալիևը), պատրաստ էր կամավոր հրաժարվել հյուսիսային և հարթավայրային Արցախից՝ հայկական աշխարհի նույնպիսի հատվածներից, որոնք, ինչպես և Լեռնային Ղարաբաղը, ողողված էին հայ մարտիկների արյամբ և հարուստ պատմամշակութային ժառանգության կրողներ էին:
Այժմ Ռոբերտ Քոչարյանը կարող է որքան ասես «Մեղրին Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց» իմպրովիզացված շուկայական սակարկությունը ներկայացնել որպես հանճարեղ աշխարհաքաղաքական խաղ, բայց փաստը մնում է փաստ` Ադրբեջանը արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը և մասնավորապես Մեղրին կարող են սակարկության առարկա լինել։ Այդպիսին կարող է լինել նաև Ցեղասպանության ճանաչման հարցը, որի շուրջ Հայաստանը հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռանկյունում: Բացի այդ՝ վերջին պահին Ցեղասպանության ճանաչման պահանջների առաջադրումը միայն վարկաբեկեց Հայաստանին որպես բանակցային գործընկերոջ՝ այդպիսով օրինականացնելով Ադրբեջանի՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ապագա փորձերը:
Այն մասին, որ մենք հայկական չենք համարում Լեռնային Ղարաբաղին «հարակից» Արցախի շրջանները, հավակնություններ չունենք Արցախից ցեղասպանորեն կտրված Շահումյանի շրջանի և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի նկատմամբ, աշխարհին հասկացրել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նույն այն մարդը, ում Քոչարյանն օգնել էր վերընտրվել 1996 թվականին՝ երկրի ապագայի գնով, և ում հետո տապալել է միայն նրա համար, որ շարունակի նույն՝ հայկական աշխարհը Հայաստանից օտարելու քաղաքականությունը: Երկրորդ նախագահը հավատարիմ մնաց առաջինի ուղեգծին: Պետդեպարտամենտի հրապարակած փաստաթղթերից պարզ երևում է, թե ինչպես էր Ալիև ավագը առաջ մղում այն գաղափարը, որ Սյունիքը հայերին «տվել էր» Ստալինը՝ XX դարի գլխավոր հակահերոսներից մեկը, որպեսզի Ադրբեջանը բաժանի Արցախից, և ոչ մի հայ դիվանագետ կամ առաջնորդ նրան հրապարակայնորեն չառարկեց, որ հենց Խորհրդային Հայաստանն ու Սյունիքն էին Ստալինի կողմից գելոցի մեջ սեղմվել` Նախիջևանի և Արցախի՝ Ադրբեջանին հանձնելու միջոցով:
Եվ վերջապես, արժե՞ արդյոք խոսել այն մասին, որ փորձել բարձրացնել սեփական անվտանգությունը՝ հանձնելով հենց այն, ինչն այն ապահովում է՝ Սյունիքի մի մասը, Արցախի շուրջը «բուֆերային» գոտին և Ստեփանակերտի վրա դիզված Շուշին (դա տեղի կունենար դե ֆակտո քաղաք տանող միջանցքի մասին պայմանավորվածությունների իրականացման արդյունքում) հազվագյուտ անխոհեմություն է, գրեթե նույնքան, որքան «խաղաղության խաչմերուկին» հավատալը: Ո՞ր առաջնորդը կարող էր սկզբում մոռանալ, որ տարածքները հանձնելով՝ կզրկվի բարեկամ պետության (Իրանի) հետ միակ հուսալի ցամաքային սահմանից: Ո՞ր լուրջ, առողջ դատող, պետական մտածելակերպ ունեցող գործիչը կարող էր կամավոր թշնամուն առաջարկել իր ամրոցի բանալիները (դեպի Սյունիք, Քարվաճառ և Շուշի՝ այսինքն՝ ողջ Հայաստան): Ըստ Քոչարյանի կողմնակիցների՝ միայն նա, ով գիտեր, որ Ալիևը դրան չի համաձայնի:
Դե ինչ, շնորհակալություն հայտնենք երկրորդ նախագահին բանակցային գործընթացի կործանարար ավանդույթներից մեկի հիմնադրման համար՝ համաձայնվել մեծ զիջումների՝ հույս ունենալով, որ թշնամին, որն ավելին է ուզում, փոխադարձ չի պատասխանի, իսկ մենք «միջազգային հանրությանը» ցույց կտանք մեր բարի կամքն ու խաղաղասիրությունը: Ընդ որում՝ դրան զուգահեռ չբարձրացնել սեփական անվտանգությունը և սեփական զիջումներով ավելի ու ավելի բորբոքել ժամ առ ժամ հզորացող թշնամու ախորժակը: Ահա այն՝ Երրորդ Հանրապետության ժամանակավոր կառավարիչների բաղադրատոմսը, որն արտահայտվում է պարզ հայտնի բանաձևով՝ «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»: Քոչարյանից հետո մենք ունենք ոչ միայն ժամանակին չլուծված Արցախի ճանաչման և միացման (Հայաստանի հետ վերամիավորման) հարցը, այլև Հայաստանի «ճանաչված» տարածքների սակարկության հանումը, Հայաստանի՝ որպես անպատասխանատու գործընկերոջ ցուցադրումը և, վերջապես, տխրահռչակ՝ Արցախի ներկայացուցիչներին բանակցային սեղանից դուրս մղելը:
Ոմանք դեռ կասեն, որ դա հանճարեղ աշխարհաքաղաքական հաշվարկ էր, այլ ոչ թե ծայրահեղ անպատասխանատվություն և օպորտունիզմ: Կարևոր է այլ բան՝ բանակցությունները տեղի էին ունենում գաղտնի, իսկ վարչապետ Վազգեն Սարգսյանը նախագահի ծրագրի մանրամասները իմացել է միայն իր սպանության նախօրեին: Ահա թե ինչ է լինում, երբ համազգային կարևորության հարցերը լուծում է ոչ ոքի առջև հաշվետու չլինող մարդ, որքան էլ նա կոմպետենտ թվա:
Ադրբեջանը XX դարի վերջում ամոթալի պարտված երկիր էր, բայց նրա ղեկավարները չէին համաձայնվում ավելի քչին՝ չնայած նրան, որ հայկական կողմի հավանությանն արժանացած բոլոր տարբերակներում նրանք միայն ձեռք էին բերում տարածքներ, որոնք այդ պահին ի վիճակի չէին զբաղեցնել ռազմական ճանապարհով: Մենք (պասիվ մեծամասնությամբ) ընդունեցինք պարտությունը՝ չնայած թշնամուն մեր մարտիկների տված արժանի հակահարվածին, մոռացության մատնեցինք Արցախը, կարծես թե այն չի էլ եղել, այլևս չենք պարզում, թե որ «անկլավներն» ենք արդեն հանձնել Ադրբեջանին, իսկ որոնք՝ դեռ ոչ, և արդեն պատրաստ ենք չգանգատվել մեր բախտից, եթե թշնամին թեկուզ մի քանի կոպեկ կվճարի մեր ինքնիշխան տարածքից օգտվելու համար:
Այս պատմությունը համոզիչ կերպով ցույց տվեց, թե ինչով են ավարտվում սեփական աշխարհաքաղաքական տարածքի մի մասից հրաժարվելու միտումները: Քարվաճառը հանձնողը պատրաստ էր հանձնել Մեղրին և զիջել Շուշին, իսկ նա, ով 21 տարի անց հանձնեց Քարվաճառն ու Շուշին՝ «պահպանելով» Ստեփանակերտը, արդյունքում կորցրեց նաև այն՝ «հանկարծակի» հայտնաբերելով, որ որքան մեծ է թշնամին, այնքան ուժեղ է նրա ախորժակը: Այսօր մեզ պատմում են, որ պետք է հանձնել «անկլավները»՝ Երևանը պահպանելու համար, իսկ վաղը… Պարզվում է՝ կարևոր չէ, թե ինչ հերթականությամբ ես պատրաստ հրաժարվել սեփական մասնիկներից և թե որոնք ուզում ես կամենում ավելի երկար պահպանել, միևնույն է, իմունային անբավարարության ֆոնին վերջույթների ամպուտացիայի արդյունքը բավական կանխատեսելի է:
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ մենք փաստացի զրկված ենք հենարանից, իսկ հայկական աշխարհի մասնիկները դարձան միմյանցից կտրված: Եթե մենք ճիշտ դասեր չքաղենք, ապա կշարունակենք ապրել չարյաց փոքրագույնի ընտրության կեղծ պատրանքի մեջ՝ գործելով Երրորդ Հանրապետության նախածին մեղքը՝ հանուն կարճաժամկետ «ինքնապահպանման» հայկական պետությունը տարածք առ տարածք հանձնելը: Յուրաքանչյուր այդպիսի տարածքի հանձնելուց գոյացած խորաբաց դատարկության մեջ թշնամին մեր պետականության, ինքնության և գոյության տակ ական է տեղադրում: Ներկայիս ողբերգության մյուս մեղսակիցներին և նրա գլխավոր մեղավորին՝ Երրորդ Հանրապետության վերնախավի սանին՝ Փաշինյանին, խորհուրդ է տրվում չհրապուրվել, այլ սառել ու սպասել, թե երբ մեկ այլ երկրի արտաքին գործերի գերատեսչություն հանկարծակի կպատմի, թե էլ ինչ են նրանք խոստացել թշնամուն իրենց քաղաքացիների թիկունքում:
