Պետական մտածողության բացակայությունից վատթար կարող է լինել միայն դրա իմիտացիան։ Մենք բազմիցս ենք անդրադարձել նրան, թե ինչպես է ներկայիս կոլաբորացիոնիստական կառավարությունը հետևողականորեն, փուլ առ փուլ և իր տերերի նկատմամբ խորին պարտքի զգացումով վարում հայությունը որպես պատմական և քաղաքակրթական երևույթ ոչնչացնելու քաղաքականություն։ Դեռ իր «իշխանության» վաղ փուլերում նա շեշտում էր, որ չի ընդունում որևէ «-իզմեր» և երկրի ու ժողովրդի համար վտանգավոր է համարում գաղափարախոսության առկայությունը։ Այդ հայտնությունները մեզ պիտի առնվազն լարեին, քանի որ փաստացի մշտական արտաքին սպառնալիքների տակ գտնվող Հայաստան չէր կարող իրեն թույլ տալ առանց ամենակարևոր «-իզմի»՝ հայրենասիրության, ապրելու ճոխությունը։ Սակայն Փաշինյանի նախորդները՝ իրենց կարճատեսությամբ և դիլետանտիզմով, առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծեցին թուրքական գաղութապետի համար։ Հիմա էլ տասնամյակներ շարունակ երկիրը մինչև վերջին կաթիլ քամածները խիստ մտահոգված են այդ թյուրիմացության` հենց իրենց «հոյակապ և արդյունավետ» կառավարման արդյունի, հակազգային հայտարարություններով։
Փաշինյանը կոչ է անում հրաժարվել հայկական պատմությունից, վտանգավոր է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը, Շուշին դժգույն քաղաք է անվանել, Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել, փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և այլն։ Ահա այսպիսի վերնագրեր կարելի է հանդիպել այսպես կոչված Երրորդ Հանրապետության «հայրերից» որևէ մեկին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող բոլոր լրատվամիջոցներում: Մի ակնթարթում նրանք վերածվեցին ազգային մտածողության հսկաների և պետական գործիչների, ում հանկարծ սկսեց մտահոգել Արցախը և հայկական պատմությունը։ Այժմ նրանք «անհավանական ջանքեր» են գործադրում, որպեսզի ազատեն Հայաստանը փաստացի թուրք-ադրբեջանական լուծից։ Բավականին լավ դերասանական խաղ է, որի համար այլ պայմաններում գուցե նույնիսկ կգովեինք։
Իրավ, ինչո՞ւ չօգտվել թուրք գաղութապետի գործոնից՝ նրա ֆոնին վեհանալու, սեփական խայտառակ որոշիչ ձախողումները սրբագրելու և արժեքների ու իդեալների համար համառորեն պայքարող մարտիկների «լավագույն» հատկությունները ցուցադրելու նպատակով։ Սակայն, ի հեճուկս մեր «դերասանների», իրավիճակը չի նպաստում նրանց գովաբանելուն։ Ինչքան էլ կարդաս ու մեջբերես Մաքիավելիի «Տիրակալը», դրանից պետական գործիչ չես դառնա։ Ի սրտե և բացարձակապես չհարգելի Երրորդ Հանրապետության «հայրեր», մենք շատ լավ գիտենք, թե ով է Նիկոլ Փաշինյանը, և նրա բոլոր գործողությունները մեզ նրա բացահայտ հակահայկական էության մասին հստակ պատկերացում են տալիս։ Սակայն նա դա գոնե չի թաքցնում և պատրաստ է շարունակել այդ «գործունեությունը», քանի որ հստակ գիտակցում է, թե որքան թշվառ, անզոր և կեղծավոր են նրանք, ովքեր կառավարել են Հայաստանը մինչ իրեն։
Ուրեմն, սկսենք Ձեզնից, պարոն Տեր-Պետրոսյան։ Եթե Դուք այդքան մտահոգված եք երկրի ապագայով և իշխանության բռնազավթման սպառնալիքով, ինչո՞ւ 1996 թվականին Ձեզանում ուժ և քաջություն չգտաք ընդունելու ընտրություններում Ձեր պարտությունն ու իշխանությունից չհրաժարվեցիք, որպեսզի չավերեիք նոր ձևավորվող ազգային քաղաքացիական հասարակությունը։ Հենց Դուք, անկախ Հայաստանի առաջին նախագահը, ով այսօր «մտահոգված» եք Փաշինյանի կառավարմամբ, 2008 թվականին հենց այս նույն Փաշինյանի հետ երկիրը հասցրեցիք փաստացի քաղաքացիական պատերազմի։ Իշխանության համար Դուք հայերին իրար դեմ հանեցիք, ստիպելով թափել միմյանց արյունը։ Հիմա Դուք «մորմոքվում» եք Ձեր աշակերտի արկածախնդրությունների հետևանքով հազարամյա հայկական Արցախի կորստի համար, բայց աշխարհասփյուռ հայերը մշտապես Ձեզնից էին լսում այն թեզերը, թե Արցախը խնդիր է, Արցախը խանգարում է խաղաղ կյանքին, Արցախը հայ զինվորների զոհվելու պատճառ է, Արցախը Հայաստանի բնակիչների արտագաղթի գլխավոր պատճառներից է և այսպես շարունակ։
Ձեր աշակերտի պես, Դուք էլ բացահայտ և վստահորեն առաջ էիք տանում թուրքական օրակարգը: Հայկական հարցի վերջնական փակման գործում Անկարայի ու Բաքվի համար Դուք արել եք ավելի շատ, քան Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Աթաթյուրքը, Ռասուլզադեն, Ալիևները և Էրդողանը` միասին վերցրած։ Դուք դարաշրջանի գլխավոր հանցագործությունն եք կատարել Ձեր իսկ երկրի դեմ՝ կտրել եք Հայաստանը Սփյուռքից՝ այն առանցքային ռեսուրսից, առանց որի երկիրը գեթ մեկ հաջողության շանս չուներ։ Եվ հավատացեք, Երրորդ Հանրապետությունում չափազանց դժվար կլինի Հայաստանի ապագայի կործանման գործում նույնքան անգնահատելի ներդրում ունեցող գործչի։ Այնպես որ ինչի՞ համար եք հիմա սկսել «մտահոգվել»։ Ձեր ամենամոտ գործընկերն ու աշակերտը ամեն ինչ անում է հենց այնպես, ինչպես Դուք եք սովորեցրել։ Թե՞ Ձեր հանկարծակի արթնացած ազգային ինքնագիտակցության աղբյուրը արդար դատաստանի անխուսափելիության գիտակցումն է։
Մենք հասկանում ենք, որ Դուք շատ կուզեիք ամեն ինչ բարդել Ձեր «սանիկի» վրա և ջրից չոր դուրս գալ։ Կրկնենք` այլ հավասար պայմաններում միգուցե դա Ձեզ ինչ-որ տեղ կհաջողվեր։ Բայց այդ «այլ հավասար պայմանները» այլևս գոյություն չունեն, և Դուք դա հրաշալի հասկանում եք։ Պետական գործիչ ձևանալու փոխարեն Դուք պետք է անեք միայն մի բան` խոստովանեք ու զղջաք։ Գուցե և այդ դեպքում Ձեզ ատելի Արցախը` հայկական աշխարհի ամրակետը կյանքի գնով ազատագրած, պահած ու պաշտպանած լավագույն հայորդիների տասնյակ հազարավոր հոգիները, որ այժմ հանգչում են աշխարհներից լավագույնում` Մեծ Հայքի դրախտում, այլևս ստիպված չլինեն այն լքել ու Ձեզ որոնել դժոխքի խավար ընդերքում, որտեղ ուղարկում են նրանց, ում արհամարհում է անգամ Սատանան։ Ուժ գտեք զղջալ Ձեր մեղքերի համար։ Միևնույն է, պատասխանատվությունից խուսափել չի ստացվի։
