Հայ գերիների բաքվյան կապանքների բանալիները Երևանում են

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն գովազդում էր Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացվող իր այսպես կոչված «դատավարությունը»։ Բնականաբար, առանձնակի ուշադրություն էր բևեռված Ռուբեն Վարդանյանի վրա: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքվի համար սա մեծ քաղաքական շոու է՝ կոչված ցուցադրել իր ուժը, հնարավորությունները և անզիջողականությունը։ Սակայն մեծ քաղաքականության մեջ ցանկացած ուժ իր մեջ է կրում բազմաթիվ թուլություններ, և պետք է լոկ տեսնել դրանք, վերլուծել և ճիշտ օգտագործել։ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների ազատության բանալիները ո՛չ Վաշինգտոնում են, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Անկարայում և նույնիսկ ոչ Բաքվում։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ դրանք գտնվում են Երևանում։

Փաշինյանի գլխավորությամբ հայության դահիճների այսօրվա դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հայաստանի համար գոյություն չունի Արցախի և Բաքվում հայ քաղբանտարկյալների խնդիր։ Հայկական Հանրապետությունը բազմիցս գրել է այդ մասին՝ մատնանշելով երևանյան կոլաբորացիոնիստական կառավարության դիրքորոշումների` իր Բաքվի և Անկարայի «տերերի» հետ արդեն բավականին ակնհայտ և հստակ համաժամանակեցումը։ Ադրբեջանական կողմը գործում է միանգամայն պրագմատիկ՝ հայ բանտարկյալների կալանավորմանը վերաբերող բոլոր հայցերին հակադարձելով «այդ հայերը պետք չեն նույնիսկ հենց Հայաստանին» պարզ և տրամաբանական թեզով։ Իրավ, պաշտոնական Երևանը՝ ի դեմս գործող կառավարության, ոչ միայն չի պայքարում նրանց համար, այլև ընդհակառակը՝ պատրաստ է նրանց հեշտությամբ զոհաբերել։

Փաշինյանը մեր ժամանակների միսթր «Այո»-ն է, որն անկարող է որևէ հարցում մերժել «Իրական Հայաստան» նախագծի շրջանակներում իր «հարևան-գործընկերներին»։ Նա նույնիսկ համաձայնեց Բաքվի լուրջ հանցագործությունների, այդ թվում նաև 2020 թվականի մարտական գործողություններում Մերձավոր Արևելքի տարբեր ծայրերից ահաբեկիչների ներգրավման համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարանում հայցեր չներկայացնել։ Եթե հիվանդը չի ցանկանում ապրել՝ բժշկությունն անզոր է։ Փաստ համար 1՝ ներկայիս Հայաստանը հայերի շահերը պաշտպանող և նրանց պաշտպանությունը ապահովող միակ միջազգայնորեն ճանաչված սուբյեկտն է։ Փաստ համար 2՝ այդ երկրում քաղաքական որոշումները մշակում, ընդունում և իրականացնում են Փաշինյանը և նրա կառավարությունը։ Փաստ համար 3՝ միջազգային հանրությունը տեսնում է նրանց հստակ դիրքորոշումը, ըստ որի չկա՛ որևէ Արցախ, գոյություն չունե՛ն որևէ արցախյան փախստականներ, չկա՛ն հայ քաղբանտարկյալներ։ Այստեղից բխում է պարզ եզրակացություն՝ քանի դեռ Երևանում նստած են կոլաբորացիոնիստները (համագործակցողները), հայերը կշարունակեն նստել Բաքվում։

Ուշագրավ է, որ վերջերս Փաշինյանի ուժայինները բավականին արագ ու հեշտությամբ գտան և վնասազերծեցին արցախահայ 70-ամյա պրոֆեսորին, որն իր մոտ տեսանյութ  էր հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց լեզվով երգում «Ղարաբաղը Ադրբեջան է»։

Այս ամենից ելնելով՝ կրկնակի տարօրինակ է տեսնել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի` Դիլիջանում տաճարի կառուցման համար միջոցների հավաքագրման կոչը։ Հայերի մոտ տարբեր ժամանակներում գործում էր մեկ անխոհեմ սկզբունք՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում կառուցել եկեղեցի։ Ցավոք, ռազմավարական մտածողության բացակայության պատճառով այդ տաճարների և եկեղեցիների մեծ մասը մնացել է թշնամիներին, որոնք կամ ոչնչացրել են դրանք, կամ վերածել են գոմերի և ախոռների։ Մենք գրել էինք և այն մասին, որ Աստված ռեալիստ է և աջակցում է միայն ուժեղներին և սառնասիրտներին, նա արագ է և անողոք նրանց հանդեպ, ովքեր պատրաստ չեն աղոթքներից բացի որևէ բան առաջարկել։ Այստեղից առաջանում է պարզ և տրամաբանական հարց՝ ինչի՞ համար։

Ներկայիս հանգամանքներում, երբ հայությունը գտնվում է իրական ոչնչացման սպառնալիքի տակ, նման նախաձեռնությունները ոչ միայն անօգուտ են, այլև վտանգավոր, քանի որ կոլաբորացիոնիստների և արտաքին աշխարհի մոտ ստեղծում են հստակ պատկերացում, որ նրանք, ովքեր ունակ են իրենց շուրջը միավորել մյուսներին և լուրջ պայքար վարել, հուսահատ և անօգնական են։ Հարգելի՛ Դավիթ Վարդանյան, այն աստղաբաշխական գումարը, որը Դուք կոչ եք անում հավաքել Դիլիջանում տաճարի կառուցման համար, կարելի է հավաքել ոչ թե ի վնաս Ձեր հոր ազատագրման գործընթացի, այլ ի օգուտ դրա։ Դավիթ, Դուք իսկապե՞ս հավատում եք, որ այս ճանապարհը կբերի անհրաժեշտ արդյունքի՝ Ձեր հոր ազատագրմանը։ Հայկական Հանրապետությունը, առաջնորդվելով իր գաղափարախոսական Դրույթներով, սկզբունքային է համարում թշնամական գերությունից բոլոր հայերի ազատագրումը և այդ նպատակին հասնելու համար կգործադրի բոլոր ուժերը։ Բայց Դուք պետք է հստակ հասկանաք և ընդունեք այն փաստը, որ նրանց կապանքների բանալիները Երևանում են։ Եվ մի՛ վախեցեք ո՛չ թուրքական Գողիաթից, ո՛չ էլ նրա երևանյան սպասավորներից: Նրանք այնքան էլ սարսափելի չեն, որքան թվում են։ Նրանց հաղթելու համար Ձեզ, Դավիթ, նույնիսկ քար էլ չէ պետք։ Ձեզ անհրաժեշտ է զինվել առողջ բանականությամբ, սառնասրտությամբ և արդյունավետ ռազմավարությամբ։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն