Քաղաքական ռեալիզմի գաղափարախոսությանը հավատարիմ լինելը Հայկական Հանրապետության գաղափարախոսական դրույթների տասը առանցքային դրույթներից մեկն է։ Խմբագրության կողմից հրապարակված բոլոր նյութերը բխում են միջազգային հարաբերություններում ռեալիզմի տրամաբանությունից, մենք հոդվածների և մեկնաբանությունների մի ամբողջ շարք ենք նվիրել դրա վերլուծությանը (մասնավորապես, համաշխարհային քաղաքականության մեջ դաշինքների, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի օրինակով այս սկզբունքի կիրառման և փոքր պետությունների վերելքի մասին):
Այս շարքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ ռեալիզմը վերջապես չդառնա հայկական պետության արտաքին քաղաքականության հիմքը, հակառակ դեպքում՝ այն կանհետանա։ Թերևս հենց այս նոտայով արժե սկսել նոր տարին, քանի որ 2024 թ․-ի վերջում շեղող մանևրները բավական էին, որ շատերը կարծեն, թե մշտական կորուստների միտումը, որն ակնհայտ դարձավ 2020թ․, վերջապես բեկվել է։ Իհարկե, սեփական սահմանների նկատմամբ վերահսկողության աստիճանական վերականգնումը հիանալի նորություն է, բայց ոչ առանց մի շարք «բայցերի»: Առաջին հերթին, ակնհայտ է, որ Ռուսաստանը, լքելով «Զվարթնոց» օդանավակայանը և Իրանի հետ սահմանի որոշ հատվածները, «շնորհ արեց» Հայաստանի ժամիշխաններին և դրանով իսկ ընդլայնեց նրանց նկատմամբ իր վերահսկողությունը: Երկրորդ՝ նման լուրերով ուրախանալը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասի նկատմամբ վերահսկողության և դրանցում որևէ ներկայության կորտսի ֆոնին ուղղակի աբսուրդ է: Եվ, վերջ ի վերջո, էսթետիկ փոփոխությունների նպատակը հայկական աշխարհի ուշադրությունն ինքնիշխանություն ձեռք բերելու գաղափարից առհասարակ հրաժարվելու ավելի խորքային գործընթացներից շեղելն է։
Այսպիսով, մի կողմից մեզ բթացնում են բարի լուրերով, իսկ մյուս կողմից՝ մշտական շոկի վիճակի մեջ պահում թուրքական աշխարհի և նրա կամակատար պարետ Փաշինյանի կողմից մեր դեմ մղվող տեղեկատվական պատերազմի շրջանակներում, որպեսզի թմբիրը շարունակվի։ Քանզի զարթնելով մենք կգիտակցեինք, որ մեր օրգանիզմում վաղուց բույն են դրել մակաբույծները, որ մենք մասամբ անդամալույծ ենք, քանի որ մեր ուղեղը պատասխանատու չէ մեր արարքների համար: Եթե մենք ունենայինք գոնե նվազագույն իմունիտետ, ինչպես ցանկացած այլ կենդանի օրգանիզմ, գոնե մեր մարմնի ջերմաստիճանը կբարձրանար՝ ազդանշան տալով, որ վտանգ ենք զգացել և փորձում ենք այն դուրս հանել արյան շրջանառությունից։ Ցավոք, ներկա իրավիճակում դրանք այնքան շատ են, իսկ իմունային անբավարարությունն այնքան խորացած, որ հայկական աշխարհն այլևս չի ճանաչում մահաբեր տարրերը։
Այսպիսով, ի՞նչ է նշանակում լինել ռեալիստ և ինչպե՞ս է դա կարող նպաստել հայկական պետականության վերականգնմանը։ Սփոյլեր՝ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» ռեալիզմի հետ որևէ աղերս չունի։
Քաղաքական ռեալիզմի էությունը
Կարևոր է վերջապես խոսել ռեալիզմի հիմունքների մասին։ Դրանք հայտնի են յուրաքանչյուրին, ով երբևէ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ, սակայն քանի որ դրանք ակնհայտ չեն նույնիսկ փորձառու հայ դիվանագետների համար, աշխարհի ռեալիստական հայացքի բովանդակության սահմանումն, ակնհայտորեն, ավելորդ չի լինի։ Մենք գիտենք, որ ռեալիզմը տարբերվում է իդեալիզմից նրանով, որ աշխարհը տեսնում է այնպիսին, ինչպիսին որ այն կա՝ որպես անարխիա, որտեղ չկա գլոբալ ինքնիշխան, և ամեն պետություն պետք է ինքն իրեն պաշտպանի: Սա հատկապես վերաբերում է փոքր պետություններին, որոնք բախվում են ավելի ուժեղ և ագրեսիվ հարևանների կողմից գոյաբանական սպառնալիքների, և, հետևաբար, նրանց գոյատևումը թշնամական միջավայրում կառուցվում է ռեալիզմի սկզբունքների ճիշտ ադապտացման, թշնամու մտադրությունների և հաշվարկների, սեփական ուժեղ և թույլ կողմերի ճիշտ գնահատման, վերջիններս առաջինների հաշվին չեզոքացնելու վրա։
Գործնականում սա նշանակում է չհրաժարվել ազգային շահերի իրացման համար որևէ պայքարից, այլ քանակի պակասը լրացնել որակով, զարգացնել իմունիտետն ու դիմակայունությունը, օգտագործել դիվանագիտությունն՝ ընդհանուր առմամբ, մի շարք, որն ակնհայտ է բոլորին, բացի Երրորդ Հանրապետության ղեկավարներից։ Սեփական փոքր չափերի պատճառով ազգային շահերի հետապնդումից հրաժարվելը և դրանով իսկ սեփական տարածքի և բնակչության էլ ավելի մեծ չափերով կրճատմանը նպաստելը, միաժամանակ էքսպանսիոնիստական և ցեղասպանական մտադրությունները չթաքցնող թշնամու ախորժակը սեփական անփութությամբ գրգռելը, ուղղակիորեն հակասում է ռեալիզմին։
Այստեղ կարևոր է անդրադառնալ ևս մեկ կարևոր, սակայն հաճախ անհարկի շահարկումների հետևանքով արժեզրկված եզրույթի՝ ազգային շահին։ Ցանկացած բովանդակային, իրապես ազգային ազնվականության կողմից կառուցված պետություն ձևակերպում է իր շահը, սակայն այն այս կամ այն կերպ միշտ կապված է նրա ինքնիշխանության և անվտանգության հետ, և պետության ուժը՝ նրա հզորությունը, դրա իրացման առանցքային միջոցն է։ Պարտադիր չէ, որ այդ հզորությունը սահմանափակվի ռազմական ներուժով, թեև դա անհրաժեշտ բաղադրիչ է։ Տնտեսություն և դիվանագիտություն, դաշնակիցների առկայություն՝ այս ամենն ազդում է ուժերի հարաբերակցության վրա։ Կարևոր է միայն դաշնակիցների առկայությունը չշփոթել վերացական «միջազգային հանրության» և բազմակողմ համագործակցության սին հույսերի հետ, ինչպես դա արել են և շարունակում են անել Երրորդ Հանրապետության իշխանությունները։ Փոքր պետությունները չեն կարող իրենց թույլ տալ իդեալիզմի շռայլությունը։
Անդրադառնանք դասական օրինակին` ռեալիզմի հիմնադիր համարվող Թուկիդիդեսի «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունից» հայտնի մելոսյան դրվագին: Մելոս կղզու իդեալիստորեն տրամադրված բնակիչները, ովքեր ենթարկվել էին իրենց քանակապես գերազանցող աթենացիների հարձակմանը, սպասելիորեն արժանացան Արցախի ճակատագրին, չնայած, իհարկե, Արցախի խոցելիությունն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի դիմաց անխուսափելի չէր։ Սակայն առավել հետաքրականն այն է, թե ինչ է տեղի ունենում հետո. ռեալիզմի մասին մոռանում են իրենք աթենացիները, ովքեր արբած անսահման ցինիզմով, փառքով ու նվաճումներով, առաջնորդվելով այն նույն «շահով», հանուն որի նվաճեցին Մելոսը, հարձակվում են Սիցիլիայի վրա և պարտություն կրում մեծ պատերազմում։ Հայաստանը կարող է այդ նույն Սիցիլիան դառնալ թուրքական աշխարհի համար, բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դրա համար բավարար է Ադրբեջանին արբեցնել հաղթանակներով, ապա մահացու սխալ է գործում՝ Երրորդ Հանրապետության տարածքները շատ ավելի արագ կսպառվեն։ Այս պատմության դասն այն է, որ վտանգավոր է անտեսել պետության հզորությունը, բայց նույնքան վտանգավոր է միայն դրա վրա հույս դնելը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կուրորեն օգտագործում է միայն այս ցուցանիշը տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը գնահատելու համար և ակնհայտորեն խաղում է «ամենաուժեղի» կողմից։
Փոքր պետությունների զինանոցը
Ինչպես մենք բազմիցս ցույց ենք տվել մեր նյութերում, լինել փոքր չի նշանակում լինել թույլ։ Իհարկե, փոքր պետությունները փոքր են հենց նրանով, որ ունեն միջազգային հարաբերությունների համակարգում գերակայելու համար անհրաժեշտ սահմանափակ ռեսուրսներ։ Նրանք, որպես կանոն, չեն կարող խաղի կանոններ սահմանել, առավել ևս ստիպել մյուս խաղացողներին ենթարկվել դրանց։ Սակայն ռեալիզմը փոքր պետությունների խարանը չէ, այլ նրանց գոյատևման ճանապարհը։
Փաշինյանի և այն գաղափարի կողմնակիցները, որ Հայաստանը դատապարտված է զիջումների և պարտությունների, չեն կարողանա բացատրել, թե ինչու են այնպիսի երկրները, ինչպիսիք են Սինգապուրն ու Ֆինլանդիան, ներդրումներ կատարում սեփական անվտանգության մեջ, կամ ինչու Իռլանդիան կարողացավ ոչ միայն ազատվել բրիտանական գաղութային կառավարումից, այլև դառնալ միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգի առանցքային խաղացող։
Սահմանափակ ֆինանսները փաստարկ չեն հսկայական համայնքային ռեսուրսներ ունեցող երկրի համար, և հիշատակված երկրները, ինչպես նաև Իսրայելը, անկախության առաջին օրերին հարուստ չեն եղել և միշտ չէ, որ ունեցել են ավելի նախանձելի աշխարհագրական դիրք։ Եթե նրանք ունենային սեփական Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ապա կտեղեկանային, որ դիմադրությունն անօգուտ է, և անհրաժեշտ է բավարարել իրենց երդվյալ «հարևանների» տարածքային բոլոր պահանջները։
Ցավոք, ռեալիզմից հրաժարումը չի սահմանափակվում հայկական վերնախավի պարտվողական տրամադրություններով։ Այն միաժամանակ կեղծ լավատեսություն է ներշնչում հայկական աշխարհին՝ հպարտորեն ցուցադրելով Հայաստանի «նոր» (նույնիսկ չսհամանազատված, այլ միայն սահմանագծված, այսինքն՝ դեռևս «չճանաչված») սահմանների «անվտանգությունը»։ «Հասարակությունը» չի կարողանում ուրախությունը զսպել, թե որքան են ամրապնդվել հայկական «սահմանները» Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց պարզապես նրանք հաշվի չեն առնում, որ եթե առաջ դա «վաղուց էր պետք», ապա հիմա արդեն ուշ է։ Բանն այն է, որ հսկայական ռեսուրսներ ու ջանքեր (նույն նրանք, որ Հայաստանը «չունի» իրական պատերազմին նախապատրաստվելու և դրանից խուսափելու համար) են ուղղվում «Մաժինոյի գծի» կառուցմանը, որն առկա իրողությունների պայմաններում բացարձակապես անօգուտ է։
Ընդ որում, իհարկե, չի կարելի չողջունել Հայաստանում ֆիննական մոդելով «տոտալ պաշտպանության» համակարգ ստեղծելու մասին հայտարարությունները, սակայն դժվար է պատկերացնել դրանց իրագործումն «ազգ-բանակ» հայեցակարգի ժխտման ֆոնին։ Հիշենք, որ Ֆինլանդիան բավականին երկար սահման ունի Ռուսաստանի հետ, բայց դա նրան չխանգարեց ներդրումներ իրականացնել ազգային անվտանգության մեջ (միաժամանակ նաև սոցիալական բարեկեցության)՝ միևնույն ժամանակ պահպանելով սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ և չհրաժարվելով սեփական ինքնությունից և դրա վրա հիմնված ներքին ժողովրդավարական քաղաքականությունից։ Երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացրեց միայն 2022 թվականին՝ վերագնահատելով իր հարևանի հավանական մտադրությունները և սեփական ռիսկերն ու հնարավորությունները։ Ավելին, Ֆինլանդիան, որպես խաղաղապահ ուժ, տասնամյակներ շարունակ ակտիվորեն ներգրավված է գլոբալ գործընթացներում՝ այդպիսով համատեղելով հավատարմությունը էթիկային և իդեալներին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում ռեալիզմի հետ:
***
«Պատմության ավարտին» և «հավերժական խաղաղությանը» չեն ապավինում նույնիսկ միջազգային քաղաքականության խոշորագույն խաղացողները։ Առճակատման են պատրաստվում (իհարկե, դրանից խուսափելու մտադրությամբ) գլոբալ և տարածաշրջանային բացարձակապես բոլոր ուժերը, և միայն Հայաստանն է իրեն երևակայում որպես «խաղաղության խաչմերուկ» (ի դեպ, Փաշինյանը պետք է մտածի, թե արդյոք դա չի՞ վիրավորում Վրաստանին, որը թուրքական «ներդրումների» ներգրավման հարցում շատ ավելի հեռուն է գնացել)։ Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարությունը, դասեր չքաղելով Covid-19 համաճարակից և Արցախի շրջափակումից, քայլեր չի ձեռնարկում տարրական պարենային անվտանգության ապահովման համար, էլ չենք խոսում դրա տեխնոլոգիական, էներգետիկ, բնապահպանական և մյուս չափումների մասին։
Սեփական ռեսուրսների իրատեսական աուդիտ իրականացնելու և դրանք ազգային շահերի ծառայեցմանն ուղղելու համար՝ Հայաստանը նախևառաջ պետք է սահմանի այդ ազգային շահը։ Նման բովանդակային աշխատանք կարող է իրականացնել միայն իսկական ազգային ազնվականությունը, որը ճանաչում է հայկական աշխարհը և գիտակցում է նրան շրջապատող աշխարհի բարդությունը, իսկական վերնախավը, որը գիտակցում է որոշումների կայացման պատասխանատվությունը և ունակ է փլուզել պառակտված հայկական համայնքների և հայակական պետության միջև խոյացած Բեռլինի պատը` նրանց համախմբելով հանուն համազգային խնդիրների լուծման։ Մարդկային կապիտալը հայկական աշխարհի ամենամեծ արժեքն է, որը կարող է էականորեն փոխել ցանկացած աշխարհաքաղաքական դասավորություն, և, ի տարբերություն նավթի պաշարների, չունի երկրի սահմաններ: Երրորդ Հանրապետությունը ոչ միայն չօգտագործեց այս ակտիվը, այլև արեց ամեն բան, որպեսզի նախ Սփյուռքում, այժմ էլ՝ Արևելյան Հայաստանում գործունյա ու ոչ անտարբեր հայը վերածվի հաշվապահական գրքերում դիմազուրկ նույնացուցչի:
Եթե մենք այս գործընթացը չձեռնարկենք հենց հիմա, չվերադարձնենք միմյանց Հայաստանն ու հայկական աշխարհը, ապա կեցության թեթևությունը Երևանում, Լիոնում, Գլենդելում, Մոսկվայում իսկապես անտանելի կդառնա` վերանալու աստիճան անտանելի։ «Խաղաղությունը, բարեկամությունն ու մաստակն» այսօրվա աշխարհում երաշխավորված են միայն հանգուցյալներին։ Որքան էլ որ տարօրինակ թվա, որքան շատ առաջնորդներ մտածեն իրական ռեալիստների պես, այնքան կմեծանա խաղաղության հնարավորությունը: Իսկ օպորտունիստներին բաժին է ընկնում միայն գերեզմանոցի խաղաղությունը։
