Մեկ ամսից անվանական հանրապետական Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի լիազորությունները։ Դեռևս վաղ է խոսել նրա արտաքին քաղաքականության կոնկրետ ռազմավարական առաջնահերթությունների մասին, քանի որ միջազգային օրակարգի ձևավորումն և իրականացումը բարդ գործընթաց է, որում ներգրավված են զգալի թվով դերակատարներ և շահագրգիռ կողմեր։ Միացյալ Նահանգներն ազգային ազնվականության կողմից կառուցված պետություն է, և նրա ինքնազգացողությունը որոշվում է նրանով, թե որքան հավասարակշռված է տարբեր կատեգորիաների խաղացողների միջև ներքին փոխհարաբերությունների բարդ համակարգը՝ ռազմարդյունաբերական համալիրից մինչև առանձին կրոնական և էթնիկ խմբավորումներ: Ոչ այնքան կարևոր է այն, թե ով է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ, որքան նրա շքախումբը՝ վարչակազմը, որտեղ յուրաքանչյուր հաստատված թեկնածու (Կոնգրեսի կողմից), անկասկած, հանդիսանում է այս կամ այն շահերի խմբերի ներկայացուցիչ։ Նրանց մի զգալի մասը, ում Թրամփը շտապեց հայտարարել որպես տարբեր պաշտոնների թեկնածուների, չեն հաստատվի։ Այդպես եղել է միշտ, և Թրամփի երկրորդ նախագահությունը դժվար թե բացառություն լինի:
Այնուամենայնիվ, այս հոդվածում կխոսենք ոչ թե ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունների, այլ առաջիկա չորս տարիների ընթացքում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հավանական սցենարների, դրանց ռիսկերի և ծագող հնարավորությունների մասին։ Հիմնարար փոփոխություններ չեն ակնկալվում, քանի որ ամերիկյան պետության ռազմավարական նպատակը՝ գլոբալ հեգեմոնիայի պահպանումը, դժվար թե վերանայվի կամ կասկածի տակ դրվի։ Այս առումով միջազգային լարվածության լուրջ թուլացում պետք չէ սպասել։ Ակնհայտ է, որ առանձին ճակատներ (ինչպես ուկրաինականը) կարող են դադարի ռեժիմի վրա դրվել կամ փակվել նույնիսկ մարտավարական արդիականությունը կորցնելու պատճառով, սակայն փոխարենը նորերը կբացվեն։ Խոսքը, առաջին հերթին, Մերձավոր Արևելքի մասին է՝ մի տարածաշրջանի, որը առանցքային դեր է խաղում Չինաստանին զսպելու համակարգի կառուցման գործում, իսկ վերջինս միակ գերտերությունն է, որն ունի անհրաժեշտ արժեքային (գաղափարախոսություն) և ռեսուրսային բազա՝ Քեռի Սեմին թագավորական գահից տապալելու համար։
Հանրապետական ավետարանական ազնվականությունը և նրա հետ կապված մեծ շահերի խմբերն ավանդաբար կենտրոնացած են Իսրայելին աջակցելու վրա՝ որպես տարածաշրջանում ամերիկյան շահերի առանցքային դաշնակցի և պահապանի: Ավետարանականների ազդեցության գործոնը (1980-ականներից սկսած) այդ տարածաշրջանում այնքան մեծ է, որ նույնիսկ դեմոկրատական վարչակազմն՝ ի դեմս Ջոզեֆ Բայդենի (իռլանդա-կաթոլիկ ազնվականություն) չկարողացավ Իսրայելի ղեկավարությանը հետ պահել չմտածված ագրեսիվ քաղաքականությունից, որը շարունակում է Պաղեստինի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների կյանքեր խլել։ Թրամփը հրեական պետության հզորացման ամենամոլի աջակիցներից է։ 2015 թվականից ի վեր նրա քաղաքական կարիերայի առանցքային դոնորներն Ադելսոն ընտանիքի ներկայացուցիչներն են: Շելդոն Ադելսոնը Հանրապետական կուսակցության և Ամերիկա-իսրայելական hանրային հարցերի հանձնաժողովի (AIPAC) խոշոր մեցենատ է: 2021 թվականին նրա մահից հետո Իսրայելին աջակցելու նրա գործը շարունակում է նրա կինը՝ Միրիամը։ Իր նախագահության առաջին ժամկետում (2016-2020թթ․) Թրամփը ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ։
Կասկածից վեր է, որ իր նոր ժամկետը Թրամփը կսկսի Իսրայելին աջակցություն հայտնելով։ Հաշվի առնելով Թել Ավիվի ներկայիս ղեկավարության աշխարհաքաղաքական ախորժակները՝ կարելի է ենթադրել, որ Մերձավոր Արևելքում մեծ հրդեհը սարերի հետևում չէ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման օրդեր է տվել, կձգտի առավելագույնը քաղել Թրամփի նախագահությունից։ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն ինքնաբերաբար կտրում է Իրանին Լիբանանում իր պրոքսիներից (Հեզբոլլահ), ինչը հնարավորություն է տալիս իսրայելական կողմին Լիբանանը վերցնել իր օպերացիոն վերահսկողության ներքո և սկսել նախապատրաստվել Թեհրանի (Չինաստանի կարևոր դաշնակցի) հետ ապագա բախմանը։
Նման կոնֆիգուրացիան լայն հնարավորություններ է բացում Ադրբեջանի և մահացու վտանգներ ստեղծում Հայաստանի համար։ Պաշտոնական Բաքուն Սյունիքն օկուպացնելու օրդեր ստանալու իրական հնարավորություն ունի՝ Իրանի դեմ կրիտիկական ենթակառուցվածքներ ձևավորելու համար։ Կասկածից վեր է, որ Իլհամ Ալիևը կօգտագործի պահը և կկարողանա համաձայնության գալ և՛ Նեթանյահուի, և՛ Թրամփի հետ՝ հաշվի առնելով նրանց նշանակալի դերը 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և օկուպացիայի հարցում։ Առավել ևս, որ նախագահական քարոզարշավի ամենաթեժ պահին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը (Փաշինյանների ընտանիքի անգլերենի նախկին դասուցույցը) իր շեֆի հանձնարարությամբ ակտիվորեն սատարում էր դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին, ում նկտմամբ Թրամփն առանձնահատուկ անձնական հակակրանք էր տածում։ Իսկ այն, որ Թրամփը և նրա խորհրդականները լավ հիշողություն ունեն, կասկածի ենթակա չէ։ Նույնիսկ հակառակ դեպքում՝ ադրբեջանական կողմն անպայման չի զլանա նրան հիշեցնել այդ մասին։
Փաշինյանի կառավարությունը, որն այժմ զրկվել է Վաշինգտոնում իր հովանավորներից, պատրաստ կլինի հանձնել նաև Սյունիքը (հնարավոր է՝ բեմադրված պատերազմի, բայց հայ զինվորների ու սպաների իրական մահվան միջոցով)՝ իր իշխանության երկարաձգմանն աջակցելու դիմաց։ Ավելին, Փաշինյանի համար սա նաև հիանալի հնարավորություն է Ալիևին շարունակական միակողմանի զիջումներն արդարացնելու համար, ով պահանջում է հայկական զինված ուժերի ամբողջական ապառազմականացում, Հայաստանի անկախության հռչակագրում փոփոխությունների իրականացում, ադրբեջանցիների «վերադարձ»՝ Հայաստանի տարածքում իրենց նախկին բնակության վայրեր, ինչպես նաև Սյունիքի հանձնում (այն, ինչը կոչում են «Զանգեզուրի միջանցքի» բացում)։ Չզարմանաք, եթե Փաշինյանը շատ շուտով իր ֆեյսբուքյան հերթական եթերով հայտարարի, որ եթե մենք ավելի վաղ հանձնեինք Արցախը, որը միայն Ռուսաստանին էր պետք Հայաստանը վերահսկելու համար, և համաձայնեինք Անկախության հռչակագիրը չեղարկելու և Հայոց ցեղասպանությունը մոռանալու Ալիևի պահանջին, ապա Սյունիքը կմնար հայկական։ Մենք միայնակ ենք փոթորկից առաջ, որը կկլանի յուրաքանչյուրին, ով մտածելու և ճիշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն նախընտրում է թաքնվել Երևանի կենտրոնում գտնվող գողտրիկ սրճարանում՝ զմայլվելով գեղեցիկ զարդարված թանկարժեք տոնծառով և ամանորյա տոնավաճառով։ Ժամանակ չկա, անհրաժեշտ է սթափվել, հավաքել ուժերը և փորձել նվազագույնի հասցնել գալիք ողբերգության հետևանքները: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր հեղինակություն ու հարգանք ունեն հայկական աշխարհում։ Գալիք սերունդները կհիշեն ամեն ինչ՝ և՛ նրանց գործողությունները, և՛ անգործությունը:
