«Իրական Հայաստանի» ղեկավարների մոտ մի շարք վախեր և ֆոբիաներ են նկատվում: Օրինակ՝ հայոց պատմություն, հայկական ինքնություն, Հայոց եկեղեցի, Հայոց ցեղասպանություն և նույնաբովանդակ մյուս հասկացությունները խիստ բացասաբար են ազդում նրանց հոգեհուզական վիճակի վրա՝ առաջացնելով սթրեսի արձագանքմանը բնորոշ դրսևորումներ՝ գերգրգռվածություն, ինքնահսկողության կորուստ, զայրույթի պոռթկումներ։ Թերևս սա է պատճառը, որ նրանք ատում են ամեն բան, ինչը կարող է ասոցացվել իրենց ֆոբիայի աղբյուրի՝ հայկականության հետ, և դրանք փոխարինում են իրենց համար ընկալելի և ընդունելի այընտրանքներով՝ Հայաստանը՝ «Իրական Հայաստանով», Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությունով, Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած «ողբերգական իրադարձություններով», Հայոց եկեղեցուն դիտարկում են որպես խոշոր հարկատուի և քաղաքական մրցակցի, և այդպես շարունակ։
Սակայն ֆոբիաների այս շարքին վերջին տարիներին ավելացել է ևս մեկը, որը առանձնակի սթրեսի աղբյուր է Կառավարական տան ժամիշխանների համար, և դա «խաղաղության օրակարգի ձախողման» ֆոբիան է, որի աղբյուրը նույն ինքը՝ նորին գերազանցություն Բաքվի սուլթանն է, ում բարեհաճությանը արժանանալու համար Երևանի թուրքական համագործակցողները (կոլաբորացիոնիստները) պատրաստ են ամեն ինչի՝ լռել և չխոսել Արցախի հայկական ժառանգության և արցախահայերի իրավունքների մասին, կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, մաքրագործել Բաքվի իմիջը և նույնիսկ առանց ամոթի զգացումի խեղաթյուրել պատմությունը՝ նույն հարթության վրա դիտարկելով Արևմտյան Հայաստանն ու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը։ Հատուկ նրանց համար, ովքեր Իրական Հայաստանի վարչապետի այս հայտարարության մեջ հանցավոր ոչինչ չեն տեսնում, հիշեցնենք, որ Բաքվի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանին հորդորում է բանակցություններ վարել «արևմտաադրբեջանական համայնքի» հետ և քննարկել նրանց՝ «իրենց պատմական հողեր վերադարձի» հարցը։ Միգուցե սա է՞լ է Վարչապետի հերթական նոպայի ժամանակ սրացած «խաղաղության օրակարգի ձախողման» ֆոբիայի հետևանք: Այլապես ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դրել այս երկու իրար հետ որևէ աղերս չունեցող հասկացությունների միջև։
Այս ամբողջ անհեթեթության թատրոնը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների բարձր հովանու ներքո, քանզի հանցագործությունը կանխելու հարցում անգործություն դրսևորելը նույնն է, թե դրան մեղսակցելը։ Եվ ամենասարսափելին Փաշինյանի և Ալիևի ավանդույթ դարձած համակցված հայտարարությունները չեն, այլ այն, որ հայկական հասարակությունը դիմադրության, և հետևապես՝ կենդանության որևէ նշան ցույց չի տալիս և դարձել է սեփական պետականության վախճանի լուռ ականատեսը։
Թերևս Փաշինյանի՝ պատմության և ճշմարտության երեսին այս վերջին ապտակն այնքան ուժգին էր, որ իր մտահոգությունը չկարողացավ զսպել հայ ժողովրդի բարեկամ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի դեպսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վերջինս իր X-ի միկրոբլոգում հրապարակել էր Արևմտյան Ադրբեջանի՝ Իրանի 31 նահանգներից մեկի քարտեզը՝ հրապարակմանը կից գրելով, որ դա և միակ գոյություն ունեցող Արևմտյան Ադրբեջանը։ Իսկ մեկ այլ գրառմամբ էլ հիշատակել էր, որ Երևանի Կապույտ մզկիթը Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշն է։ Իր այս հայտարարությունների համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվեց ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում, և Բաքուն խոսեց «The Jerusalem Post»-ի շուրթերով՝ Ֆրանսիային մեղադրելով տարածաշրջանում պարսկական գաղութատիրությանը աջակցելու մեջ: Հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանը և Ֆրանսիայի քաղաքացիները վերջին շրջանում թիրախավորվում են Ադրբեջանի կողմից՝ Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառով։ Հիրավի, ինչպե՞ս կարող է Ֆրանսիան իրեն թույլ տալ լինել հայամետ ի հեճուկս Հայաստանի գործող իշխանությունների։ Կառավարական տան բնակիչները բնականաբար չեն ողջունում Ֆրանսիայի դեսպանի «անհիմն» խիզախությունը և վախով են հետևում X-ում Դեսպանի և ադրբեջանական քարոզչամեքենայի մենամարտին, որն, ի դեպ, դեռևս շարունակվում է։ Զարմանալի է, որ պարոն Դըկոտինյիին դեռևս չեն հրավիրել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ իր հայտարարությունների համար բացատրություն տալու, չէ՞ որ դրանք վտանգի տակ են դնում «հավերժական խաղաղությունն» ու «խաղաղության խաչմերուկը» և կարող են զայրացնել Բաքվի սուլթանին։ Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ «Իրական» Հայաստանում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքական կուրս և միայն մեկ երանելի տեսլական` կուշտ փորով թուրքական գաղութում ապրող հայկական համայնք:
Կոլաբորացիոնիզմի երանգները
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
