2020-2023 թթ․ հայկական զինված ուժերի ռազմական պարտության արդյունքում Հայաստանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում Արցախում բնակվող մարդիկ, հայտնվեցին գերության մեջ։ Ադրբեջանը նրանց պահում է ակնհայտ անհիմն քրեական հետապնդման ենթարկելու և Նիկոլ Փաշինյանի իշխանության և հայկական հասարակության վրա հանրային ճնշում գործադրելու նպատակով։ Բաքուն հրապարակայնորեն հերքում է, որ ազատությունից զրկվածները ռազմագերու կարգավիճակ ունեն՝ հրաժարվելով նրանց հայրենադարձությունը[1] թույլ տալուց ու նրանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքից, մինչդեռ երևանյան իշխանությունների դիսկուրսում այդ թեման գործնականում բացակայում է։ Հայաստանում և Սփյուռքում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են տեղեկատվական իրազեկման արշավներ, որոնք ընդգծում են Ռուբեն Վարդանյանի նման Բաքվի առանձին գերիների կյանքն ու վաստակը (նրանց «ռազմագերիներ» են անվանում), սակայն դրանք ակնհայտ հաջողություն չեն ունենում։
Այս հոդվածում մենք կփորձենք գնահատել գերության մեջ գտնվող հայերի կարգավիճակը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից և նրանց իրավական պաշտպանության հնարավոր մեթոդներ առաջարկել, որոնք հայկական պետությունը պետք է գործադրի հնարավորինս արագ այդ մարդկանց ազատ արձակմանը հասնելու համար։ Նշենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությանը քաղաքական գնահատական մենք տվել ենք ավելի վաղ նյութերում։
Ովքեր են կոմբատանտները
Նախքան միջազգային իրավունքի տեսանկյունից այդ մարդկանց՝ որպես «ռազմագերիների» կարգավիճակի վերլուծությանն անդրադառնալը, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք նրանք հանդիսացել են կոմբատանտներ, այլ կերպ ասած՝ իրավունք ունեի՞ն մասնակցել ռազմական գործողություններին և, համապատասխանաբար, արդյո՞ք նրանց վրա տարածվում է ռազմական գերության ռեժիմը։
Միջազգային իրավունքում ընդունված է, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, սակայն պետությունները շատ հաճախ անտեսում են բանակցությունները կամ արբիտրաժը և դիմում ագրեսիայի (ագրեսիվ պատերազմի): Թեև միջազգային իրավունքը դա արգելում է, քաղաքական իրողությունները ստիպում են խստորեն կանոնակարգել ռազմական գործողությունների վարումը, որպեսզի բացահայտեն իրավախախտումները և կանխեն ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց համար անհարկի տառապանքները։
Միջազգային մարդասիրական իրավունքում առանցքային է կոմբատանտի հասկացությունը, որը ներառում է զինված ուժերի ողջ մարտական կազմը, ինչպես նաև աշխարհազորը, կամավորական և պարտիզանական ջոկատները, դիմադրության շարժումները: Եթե առաջինները բնութագրվում են զինվորական կազմակերպության և ներքին կարգապահական համակարգի առկայությամբ, ապա երկրորդներն օրինական կոմբատանտներ են համարվում, եթե բավարարում են հետևյալ պայմաններին՝ ա) ղեկավարվում են իր ենթակաների համար պատասխանատու անձի կողմից, բ) ունեն որոշակի և հեռավորության վրա հստակ տեսանելի տարբերակիչ նշան, գ) բացահայտորեն զենք են կրում, դ) հետևում են պատերազմի վարման օրենքներին և սովորույթներին: Միայն կոմբատանտները կարող են մահ պատճառել թշնամական պետության ներկայացուցչին` պահպանելով միջազգային իրավունքի պահանջները։ Ոչ կոմբատանտները (բժշկական և հոգևոր անձնակազմ) զենք կարող են կիրառել բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Ինչպես արդեն նշել ենք, ռազմական գերության ռեժիմը տարածվում է միայն կոմբատանտների վրա, մինչդեռ գերեվարված ոչ կոմբատանտները չեն ճանաչվում ռազմագերիներ, քանի որ նրանք մարտական գործողություններին մասնակցելու իրավունք չունեն։
Հատկապես կարևոր է նշել դիմադրության շարժման (ազգային շարժման) մասնակիցների և ահաբեկիչների միջև տարբերությունը՝ ըստ միջազգային իրավունքի տրամաբանության։ Առաջինները զինված հակամարտությանը մասնակցում են գաղութային ռեժիմի դեմ պայքարելու համար՝ ազգի ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում, որը միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է, այսինքն, իրավական գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել զինված հակամարտության սկիզբը պայմանավորող պատմաքաղաքական համատեքստը։ Նրանց գործողությունների նպատակը տարածքն օտարերկրյա վերահսկողությունից ազատելն է կամ կարգուկանոնը վերականգնելը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ահաբեկիչների նպատակն, ընդհակառակը, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելն է և քաղաքական ապակայունացումը։ Այլ կերպ ասած՝ ահաբեկիչները ռազմական նպատակներ չեն հետապնդում։ Նրանց շարժիչ ուժը պետական իշխանություններին իրենց՝ ահաբեկիչների համար շահավետ որոշումների ընդունումը պարտադրելու ցանկությունն է, օրինակ՝ փրկագին վճարել առևանգվածի համար: Ահաբեկիչները միտումնավոր թիրախավորում են ոչ թե կոմբատանտների, այլ քաղաքացիական անձանց կյանքը, առողջությունը և ունեցվածքը:
Քանի որ միջազգային իրավունքն աներկբայորեն դատապարտում է ահաբեկչական գործողությունները, ահաբեկիչները կոմբատանտներ չեն ճանաչվում և, ձերբակալվելու դեպքում, պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ հետագա դատավարության համար: Նրանք կարող են կյանքից զրկվել այն դեպքում, երբ դա հետագա հանցագործությունները կանխելու միակ միջոցն է, և ահաբեկիչը դեռ շարունակում է համաչափ վտանգ ներկայացնել շրջապատող անձանց համար: Ահաբեկիչների նկատմամբ ամեն դեպքում գործում են արժանապատիվ վերաբերմունքի պահանջները (խոշտանգումների կամ այլ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, իրավական օգնության և դատական պաշտպանության իրավունքը և այլն):
Կոմբատանտները գերության մեջ
Ռազմական գերության ռեժիմը միջազգային իրավունքում բնութագրվում է հետևյալ տարրերով: Զինված հակամարտության կողմը, որը գերի է վերցրել կոմբատանտին, պարտավոր է հարգել և պահպանել ռազմագերու իրավունքները։ Կարևոր է նշել, որ կոմբատանտին գերի է վերցնում ոչ թե կոնկրետ զինծառայողը կամ զորամասը, այլ հակամարտության ողջ կողմը, ինչը վերջինիս վրա է դնում ռազմական գերության մեջ գտնվող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար ողջ պատասխանատվությունը։ Նրանք իրավունք ունեն ծանոթանալու իրենց կարգավիճակին վերաբերող ակտերին։ Ռազմագերիները չեն կարող ենթարկվել բռնության կամ ահաբեկման, վիրավորանքի, ամբոխի հետաքրքրասիրության բավարարման օբյեկտ դառնալ և այլն: Պետությունը պարտավորվում է ռազմական գերության մեջ գտնվողներին ցուցաբերել անհրաժեշտ բժշկական և հոգևոր օգնություն։ Քաղաքացիական իրավունակությունը կարող է սահմանափակվել միայն այն չափով, որքանով պահանջում են գերության պայմանները: Մասնավորապես, ռազմագերիների ճամբարում թույլատրվում է զբաղվել գիտական-մանկավարժական և իրավապաշտպան գործունեությամբ։ Ռազմագերիները չեն կարող ենթարկվել խտրականության ռասայական, ազգային, էթնիկ պատկանելության, կրոնի, քաղաքական համոզմունքների կամ որևէ այլ հիմքով։ Ռազմական գործողությունների ավարտից հետո հնարավորինս սեղմ ժամկետում ռազմագերիները պետք է վերադարձվեն իրենց պետությանը։ Հարկ է ընդգծել, որ Ժնևի օրենքը հայրենադարձության անհիմն ձգձգումը հավասարեցնում է պատանդ վերցնելուն (1949 թ. Ժնևի կոնվենցիաների 1977 թ. Լրացուցիչ արձանագրության 72-րդ հոդված, 1949 թ. Ժնևի III կոնվենցիայի 118-րդ հոդված):
Ռազմագերիները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել դատավարական երաշխիքներ ապահովելու դեպքում (մեղադրող կողմի նկատմամբ հավասարություն, քննչական գործողություններին և դատավարություններին անձնական մասնակցության իրավունք, իրավական օգնության իրավունք, արդյունավետ բողոքարկման իրավունք և այլն):
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կարգավիճակը
Հայաստանի Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի տվյալների համաձայն, որոնք ստացվել են Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունների հիման վրա, 23 էթնիկ հայեր պահվում են Ադրբեջանի քրեակատարողական համակարգում՝ այսպես կոչված քրեական հետապնդման տարբեր փուլերում։ Ավելի քան 80 հայերի ճակատագիրը, որոնք նախկինում գերեվարվել են Ադրբեջանի կողմից, հստակ հայտնի չէ։ Այս 23 անձանցից 8-ը առնչություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մեխանիզմի հետ. նրանք կալանավորվել են 2023 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Հարկ է նշել, որ նրանցից միայն մի քանիսն են Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի հետ անմիջական առնչություն ունեցել Արցախի բռնակցման պահին։ Հետևաբար, միայն նրանք կարող են դիտարկվել որպես Արցախի զինված ուժերի զինվորական անձնակազմի մաս։ Մեզ հստակորեն հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք կալանավորման պահին համապատասխանել են վերևում նշված երեք չափանիշներին կոմբատանտ ճանաչվելու համար։ Օրինակ՝ ադրբեջանական պետական քարոզչությունը կադրեր էր տարածել, թե ինչպես են Արայիկ Վ. Հարությունյանին տեղափոխում նախնական կալանքի խուց, և նա զինվորական համազգեստ չէր կրում և, բնականաբար, նրա մոտ զենք չկար։ Ինչ վերաբերում է չորրորդ չափանիշին` միջազգային մարդասիրական իրավունքին հետևելուն, ապա դա պետք է որոշի արդար միջազգային դատարանը` կասկածյալների և մեղադրյալների համար բոլոր երաշխիքներով, այլ ոչ թե դրա ադրբեջանական ծաղրանմանակումը։
Բացառման տրամաբանությամբ կարող ենք եզրակացնել, որ Արցախի նախկին ղեկավարներին պետք է համարել քաղաքացիական անձինք։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից որևէ կերպ չի նվազեցնում նրանց պաշտպանվածության աստիճանը։ Քաղաքացիական բնակչություն հասկացությունը տարածվում է բոլոր այն քաղաքացիական անձանց վրա, որոնք զինված հակամարտության մասնակիցների որևէ կատեգորիայի չեն պատկանում և ուղղակիորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Քաղաքացիական բնակչության առավելագույն պաշտպանության սկզբունքը տարածվում է միջազգային և ոչ միջազգային բնույթի հակամարտությունների վրա՝ առանց որևէ հիմքով խտրականության, նույնիսկ եթե, խախտելով միջազգային իրավունքը, հակամարտության կողմերից մեկը չի ճանաչում պատերազմական դրությունը։
Քաղաքացիական բնակչության նկատմամբ հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել արժեքավոր տեղեկություններ ստանալու համար, նրանք չեն կարող ենթարկվել խոշտանգման, ահաբեկման, թալանվել կամ պատանդ վերցվել: Ընդգծենք, որ անգամ ռազմական օկուպացիայի պայմաններում, երբ հակամարտող կողմը օկուպացված տարածքում[2] ստեղծել է մշտական հիմունքներով գործող ռազմաքաղաքացիական վարչակազմ, միջազգային մարդասիրական իրավունքի գործողությունը չի դադարում։ Օկուպացիոն իշխանությունը պարտավոր է ձեռնարկել իր իրավասության սահմաններում գտնվող բոլոր միջոցները՝ քաղաքացիական բնակչության պատիվը, արժանապատվությունը և ընտանեկան իրավունքները, ինչպես նաև գրավյալ տարածքի կրոնական համոզմունքներն ու սովորույթները հարգելու համար։ Ահաբեկչական գործելակերպերը խստիվ արգելվում են։
Ուստի Արցախի գերեվարված պետական ծառայողները հանդիսանում են քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ, ովքեր պատանդ են պահվում։
Միջազգային մարդասիրական իրավունքը պատանդ վերցնելը համարում է ծանրագույն իրավախախտում, քանի որ այն ոտնձգություն է քաղաքացու կյանքի, առողջության և անձնական անձեռնմխելիության նկատմամբ։ Պետք է ընդգծել այն արցախահայերի ընտրության կամայականությունը, ովքեր չկարողացան հատել այսպես կոչված Լաչինի միջանցքը[3], օրինակ՝ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ով ստորագրել է Լեռնային Ղարաբաղում հայկական պետականության այսպես կոչված «լուծարման» մասին հրամանագիրը, կարողացել է անարգել անցնել Հայաստանի Հանրապետության տարածք։
Ինչպե՞ս պաշտպանել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքները
Պետականամետ դիրքորոշումը ենթադրում է միջազգային քաղաքականության, այդ թվում՝ միջազգային իրավունքի գործիքների կիրառմամբ ընդհանուր նշանակության նպատակներին հասնելու սկզբունքային հնարավորություն։ Հակառակը կնշանակի, որ որևէ տեսակի պայքարն առհասարակ իմաստ չունի, և Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտական անգործությունը միակ հնարավոր ռազմավարությունն է։ Չնայած Բաքվի պատանդների բարդ դրությանը՝ պայմանավորված «անջատողական ահաբեկչության» մեղադրանքի առաջադրմամբ, նրանց շուտափույթ ազատ արձակման հարցում հայկական պետության դիրքորոշումը պետք է կառուցվի հետևյալ թեզերի վրա։
Առաջին՝ անհրաժեշտ է համոզիչ կերպով ցույց տալ, որ անջատողականությունը, որը ենթադրում է էթնիկ խմբի կամ ազգի՝ պետությունից անջատվելու և սեփականը ստեղծելու ձգտումը, միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնին իրավախախտում[4] չի համարվում։
Լինելով խոսքի և տեղեկատվության տարածման ազատության շարունակություն՝ անջատողականությունը ենթադրում է քաղաքական պայքար հանուն պետականության ստեղծման կամ պահպանման այն պայմաններում, երբ ազգի ինքնորոշման իրավունքի պաշտպանության բոլոր մյուս եղանակները ուղղակիորեն արգելված կամ ամլացված են։
Ինքնավարություն ստեղծելու և համապատասխանաբար սահմանադրական կարգում հիմնարար փոփոխությունների անելու կոչերի և առաջարկների փաստը ինքնաբերաբար չի նշանակում ոտնձգություն պետության ազգային անվտանգության նկատմամբ, ինչպես կարծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստանկովը և Մակեդոնիայի «Իլինդենն» Միավորված Կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի (բողոքներ թիվ 29221/95 և 29225/95, 2001թ․ հոկտեմբերի 2-ի որոշում), պարագրաֆ 97): Բացի այդ, հակառակ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների, միջազգային իրավունքում անկախության հռչակման արգելք գոյություն չունի (տե՛ս Արդարադատության միջազգային դատարանի 2010 թ. հուլիսի 22-ի խորհրդատվական կարծիքը Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ):
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան շարժումը սկսվել է որպես խաղաղ քաղաքական պահանջ՝ ուղղված Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության և ԽՍՀՄ իշխանություններին՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Հայկական Խորհրդային Հանրապետությանը կազմ փոխանցելու վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահներ Մութալիբովի և Էլչիբեյի ռեակցիոն նացիոնալ-սոցիալիստական կառավարությունը հրաժարվեց քաղաքական գործընթացից, չեղարկեց հայերի ազգային ինքնավարությունը Ղարաբաղում, փորձեց Ստեփանակերտը «Խանքենդի» վերանվանել և լայնածավալ պատժիչ գործողություն սկսեց, որը նշանավորեց Առաջին Ղարաբաղյան պատերազմի սկիզբը։
Միջազգային իրավունքը, վերահաստատելով միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, գաղութատիրական կառավարումից ազատվել ձգտող ազգին տրամադրում է ինքնապաշտպանության երաշխիքներ:
Սա արմատապես տարբերակում է իրավիճակը ավելի վաղ նկարագրված ահաբեկչական գործողություններից։ Միջազգային մակարդակում արձանագրված պետական հայատացության պատճառով, ներկայիս ադրբեջանական հասարակությունում գոյություն չունեն խելամիտ հնարավորություններ և պետական-իրավական երաշխիքներ հայերի և ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ համակեցության համար, ինչպես դա արվեց, օրինակ, Բոսնիա և Հերցեգովինայում սերբերի, բոսնիացիների և խորվաթների համար։ Հետևաբար, անջատողականության դիմելը քաղաքական պայքար մղելու համաչափ մեթոդ է հայրենի տարածաշրջանում հայկական էթնոսը պահպանելու և սեփական տարածքի նկատմամբ սուվերենությունը Բաքվի ոտնձգություններից պաշտպանելու համար։
Երկրորդ՝ Ադրբեջանի դատաիրավական համակարգը պատանդ վերցված հայերին հնարավորություն չի տալիս պատշաճ արդարադատության իրականացման համար դատավարական երաշխիքներ իրացնել։ Լինելով Եվրոպայի Խորհրդի[5] մակարդակով քննադատված, այն, եթե եզրակացություններ անենք Արցախի անհիմն հետապնդվող բնակիչներից մեկի՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունից, ուղղված է «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին պատմական պետական առասպելի ստեղծմանը և կոնկրետ դեպքով օբյեկտիվ ճշմարտության հաստատման նպատակ չի հետապնդում։ Հետևաբար, Հայաստանի՝ պատանդ վերցված քաղաքացիների նկատմամբ կայացված ցանկացած դատավճիռ պետք է ակնհայտորեն անարդար և անվավեր ճանաչվի այդ դատական ակտերի ընդունման պահից։
Երրորդ՝ քանի որ քաղաքացիական բնակչությանը պատանդ վերցնելն ինքնին, ինչպես արդեն նշեցինք, միջազգային քրեական իրավախախտում է,
Հայաստանը պարտավոր է օգտագործել պայմանագրային-իրավական մեխանիզմներ՝ Բաքվում հայերին շարունակական անազատության մեջ պահելու համար Ադրբեջանի քաղաքացիներին, այդ թվում՝ անձամբ Իլհամ Ալիևին հետապնդելու համար։
Երևանի տրամադրության տակ է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որի կանոնադրությունը պատանդ վերցնելը ճանաչում է որպես ռազմական հանցագործություն (Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 1-ին մասի viii կետի ենթակետ (ա): Ոչ վաղ անցյալում ՄՔԴ-ն համաձայնեց հրաման արձակել 2023թ․ հոկտեմբերին Իսրայելի խաղաղ բնակչության վրա հարձակում կազմակերպած և իրականացրած ՀԱՄԱՍ ռազմաքաղաքական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Մուհամմեդ Դեյֆի բռնի ձերբակալման և բերման ենթարկման վերաբերյալ՝ պատանդ վերցնելու մեղադրանքով։ Բացի այդ, արցախահայերի հայրենադարձության շարունակական մերժումը, նրանց պատանդի կարգավիճակում պահելը և այսպես կոչված «անջատողականության» համար ոչ իրավաչափ քրեական հետապնդումը, կարող են հանդիսանալ 1984թ․ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, ինչպես նաև 1965 թ․ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտում: Երկու փաստաթղթերով նախատեսված պարտավորությունների հետ կապված վեճերը կարող են ներկայացվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ ԱՄԴ): Հայաստանն արդեն դատական վարույթ է հարուցել ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար, որը 2023թ․ նոյեմբերին Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձի մասին միջանկյալ որոշում է արձակել։ Միջազգային իրավագիտության ոլորտում Երևանին ոչինչ չի խանգարում ընդլայնել Ադրբեջանի հետ միջազգային վեճի շրջանակն այս ուղղությամբ։
Ի վերջո, հարկ է նշել, որ միջազգային իրավունքն առաջարկում է իրավախախտ պետության վրա ազդեցության բավականին արդյունավետ միջոցներ, նույնիսկ հաշվի առնելով ծննդյան տրավման, այն է՝ միջազգային քաղաքականության մեջ ինքնիշխանի բացակայությունը։ Համոզված ենք, որ արցախահայության գլխավոր թշնամին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության (և համատեղությամբ Արցախի հանձնման հարցում վերջիններիս մի մասի մեղսակիցը), գտնվում է Երևանում և զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։
Հենց խաղաղությունը կերպարանափոխող թուրքական պարետ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որ ամեն օր վատացնում է բռնի տեղահանված արցախահայերի և Բաքվում պատանդ պահվողների վիճակը։
Պետականության տոտալ դեֆոլտի պայմաններում հենց հայկական աշխարհն է Հայաստանում և Սփյուռքում, որ պարտավոր գործել միասնաբար՝ հանուն ազգային նպատակների իրագործման, և ոչ մի Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավական պահանջներից հրաժարվելու իր մոլագար ցանկությաբ հանդերձ, չի կարող հայերին խանգարել արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները՝ չդիմելով չհրահրված պատերազմների և իռացիոնալ քայլերի։
[1]Հայրենադարձությունը (միջազգային մարդասիրական իրավունքում) ռազմագերու, փախստականի կամ տեղահանվածի կոնվենցիոն իրավունքն է՝ վերադառնալու իր ծագման երկիր ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։
[2] Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի տարածքի նկատմամբ սուվերենությունը չի անցել Ադրբեջանին։ Ընդհանուր կարգի համաձայն՝ նման բնույթի հարցերը լուծվում են երկկողմ միջազգային պայմանագրի հիման վրա (խաղաղության պայմանագիր, սահմանազատման պայմանագիր): «Միջազգայնորեն ճանաչված սահմաններ» հասկացությունը իրավական բովանդակություն չունի։
[3] Այս տերմինը օգտագործվում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից դրա կիրարկության պատճառով։ Ինքը՝ բնակավայրը, կոչվում է Բերձոր։
[4] Սովորաբար որպես հակառակի օրինակ բերվում է 2001թ․ Ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի մասին Շանհայի կոնվենցիան, որը տարածաշրջանային միջազգային պայմանագիր է և չի պարունակում միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված նորմեր (jus cogens) և ունի է մի շարք լուրջ իրավական և տեխնիկական թերություններ, մասնավորապես, ձևակերպումների հստակությունն ու ճշգրտությունը։
[5] Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2024 թ․ մարտին կոչ էր արել Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության առնչությամբ։
