Հայաստանի խորհրդարանում պետական բյուջեի ընդունումը մտքի նոր «գոհարներով» է ուղեկցվում հայ ժամիշխանների կողմից։ Այս անգամ հայկական պետականության հիմքերն ամբիոնից շարունակեց խարխլել համայն Իրական Հայաստանի «գաղափարախոսը»՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Անկախության հռչակագիրը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը, արցախահայությանը, ոչ բավարար ոսկեբեր թանգարանները և, ի վերջո, հայկական ինքնության հիմնասյուները թիրախավորելուց հետո, ներկայիս վարչապետը հասավ «ազգ-բանակ» հայեցակարգին։
Սպասված քավության նոխազ, ընդ որում, նախաձեռնված և արդյունքում ձախողված «նախկինների» կողմից։ Անկասկած, հայկական էթնոսի ներկայիս իմունային անբավարարությունը ինչպես ազգի, այնպես էլ բանակի հետևողական ոչնչացման արդյունք է, և դրանց արհեստական, գործնականում անբովանդակ միաձուլումը միայն մերկացրեց թե՛ առաջինի, թե՛ երկրորդի անհատակ դատարկությունը։ Ազգ-բանակ կառուցելու համար նախ պետք է ազգ դառնալ:
Սակայն Նիկոլ Փաշինյանը քննադատում է հայեցակարգը ոչ այն պատճառով, որ այն չի իրագործվել։ Երրորդ Հանրապետության ներկայիս ղեկավարը կարծում է, որ ազգ-բանակը «ազգ-նահատակի» կերպարի շարունակությունն է, և, իբրև թե, սեփական ազգը որպես բանակ դիրքավորելը բերում է նրան, որ այն համեղ պատառ է դառնում մյուս բանակների համար։ Այլ կերպ ասած՝ առանց բանակի պետք է մնանք միայն մենք։ Դե ինչ, գայլից վախեցողը անտառ չի գնա։ Բայց մի բանում կարելի է միանգամայն վստահ լինել՝ երբ սեփական անտառամատույցի շուրջ կարմիր գծեր չկան, գորշ գայլերը հաճույքով կգան դեպի անհոգ արածող ոչխարների բույրը: Հայտնի է, որ սպանդից առաջ սթրես չապրած կենդանիների միսը միշտ էլ ավելի համեղ ու փափուկ է։
Թուրքական պարետը, իհարկե, առայժմ խոսում է միայն այն մասին, որ անվտանգության նոր «բուֆերներ» են անհրաժեշտ, որոնք, ի թիվս այլոց, պետք է պաշտպանեն նաև բանակը՝ վատ չէ հնչում, այնպես չէ՞։ Իսկ որո՞նք են այդ բուֆերներն ըստ նրա, կհարցնեք դուք։ «Պետական տրամաբանությունը», որը, նրա կարծիքով, բացառապես սահմանափակվում է սեփական տնտեսական շահերի պաշտպանությամբ, ընդ որում միայն Հայաստանի «ճանաչված» տարածքում։ Այս դեպքում հարցերն այն մասին, թե ինչու՞ Հայաստանի հյուպատոսությունը Հալեպից տարհանվեց դեռ նախքան սրացումը՝ առանց ՀՀ քաղաքացիների մասին հոգ տանելու, էլ չենք խոսում տեղի հայերի մասին, ինքնաբերաբար կորցնում են իրենց իմաստը։ Այն, ինչ Փաշինյանն անվանում է անվտանգության բուֆերներ, իրականում աստիճանաբար անհետացող հայկական աշխարհի սահմանագծերն են, որոնք իրենց վրա վերցեցին առաջին հարվածները, որպեսզի մյուս հայերին պատրաստվելու ժամանակ տան՝ երեկ՝ Արցախում, այսօր՝ Սիրիայում, իսկ վաղը՝ Սյունիքում։ Նիկոլի Հայաստանի բանաձևը պարզ է։ Եթե դու հայ ես ու վտանգի մեջ ես, ուրեմն Հայաստանի մաս չես, լավագույն դեպքում կարող ես լինել նրա բուֆերը։ «Իրական Հայաստանում» բոլորը և ամեն ինչ ապահով է, քանի որ իմունային անբավարարության վերջին փուլում հասարակությունն այլևս ոչինչ, այդ թվում՝ վտանգ չի զգում։
«Ազգ-նահատակից» մինչև առանց ազգի նահատակի
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
