Բաքվում ավարտվեց COP29-ը (Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային համաժողովը), իսկ դա նշանակում է, որ հայկական հասարակությունն արդեն մոռացել է այդ իրադարձության մասին։ Ավելի վաղ մենք քննարկել էինք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով բաց թողնված հնարավորությունները, իսկ այժմ ժամանակն է քննարկելու այդ համաժողովի նշանակությունն ընդհանուր առմամբ և բնապահպանական օրակարգի մոռացության մատնելը մասնավորապես։
Թշնամու իմիջի պահապանները
Նախևառաջ, նման «մեգամիջոցառումներն» ինքնին նպատակ ունեն բարձրացնելու, իսկ այս դեպքում՝ մաքրելու հյուրընկալող պետության վարկանիշը (իսկ եթե ավելի ճիշտ՝ փորձել «կանաչ» գույնով ծածկել թափված արյունը): Հայաստանը միշտ թերագնահատել է այս գործոնը՝ չնայած հայկական Սփյուռքի շնորհիվ ունեցած՝ հաջողակ և արագ զարգացող երկրի իմիջ կառուցելու և իրականում այդպիսին դառնալու բոլոր հնարավորություններին։ Այսպիսով, Ադրբեջանը սկսեց նույնացվել Ֆորմուլա 1-ի Գրան պրիի և շախմատի աշխարհի գավաթի հետ, իսկ Հայաստանը, հատկապես հիմա, աղքատության և պատերազմի վտանգի հետ: Բացի այդ, նման հարթակները սեփական նարատիվներն առաջ մղելու հիանալի հնարավորություն են, և, ինչպես միշտ, Ադրբեջանի ղեկավարությունն այն իրացրեց լիովին՝ համաժողովի շրջանակում ներկայացնելով «արևմտաադրբեջանական» և «իրևանյան» խոհանոցը, ինչպես նաև Երևանի ժառանգությունը Ադրբեջանին վերագրող գրքերը։ Եթե մինչև 2020 թվականը կամ, հատկապես կարճատեսների համար, մինչև 2023 թվականը հարևան երկրում նման միջոցառումների անցկացումը կարելի էր համարել Հայաստանի և հայկական աշխարհի ռազմավարական բացթողումներ, ապա այժմ նրա հեղինակության «սպիտակեցմանն» օժանդակելն ուղղակի մասնակցություն է Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործություններին։
Հիշեցնենք, որ այս անգամ ահաբեկչական երկրի տարածքում միջոցառման անցկացումը կանխելու կամ բոյկոտելու համար պահանջվում էր ոչ թե Հայաստանի ճնշումը, այլ ընդամենը ձեռքի մեկ շարժում։ Իրավիճակն իսկապես պարզերից չէր՝ համաժողովը պետք է անցկացվեր Արևելյան Եվրոպայում, և միակ երկրները, որոնց նկատմամբ Ուկրաինային աջակցելու համար վետո չէր կիրառել բոլորի հետ հավասար որոշումներ կայացնող Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանն էին։
Եթե այս երկու երկրներն արգելափակեին միմյանց, ապա ՄԱԿ-ը կմնար առանց համաժողովն անցկացնելու հարթակի դրա կայանալուց 11 ամիս առաջ։ Փաշինյանը «հանճարեղ» դիվանագիտական «բազմաքայլ» խաղ խաղաց, և 32 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք՝ համաժողովը Բաքվում անցկացնելու հայկական համաձայնության դիմաց։ Ե´վ «ընտրազանգվածն» է ուրախ, և´ Ալիևն է գոհ։ Գոհ է Ռուսաստանը, որը փաստացի բեմադրել էր այս սցենարը, և գոհ է հավաքական Արևմուտքը, որը պաշտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բարի կամքի «փոխադարձ» ժեստերը, հատկապես՝ Հայաստանի կողմից։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սիրում է Նիկոլ Փաշինյանը։ Լիակատար երջանկության համար մնում էր «խաղաղության պայմանագիրը» ստորագրել Համաժողովից առաջ, ինչի կոչով էլ նա դիմեց Ալիևին՝ քաջ գիտակցելով, որ նման ժամկետները կշեղեն միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի նկատմամբ քննադատությունից։ Պատկերացրեք ադրբեջանական մինի-սուլթանի լկտիության և անպատժելիության աստիճանը, քանի որ նա չշտապեց օգտվել այս առատաձեռն առաջարկից, որը, ինչպես միշտ, նրան ոչինչ չէր պարտավորեցնի, և որոշեց «թթու դնել» և անգամ Համաժողովի ժամանակ շանտաժի ենթարկել իր հանցակցին:
Ընդ որումշ, ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, եթե անգամ Ադրբեջանի նկատմամբ աճող դժգոհություն ունեցող այլ երկրները նման իրավիճակում նրա վրա ճնշում գործադրելու ցանկություն ունենային, լինի դա Համաժողովի անցկացումը թույլ չտալը, լիակատար բոյկոտը կամ հայ գերիներին այցելությունների պահանջը, Հայաստանի նման դիրքավորումը գործնականում դա անիմաստ էր դարձնում։ Բայց եթե Հայաստանը գլխով հավանության նշան էր տալիս, ապա ի՞նչ էր անում հսկայական մեդիա ներուժ ունեցող Սփյուռքը։ Մենք ինքներս նախ լռելյայն համակերպումը դարձնում ենք ընդունելի ռազմավարություն, իսկ հետո վշտանում ենք, որ չունենք միջազգային աջակցություն, և հետևաբար պետք է գնալ և հանձնվել թշնամուն։
«Բայց ինչպե՞ս մենք կարող էինք դիմակայել Ադրբեջանին»,- կհարցնեն «Իրական Հայաստանի» կողմնակիցները։ Դե ինչ, Հունաստանին և Կիպրոսին հաջողվում է Միջերկրական ծովում էներգետիկ համագործակցության հարցերում մեկուսացնել տարածաշրջանի «ամբողջ» տիրուհուն և ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, իսկ մի շարք արևմտյան երկրներ, ի համերաշխություն Իսրայելի, բոյկոտեցին 2009թ․ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի համաժողովը՝ Իրանի նախագահի մասնակցության պատճառով։ Ե´վ առաջին, և´ երկրորդ դեպքում ոչ ոք այլևս չի արդարացնում իր քայլերը գլոբալ հետևանքներով, «հավերժական խաղաղության» օրակարգով և «ուժեղ» հակառակորդի դիմաց սեփական թուլությամբ։ Այս երկրներին չի հետաքրքրում, թե արդյո՞ք իրենց վճռականությունը «դուր կգա» «միջազգային հանրությանը»։ Նրանց համար կան միայն իրենց կարմիր գծերը, դրանց նկատմամբ սեփական հարգանքը և նույնը մյուսներից պահանջելու պատրաստակամությունը։
Այժմ մենք կարող ենք որքան ուզենք ինքներս մեզ մխիթարել նրանով, որ Ադրբեջանը լիակատար անկարողություն է դրսևորել բարդ գլոբալ քննարկումները վարելիս, որ տասնյակ լրատվամիջոցներ քննադատել են համաժողովի անցկացումը Բաքվում, որ Ալիևը հիմնականում շրջապատված է եղել արևելյան բռնապետերով և նույնիսկ թալիբներով։ Սակայն վերջին հաշվով մնացորդը մեկն է՝ հայկական աշխարհը չհասավ անգամ նրան, որ գոնե միջին կարգի մի արևմտյան քաղաքական գործիչ սև խավիարով տարտալետներով սուրճի ընդմիջման փոխարեն 15 րոպե տրամադրեր բանտ այցելելուն, որպեսզի տեղեկանար, թե ինչ պայմաններում են պահվում հայ գերիները։
Ինքնաոչնչացում
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իհարկե, նույնպես սիրում է մեծամասշտաբ միջոցառումներ, ուստի ձեռքերը ծալած չի նստում ու «սովորում» է իր օրինակելի կերպարից, բայց ինչպես միշտ, շփոթում է պատճառն ու հետևանքը։ Այնպես որ, այս իրավիճակում ևս ամենամակերեսային դասը քաղեց «նախկինների» այդ սխալից, որոնք նույնպես չէին փայլում գլոբալ միջոցառումների անցկացման հարցում։ Այժմ, Փաշինյանը, նմանվելով Ալիևին, Հայաստանը երևակայում է իբրև «նավթապետություն»․ պետական միջոցների հաշվին երկիրը վերածել է ամբողջական բացօթյա համերգասրահի, ռենտան շռայլորեն բաժանում է ռեժիմի պահապաններին, ծաղրում է շրջակա միջավայրը և «երկնաքերներ» է վեր խոյացնում՝ ոչնչացնելով եզակի պատմական և բնական հուշարձանները։ Փաշինյանն ու նրա հանցակիցները համոզված են, որ նախկինում ամեն հայկականի նկատմամբ այս ամբողջ անպատիժ և անճաշակ ծաղրուծանակին խանգարում էր այն, որ Հայաստանին ընկալում էին որպես «ագրեսորի»։ Ինչպես տեսնում ենք, իսկական ագրեսորին նոր տարածքները միայն օգնեցին։
Այս պատմության մյուս կարևոր բաղադրիչը հենց էկոլոգիան է: Ադրբեջանում համաժողովի անցկացման պատճառով Հայաստանը փաստացի դուրս մնաց սեփական գոյությանն առնչվող կարևորագույն հարցերից մեկի գլոբալ քննարկումներից։ Բոլորին հայտնի է, որ մաքուր խմելու ջուրը արժեքավոր ռեսուրս է, որը գնալով ավելի սուղ է դառնալու, և ջրային ռեսուրսներն այժմ ցանկացած տարածքային հակամարտության կարևորագույն նպատակներից են։ Այնուամենայնիվ, կան ցանկացած պետության ազգային անվտանգության այլ կարևորագույն բաղադրիչներ ևս: Օդի որակի վատթարացումը և էներգառեսուրսներից և դրանց գներից կախվածությունը խաթարում են կյանքի տևողությունն ու որակը, նվազեցնում հանրային առողջապահության արդյունավետությունը և բարդացնում երկրի ապագայի երկարաժամկետ պլանավորումը: Այլ կերպ ասած, այս խնդիրներն ազգի ու պետության կործանման ավելի «հուսալի» եղանակ են, քան պատերազմը։ Դրանք չվերացնելը և հայկական էթնոսը սեփական գոյության արեալի մնացորդների վրա ոչնչացնելը ուղիղ ճանապարհ է դեպի «զրոյական արտանետումներ», ինչին Ալիևն արդեն հասել է Արցախում՝ այնտեղից վտարելով ողջ բնիկ բնակչությանը։
Նմանատիպ խնդիրները, ի դեպ, Հայաստանի ազգային անվտանգության ներկայիս «ռազմավարության» մեջ վերջին տեղում են։ Մինչդեռ, ինչպես Հայաստանի և հայկական աշխարհի գոյության մյուս, ավելի սուր սպառնալիքները, դրանք ևս հրատապ և բովանդակային արձագանք են պահանջում, իրական քայլեր՝ դրանց խորացումը կանխելու և արդեն իսկ հասցված վնասն արմատախիլ անելու ուղղությամբ։ Առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, խոստանալն է 10 միլիոն ծառ տնկել՝ անտեսելով ոլորտի փորձագետների խորհուրդները, և ի վերջո նշաձողն իջեցնել մինչև1 միլիոնի և հայտարարել, որ նույնիսկ դրանք զարմանալիորեն դժվարությամբ են արմատակալում։ Եվ սա տեղի է ունենում Երևանի իրական էկոցիդին զուգահեռ, որտեղ հիվանդության պատրվակով հատում են հին, դիմացկուն ծառերը, որոնք զովություն են ապահովում և պաշտպանում փոշուց և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, և դրանց փոխարեն դեկորատիվ և ոչ դիմացկուն ծառեր են տնկում, ինչպիսին սակուրան է:
Սա ցավալիորեն հիշեցնում է մեր պատմության ու ինքնության նկատմամբ վարվող քաղաքականությունը, այնպես չէ՞: Եվ այս բոլոր սեփական սխալները, ինչպես տասնամյակներով կուտակվածները, այնպես էլ նրանք, որոնցից կառավարությունը կարող էր խուսափել, վերագրվում են այն անհամաչափ վնասին, որը կրում է փոքր տնտեսություն ունեցող երկիրը, մինչդեռ գլոբալ խաղացողները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանը, փող են աշխատում՝ բարելավելով իրենց բնակչության կյանքի որակը և պաշարներ ստեղծում ապագայում հետևանքները հաղթահարելու համար։
Բավական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ինքնուրույն ոչնչացնում է Հայաստանի բնությունը և բառացիորեն փակում մարդկանց թթվածինը, այն նաև գործնականում արմատախիլ է արել երկրում ժամանակին զարգացած էկոակտիվիզմը: Այնպես է ստացվել, որ Ամուլսարում գիշեր-ցերեկ հերթապահող ակտիվիստները կամ նրանք, ովքեր ակտիվորեն դեմ էին արտահայտվում ներկայիս պայմաններում հանքավայրերի շահագործմանը՝ Ջերմուկի շրջակայքում բնապահպանական աղետը կանխելու համար, ինչպես և առհասարակ «քաղաքացիական հասարակությունը», առաջին «հայ ժողովրդավարի» օրոք, ով իշխանության եկավ և որոշեց, որ հանքն այնքան էլ վատը չէ, կամ անտեսանելի են դարձել, կամ արդեն տեղավորվել են կերակրատաշտակի շուրջ։
Հայաստանում այսօր «հերոսներն» էլ են ուրիշ՝ հարկատուները, ուստի Փաշինյանի համար սիրելի են և՛ Ամուլսարը, և՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ 2021թ․ կառավարությունը նաև խոշոր բաժնետեր է։ Զարմանալի չէ, որ ժամիշխանները շտապում են շահույթ ստանալ հենց այն վայրերում, որոնք իրենց իսկ մեղքով վաղը կարող են հայկական իրավասության ներքո չմնալ։ Ապագան այն երկրներինն է, որոնք կարող են հաղթահարել բնապահպանական մարտահրավերները, բայց Երրորդ Հանրապետության ղեկավարներին ապագան չէր հետաքրքրում և չի հետաքրքրում, նրանք օտարի պես շահագործում են Հայաստանի բնությունը, կարծես թե «վաղը» չի գալու, քանզի վաղը նրանք չեն լինի կամ գահին, կամ երկրում, կամ էլ ընդհանրապես այս աշխարհում։
Ներկայումս շրջակա միջավայրի միակ ձևը, որն իսկապես պաշտպանում է Հայաստանի կառավարությունը, իր հարևաններն են՝ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, ինչպես նաև նրանց բնակիչների՝ մաքուր ջուր և բերրի հող ունենալու պահանջմունքները։ Վերջիվերջո, հարևանների հետ հավերժական խաղաղություն հաստատելու համար պետք է, որ այդ հարևանները հավերժ գոյություն ունենան։ Եվ եթե դրա համար այսօր պետք է լվանալ նրանց՝ հայկական արյամբ կեղտոտված համբավը, իսկ վաղը օգնել նրանց ազատվել աղետալի աղբավայրերից ու աղտոտված ջրերից, ապա ինչո՞ւ չանել բարի կամքի նման դրսևորում։ COP29-ի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիևը նավթն անվանեց «Աստծո պարգև», որից չօգտվելը մեղք կլիներ։ Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ նավթն է։
