Հայկական վերնաշերտի տեղագրական կրետինիզմը

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը լայնորեն արծարծվում է երկրից մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ինչպես նաև նրա կուսակցապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ «առաջարկի» պատճառով, որը ժողովրդի ընտրյալ Աղազարյանը չշտապեց ընդունել։ Սակայն այս նախընտրական եռուզեռի և «փառապանծ հեղափոխության» ու հայկական ժողովրդավարության փրկության համար պայքարի իմիտացիայի ֆոնին Երրորդ Հանրապետության և առհասարակ հայկական աշխարհի խոսույթում տեղի ունեցող հիմնարար տեղաշարժերն աննկատ են մնում։

Մասնավորապես, այդ նույն Հովիկ Աղազարյանը վերջերս հանրային առանձնահատուկ համակրանք չվայելող  թեմայի՝ գալիք տարվա պետական բյուջեի ծախսերի հաստատման քննարկման շրջանակներում, հավանաբար կանխազգալով իր մանդատը կորցնելու վտանգը և հույս ունենալով շահել թուրքական պարետ Փաշինյանի բարեհաճությունը, որոշեց անկեղծանալ Հայրենիքի և հայ ժողովրդի վերաբերյալ իր ընկալման մասին՝ դրանով իսկ համալրելով այնպիսի երիտենիչերիների շարքերը, ինչպիսիք են Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը։ Նախկին դաշնակցականը չհամարձակվեց միանգամից հրաժարվել Արևմտյան Հայաստանից և որոշեց սկսել մի փոքր ավելի հարավից՝ Կիլիկիայից՝ հայկական և արևմտյան քրիստոնեական աշխարհների միջև կամուրջից, պետականության մի փորձից, որը թեև ձախողվեց, սակայն ապացուցեց, որ հայերն ունակ են պետություն վերստեղծել պարտություններից ու հալածանքներից հետո, և պետականության վերածնման հույս ներշնչեց՝ ընդհուպ մինչև Առաջին Հանրապետությունը:

Այդպիսով, Աղազարյանը, ով մեզ հետաքրքրում է զուտ որպես հայկական իմունային անբավարարության ախտանիշ, այլ ոչ թե որպես անհատականություն, բացահայտում է Երրորդ Հանրապետության ղեկավարների և հատկապես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի տրամաբանությունը՝ նրանց պատասխանատվության գոտին սահմանափակվում է իրենց կալվածքների դռներով, և եթե այնտեղ՝ դրանց պատերի հետևում, դարերով ու հազարամյակներով հայեր են ապրում, ապա նրանք «սխալ» հայեր են։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ է Աղազարյանը կարծում, որ «լավագույն» հայերը գնացել են «ինչ-որ տեղ» Կիլիկիայում պետություն կառուցելու, կարծես թե հայերը Կիլիկիայում չեն ապրել առնվազն մ․թ․ 1-ին դարից։ Եվ ինչո՞ւ նա չի գիտակցում, որ հավատքի ու ինքնության համար արժե բարձրանալ լեռները, կռվել թշնամիների դեմ և նույնիսկ այդ հարցում դաշնակիցներ գտնել, այլ ոչ թե փնթփնթալ ճակատագրի վրա և բողոքել, որ ամբողջ աշխարհը Հայաստանի դեմ է: Չէ՞ որ ավելի հեշտ է, իսկ նրանք նույնիսկ համարձակվում են պնդել՝ ավելի հայրենասիրական, «համաձայնության գալ» թշնամու հետ, նրա ցուցումով գծել սեփական ռեզերվացիայի գծերը և հուսալ, որ քեզ կուտեն վերջինը՝ բոլոր այն հայերին մարսելուց հետո, ում դու այդ գծից այն կողմ թողեցիր։

Բանն այն է, որ Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում թե´ Հայաստանի իշխանությունները, թե´ ընդդիմությունը, ինչպես նաև Սփյուռքը, ի հեճուկս Անկախության հռչակագրի, պատմական արդարության, Արցախի պաշտպանության, հայկական հավատքի և ինքնության հարցերը դիտարկել են որպես առանձին կուսակցությունների, մասնավորապես «Դաշնակցության» օրակարգ, այլ ոչ թե որպես հայկական պետության առաքելություն և գոյության իմաստ։ Այդ արատավոր միտումը շարունակում է նաև Աղազարյանը՝ մեղադրելով դաշնակցականներին այն բանի մեջ, որ նրանց նման տղերքը «գնացել են» Կիլիկիայում պետություն կառուցելու՝ սելջուկների հետ խաղաղ գոյակցելու փոխարեն։ Հայկական քաղաքական ազգի պաշտպանությունը՝ որպես հայկական աշխարհի սուվերեն, և դրա սահմանների տեսլականը չեն կարող պարփակվել նեղ կուսակցական շահերի շրջանակներում։ 

Հովիկ Աղազարյանը որևէ նոր բան չի ասել։ Բայց, ինչպես մենք անընդհատ հիշեցնում ենք ընթերցողին, խնդիրը ոչ այնքան նման դավաճանական հայտարարություններն ու գործողություններն են, որքան այն, որ դրանք դարձել են սովորական և նույնիսկ հանրային պարսավանքի չեն արժանանում, էլ չենք խոսում մեղավորների համար իրական հետևանքների մասին։ Անշուշտ, դժվար է զարմանալ Կիլիկիայի նկատմամբ նման վերաբերմունքից՝ հաշվի առնելով իշխանությունների ու նրանց աջակիցների վերաբերմունքը Արցախի կորստի թարմ վերքի նկատմամբ։ Բայց փաստը մնում է փաստ՝ Հովիկ Աղազարյանի սերունդը, որը, նրա խոսքերով «լացում» էր Կիլիկիայի մասին երգը լսելիս, ազատագրել է հայկական Արցախը։ Ուստի Աղազարյանի թոռներին և մեզ բոլորիս հրամայված է պատմական հայրենիք չհամարել ո´չ առաջինը, ո´չ երկրորդը, իսկ Կիլիկիայի ու Արցախի կերտողներին անվանել «դավաճաններ», ովքեր համարձակվել են պաշտպանել Հայաստանը և հայկականը «Իրական Հայաստանի» տարածքից դուրս։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն