Քաղաքական ռեալիզմը սովորեցնում է, որ արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման հիմքում ազգային շահն է։ Այդ շահի ձեւավորումը եւ դրա պաշտպանության գործիքների մշակումը ցանկացած կայացած պետության կառավարության գլխավոր նպատակն է։ Գործիքները կարող են լինել ամենատարբեր, քանի որ քաղաքականության մեջ ամենագեղեցիկն ու հիշարժանը վերջնական արդյունքն է։ Ընդհանուր առմամբ, ազգային շահերի պաշտպանության հարցում կարելի է առանձնացնել երկու հայեցակարգային ռազմավարություն։ Առաջինը կանխարգելիչ ռազմավարությունն է, որի էությունը զարգացման հնարավոր սցենարների առավելագույն քանակը հաշվարկելու եւ դրանցից ամենաանբարենպաստները հենց սաղմում վերացնելու մեխանիզմներ ստեղծելու ունակությունն է: Այստեղ տեղին է չինացի փիլիսոփա Սուն Ցզիի մեջբերումն այն մասին, որ իմաստուն ղեկավարության առաքելությունը թշնամու մտադրությունները տապալելն է: Բարձրակարգ արտաքին հետախուզությունը եւ հակահետախուզությունը, գաղտնի դիվանագիտությունը, լոբբիստական ցանցերը եւ այլն, կանխարգելիչ ռազմավարության առավել կարեւոր գործիքներն են: Երկրորդը օպերատիվ-արձագանքողական ռազմավարությունն է։ Շատ դեպքերում պետությունները (նույնիսկ ամենադիմակայունները) ստիպված են լինում բախվել տհաճ իրավիճակների, որոնք առաջանում են թերմշակման կամ սխալ հաշվարկների հետեւանքով։ Սա միանգամայն նորմալ է, եթե պետությունն ունի դիմացկունության անհրաժեշտ պաշար եւ ունակ է արագ եւ արդյունավետորեն արձագանքելու՝ նվազագույնի հասցնելով բացասական հետեւանքները։
Եկեք պատկերացնենք, որ ունենք ժամանակակից բովանդակային պետություն (խորհրդային բյուրոկրատիա ունեցող ֆիզիկական տարածքի փոխարեն) եւ ազգ (ոչ թե սոցիալ-մշակութային ծեսերի շուրջ համախմբված ժողովուրդ)։ Պատկերացնենք, որ այս պետությունն ազգային ազնվականության արդյունավետ գործունեության արդյունքն է, որն ի վերջո ի հայտ է եկել այն բանի արդյունքում, որ Սփյուռքի (հայկական համայնքների) ամենակրթված եւ ազդեցիկ անդամները սկսել են ճիշտ հետեւություններ անել եւ գործել համապատասխան ձեւով։ Պատկերացնենք, որ այդ պետությունն ունի հստակ ձեւավորված ազգային շահեր,
որոնք արտացոլված են հիմնարար փաստաթղթերում՝ ազգային անվտանգության ռազմավարություն, արտաքին քաղաքականության հայեցակարգ եւ այլն։ Այնուամենայնիվ, եկեք նաեւ պատկերացնենք, որ նման ուժեղ Հայաստանը, որը ամենից հաճախ գործում է կանխարգելիչ կերպով, ինչ-որ տեղ թերացել է եւ թույլ տվել իր հակառակորդին՝ ավտորիտար նավթագազային Ադրբեջանին, հասնել իր երկրում կլիմայական COP29 գագաթնաժողովի անցկացմանը, որին կմասնակցեն այս մոլորակի բոլոր ժողովրդավարությունները։ Ի սկզբանե նշենք, որ Ադրբեջանին որեւէ պահանջ ներկայացնել չենք կարող, քանի որ նրանք զբաղված են նույն գործով, ինչ մյուս բոլոր լուրջ խաղացողները (բացի Նիկոլի Իրական Հայաստանից)՝ իրական քաղաքականությամբ (ռեալպոլիտիկով)։
Այսպիսով, ինչ կաներ իսկական հայկական ղեկավարությունը նման իրավիճակում։ Նախ, ակտիվ լոբբիստական եւ քարոզչական արշավ կսկսեր՝ բոլորին ցույց տալով այդ նույն Ադրբեջանի երկերեսանիությունը, որը բանտում է պահում ողջ ընդդիմությանը եւ կլիմայական փոփոխությունների խնդիրն օգտագործում է (գլոբալ մասշտաբի սպառնալիք) մեկ անձի՝ Իլհամ Ալիեւի PR-ի համար, ով իշխանությունը ժառանգություն է ստացել իր հորից՝ խորհրդային ուժային Հեյդար Ալիեւից։ Երկրորդ՝ կօգտվեր Ադրբեջանի ղեկավարության թերացումներից, սխալներից ու անտեղյակությունից, որը, տրվելով զգացմունքներին, իր դեմ տրամադրեց բազմաթիվ լուրջ խաղացողների՝ պետությունների, կազմակերպությունների, շարժումների, լրատվամիջոցների, ընտանիքների եւ այլն։ Երրորդ՝ կբացահայտեր այն ուժերին, որոնք շարունակում են Ադրբեջանին որեւէ տեսակի աջակցություն ցուցաբերել, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Իդեալական իրավիճակ՝ ուրիշի բռունցքներով Բաքվին շատ զգայուն հարվածներ հասցնելու համար։
Այս ամբողջ պատմության մեջ ամենապարադոքսալն այն է, որ այդ հարվածներն հասցվում են, բայց առանց հայկական կողմի ներգրավվածության։ Ընդհակառակը, Երեւանում թուրքական կոլաբորացիոնիստները չափազանց ոգեւորված էին այն լուրով, որ COP29-ը Բաքվում է անցկացվելու (և, ինչ խոսք, նպաստել են դրան)։ Գաղութապետ Նիկոլ փաշան Ալիեւին շնորհավորողների առաջին շարքում էր եւ նույնիսկ չթաքցրեց այդ միջոցառմանը մասնակցելու իր մտադրությունը՝ հույս ունենալով վերջնականապես ավարտին հասցնել Հայաստանը հանձնելու գործընթացը եւ երկար սպասված «խաղաղությունը» բերել իր ընտրազանգվածին։ Սա կարող է ծիծաղելի եւ նույնիսկ անհեթեթ թվալ, բայց 21-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հինգ օրվա ընթացքում զգալիորեն ավելի մեծ հեղինակության եւ քաղաքական վնաս հասցրեց Ադրբեջանին, քան գաղութապետ Նիկոլի Հայաստանը վերջին հինգ տարվա ընթացքում: Թեեւ սա միանգամայն տրամաբանական է, եթե ելնենք այն իրողությունից, որ Ադրբեջանի նկատմամբ թուրքական կոլաբորացիոնիստների արտաքին քաղաքականությունը հիմնված է լիակատար համակերպման եւ անգործության երկաթյա եւ ամուր սկզբունքի վրա։ Դե, Փաշինյանը COP29-ի նման մանրուքների համար ժամանակ չունի, առանց այդ էլ կարեւոր գործերը շատ են՝ պետք է հրապարակայնորեն սափրի իր մորուքը եւ նոր կերպարով Անկախության հռչակագիրը «Իրական Հայաստանի» համար սպառնալիք անվանի, անպետք կոչի Սահմանադրությունը, որի համաձայն ինքը ղեկավարում է երկիրը եւ բացարձակ իշխանություն ունի այնտեղ, ինչպես նաեւ իր միջուկային ընտրազանգվածին պատրաստի հանրաքվեների՝ վերացնելու բոլոր փաստաթղթերը, որոնք խոչընդոտում են բաղձալի «խաղաղության» ձեռքբերմանը։
Իսկ ինչու՞ ոչ։ Հետո կարելի է հղում անել այն փաստին, որ երկրի Անկախության հռչակագիրը չեղարկել է մեկ այլ անձ՝ Նիկոլ «Անմորուք» Փաշինյանը, ում Կեղծնիկոլ կանվանակոչեն, ով ժամանակավորապես կառավարել է երկիրը, երբ իրական Նիկոլ «Մորուք» Փաշինյանին առեւանգել եւ պատանդ են պահել «Աերոֆլոտ» ավիաընկերության կանոնավոր չվերթներից մեկով Կրեմլի կողմից ուղարկված 12 հազար վագներցիները։ Մինչ միջազգային հանրության որոշակի մասը փորձում է սասանել այն աթոռը, որի վրա նստած է ալիեւյան կլանը, գաղութապետ Նիկոլը փաստացի նրա համար փրկօղակ է պատրաստում։ Դե, ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Չէ՞ որ ինչ-որ մեկի հետ պետք է «խաղաղության» պայմանագիրը կնքել։ Հուսով ենք, որ այս դեպքը (ինչպես հարյուրավոր մյուսները) կստիպի իրենց հայ համարողներին, ում համար թանկ են Հայաստանը եւ նրա պատմությունը, վերջապես ճիշտ եզրակացություններ անել եւ ճիշտ որոշումներ կայացնել։ Թուրքական կոլաբորացիոնիստական կառավարությունը պետք է ընկալվի որպես համազգային սպառնալիք, որը տասնապատիկ ավելի վտանգավոր է, քան երիտթուրքերը եւ մուսավաթականները։ Հատկապես կարեւոր է, որ դա հասկանան այն անհատները, ովքեր որոշակի կշիռ եւ հարգանք ունեն Սփյուռքում՝ հավակնելով դառնալ բովանդակային Հայաստանի ապագա հիմնադիր հայրեր։ Ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ ցանկացած հանդիպում ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական օկուպացիայի լեգիտիմացում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նրանցից որեւէ մեկի ձեռքը սեղմելիս, դուք սեղմում եք Էնվերի, Թալեաթի ու Ջեմալի ձեռքը։ Ոչ ավել, ոչ պակաս։
