Վերջերս հերթական անգամ լսեցինք, թե ինչպես է մի ամբողջ «գերտերության» արտաքին գործերի նախարարն իր բողոքի լացը կապել «լավ հարևանի և կարևոր գործընկերոջ»՝ Թուրքիայի Հանրապետության թերթին։ Պարոն Լավրովը «տարակուսած» է Ուկրաինային թուրքական զենքի մատակարարումների և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու միաժամանակյա փորձերի առնչությամբ:
Նախ` մենք ինչ-որ տեղ այդ տարակուսանքն արդեն տեսել ենք։ Երբ Թուրքիան 2015 թ․ խոցեց ռուսական ինքնաթիռը, իսկ հետո՝ մեկ տարի անց, երբ Թուրքիայում անպատիժ սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ այդ տարվա ընթացքում, և ինչու թուրքական սուլթան Էրդողանը Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վերանայելու կարիք առհասարակ չուներ։ Շատ բան չէ, ուղղակի եղավ ամառ և թուրքական լողափների հանդեպ ռուսաստանցիների թախանձագին կարոտ։ Այնքան ուժգին, որ Էրդողանը, ի հեճուկս Պուտինի սկզբնական պահանջի, իրականում նույնիսկ ստիպված չեղավ զուտ մարդկայնորեն և տղամարդավարի ներողություն խնդրել: Ամեն ինչ պատահեց ճիշտ ժամանակին՝ հենց հանգստավայրերի, լոլիկի բերքի և գալիք ռազմական հեղաշրջման փորձի սեզոնին։
Երկրորդ՝ ժամանակին հենց այդպիսի «միջնորդ» դարձավ Ռուսաստանը՝ դառնալով երաշխավոր, և Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրելով հրադադարի մասին համաձայնագիր, չնայած նրան, որ երկու կողմերին էլ զենք էր մատակարարում, ընդ որում՝ անհամաչափորեն ավելի շատ Ադրբեջանին, որն, ի տարբերություն Հայաստանի, ռազմավարական դաշնակից չէր հայտարարվել։ Սակայն Ռուսաստանը բավականին արագ հրաժարվեց միջնորդի դերից՝ փաստացի դառնալով համաձայնագրի երրորդ կողմը, որը բացարձակապես չհետաքրքրված չէր Ադրբեջանի կողմից համապատասխան կետերի իրագործմամբ։
Իհարկե, Ռուսաստանին չսթափեցրեց նաև Թուրքիայի տարածաշրջան պաշտոնական հրավեր դրաձած 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցածը։ Արդյունքում, հրադադարի ստորագրման գիշերը դե ֆակտո Թուրքիայի կողմից վերահսկվող Նախիջևանից խոցված ռուսական ռազմական ուղղաթիռը, որի համար ոչ ոք իրական պատասխանատվություն չկրեց, և Ակնայում (նաև հայտնի որպես Աղդամ) ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնը, որը 3 տարուց էլ ավելի քիչ ժամանակում դարձավ բացառապես թուրքական, լոկ համալրեցին ապտակների և «թիկունքից խրված դաշույնների» ցանկը: «Մոնիթորինգային կենտրոնի» թուրքացումը հետևեց Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտմանը, որն իր հերթին իրականացվեց ռուս խաղաղապահներին հենց իրենց մեքենայի մեջ դիմահար գնդակահարումից` ադրբեջանա-թուրքական հերթական անպատիժ հանցագործությունից, անմիջապես հետո: Մայր Ռուսաստանը պատրաստ եղավ շատ բաներ հանդուրժել՝ «զգացմունքներին չտրվելով» և «ռեալիզմին» հավատարիմ մնալով։
Թուրքիան, այնուամենայնիվ, ընդունո՞ւմ է Ռուսաստանի հարևաններին (մասնավորապես՝ Ֆինլանդիային) ՆԱՏՕ և նպաստու՞մ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի մոտենա Ռուսաստանի սահմաններին: Դուք ոչինչ չեք հասկանում, դա հավաքական Արևմուտքը ներսից քանդելու խորամանկ ծրագիր է։ Ստիպո՞ւմ է երկարաձգել միայն իրեն ձեռնտու հացահատիկի գործարքը Ուկրաինայում։ Դե, ինչու դեմ չտալ մյուս այտը: Օգտագործու՞մ է ռուսական փողերն ու տեխնոլոգիաները, որպեսզի վաղը էներգետիկ ռեսուրսների շուկայում մրցի Ռուսաստանի հետ և արևմտյան երկրների համար այլընտրանքային մատակարար դառնա։ Ինչ արած, պետք է ընկերություն անել ռեալիստների հետ, որպեսզի նմանվել նրանց։ Ղրիմում հսկայական մզկիթներ է կառուցո՞ւմ, աջակցո՞ւմ Ղրիմի թաթարների «անջատողականությանը», թրքացնո՞ւմ է թերակղզու հարավային ափը և ուղղակի հավակնություններ ներկայացնո՞ւմ նրա նկատմամբ: Սարսափելի ոչինչ չկա, վերջ ի վերջո, ռուս ժողովուրդը ամեն ինչ կհասկանա և կների։ Չէ՞ որ քրիստոնյա է։
Վերջիվերջո, «միայն թե պատերազմ չլինի», և Ռուսաստանը վաղուց արդեն չի էլ փորձում թաքցնել, որ խուսափում է, իսկ ավելի շուտ՝ հետաձգում է Թուրքիայի հետ ուղիղ ռազմական բախումը։ Պատերազմ չցանկանալը բացարձակ նորմալ է։ Հայաստանը ևս չէր ուզում (և չի ուզում)։ Հայերը նաև միամտորեն հավատում էին, որ Ռուսաստանը բավականաչափ ուժեղ է Թուրքիային զսպելու համար՝ Ադրբեջանի հետ պատերազմում Ռուսաստան ուղղակի օգնությունը ոչ ոք չէր էլ սպասում։ Բայց պարզվեց, որ Ռուսաստանն այլընտրանք չէ Թուրքիային, այլ նրա արյունոտ չանչերի շարունակությունն է, ինչպես և 1915 թ.: Նման «բազմաքայլ խաղերը» միշտ ողբերգական ավարտ են ունեցել Հայաստանի համար, բայց պետք չէ մոռանալ, որ դրանց գինն էր նաև Ռուսական կայսրության փլուզումը։
Ռուսաստանն, իհարկե, պատասխանատու չէ այն բանի համար, որ մենք դաշնակցությունը շփոթեցինք հովանավորչության հետ և, ի վերջո, անհետաքրքիր դարձանք նրա համար։ Ճիշտ այնպես, ինչպես Լավրովն ու Կառլովը մեղավոր չեն, որ ծնվել են հայկական արմատներով և ֆիզիկապես կամ որպես պրոֆեսիոնալներ զոհ ընկան Թուրքիային՝ չնայած իրենց ռուսական ազգանուններին։ Իսկ թե՛ Ռուսաստանի հետ «դաշինքինց», թե՛ «հայկական արմատներից» մեր ակնկալիքների համար, իհարկե, միայն մենք ենք պատասխանատու։ Սակայն այն, որ ապագայում «հայկական ծագում» ունեցող մարդիկ օտար կայսրությունների շահերին չծառայեն՝ Հայաստանի և հայկական աշխարհի շահերի հաշվին, նույնպես մեր պատասխանատվությունն է։
Այնուամենայնիվ, չմոռանանք մի բան։ 18-ամյա հայ զինվորը չկարողացավ հաշտվել նրա հետ, ինչը հիմա հանդուրժում է մի ամբողջ միջուկային տերություն, և չվախեցավ դեմ-հանդիման բախվել նրան, ինչից այն այդքան վախենում է՝ նախընտրելով իր մեջքը մերկացնել դաշույններին։ Հայ մարտիկը այդ դաշույնը ստացավ թիկունքից, սակայն, ի տարբերություն միջուկային տերության ղեկավարության և ներկայումս անրջահյուս «իրական Հայաստան» կառուցող հայերի, նա նման ընտրություն չէր կատարել։
Հետևաբար, մենք տարակուսում ենք միայն մեկ բանից՝ ինչպե՞ս կարելի է դեռևս տարակուսել։ Ի վերջո, երբեմն կարելի է նաև մտահոգություն հայտնել, ընդ որում, մի քանի բաժակից հետո՝ նույնիսկ խորը կամ լուրջ։
Հայաստանը բումերանգների և թիկունքին դաշույնների միջև
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
