4 տարի առաջ ստորագրվեց Երրորդ Հանրապետության պատմության ամենացնցող և այդ պահին ամենաողբերգական փաստաթուղթը՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Փաստաթուղթը, փաստացի, ներառում էր միայն միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ անորոշ ձևակերպումներ և գերիների փոխանակման խոստումներ։ Կատարվեցին, ընդ որում՝ անվերապահորեն, միայն հայկական կողմի պարտավորությունները, և բազմաթիվ հայ գերիներ Ադրբեջանից այդպես էլ չվերադարձան տուն։ Այդ հայտարարության անօգուտության գագաթնակետն Արցախի շրջափակումն ու հրադադարի վերջին խախտումն էր, որը հանգեցրեց հայկական երկրորդ պետությունից հայերի լիակատար գաղթին։ Հետևաբար, 2023 թվականի «սև սեպտեմբերից» հետո էլ ավելի մեծ կասկածներ սկսեցին առաջանալ այդ համաձայնագրին հավատարիմ մնալու նպատակահարմարության վերաբերյալ, որը նախ, Հայաստանից բացի ոչ ոք չի կողմից չի իրականացվել, և երկրորդ՝ ստորագրվել է հայտարարված և այժմ տապալված նպատակով՝ այն է՝ Արցախի փոքրիկ հողակտորի վրա փխրուն խաղաղության պահպանումը։
Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտարարություններից բխում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հրադադարի մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն) առանցքային նշանակություն ունի հայկական պետության անվտանգության իրավական ճարտարապետության համար։ Իրական իշխանության բացակայության և հեղինակությունների խարխլման պայմաններում զարմանալի չէ, որ Հայաստանում տարաձայնություններ կան այդ Հայտարարության բնույթի և իմաստի վերաբերյալ: Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսամետ կուրսի կողմնակիցները պնդում են, որ Հայտարարությունը կարևոր է, քանի որ միայն այնտեղ է հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, սակայն իրականում այն նրանց համար արժեքավոր է, քանի որ դրանում մատնանշվում է Ռուսաստանի դերը՝ որպես իբրև թե ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգության երաշխավորի։ Միևնույն ժամանակ նրանք չեն մոռանում այդ Հայտարարությունը կապիտուլյացիա անվանել։ Արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչները Հայտարարությունը գնահատում են որպես Հայաստանի և Արցախի ճակատագրի հանձնում Ռուսաստանի ձեռքը, որը հետագայում չկատարեց իր խաղաղապահ պարտավորություններն այդ տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ։ Ոմանք վստահ են, որ իրականում (sic!) Հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ չի վավերացվել խորհրդարանի կողմից։ Վերջապես, չկա կոնսենսուս այն հարցում, թե արդյոք Հայտարարությունը միջազգային պայմանագիր է, թե զուտ քաղաքական պրոկլամացիա: Առանձնահատուկ ուշադրության են արժանի տարածքային պնդումները, որոնք Բաքուն և Մոսկվան ներկայացնում են Երևանին՝ Արցախի բռնակցված տարածքները Նախիջևանին կապող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որը իբրև թե պետք է բացվի Ռուսաստանի վերահսկողության ներքո՝ Հայտարարության հիման վրա։ Այս հոդվածում մենք այս բոլոր հարցերը կմեկնաբանենք միջազգային պայմանագրերի իրավունքի տեսանկյունից։ Ցավոք, այս դիտանկյունը բացակայում է ինչպես հանրային դիսկուրսում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի անուղեղ պաշտոնական քաղաքականության մեջ։
Միջազգային պայմանագի՞ր, թե՞ ոչ
Միջազգային պայմանագիրը պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների (օրինակ՝ միջազգային կազմակերպությունների) միջև գրավոր ձևով կնքված համաձայնագիր է՝ անկախ նրանից, թե այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ այդ փաստաթղթերի կոնկրետ անվանումից (կոնվենցիա, պայմանագիր, համաձայնագիր, կանոնադրություն, արձանագրություն և այլն)։ Այդպիսի համաձայնագիր է համարվում այն համաձայնությունը, որը նպատակ ունի հաստատել, փոփոխել կամ դադարեցնել կողմերի (կողմի) իրավունքներն ու պարտականությունները միջազգային իրավունքի շրջանակներում։
Տվյալ ակտը միջազգային պայմանագիր է, թե ոչ, կախված է դրա կնքման պահին կողմերի կամարտահայտությունից։ Օրինակ՝ 1975 թվականի Եզրափակիչ (Հելսինկյան) ակտը, որը եվրոպական քաղաքական տարածության համար հռչակեց սահմանների անխախտելիության և մարդու իրավունքների հարգման սկզբունքները, միջազգային պայմանագիր չի համարվում, քանի որ այն ստորագրող կողմերը հայտարարել են, որ Ակտը պարունակում է «քաղաքական և բարոյական պարտավորություններ» և այնպիսի «պաշտոնական պայմանագրային պարտավորություն» չէ, ինչպիսին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունն են։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ՄԱԿ-ի ՄԴ) գտնում է, որ միջազգային իրավունքում չկա այնպիսի սահմանափակում, որը կխոչընդոտեր համատեղ կոմյունիկեին (հայտարարությանը) ձևավորել միջազգային իրավական համաձայնագիր։ Միջազգային պայմանագրի նպատակն այն բարիքն է, որին կողմերը ձգտում են հասնել պայմանագրի կնքման միջոցով, օրինակ՝ միջազգային քաղաքացիական ավիափոխադրումների ռեժիմի կարգավորումը, ծովում միջազգային մալուխի կառուցումը կամ զինված հակամարտությունից հետո հրադադարի ռեժիմի հաստատումը։ Այդ նպատակն արտացոլվում է նախաբանի բովանդակության, պայմանագրի առաջին հոդվածների, ստորագրող կողմերի նախորդող և հետագա վարքագծի, ինչպես նաև դրա կնքման պատմաքաղաքական պայմանների մեջ։
Այժմ վերադառնանք Հայտարարությանը։ Այն կազմվել է 44-օրյա պատերազմի վերջին փուլում, գրավոր, երեք օրինակով՝ կողմերից յուրաքանչյուրի ստորագրման համար և, ինչպես հետևում է 1-ին կետից, ուղղված էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը»։
Մնացած 2-9-րդ կետերը պարունակում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց նկատմամբ ունեցած իրավահաստատող և իրավափոփոխող բնույթի պարտավորությունները։ Մասնավորապես, 6-րդ կետով Ռուսաստանի վրա դրվում է Լաչինի միջանցքը[1] վերահսկելու պարտավորությունը, որը պետք է կապեր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, իսկ Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել միանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը՝ երկու ուղղություններով։ Առանձին նշենք, որ կողմերի հետագա վարքագիծը վկայում է, որ առնվազն մասամբ այս Հայտարարությունը նրանց համար պարտադիր բնույթ է ունեցել։ Այսպես, ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանի վերաբերյալ Լաչինչի միջանցքով անվտանգ տեղաշարժ ապահովելու մասին որոշումը կայացնելիս, հղում է կատարել Հայտարարության դրույթներին, քանի որ և՛ Երևանը, և՛ Բաքուն միմյանց նկատմամբ պահանջները ձևակերպելիս օգտվել էին դրա տեքստից։ Ռուսաստանն իրականում ձևավորեց «խաղաղապահ զորակազմ» Լեռնային Ղարաբաղում՝ հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողության նպատակով, սակայն, այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց հերթական լայնամասշտաբ հարձակումը և անեքսիայի ենթարկեց Արցախը, այդ ողջ ընթացքում լռություն պահպանած Ռուսաստանը միակողմանիորեն դուրս բերեց իր «զորախումբը»՝ պատճառաբանելով, թե այն «այլևս որևէ գործառույթ չունի»։
Վերոնշյալը թույլ է տալիս հանգել հետևյալ եզրակացությանը՝ Հայտարարությունն իսկապես հանդիսանում է միջազգային-իրավական գրավոր պայմանագիր, որով սահմանվում և փոփոխվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իրավունքներն ու պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որը 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մտել էր ակտիվ ռազմական գործողությունների փուլ։ Կողմերի հետագա վարքագիծը վկայում է, որ Հայտարարության բոլոր կողմերն այն դիտարկել են հենց որպես պարտավորեցնող համաձայնություն, այլ ոչ թե զուտ քաղաքական կոմյունիկե, որը հաստատում է արդեն իսկ գոյություն ունեցող իրավական նորմերը։ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից Հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների էական խախտումներն ունեն իրավական հետևանքներ, որոնց կանդրադառնանք ստորև։
Ինչու՞ Հայտարարությունը չի վավերացվել
Որպեսզի միջազգային իրավունքի սուբյեկտը համաձայնություն հայտնի, որ միջազգային պայմանագիրն իր համար պարտադիր ուժ ունի, սովորաբար օգտագործվում են հետևյալ պրակտիկաները՝ ստորագրում, պայմանագիր ձևավորող փաստաթղթերի փոխանակում, վավերացում, պաշտոնական հաստատման ակտ, հաստատում, ընդունում, հավանության արժանացում, միացում: Համաձայնագրի կողմերը կարող են իրենք որոշել նման համաձայնության արտահայտման եղանակը: Վավերացումը պարտադիր պահանջ չէ, որպեսզի պետությունը համարվի պայմանագրով պարտավորված։ Միջազգային պայմանագրերի մեծ մասն անցնում է ստորագրման և միացման ընթացակարգով, շրջանցելով վավերացումը, քանի որ իրենց բնույթով նման պահանջ չեն առաջացնում։ Սակայն հնարավոր է իրավիճակ, երբ միջազգային պայմանագիրը ստորագրելուց հետո անհրաժեշտ լինի այն վավերացնել ազգային լիազոր մարմնի (խորհրդարանի կամ պետության ղեկավարի) կողմից։ Այդ դեպքում, միջազգային իրավունքի համաձայն, կողմը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք միջազգային պայմանագիրը կզրկեն դրա կնքման նպատակից։ Պետությունը կարող է հղում անել հիմնարար նորմատիվային ակտի (օրինակ՝ սահմանադրության) ակնհայտ[2] խախտմանը և իրեն իրավական առումով տվյալ միջազգային պայմանագրով կապված չհամարել։
Հայտարարությունը վավերացման մասին կետ չի պարունակում։ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ստորագրել Հայտարարություն, ինչը և արվել է։ Միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի ազգային օրենսդրությունը պարունակում է ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին պահանջ, այսինքն՝ այնպիսի պայմանագրերը, որոնք վերաբերում են ռազմական համագործակցության, խաղաղության (հաշտության), հավաքական անվտանգության, զինաթափման, սպառազինությունների նկատմամբ հսկողության, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցության, ռազմական մատակարարումների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հարցերին («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ)։
Հայտարարության ստորագրման նպատակներից (տե´ս վերևում) կարելի է եզրակացնել, որ այն պետք է վավերացվեր Հայաստանի Ազգային ժողովի կողմից, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նույնիսկ այս դեպքում Հայաստանը պարտավոր էր ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք Հայտարարությունը կզրկեին դրա կնքման նպատակից: Արդյո՞ք սա միջազգային իրավունքի իմաստով բացահայտ խախտում էր (եթե խախտում եղել է), մենք ասել չենք կարող, քանի որ Հայաստանի գործող Սահմանադրության տեքստից հնարավոր չէ միանշանակորեն արտահանել դրույթներ, որոնք ուղղարկիորեն վերաբերում են Արցախի տարածքին։ 1991թ․ Անկախության հռչակագիրը, որում կա հղում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, սահմանադրական ակտի մաս չէ, թեև հայկական քաղաքական էստաբլիշմենթի համար ծանրակշիռ նշանակություն ունի։ Այստեղ պետք է ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն իսկապես բարեխղճորեն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմաքաղաքական կապիտուլյացիայի պայմանները։
Հայտարարության էական խաղտումները․ ի՞նչ անել
Ռուսաստանն ու Ադրբեջանը մշտապես մեղադրում են Հայաստանին Հայտարարության 9-րդ կետը չկատարելու մեջ, ըստ որի՝ անհրաժեշտ է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը և «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև» տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը փոխանցել ռուսական կողմին։ Ադրբեջանն ու Ռուսաստանը այս կետը մեկնաբանում են որպես Սյունիքով քաղաքացիների, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժի համար տրանսպորտային միջանցք «բացելու» Հայաստանի պարտավորություն։ Հարկ է նշել, որ պատոնական Երևանը ակտիվորեն պաշտպանում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարը, ինչն արտահայտված է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկի» փաշինյանական հայեցակարգում, սակայն պնդում է, որ սահմանային և մաքսային հսկողությունը Հայաստանը պետք է իրականացնի ինքնուրույն։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի վարչակազմը բարձրաձայնել է այս կարևորագույն հաղորդակցությունները մասնավոր ընկերությունների սպասարկմանը հանձնելու գաղափարը։ Ինքնըստինքյան, Բաքվի կառավարության շովինիստական հռետորաբանությունը թույլ է տալիս միջանցքի բացման պատրվակը լրջորեն դիտարկել որպես տարածքային պահանջներ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ, այլ ոչ թե որպես կառուցողական տնտեսական առաջարկ։
Հայաստանն, իր հերթին, Ադրբեջանին և Ռուսաստանին մեղադրել է Հայտարարության 6-8-րդ կետերը չկատարելու մեջ, որոնք երաշխավորում են Հայաստանի և Արցախի միջև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակումը։ 2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնակցումից և արցախահայության բռնի տեղահանումից հետո Լաչինի միջանցքը դադարեց գոյություն ունենալ, ռուսական «խաղաղապահ զորախումբը» դադարեց գործել, իսկ այժմ Բաքվում գերության մեջ են պահվում նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Եկեք քննարկենք Հայտարարության իրագործելիությունը միջազգային պայմանագրի էական խախտման և նման խախտման հետևանքների հայեցակարգի տեսանկյունից։
Միջազգային պայմանագրերի իրավունքը նախատեսում է, որ էականության չափանիշը առանցքային է մասնակից պետության կողմից պայմանագրի միակողմանի կասեցման և (կամ) դադարեցման իրավունքի համար: Էական խախտում նշանակում է (1) միջազգային պայմանագրից անիրավաչափ հրաժարում, (2) պայմանագրի առարկայի և նպատակների իրականացման համար էական նշանակություն ունեցող դրույթի խախտում: Էական խախտումը կապված չէ պայմանագրի էական պայմանների հասկացության հետ՝ նույնիսկ միջազգային պայմանագրի օժանդակ դրույթների էական խախտումը թույլ է տալիս տուժող կողմին օգտագործել վերը նկարագրված գործիքները:
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում ռուս-ադրբեջանական դաշինքի հետ առճակատումն ունի նաև միջազգային իրավական չափում, ուստի ներկայիս իրավիճակը պետք է մեր օգտին շրջել նաև այդ հարթությունում։ Հայտարարության նպատակներն էին՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով (տե´ս վերևում) հրադադարը, Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ հետպատերազմյան մատակարարումների կազմակերպումը, Ադրբեջանի կողմից Արցախում լայնարձակ տարածքների զավթման պաշտոնականացումը, հումանիտար հարցերը։ Արցախի երկարատև շրջափակումը, որը տեղի էր ունեցել միջազգային իրավունքի խախտմամբ և դատապարտվել էր ՄԱԿ-ի ՄԴ-ի կողմից, Արցախի ռազմական բռնազավթումը, զանգվածային պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, արցախահայերի բռնի տեղահանումը և «ռուսական խաղաղապահ զորախմբի» գործունեության դադարեցումը Հայաստանին իրավունք են վերապահում միակողմանիորեն կասեցնել և (կամ) դադարեցնել Հայտարարությունը՝ դրա էական խախտումների պատճառով և իրավաչափորեն մերժել Ռուսաստանին և Ադրբեջանին այսպես կոչված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում (տե´ս վերևում):
Բնականաբար, զինված ագրեսիան հայ-ադրբեջանական հակամարտության մշտական բաղադրիչն է, ուստի Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել սեփական բնակչությանը հերթական պատերազմով ահաբեկել այնքան, որքան ցանկանա։ Այնուամենայնիվ, Հայաստանը ծանրակշիռ փաստարկ ունի միջազգային հարաբերությունների այլ դերակատարների համար, որոնք տարածաշրջանում շահեր ունեն՝ Իրան, ԱՄՆ, Եվրամիություն։ Շահագրգռված լինելով Միջին միջանցքում[3] Հայաստանի մասնակցությամբ՝ Բրյուսելը և Վաշինգտոնը ստիպված կլինեն հաշվի առնել Հայաստանի կարծիքը Արցախ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու, հայերի և Հայաստանի համար հումանիտար իրավիճակի բարելավումն արագացնելու անհրաժեշտության հարցերում։ Այս միջոցները հստակորեն նշել է ՄԱԿ-ի ՄԴ-ն իր հրամաններում: Հայտնի է, որ առնվազն եվրոպական պետությունների համար միջազգային դատարանների ակտերի կատարումը նրանց ազգային դերի հայեցակարգի[4] կարևոր մասն է, ինչը երևում է Գազայի պատերազմի շուրջ ծավալված թեժ իրավական վեճերից։ Հարկ է նշել, որ Իրանը լիազորված անձանց բազմաթիվ հայտարարություններում ակտիվորեն դեմ է հանդես գալիս տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխությունների՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ակտիվացված ճնշումը Երևանի ժամիշխան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Վերոնշյալներից ոչ ոք մեր փոխարեն չի վազելու փրկելու Սյունիքը կամ վերադարձնելու Արցախը։ Սակայն, Ադրբեջանի նկատմամբ արտաքին ճնշում ձևավորելու համար առկա միջոցները չկապիտալիզացնելը, քանի դեռ սեփական իմունիտետը չի վերականգնվել, մահացու վտանգավոր է Հայաստանի և հայկական աշխարհի համար։ Եվ, իհարկե, մեր գլխավոր ռեսուրսը, սեփական աշխարհագրության և լոգիստիկայի հետ մեկտեղ (պատահական չէ, որ դրանք այդքան բարդ են, ինչը նշանակում է, որ դրանք շատ ավելի արժեքավոր են մեզ շրջապատող բոլորի, քան թե հենց մեզ համար), մեր հիմնական ռեսուրսը հայկական աշխարհն է: Մենք այն անտեղի վատնել ենք Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, և պետք է հասկանանք, որ միջազգային հանրության մահացու լռությունը հենց մեր այդ սխալի արդյունքն է։ Նավթի ու մեծ տարածքի մասին արդարացումները միայն ծույլ ժամիշխանների համար են՝ սկսած նրանցից, ովքեր 1994 թվականին ստորագրել են առաջին զինադադարը՝ ունենալով Ադրբեջանին կապիտուլյացիայի հասցնելու բոլոր հնարավորությունները։
Եզրակացություն
Լայն տարածում գտած գաղափար է, որ միջազգային իրավունքը, միջազգային քաղաքականության մեջ հարկադրելու և պատժելու ունակ գերագույն սուվերենի բացակայության պատճառով, վաղանցիկ և իրականության հետ կապ չունեցող ինչ-որ մի բան է։ Ընդհակառակը, իմաստուն և հեռատես քաղաքական գործիչները դիմում են միջազգային իրավունքին և ինստիտուտներին, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ծառայել իրենց շահերին՝ Realpolitik-ի գլխավոր հայեցակարգին։ Նիկոլ Փաշինյանին դժվար թե կարելի է անվանել քաղաքական գործիչ այն իմաստով, որով Հայաստանը կցանկանար տեսնել նրան, բայց դա ինքնին չի խանգարում մեզ գնահատել իրավիճակը՝ օգտագործելով միջազգային իրավունքի դիտանկյունը։ 2020 թ․ նոյեմբերի 9-10-ի հրադադարի մասին հայտարարությունը պաշտոնականացրեց Արցախում հայկական աշխարհի հրեշավոր պարտությունը, և հուզականորեն այդ ակտի մասին, ընդ որում շատ արդարացիորեն, ընդունված է խոսել ծայրահեղ անհամաձայնությամբ։ Սակայն միջազգային իրավունքի գոյություն ունեցող կայուն մեխանիզմները, ինչպես ցանկացած այլ գործիքներ, կարող են և պետք է կիրառվեն հանուն սեփական ազգային շահերի և հանուն Հայաստանի ու նրա անբաժանելի մասի՝ Արցախի համար էական առաջընթացների արձանագրման։ Սակայն դրա համար անհրաժեշտ է իսկական ազնվականություն, որը կկարողանա ձևավորել հենց այդ նույն ազգային շահը:
[1] Միջանցքի առնչությամբ օգտագործվում է հենց այդ եզրույթը, սակայն հիշեցնենք, որ բնակավայրի իրական անունը Բերձոր է։
[2] Խախտումը համարվում է ակնհայտ, եթե այն օբյեկտիվորեն ակնհայտ է ցանկացած պետության համար, որը տվյալ հարցում գործում է բարեխղճորեն և սովորական պրակտիկայի համաձայն (Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մաս):
[3] Խոսքը Կենտրոնական Ասիայի և Միջերկրական ծովի տարածաշրջանի միջև տարանցիկ միջանցքի մասին է։ Այս դեպքում «միջանցք» նշանակում է բարձր տեխնոլոգիական համալիր տրանսպորտային համակարգ, որտեղ արագացված է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեղաշարժը, առաքման ծառայությունները և գործարքների փաստաթղթավորումը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։
[4] Ազգային դերի կոնցեպցիա (անգլ. national role conception)՝ նորմերի, ուղղորդող սկզբունքների և չափանիշների համակցություն է, որոնք ազդում են արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունման բազմաթիվ ասպեկտների վրա։ Օրինակ՝ միջազգային մակարդակում Գերմանիան ստիպված է վերանայել իր հաստատուն իսրայելամետ դիրքորոշումը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ հակամարդկային պատերազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության տառապանքների ֆոնին, քանի որ միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և ագրեսիայից հրաժարումը նրա ազգային դերի հայեցակարգի հիմնական տարրերն են։
