Հայկական ոգու վերջին պատվարը

Ամոթ չէ իսկական հայկական մշակույթը չիմանալը, սակայն այն մոռացության մատնելը անպատվություն է։ Միայն մենք ինքներս ենք կարող պահպանել այն ու փոխանցել սերունդներին՝ որպես կողմնացույց՝ դեպի մեզ ու մերը վերադառնալու համար։

Վերջին տարիներն ի ցույց դրեցին, թե ինչքան վատ ենք ինքներս մեզ ու մեր Հայրենիքը ճանաչում, այնքան, որ անսպասելիորեն բախվեցինք նրան, որ արդեն վիճում ենք, թե ինչն է այդ Հայրենիքի մասը կազմում, ինչը՝ ոչ։ Բայց չէ՞ որ նրան իսկապես սիրելու համար նրան ճանաչել է պետք, այլապես հնարավոր չէ հայրենատեր դառնալ։ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին ավելի շատ վրացական կամ թուրքական հանգստավայրերի անուններ կթվի, քան լեռների` Հայրենիքի այն փոքրիկ մնացորդի, որն այժմ նրա պետությունն է կոչվում։ Այնուամենայնիվ, «իր գիտութիւնն աւելացնողը իր ցաւն է աւելացնում»։ Նրանցից շատերը, ովքեր երբեք չեն մտածել Արցախ գնալու մասին, այժմ անհամբեր սպասում են «խաղաղության դարաշրջանին» և միայն ուրախ կլինեն Գյումրին ու Մեղրին վերածել իրենց շատ ավելի հասկանալի և հոգեհարազատ Բաթումիի:

Բայց բնակչության այդ 15 տոկոսից էլ քիչ մասի հետ ամեն ինչ պարզ է։ Մենք դիմում ենք նրանց, ում համար Հայրենիքը չի ավարտվում 29743 քառակուսի կիլոմետրով՝ մի գյուղի մեջտեղում, որտեղ դեռևս մեկ տարի առաջ հայն իր այգին էր մշակում, որի առաջին ծառը նրա նախնիները տնկել էին դեռևս մեր թվարկությունից առաջ, իսկ այսօր նրա աշխատանքի պտուղները ադրբեջանցի օկուպանտն է քաղում։ Այն քիչը, որ մենք կպատմենք հայկական մշակույթի հազարամյա մյուս պտուղների մասին (իզուր չէ, որ մշակույթը ծագում է հենց հող մշակելուց) ամոթ չէ չիմանալը, սակայն անպատվություն է մոռացության մատնելը։ Միայն մենք ինքներս ենք կարող պահպանել այն ու փոխանցել սերունդներին՝ որպես կողմնացույց՝ դեպի մեզ ու մերը վերադառնալու համար։

Ինչպես ականատես եղանք, հեշտ է կորցնել այն, ինչի մասին գրեթե ոչինչ չգիտես: Քանի՞ հայ է գիտակցել 1990-ականներին Արցախի ազատագրման արժեքը և այն կարող է լուսաբանել եթե ոչ միջազգային դիտորդին, ապա գոնե սեփական երեխային։ Քանի՞ հայ կարող է բացատրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին շրջանառության մեջ դրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի իմաստը։ Հուշում՝ դա չեն բացատրի անգամ նրանք, ովքեր ստեղծել են այդ կարգախոսը։ Աջ ու ձախ առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին խոսող քանի՞ հայ գիտի քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու՝ հայկական ինքնության պահպանման գործում ունեցած դերի մասին։ Քանի՞սն են մեծագույն վանական և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն ընթերցում միակ լեզվով, որով կարելի է հասկանալ նրա խորությունը՝ գրաբարով։ Իսկ նրա՞նք, ովքեր իրենցից գոհ գրում են, որ Թիֆլիսն ու Բաքուն հայերն են կառուցել, բայց չեն կարողանա մեկ օրինակ նշել ու պատասխանել, թե ինչո՞ւ են հայերը շենացրել այդ քաղաքները, և ոչ թե Երևանը։ Եվ բանն այն չէ, որ մարդիկ քիչ են կարդում կամ չեն հետաքրքրվում իրենց Հայրենիքով. շատ քիչ տեղերում մեկ քառակուսի մետրի վրա այդքան քայլող հանրագիտարաններ կգտնեք։ Բանն այն է, որ չկա ազգային ազնվականություն, որը կկարողանար բովանդակությամբ լցնել այս բոլոր արդարացի հայտարարություններն ու պնդումները։ Առանց այդ գաղափարները ներքին բովանդակությամբ լցնելու՝ դրանց կրողներն ավելի խոցելի են դառնում (քանզի որքան մեծ են սպասումները, այնքան ավելի ցավալի է անկումը):

Այդ իմաստները և մեր մասին մեր իմացությունն օդում կախված չեն սպասում, որ ինչ-որ մեկը գա ու դրանք վերցնի: Մենք շատ երկար ենք իրենց կորցրել ճանապարհին՝ բարբարոսական հարձակումներում, ավերված հեթանոսական տաճարներում և վտարված քրմերի մեջ, քանդված եկեղեցիներում և հալածված վանականների մեջ, գաղութատերերի՝ ամեն հայկականը ոչնչացնելու համակարգված քաղաքականության պայմաններում: Հայկական ձեռագրերը պահպանվել են հնդկական Մադրասում, բայց ոչ հայկական Պոլիսում։

Դա լոկ ինքնության ջնջում չէր։ Այն, ինչ սկզբում մեր մասին գիտեին քրմերը, հետո քահանաները, իսկ ավելի ուշ՝ Կոմիտասի նման երաժիշտներ և Նժդեհի նման մտածողները, կարող էր մեզ թույլ տալ վերգտնել այն, ինչ անտեսանելի կերպով պաշտպանում էր մեզ լիակատար կործանումից՝ ազգային անձեռնմխելիության սաղմերը, ներքին ուժը և առանցքը, ավելի մեծ բանի մաս կազմելու ցանկությունը՝ չնայած անվերջ պատերազմների և բաժանումների կողմից պարտադրված եսասիրությանը: Ի վերջո, եսասիրությունն ինքնասիրության հակառակն է: Ինչպե՞ս կարող ես քեզ սիրել, եթե չգիտես, թե ով ես դու:

Հայկական մշակույթի բազմաթիվ շերտեր՝ ֆիզիկական և ոչ նյութական, անդառնալիորեն կորսված են։ Հրաշքով մեզ հասածի մի զգալի մասն այժմ ապրում է առանձին էնտուզիաստների գլուխներում և կցկտուր գրառումներում, ում մեծամասնությունը սովորաբար գիժ է համարում։ Պետության հիմնական գործառույթն է պահպանել, բազմապատկել և բացահայտել իրեն կերտող ազգի ներուժը։ Այնուամենայնիվ, անվանական պետականությունը նույնքան թանկ է նստել դրսից կառավարվող Հայաստանի և հայկական մշակույթի վրա, որքան ուղիղ գաղութային կառավարման դարերը: Կորցրած կյանքեր և տարածքներ, ուղեղների արտահոսք և գիտելիքի նզովք՝ ահա և Երրորդ Հանրապետության գոյության չոր մնացորդը։

Ինքնությունն է սեփականը և յուրայինը տարբերակում օտարից: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել հայկական երաժշտությունը, եթե չես կարողանում այն ​​առանկնացնել «ադրբեջանականից» (պարզ է, որ վերջինս չի հավակնում ինքնօրինակության): Ինչպե՞ս պաշտպանել քո դարավոր ազգային տարազներն ու գորգերը, եթե ադրբեջանցիները վաղուց սկսել են զարդակարել քո նախշերը, իսկ դու Հայաստանում և Սփյուռքում «մշակութային» միջոցառումների ժամանակ Թուրքիայում պատրաստված հայկական աղավաղված ու այլանդակված նախշերով ես սփռոցներ գցում և երեխաներիդ նույնպիսի տարազներ հագցնում։ Ինչպե՞ս կարելի է ադրբեջանցիների հետ վիճել, թե ում պարն է քոչարին, եթե գիտես միայն պարի անվան ծագման ադրբեջանական տարբերակը և նրանց պես տեղյակ չես, որ իրականում քոչարին մեկ պար չէ, այլ մոտ մեկ տասյակ մարտական պարերի համախումբ՝ Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից։ Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար, բացի մի խումբ էնտուզիաստներից և գեղեցիկի մեր հավաքական զգացումից, որը հուշում է, որ Գրիգոր Նարեկացի և Կոմիտաս ծնած ժողովուրդը չի կարող վայելել Սպիտակցի Հայկոյի պես կատարողների՝ ադրբեջաներենից և թուրքերենից թարգմանված «երգերը»։

Հայկական երաժշտության, պարերի, նախշերի, հագուստի, ճարտարապետության, կրոնի մասին մակերեսային դատողությունները բավական են բազմոցային պատերազմների մեկնաբանություններում ինքնահաստատվելու համար։ Սակայն այս մակերեսայնությունը, ինչպես արդեն ասացինք, կործանարար է նույնիսկ ոչ այն պատճառով, որ հայկական մշակույթի հերթական արժեքը կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ադրբեջանական։ Ո´չ։ Խնդիրն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեր նախնիների բազմաթիվ սերունդների իմաստությունը, մեր ուժի և անկախության ծածկագիրը:

Կարո՞ղ եք հարսանեկան տոնակատարությունների ժամանակ թիկունքից հայերին թիկունքից տարբերել ադրբեջանցիներից կամ թուրքերից: Այդ դեպքում միգուցե Նիկոլ Փաշինյանը իրավացի՞ է, և մենք իսկապե՞ս կարող ենք սկսել խաղաղության դարաշրջան և «ինտեգրվել» նրանց հետ:

Բայց հաստատ այս մոլորակի վրա որևէ մեկի հետ չեք շփոթի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում պարելու հավաքվող հայերին։ Ինչու՞ է այդպես: Գրեթե յուրաքանչյուր հայ ձեզ կպատմի, որ մեծն Կոմիտասը բացահայտել է հայկական «նոտաների»՝ խազերի գաղտնիքը, բայց Եղեռնը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակում լինելով՝ պատռել է այդ գաղտնիքը բացահայտող թուղթը։ Թեև, իհարկե, ոչ բոլորը կհասնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որն ընդամենը մի քանի քայլ է հեռու բոլորի սիրելի Երևան մոլից (Երևանի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը, որը կառուցված է Ուրարտուի ժամանակների ամենահին քաղաքային կառույցներից մեկի տեղում) և կիմանան, որ, ամենայն հավանականությամբ, Կոմիտասը չի խելագարվել, այլ միայն ինքն իրեն լռության է դատապարտել այն ամենից հետո, ինչ տեսել էր Արևմտյան Հայաստանում։

Խազերի գաղտնիքը մնաց չբացահայտված, բայց Կոմիտասը գրի առավ մաքրամաքուր հայկական երաժշտությունն իր յուրօրինակ ռիթմով և կոդավորեց հայկական պարերի շարժումները։ Մեր նախնիները պարեր են ունեցել կյանքի բոլոր առիթների համար՝ պատերազմի, հաց թխելու, բերք ցանելու, խոտ հնձելու, մածուն մերելու, իհարկե, հարսանեկան ծեսերի, շինարարության համար կավ հունցելու, չար ուժերին խճճելու, երաշտի, թաղման, բարձր թռչող թռչուններին պատվելու, թշնամիներին վախեցնելու, ովքեր, ի դեպ, նախկինում հայ հարսնացուներին իրենց հարսանիքներից առևանգում էին և այլն։ Այս ցանկից մի քանիսը կարող են սնահավատություն թվալ, բայց  նախաքրիստոնեական պարերը ժամանակի ընթացքում դարձան հայի` իր բնության, հողի, համայնքի հետ ներդաշնակության մարմնավորումը։ Այդ կոդավորման մեջ կան ոտքերով «զսպանակներ» կամ տատանումներ ուղղահայաց շարժումների տեսքով, որոնք այս պարերում ամենուրեք են։ Այդ պատճառով հայերին կարելի է առանց վրիպելու տարբերել նույնիսկ այդ պարերերից նրանցում, որոնց որոշ տարբերակները օգտագործում են այլ ժողովուրդներ, որոնք ժամանակին բնակեցրել են Հայկական լեռնաշխարհը, որն այժմ նենգորեն «Անատոլիա» են անվանում՝ հույները, քրդերը, ասորիները։ Մեզ հասած բացարձակապես բոլոր հայկական էթնիկ պարերը բաղկացած են այնպիսի զսպանակների շարքից, որոնք կարող են խորանալ և դանդաղել կամ արագանալ՝ մինչև ցատկի աստիճան։ Դրանք հատուկ կապ են ստեղծում ոտքերի տակ գտնվող հողի հետ, թույլ տալիս ամուր կանգնել դրա վրա, զգալ այն և կողակիցներին՝ ամեն մի բջիջով։

Այդ պարերում ամեն մանրուք մտածված է։ Ընդհանուր գործերի ու ծեսերի հետ կապված պարերը ունեն «գունդ» կոչվող շրջանաձև կառուցվածք։  Դրանք ժամերով պարում էր ողջ համայնքը՝ միմյանց ճկույթից կամ ուսերից բռնելով։ Շրջանը լքել չէր կարելի առանց հարևանների մատները իրար միացնելու. այն ոչ մի վայրկյան բաց չպետք է մնար օտարների համար։ «Անձնական տարածությունը» վերանում է մարտական ​​պարերում, այդ թվում՝ քոչարիում, որոնք գրեթե միշտ կատարվում են հստակ գծով՝ ձեռքերը ամուր խաչված։ Պարերի այս բոլոր տեսակներում չափազանց կարևոր է կողքինից առաջ չընկնելը։ Եվ սրանից հետո ինչ-որ մեկը մեզ կփորձի ասել, որ մենք չե՞նք կարող թիմային խաղացողներ լինել և ամեն մեկը մտածում է միայն իր մասի՞ն։ Թերևս միայն նրանք, ովքեր հարսանիքներին որպես հայկական պար կատարում են անհատական մրցակցության վրա հիմնված լեզգինկայի նման մի բան։ Եվ սա ևս նրանց մեղքը չէ. մեզ լեզգինկա պարտադրելն օգտակար էր գաղութարարներին, որպեսզի մեր ձեռքերն ու ոտքերը մոռանան, թե ինչպես կանգնել իրար կողքի՝ անսասան պատ կազմելով։

Մենք հպարտորեն պատմում ենք մարտական ​​պարերի մասին և տարակուսանք առաջացնում օտարերկրացիների մոտ (բոլորը հիշու՞մ են Կեսարի հայտնի «մեջբերումը», թե ինչպես նրա ամրոցը փոշու կվերածվի, հենց հայերը ուս-ուսի տված սկսեն պարել): Թեև փոխաբերություն է, անշուշտ, այն ճիշտ է: Իսկ մենք ի՞նչ գիտենք այդ նույն մարտական ​​պարերի մասին։ Դե, նախ, հայտնի յարխուշտան զինակից եղբորը առավելագույն նվիրումի մարմնացում է, ում հետ ուս-ուսի ուր որ է մարտի մեջ կմտնի։ Երկրորդ՝ վերադառնանք քոչարիի ստուգաբանությանը։ Այս պարի անվանումն ու բովանդակությունը ծագում են խոյերի (նախկինում` ղոչ)՝ հայ մարտիկների դերային մոդելների, պաշտամունքից։ Խոյը մարտի է բռնվում միայնակ, ճակատը դեմ է տալիս թշնամուն, երբեք գլուխը չի խոնարհում, և վերջապես, հաղթանակած ուղղում է մեջքը, որպեսզի նորից մարտնչի թշնամու դեմ։ Հիմա այդքան էլ զարմանալի չէ, որ թուրքերն էլ իրենց համար ընտրել գորշ գայլերի մոդելն են ընտրել, չէ՞: Սակայն մենք ինքներս հպարտ խոյերին շփոթել ենք սպանդի գնացող գառների հետ և ակտիվորեն տարածում ենք ադրբեջանական վարկածը, իբր թե քոչարին ծագում է «քոչվոր» բառից։

Ժամանակին Գագիկ Գինոսյանը, զորահրամանատար և մի մարդ, ով հատ առ հատ վերականգնում էր Ցեղասպանության հետևանքով գործնականում անհետացած պարերը, մի խոսքով՝ մեկը նրանցից, ում բառի իսկական իմաստով կարելի է ազգային ազնվականություն անվանել, առաջարկել էր մարտական ​​պարերը՝ յարխուշտան և Շատախի ռազմապարը, ներառել բանակային պատրաստության մեջ։ Սեյրան Օհանյանի նախարարությունը մերժեց նրա գաղափարը, քանի որ զբաղված էր «ավելի լուրջ» գործերով, օրինակ՝ հափշտակելով պաշտպանության բյուջեն և զորամասերում փակցնելով կարգապահության և հայրենասիրության մասին երկարաշունչ տեքստեր՝ այն անձանց կարճ և բովանդակալից ուղերձների փոխարեն, ում հայ զինվորը պետք է ամեն օր տեսներ գոնե նկարներում՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի և այլոց, ում դավաճանեցին Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունները։

Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն՝ ավելի լավ կլիներ առաջարկեր հազարավոր անօդաչու թռչող սարքեր գնել։ Սակայն, նախ, դա առաջարկել էին ուրիշները, և նրանց ձայնը ևս անտեսվել էր։ Երկրորդ՝ միասնականություն, կարգապահություն, պատասխանատվություն՝ ահա իրական որոշիչ գործոնները մարտադաշտում, որոնք հայտնի են առնվազն 2500 տարի (հիշենք Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունը): Սակայն, կա ևս մեկ չափազանց կարևոր գործոն, որի վրա այդ պարերը կարող էին ազդեցություն ունենալ՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունները արմատախիլ անելու ուղղությամբ տարվող աշխատանքի վրա (եթե այն իսկապես տարվեր): Սա պատերազմի ևս մեկ ճակատ է, որտեղ մենք անընդհատ ու միանգամայն անխոհեմաբար կորցնում ենք երիտասարդ տղաների՝ լինի դա ծառայակիցների սպանություն, թե ինքնասպանություն, ինչպես նաև խեղված հոգիներ։ Ինչպե՞ս կարող է խոցված արժանապատվություն ունեցող զինվորը հպարտորեն մարտնչել Հայրենիքի համար։ Ինչպե՞ս կպաշտպանի իր ընկերոջ թիկունքը, եթե նրա հանդեպ ատելություն կամ արհամարհանք է տածում։

Դե ինչ, հավանաբար, գոյություն ունեցող երկու անդրազգային քաղաքական ազգերից մեկը՝ իռլանդացիները, ոչինչ չեն հասկանում ազգի վերածննդի և ազատագրման գործից, եթե նրանց վերնախավերը  այդ գործընթացը սկսեցին գրեթե մոռացված թիմային գելական մարզաձևերի, մասնավորապես հյորլինգի, վերականգնմամբ՝ գաղութատիրական ճնշման ներքո։ Մինչ այդ խաղը գրեթե մոռացվել էր, քանի որ նախ «էլիտան»՝ բրիտանական Թագի տեղապահները, անցել էր Անգլիայում ավելի տարածված ռեգբիին և կրիկետին, ապա նաև՝ խաղը արգելվել էր, իսկ հետո գրեթե ամբողջությամբ վերացել՝ Մեծ սովի պատճառով։ 140 տարի առաջ նրանք, ովքեր արժանի էին իռլանդական ազնվականություն կոչվելու, անկախության համար անհույս թվացող պայքար սկսեցին սեփական օրաթերթից ու… այս խաղից։ Այսօր հյորլինգը ծանոթ է կղզում բնակվող յուրաքանչյուր երեխային և մեծահասակին, յուրաքանչյուր գյուղ ունի իր թիմը, և ցանկացած համայնքում պատիվ է նման թիմի հովանավորելը։ Իռլանդացիները Մեծ սովից մինչև ազգային ազնվականության ստեղծում ճանապարհն անցան 30 տարում: Մենք այդքան ժամանակ չունենք։

Երրորդ Հանրապետության ձախողման պատճառներից մեկը Սփյուռքի դեգրադացումն է, որը հույսը դրել է Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես հայկական ինքնության պաշտպանի։ Արդյունքում Սփյուռքը, որտեղ հատվածականորեն պահպանվում էին Հայաստանի և հայերի մասին շատ ավելի սակրալ գիտելիքներ (պարեր, երաժշտություն, բաղադրատոմսեր, ժամանց), քան նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում, վարակվեց իմիտացիայով և թուլացրեց իր զգոնությունը։ Անփոխարինելի իմաստությունը, որի շնորհիվ մենք մինչ այս պահը պետք էինք քաղաքակիրթ աշխարհին, սահում է մեր մատների արանքով։ Գործելու տարբերակները երկուսն են։ Առաջին՝ մենք թույլ ենք տալիս, որ դա տեղի ունենա, և քանդում ենք մեր իմունիտետի (դիմադրողականության) վերջին պաշտպանիչ պատնեշը, և մեզ արդեն կարելի է գրավել մերկ ձեռքերով: Երկրորդ՝ մենք ստեղծում ենք ազգային ազնվականություն, հավաքում այս մասնատված խճանկարը և ստանում հայկական աշխարհի վերջին պատվարի և նրա ամրոցի գաղտնի դռների բանալին։ Էրեբունի, Շուշի ու Կարս կառուցած ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ապրել էժանագին մոթելի ծառայողական հարկում։ Միայն եթե մոռանա քաղաքների, բերդերի, կամուրջների ու մարդկային կապերի շինարարության իր գաղտնիքները։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն