62 հաջողակները և տիկնանցից առաջինը

Պարզվում է՝ Հայաստանում 62 «հաջողակ» տղամարդ կա, կամ կա 62 տղամարդ, ով պատրաստ է 1 միլիոն դրամ վճարել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարձրաշխարհիկ ներկայությունը վայելելու համար։ Նման մեծ պատվի արժանանալու համար իսկապես հաջողակ է պետք լինել։ Խոսքը վերաբերում է այն բարեգործական ընթրիքին, որը Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել էր «Երիտասարդներ երազանք» նախագծի համար հաջողակ գործարար տղամարդկանցից գումար հավաքագրելու նպատակով։

Թեև ընթրիքը մատուցվում էր Երևանի էլիտար ռեստորաններից մեկում, որի հաջողակ սեփականատերը Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր է իրականացնում, իսկ երաժշտական ուղեկցումն ապահովում էր հայտնի պալատական աշուղ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ընթրիքին մասնակցողների դեմքին և գլխիկոր կեցվածքին նայելով դժվար չէ կռահել, որ նրանցից շատերը դժկամորեն էին մասնակցում այդ երեկույթին, իսկ ոմանք նույնիսկ ամաչում էին ներկա լինելու համար։

Իսկապես, ինչպե՞ս կարող է արժանապատվություն ունեցող հայ տղամարդը ուրախությամբ հաց կիսել մի տիկնոջ հետ, թեկուզ և առաջին, ով բաց չի թողնում Թուրքիայի առաջին տիկնոջ հետ լայն ժպիտով լուսանկարվելու շանսը, ով հալեցրած փամփուշտներից պատրաստված զարդերը վրան՝ Մեհրիբան Ալիևային Արցախ էր հրավիրում մուղամ լսելու, ով դեռևս երեկ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների մայրերին «կարգադրում» էր չսգալ, ով կարծում է, որ Արցախի համար հազարավոր հայորդիրներ իրենց կյանքը զոհել են հանուն ոչնչի, ով հայ ժողովրդի համար ողբերգական օրերին անհոգ շրջում է եվրոպական մայրաքաղաքներով և ուրախ հրապարակումներ անում սոցիալական ցանցերում։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն միայն այն, որ հենց այդ տիկնոջ ամուսնու «շնորհիվ» այդ նույն հայ երիտասարդերը կորցրեցին իրենց երազանքը՝ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանում արժանապատվորեն ապրելու իրավունքը, Արցախի երիտասարդները զրկվել են իրենց տներից և հարազատների շիրիմներին այցի գնալու հնարավորությունից, ու որ նրա թեթև ձեռքով Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի թուրքական գաղութացում, պետք է բավարար լիներ, որ այդ «հաջողության ջենթլմենները» սթափվեին և գիտակցեին, թե ում հետ են հաց կիսում։ Չէ ո՞ր նման մարդու հետ հաց կիսելը նաև մեղքի բաժին կիսել է։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն