Հավանաբար բոլորը լսել են Հայաստանի կողմից «Օսկարին» մասնակցող ֆիլմի ընտրության հետ կապված սկանդալի մասին։ Հասկանալի է, որ ժամանակակից Հայաստանում «սկանդալ» հասկացությունն արժեզրկվել է, քանի որ այն համատարած է և ամենուր։ Այնուամենայնիվ, այս դեպքը հազվադեպ բացառություն է: Դրան դժվար է հավատալ, քանի որ առաջին անգամ մենք այդ ոլորտում իսկապես աշխարհին ցույց տալու բան ունեինք՝ և ոչ թե նորաձևությանը ենթարկվելով, այլ մեր սեփական պատմությունը պատմելով:
Խոսքը «1489» ֆիլմի մասին է, որն ամբողջությամբ նկարահանվել է բջջային հեռախոսով՝ զոհված մարտիկի քրոջ կողմից։ Որոշ ընտանիքների համար այդ 1489-ը շուտով կբոլորի իրենց անհայտ կորած որդիներից և եղբայրներից լուրերի սպասելու օրերի քանակով: Իսկ ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի համար այդ թիվը իր եղբոր՝ Սողոմոնի մասունքներին տրված չարագուշակ համարն է։ Ֆիլմ, որը մեկ ընտանիքի օրինակով մերկացնում է 44-օրյա պատերազմի ողբերգականությունը, այն ճգնաժամի խորությունը, որն ապրել և ապրում է հայ հասարակությունը։ Սա Շողակաթ Վարդանյանի առաջին ֆիլմն է, և նաև առաջինը Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որն արդեն իսկ արժանացել է կինոաշխարհի կարևորագույն մրցանակներին և աշխարհի կինոդահլիճներում ըմբռնման ու կարեկցանքի։
Թվում է, թե ահա այն՝ «Օսկարին» ֆիլմ առաջադրելու համար 30 տարվա մեջ առաջին համոզիչ պատճառը։ Բայց հայկական Կինոակադեմիան, որը փաստացի ինքնակառավարվող հասարակական կազմակերպություն է, ապրում է հենց նույն 30 տարիների օրենքներով, որոնց ընթացքում ոչնչի չի հասել, ինչպես և գործնականում Երրորդ Հանրապետության գրեթե բոլոր ինստիտուտները։ Կինոակադեմիան ընտրում է իր իսկ անդամ Էդգար Բաղդասարյանի ղեկավարությամբ նկարահանված ռուս-հայկական «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը։ Զավեշտն այն է, որ «Յաշան» հայ է միայն հանուն այդ մրցանակաբաշխությանը առաջադրվելու և չկրկնելու ռուսաստանյան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի սխալը` երբ դեռևս 2016 թվականին «Օսկարի» կազմկոմիտեն հրաժարվեց ընդունել նրա «Երկրաշարժը» ֆիլմը Հայաստանի կողմից՝ նկարահանող խմբում ռուսաստանցիների գերակշռության պատճառով։
Հայկական կինոակադեմիան հիանալի կերպով հասկանում էր, որ անգամ ֆորմալ առումով այդ չափորոշիչին բավարարելու դեպքում, միջազգային հանդիսատեսին անհայտ «Յաշան» որևէ կարճ ցուցակում չէր ընդգրկվի։ Նման նպատակ չկա էլ, գլխավորը «Օսկարի» ներկայացված լինելու մասին նշումն է, որպեսզի նրանք, ովքեր իսկապես թանկ են Կինոակադեմիայի «փորձագետների» համար՝ իրենց կերակրատաշտակի և մոնոպոլ շուկայի եղբայրները, կինոդահլիճներում վարձույթից ավելի մեծ եկամուտներ ստանան։ Եվ ինչո՞ւ նաև չօգնել «մեծ եղբորը» շրջանցել միջազգային «բոյկոտը», բարեբախտաբար, կա դրա օրինակը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, ով դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծումների և, բացի հայկականից, ցանկացած «փափուկ» ու կոշտ ուժի առաջ մղման էնտուզիաստ է։
Երկու ծայրահեղություն։ Եղբորը Հայրենիքին նվիրաբերած օրիորդ, ով աշխարհին պատմում է Հայրենիքի ցավի ու 44-օրյա պատերազմի իրողությունների մասին, ով մենակ է մնացել իր վշտի հետ։ Եվ Մոսկվայում ու Երևանում տեղավորված «տղամարդիկ», ովքեր հնարավոր է 2020 թ․ մի քանի հարյուր-հազար դոլար նվիրաբերելով ձեռքերը լվացել էին հայրենիքից, իսկ հիմա, երբ երկիրը, որտեղ իրենք ապրում և հարկեր են վճարում, հայտնվել է մեկուսացման մեջ, Հայաստանի անունից առաջադրում են մի ֆիլմ, որը ոչ մի կապ չունի հայկական իրողությունների հետ։ Ավելին՝ այն մթագնում է իրականությունը և մասամբ բացատրում, թե ինչու 2020 թվականին Հայաստանը մենակ մնաց իր թշնամիների դեմ՝ քանի որ հայ Յաշա պապը մինչև հիմա երկխոսություն է վարում Լեոնիդ Բրեժնևի հետ։ Իսկ այնտեղ, որտեղ չկա ազգային վերնախավ, գործնականում հայկական Արցախ ևս չկա։ Եվ ոչ էլ՝ Անկախ Հայաստան։ Հայկական կինոակադեմիան ընտրում է նույնը, ինչ վերջին 30 տարիների հայկական ղեկավարները՝ անձնական կապերը ու «ատկատները», կարճաժամկետ օգուտը, և ոչ թե հանրային շահը։ Եվ քանի դեռ այսպես է շարունակվում, հայ Յաշան օգնություն կփնտրի այնտեղ, որտեղ այն չկա ու չի էլ լինի՝ սեփական ագահությամբ և անտարբերությամբ փակելով իրենց գործի գիտակ երիտասարդների օդը և սպանելով մեր հերոսներին։
1489-ից մինչև անվերջություն
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
