Ապավինելով ուրիշների հավատին առ Աստված

Հայոց պատմության ողբերգական իրադարձությունները գալիս ու անցնում են, սակայն դրանցից հետո հայերին «ամոքելու» ամերիկյան նախընտրական ավանդույթը հավերժ է։ Օրերս այդ ավանդույթին հարգանքի տուրք մատուցեց, և ապա՝ մտափոխվեց, ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նա մեղադրանքներ հնչեցրեց դեմոկրատների թեկնածու՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հասցեին։ Իբրև թե գործող վարչակազմը (Ջո Բայդենը և Հարիսը) թույլ է տվել Արցախի 120 հազար քրիստոնյա հայերի էթնիկ զտումները, հետևաբար ընտրություններում պետք է հաղթի Թրամփը՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաների պաշտպանը։

Մեր ժամանակներում նման «պաշտպաններ» քիչ չեն եղել։ Նախ՝ այդ նույն Թրամփը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահն էր և տարված էր ընտրական մրցավազքով։ Այն ժամանակ նա խոստացավ Արցախ «սկանդինավյան խաղաղապահներ» ուղարկել՝ առասպելական մի կոնտինգենտ, որի մասին սկանդինավյան երկրներում անգամ չէին էլ լսել։ Հետո, երբ սկանդինավյան խաղաղապահների փոխարեն այնուամենայնիվ հայտնվեցին ռուս-թուրքականները, հայերը միամտաբար հույսեր կապեցին մեկ այլ «քրիստոնեական առաջնորդի» և ավանդական արժեքների պահապանի՝ Վլադիմիր Պուտինի հետ, ով Իլհամ Ալիևին «խնդրեց» պահպանել Արցախի կարևորագույն հուշարձանները և իր «անձնական պաշտպանության տակ վերցրեց» Դադիվանքը՝ ժամանակավոր օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանի տարածքում գտնվող հայկական վանական համալիրը, որը հիմնվել էր դեռևս 1-ին դարում։ Արդյունքում՝ ռուս խաղաղապահներն արագորեն անհետացան վանքի տարածքից, թեպետ սկզբում խոստացել էին ամեն կիրակի այնտեղ տանել հայ ուխտավորներին։ Ընդհանուր առմամբ, քրիստոնեական հավատքի պահապանների խոստումները մենք  գործողության մեջ տեսանք թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո։

Ի վերջո, անվախ ճշմարտախոս Թրամփը մեկ օրից էլ ավելի քիչ ժամանակ անց ջնջեց այս հրապարակումը սեփական Truth Social սոցիալական ցանցից, թեև նա նույնիսկ ուղղակիորեն չէր նշել արցախահայության պատրիացիդի (հայրենազրկման) մեղավորների անունները։ Ահա այդչափ արժեզրկված է այկական գործոնի դերը Հանրապետական կուսակցության համար (իսկ մենք կորցնելու բան ունեինք)։ Լավատեսները կասեն, որ գոնե Դեմոկրատական ​​կուսակցության դեպքում ամեն ինչ դեռ կարող էր ավելի մռայլ լինել՝ «Էշերը» չեն ջնջում Հայոց ցեղասպանության կրկնությունը թույլ չտալու վերաբերյալ իրենց խոստումները, որոնք 2021 թվականից ի վեր հստակորեն հնչում էին ամեն ապրիլի 24-ին։

Ինչպես գրել էինք ավելի վաղ, ամերիկյան ընտրություններում, ավա՜ղ, չկա Հայաստան և հայկական գործոն։ Ինչպես և չկա ցինիկ աշխարհից վիրավորվելու պատճառ, քանի որ մենք ինքներս բաց թողեցինք ամերիկյան ավետարանչականների համար Ավետյաց երկիր դառնալու շանսը։ Սակայն ինչի՞ մասին է խոսքը, եթե Հայաստանն այդպիսին չդարձավ անգամ բուն հայկական աշխարհի համար, որը երբեք չճանաչեց իր Երուսաղեմը՝ Շուշին:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն