ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առճակատման մեջհայկական գործոնը

Մաս Առաջին: Բարբարոսական ափը և Կիլիկյան նախագիծը:

Մեծ Բրիտանիայից անկախություն հռչակելուց հետո ամերիկացիները ստիպված էին լուծել մերձավորարևելյան տարածաշրջանում իրենց առևտրային նավերի անվտանգության ապահովման հարցը։ Այն ժամանակ Միջերկրական ծովում առևտուրը մեծ եկամուտներ էր բերում և ռազմավարական նշանակություն ուներ երիտասարդ հանրապետության համար։ 1778 թվականին Փարիզում ամերիկյան դեսպան Բենջամին Ֆրանկլինը կարողացավ հասնել Ֆրանսիայի հետ դաշինքի մասին պայմանագրի ստորագրմանը, սակայն թագավորական արքունիքը հրաժարվեց ամերիկյան առևտրային նավերի՝ երրորդ կողմի հարձակման դեպքում, անվտանգության երաշխիքներ տալ։ Գլխավոր սպառնալիքը ծովահենությունն էր, որն իրականացնում էին Բարբարոսական ափի երկրները՝ Ալժիրը, Թունիսը և Տրիպոլիտանիան (ժամանակակից Լիբիան): Ֆորմալ առումով նրանք Օսմանյան կայսրության վասալներն էին, որն իր հերթին գտնվում էր Մեծ Բրիտանիայի առանձնահատուկ աշխարհաքաղաքական շահերի տիրույթում։ Սակայն իրականում այս երկրները անկախ, թեև Ստամբուլի շահերին համահունչ քաղաքականություն էին վարում։ Այսպիսով, օսմանցիները դե ֆակտո վերահսկում էին ծովահենությունը նրանց միջոցով և դե յուրե որևէ պատասխանատվություն չէին կրում։ Այս կոնֆիգուրացիայի հիմնական շահառուն Լոնդոնն էր, որը միշտ մաքրամաքուր էր մնում: Ֆրանսիացիները դա բացատրում էին ամերիկացիներին՝ խորհուրդ տալով ուղիղ երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր իսկապես ունակ են նման երաշխիքներ ապահովել, այսինքն՝ բրիտանացիների հետ։

ԱՄՆ-ի առաջին արտաքին գործերի նախարար Ռոբերտ Լիվինգսթոնը կարծում էր, որ այս թեման Թագի հետ կարող է քննարկվել բացառապես ապագա խաղաղության բանակցությունների շրջանակներում: Այդ ժամանակ դեռ մարտական գործողություններ էին ընթանում, և Լոնդոնը պատրաստ չէր ընդունել վերջնական կապիտուլյացիան։ Ստեղծված իրավիճակում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միայն մեկ ելք էր տեսնում՝ ամերիկա-եվրոպական ծովային կոալիցիայի ձևավորում, որը վերջ կդներ բրիտանական ծովային գերիշխանությանը։ Լիվինգսթոնը սերում էր շոտլանդական ազնվական ընտանիքից, որը ազգակցական կապեր ուներ ամերիկա-հոլանդական հզորագույն Սկայլերների և Վան Ռենսելաերների ընտանիքների հետ, որոնք կանգնած էին ամերիկյան պետականության ձևավորման ակունքներում: Նման կարևոր առաքելությունը վստահվեց Անկախության պատերազմի հերոս, ծովակալ Ջոն Փոլ Ջոնսին։ Նա ևս շոտլանդական ծագում ուներ և փայլուն զինվորականի, հետախույզի և դիվանագետի համբավ էր վայելում։ Բենջամին Ֆրանկլինի պաշտոնական առաքելությունը Փարիզում սերտ հարաբերություններ զարգացնելն էր իշխող թագավորական վերնախավի հետ, բայց միևնույն ժամանակ նա կապեր էր հաստատում առաջադեմ մտածողների հետ, ովքեր ձգտում էին վերջ տալ միապետությանը Ֆրանսիայում և Եվրոպայում:

Ծովակալ Ջոնսը ժամանեց Փարիզ, որտեղ Ֆրանկլինը նրան ծանոթացրեց էլիտայի փակ շրջանակի՝ «Ինը քույրեր» մասոնական օթյակի անդամների հետ: Նրանց թվում էին Ֆրանսիական մեծ հեղափոխության ապագա գործիչները՝ Կամիլ Դեմուլենը, Ժորժ Դանտոնը, Ժոզեֆ Գիյոտենը, Ժան Բային և Ժակ Բրիսոնը, ինչպես նաև Երեք կոնսուլների ժամանակաշրջանի ժամանակավոր կառավարության ապագա անդամ և Նապոլեոն Բոնապարտի մերձավոր զինակից Էմանուել Ջոզեֆ Սիյեսը: 1778 թվականին օթյակը չափազանց տարօրինակ և ֆանտաստիկ որոշում կայացրեց՝ իր անդամ դարձնել երկու ամերիկացիների՝ Ջոնսին և Ֆրանկլինին: Դժվար է բացատրել, թե դա ինչով էր պայմանավորված: Հնարավոր է, որ մեկ տարվա աշխատանքի ընթացքում Ջոնսը կարողացել էր այդ կազմակերպության առացքային դեմքերի վերաբերյալ ծանրակշիռ վարկաբեկող տեղեկություններ ձեռք բերել, և այդ դեպքում ամեն ինչ հանգում է փայլուն հետախուզական աշխատանքին։ Բացառված չէ նաև, որ ամերիկացիներին հաջողվել էր համոզել իրենց գաղափարակից ընկերներին, որ հաստատակամ են միապետության դեմ պայքարում նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Նահանգներն, անխոս, շահագրգռված էր Բուրբոնների դինաստիայի անկմամբ, որոնք չէին համաձայնի Բրիտանիայի դեմ ռազմավարական ծովային կոալիցիա ստեղծելու առաջարկին։ Հենց այդ գաղափարի շրջանակներում է առաջին անգամ բացահայտվում հայկական գործոնը։ Առաջադեմ վերնախավի հետ Ֆրանկլինի շփման հիմնական ալիքը հայտնի քանդակագործ Ժան Հուդոնն էր, որի մեկենասն էր Օռլեանի դուքս Լուի Ֆիլիպը։ Նա ներկայացնում էր Բուրբոնների կրտսեր ճյուղը, բայց միևնույն ժամանակ ատում էր իր հարազատներին, հատկապես Լյուդովիկոս թագավորին, ով առանց իր կնոջ՝ Ավստրիայի արքայադուստր Մարի Անտուանետի խորհուրդների որոշումներ չէր կայացնում։ Պատմականորեն հաստատված է, որ նա Վիեննային է փոխանցել պետական ​​և ռազմական բնույթի գաղտնի տեղեկություններ, որոնք ավստրիացիները փոխանցել են անգլիացիներին։ Ունենալով ազատական հայացքներ և ​լինելով հայրենասեր՝ Լուի Ֆիլիպը պաշտպանում էր Ֆրանսիայի դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։ Դքսի ամենամոտ ընկերներից մեկը Վատիկանի պետքարտուղար Լազարո Պալավիչինոն էր, ով գիտակցում էր, որ անհրաժեշտ է թուլացնել Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը Միջերկրական ծովում՝ թուլացնելով նրա գլխավոր դաշնակցին ու արբանյակին՝ Օսմանյան կայսրությանը:

Այս նպատակին հասնելու գործիքներից մեկը նա համարում էր Կիլիկիայի տարածքում հայկական բնակչության զարթոնքը։ Ժամանակին այս հայկական թագավորությունը կաթոլիկ էր և գտնվում էր Սուրբ Աթոռի հովանու ներքո։ Նման բարդ ռազմավարությունը գործնականում իրականացնելու համար Վատիկանը լուրջ դաշնակիցների կարիք ուներ, որը կարող էր դառնալ անկախ Միացյալ Նահանգները։ Օսմանյան կայսրությունից կտրված Կիլիկիան, քրիստոնյա հայերի վերահսկողության ներքո, կարող էր դառնալ ամերիկա-եվրոպական հակաբրիտանական ռազմածովային կոալիցիայի ամրակետը (ֆորպոստը)։ Կիլիկիայի հայերի ծովային ավանդույթները հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Կիլիկիացիները դարեր շարունակ Միջերկրական ծովում առանցքային աշխարհաքաղաքական գործոններից մեկն են եղել՝ մրցակցելով հզորորագույն Հռոմեական կայսրության հետ: Ավելին, նման նախագիծը կարող էր վերականգնել Պապական մարզի վեհությունը, որը լուրջ անկում էր ապրում Իսպանական ժառանգության համար պատերազմի արդյունքում (1701–1714թթ․)։ Ընդհանուր նպատակներին հասնելու համար հայկական գործոնն օգտագործելու գաղափարը Հուդոնը փոխանցեց ամերիկացիներին։ Բենջամին Ֆրանկլինին ծանոթացրել էին Ֆրանսիայում և Վենետիկում ապրող հին հայկական ընտանիքների հետ։ Նրանցից մեկը Թարյեններն էին, որոնք սերտորեն կապված էին Սուրբ Աթոռի և Մալթայի Ուխտի բարձրագույն ղեկավարության հետ: Բանն այն է, որ մինչև 1522 թվականը պրոօսմանական ծովահենությունը զսպելու հիմնական գործառույթը կատարում էր Հիվանդախնամների միաբանությունը, իսկ 1530 թվականից այդ առաքելությունն անցավ Մալթայի ասպետներին, որոնցից շատերը սերում էին հին կիլիկյան ընտանիքներից:

Սակայն խնդիրն այն էր, որ միջազգային քաղաքականության հարցերում ամերիկյան էլիտան բաժանված էր երկու ճամբարի։ Առաջինը «բազեներն» էին՝ Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը, Ջոն Ջեյը, Ջոն Ադամսը և Ջեյմս Մեդիսոնը։ Նրանք կոշտ մոտեցման կողմնակիցներ էին՝ բրիտանացիներին և ողջ աշխարհին ցույց տալու ամերիկացիների՝ իրենց շահերը պաշտպանելու վճռականությունը։ Երկրորդն անգլո-կոմֆորմիստական ​​խումբն էր՝ Ալեքսանդր Համիլթոնի գլխավորությամբ, որը շատ մտերիմ էր գեներալ Ջորջ Վաշինգտոնի հետ։ Համիլթոնը ելնում էր նրանից, որ քաղաքակրթական համատեքստում Ամերիկան ​​Անգլիայի շարունակությունն է, և, հետևաբար, անկախ Նահանգները չպետք է Բրիտանիայի դեմ արտաքին քաղաքականություն կառուցի։ Ինքը՝ Վաշինգտոնը, համակրում էր երկրորդ խմբին, սակայն, ելնելով ներքաղաքական նկատառումներից, չեզոքություն էր պահպանում։ Երկար վեճերի և քննարկումների արդյունքում Համադաշնության Կոնգրեսը որոշեց ամերիկյան առևտրային նավերի անվտանգության հարցը բարձրացնել անմիջապես բրիտանացիների առջև, որոնք կապիտուլյացիայի էին ենթարկվել 1782 թվականին։ Մեկ տարի անց Փարիզում ստորագրվեց պայմանագիր, որով բրիտանացիները պաշտոնապես ճանաչեցին Միացյալ Նահանգների անկախությունը։ Սակայն նրանք անզիջում կերպով մերժեցին ամերիկյան պատվիրակության՝ Միջերկրական ծովում ամերիկյան առևտրային նավերի անվտանգությունը երաշխավորելու առաջարկը։

Փարիզյան պայմանագրի կնքումից մեկ տարի էլ չանցած Բարբարոսական ափի ծովահենները սկսեցին հարձակվել ամերիկյան նավերի վրա․ 1784 թվականին մարոկկացիները գրավեցին «Բեթսի» նավը՝ պատանդ վերցնելով ողջ անձնակազմին, իսկ ալժիրցիները, Լոնդոնի գաղտնի աջակցությամբ, անցան Ջիբրալթարի նեղուցը և գրավեցին «Մարիա Բոստոնցի» առագաստանավը և «Դոֆին Ֆիլադելֆիա» նավը։ Դրանց անձնակազմերը պահվում էին ալժիրական բանտում, որտեղ նրանց սովի և խոշտանգումների էին ենթարկում։ «Բազեների» թևն այս դեպքերն օգտագործեց համոզելու Համադաշնության Կոնգրեսին ավելի վճռական գործել: 1785 թվականի հունվարին քննարկվում էր Ֆրանսիայում նոր դեսպանի թեկնածությունը, և մեծամասնությունը հակված էր այդ պաշտոնում տեսնել Թոմաս Ջեֆերսոնին, ում բրիտանացիները որպես սպառնալիք էին ընկալում։ Նույն թվականի փետրվարին տարօրինակ հանգամանքներում մահացավ Վատիկանի կարդինալ-պետքարտուղար Պալլավիչինոն (կիլիկյան նախագծի փաստացի գաղափարախոսը)։ Ջեֆերսոնը ժամանեց Փարիզ 1785 թվականի մայիսին և ծովակալ Ջոնսին հանձնարարեց անել ամեն ինչ՝ հակաբրիտանական կոալիցիայի ստեղծման աշխատանքները հնարավորինս արագ վերսկսելու համար։

Ֆրանկլինի կապերն «Ինը քույրերի» հետ և Ջոնսի ամուր բարեկամությունը Լուի Ֆիլիպի հետ օգտագործվեցին Սուրբ Աթոռի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարի՝ կարդինալ Ինյացիո Գաետանոյի հետ կապեր հաստատելու համար։ Ի տարբերություն իր նախորդի՝ նա նախաձեռնողականություն չցուցաբերեց և համաձայնեց միայն միջնորդ դառնալ Հռոմի Պիոս VI  պապի հետ երկխոսության հարցում։ Վերջինս, իր հերթին, համաձայնեց աջակցություն ցուցաբերել ամերիկացի նավաստիների ազատ արձակման հարցում՝ ԱՄՆ-ում առաջին պապական կաթոլիկ թեմի բացման հարցում օժանդակության դիմաց։ Սակայն Վատիկանը չցանկացավ ներքաշվել մեծ աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։ Կարելի է ենթադրել, որ դրա պատճառը Պալլավիչինոյի անսպասելի մահն էր։ Նույնիսկ մարոկկացիների և ալժիրցիների հետ բանակցությունները Վատիկանը վարում էր ոչ թե ուղղակիորեն, այլ իրենց հետ փոխկապակցված Մոնոֆորտանցիների Ուխտի միջոցով։ Այնուամենայնիվ, պապական պրոքսի-դիվանագետները չկարողացան հաջողության հասնել, ինչն ավելի ամրապնդեց Ջեֆերսոնի համոզմունքը, որ ավելի արմատական ​​գործողություններ են անհրաժեշտ։

Ռազմավարական նպատակը հստակ էր և անփոփոխ՝ հասնել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Մեծ Բրիտանիայի թուլացմանը։ Բայց դրան հասնելը գրեթե անհնար էր առանց Եվրոպայում ուժեղ դաշնակցի։ Ի դժբախտություն ամերիկացիների, միապետական ​​վարչակարգերը չէին ձգտում բրիտանացիների հետ խոշոր հակամարտությունների մեջ ներքաշվել: Նրանք սովոր էին խաղալ կանոններով, որպեսզի չհատեն կարմիր գծերը։ Եվրոպացիները գործում էին «այսօր՝ թշնամի, վաղը՝ դաշնակից» տրամաբանությամբ, և դա օգնում էր պահպանել ուժերի հավասարակշռությունը։ Այս կանոնները փոխվեցին 1789 թվականին, երբ ֆրանսիացի հեղափոխականները գրավեցին Բաստիլի ամրոցը՝ թագավորների ամենակարողության խորհրդանիշը։ Ամերիկյան «բազեները» ոգեշնչված էին այս իրադարձություններից և իրենց գաղափարակից ընկերներին ամեն կերպ աջակցում էին միապետությանը վերջ տալու նրանց ջանքերում:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն