Քըրք Քըրքորյանի ժառանգությունը

Քըրք Քըրքորյանն, իհարկե, պողպատե բնավորությամբ անձնավորություն էր: Նման տրամաչափի մարդկանց հետ անկարելի է հաշվի չնստել։ Սակայն նա տանուլ տվեց իր կյանքի ամենակարևոր՝ Հայաստանի համար ճակատամարտը՝ ընտրելով ամենապարզ ճանապարհը՝ չպայքարել նրա համար և թողնել, որ նրան խժռեն նրանք, ում հարցերը 24 ժամվա ընթացքում կլուծեին իր նույնիսկ պակաս հաջողակ բիզնես մրցակիցները։

Օրերս Երևանում տեղի ունեցած խոշոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ գործարար, Metro-Goldwyn-Mayer կինոարտադրող ընկերության և MGM Resorts խաղատների և հյուրանոցների ցանցի նախկին ղեկավար Ալեքս Եմենիջյանը։ Նրան հաճախ անվանում են ամերիկահայ միլիարդատեր և Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի աջ ձեռքը։ Հենց նրան էր նվիրված Եմենիջյանի «պայծառ ոգեշնչող» ելույթի մեծ մասը: Նյութերից մեկում մենք արդեն անդրադարձել ենք այն փաստին, որ նման մասշտաբի հայերը, նախքան նման միջոցառումներին մասնակցելը, պետք է հարյուր անգամ մտածեն, քանի որ նրանք յուրովի լեգիտիմացնում են ներկայիս թուրք կոլաբորացիոնիստների իշխանությունը։ Վերջիններս իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով և տարբեր երկրների առաջնորդների հետ հանդիպումներում պատմում են, որ աշխարհահռչակ հայերը, ինչպիսիք են Նուբար Աֆեյանը և Ալեքս Եմենիջյանը, մասնակցում են իրենց կազմակերպած համաժողովներին, հանդիպում են իրենց հետ, ժպտում և սեղմում են իրենց ձեռքը։ Նրանց օդի պես անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենք Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի լեգիտիմ և հարգանք վայելող առաջնորդներն են։ Չի´ կարելի նրանց նման հնարավորություն ընձեռել։ Անհրաժեշտ է հետապնդել լիակատար բոյկոտի ռազմավարությանը։ Սփյուռքի հայտնի և հարգված ներկայացուցիչները պարտավոր են իրենց հայրենակիցներին և ողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք չեն ճանաչում, չեն ընդունում և չեն համագործակցում թուրք կոլաբորացիոնիստների հետ։ Նրանք պետք է զգան այս պատասխանատվությունը և գիտակցեն, որ սովորական մարդիկ ուշադրությամբ հետևում են իրենց գործողություններին և լսում են իրենց հայտարարությունները։ Այս մարդկանց աչքում նրանք առաջնորդներ են, որոնց պետք է հետևել։

Ալեքս Եմենիջյանն իր ելույթում խոսում է Նոբելյան մրցանակակիր Դանիել Քանեմանի գրքի մասին, որը բացահայտում է մարդկային բնույթը։ Այդ բնույթի դրսևորումներից մեկը ցանկալին որպես իրականություն մատուցելու անդիմադրելի գայթակղությունն է (wishful thinking): Պարադոքսալ է, բայց նույն բանախոսի ելույթը ոչ այլ ինչ է, քան ցանկալին որպես իրականություն մատուցելու փորձ։ Նա խոսում է Հայաստանի մեծ ու հրաշալի ապագայի, կրթված սերնդի մասին, որը դատապարտված է հաջողության և այլն։ Պարո´ն Եմենիջյան, բոլորովին վերջերս Արցախը` աշխարհասփյուռ հայության հազարամյա առաջնագիծը, հանձնվեց թշնամուն, որն արդեն հասցրել է այնտեղից վտարել 120 հազար հայկական բնակչությանը, օկուպացնել բուն Հայաստանի զգալի տարածքներ, ինչպես նաև ստիպել աշխարհին հաշտվել դրա հետ: Հայաստանը կառավարում է թուրքական գաղութապետը, ով անթաքույց ժպիտով սրտին է սեղմում օսմանյան նոր սուլթան Ռեջեփ Էրդողանի նվիրած գիրքը: Նրա կինը, նույն ինքը՝ Հայաստանի առաջին տիկինը, երջանիկ դեմքով լուսանկարվում է այդ սուլթանի կնոջ հետ, ով Իլհամ Ալիևին առաջարկում էր վաճառել հայ զինվորներին և սպաներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Ժամանակակից Հայաստանն առցանց խաղատների, սրճարանների և գիշերային ակումբների թվի բազմակի աճի մասին է, այլ ոչ թե՝ առաջադեմ գիտության և կրթության։ Այս բոլոր պաթոսային միջոցառումները ոչինչ չեն նշանակում, քանի դեռ Երևանի Պետական ​​Համալսարանն աշխարհի բուհերի վարկանիշում 1501-ինն է։ Այս փոքրաթիվ փաստերը շատ բան են ասում, բայց դրանք հաստատ պայծառ ապագայի նախանշաններ չեն։

1999-2005 թվականներին Եմենիջյանը եղել է աշխարհահռչակ Metro-Goldwyn-Mayer կինոստուդիայի կառավարման խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը: Հետաքրքիր է՝ քանի՞ ֆիլմ է նկարահանվել Հայաստանի, Հայոց ցեղասպանության, «Նեմեսիս» գործողության կամ Վանի հերոսական պաշտպանության մասին, որտեղից փախել են նրա նախնիները 1915 թվականին՝ փրկվելով նրանցից, ովքեր մինչ օրս ժխտում են այդ հանցագործությունը, և ում հետ այսօր Փաշինյանը  «պայծառ ապագա» է կառուցում։ Հրեաները ստեղծել են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Շինդլերի ցուցակը» («Օսկարի» 7 մրցանակ), որի սցենարը գրել է Սթիվեն Զաիլյանը, ում նախնիները նույնպես փրկվել են 1915-1923 թվականների ցեղասպանության ժամանակ, «Մյունխենը» (առաջադրվել է «Օսկարի» 5 անվանակարգում) և այլն։ Իռլանդացիները ստեղծեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սատանայի սեփականությունը», «Մայքլ Քոլինզը» և «Հանուն հորը»։ Հայոց ցեղասպանության մասին հազվագյուտ ֆիլմերից մեկը՝ «Խոստումը», նկարահանվել է միայն 2016 թվականին՝ Քըրք Քըրքորյանի կողմից հայկական ներդրումների համար կտակած միջոցներով։ Ֆիլմը հակասական արձագանքների և գնահատականների է արժանացել։ Ոչ մի լուրջ մրցանակ, ոչ մի գլոբալ ազդեցություն:

Հիմա խոսենք Քըրք Քըրքորյանի մասին։ Նա, անկասկած, իր ժամանակի խորհրդանշական դեմքերից մեկն է: Մեծն բարերար, մեծ հումանիստ և շատ համեստ մարդ։ Նրա ներդրումը կարևոր դեր է խաղացել 1991-2000 թվականներին անկախության վաղ փուլում Հայաստանի շահերի միջազգային լոբբինգի գործընթացում: Պատվի ու սկզբունքների մարդ, ով, ի տարբերություն մեծ կարողություն կուտակած իր հայրենակիցներից շատերի, չմոռացավ իր ծագումը, չփոխեց իր ազգանունը՝ դառնալով ՄաքՔիրք կամ Ջոնս։ Մենք երկու ծավալուն պատմական-վերլուծական հոդված ենք գրել, որոնցում ուսումնասիրել ենք ազգային բուրժուազիայի ֆենոմենը և նրա դերը մի քանի հաջողակ պետությունների ձևավորման և զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայկական բուրժուազիայի ձևավորման ձախողման պատճառներին և հետևանքներին։ Նույն թեզերը չկրկնելու համար, ընդգծենք գլխավորը՝ նման մասշաբի մարդիկ պարտավոր են զբաղվել ոչ թե զուտ բարեգործությամբ, այլ ռազմավարական ժառանգության ստեղծմամբ, ինչը հնարավոր է միայն ազգաշինության և պետականաշինության գործընթացներում լիարժեք մասնակցության միջոցով։ Մեր հոդվածներում առկա են բավականաչափ կոնկրետ օրինակներ, որոնց հետ կարելի է ծանոթանալ։

Քըրք Քըրքորյանը մեկն էր նրանցից, ում Հայաստանի ղեկավարությունը դիտարկում էր որպես Սփյուռքից մեծ դրամապանակ և լավ կապեր ունեցող մարդ, ում կարելի էր օգտագործել սեփական հարցերը լուծելու համար։ Նրանք հմտորեն օգտագործեցին նրա քաղաքական անփորձությունը, վստահությունը և ինչ-որ առումով՝ միամտությունը։ Նրանք նրան շնորհեցին Հայաստանի ազգային հերոսի և պատվավոր քաղաքացու կոչումներ, բայց ոչ այն պատճառով, որ հարգում էին նրան և դրանով ուզում էին իրենց երախտագիտությունը հայտնել։ Ընդհակառակը, նրանք միայն մի բան էին ուզում՝ պահել նրան դրամապանակի կարգավիճակում և հեռու պահել Հայաստանին և հայկական համայնքներին վերաբերող լուրջ գործընթացներից։ Իսկ նրան չէր էլ զայրացնում այն, որ այդ անձնագիրն իրեն հանձնած Ռոբերտ Քոչարյանն արգելեց երկրի սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիներին քվերակել նախագահական ընտրություններում։ Այսինքն՝ նույնիսկ Քըրքն ինքը չէր կարողանա դա անել: Ինչ-որ պահի Քըրքը հասկացավ հայկական իշխանության բնույթը, բայց ավելի լավ ելք չգտավ, քան Հայաստանում իր հիմնադրամը փակելը և մնացած միջոցները Կալիֆորնիայի Համալսարանին փոխանցելը։

Պատկերացրեք հետևյալ տեսարանը։ Քըրքորյանի վաղեմի մրցակիցը Լաս Վեգասում՝ ամերիկաբնակ հրեա միլիարդատեր և բարերար Շելդոն Ադելսոնը մի օր իմանում է, որ Իսրայելի ղեկավարությունը տասը տարի շարունակ օգտագործել և խաբել է իրեն, ինչից հետո նա որոշում է կայացնում գումարը փոխանցել Նյու Յորքի Համալսարանի կարիքների համար։ Պատկերացրեցի՞ք։  Եթե ​​այո, ապա՝ իզուր, քանի որ նման իրավիճակն անհնարին ​​է մի քանի պատճառներով։ Նախ՝ Ադելսոնը ուշադիր հետևում էր, թե ինչպես, որտեղ, ում կողմից և ինչի վրա են ծախսվում իր միջոցները, քանի որ հասկանում էր, որ պետությունը պատկերասրահ կամ համալսարան չէ, որին անփոխհատույց ֆինանսական օգնություն ես տրամադրում։ Պետությունը քո ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, միակ վայրն ամբողջ աշխարհում, որտեղ դու կարող ես լինել քո ճակատագրի տերը։ Ադելսոնը և հրեական բուրժուազիայի մյուս ազդեցիկ ներկայացուցիչներն իրենց կյանքում և ոչ մի օր Իսրայելի համար բարեգործությամբ չեն զբաղվել, նրանք մասնակցել են նրա ամրապնդմանը և կատարելագործմանը։ Երկրորդ՝ Իսրայելի ղեկավարությունը երբեք իրեն թույլ չէր տա Ադելսոնի նման մարդկանց վերաբերվել որպես դրամապանակի, որից կարելի է և պետք է տուրք հավաքել։ Երկրի ոչ մի ղեկավար չէր համարձակվի այդքան ցածր իջեցնել պետության նշաձողը, քանի որ ունեն այն հստակ գիտակցումը, որ նրա հզորության հիմքում գլոբալ հրեական մարդկային ռեսուրսն է:

Բայց, եթե նույնիսկ ինչ-որ մի տեղ զուգահեռ տիեզերքում նման իրավիճակ ստեղծվեր, ապա Ադելսոնը, ով իր ճանապարհը հարթել էր ամենաներքևից, դա անհետևանք չէր թողնի: Նվազագույնը նա կգար այն գիտակցմանը, որ նման առաջնորդներն, ի վերջո, իր երկիրը և ժողովրդին կհասցնեն անխուսափելի կործանման: Քըրքը նույնպես բարձրացել է ներքևից և նվաճել իր հեղինակությունը՝ վտանգելով իր կյանքը: Նա կռվել է ռինգում, հատել է Ատլանտյան օվկիանոսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և կառուցել իր բիզնես կայսրությունը ամերիկյան կապիտալիզմի ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկում: Նա (Ալեքս Եմենիջյանի հետ) նվաճեց աշխարհի մոլախաղերի մայրաքաղաքը՝ Լաս Վեգասը, որը կառուցել են այնպիսի հրեշներ, ինչպիսիք էին Լաքի Լուչիանոն, Բագսի Սիգելը, Մայեր Լանսկին, Ֆրենկ Կոստելոն և Մո Գրինը։ Դա ինչ-որ բան նշանակում է և Քըրքի պողպատե բնավորության վառ օրինակն է: Նման տրամաչափի մարդկանց հետ անկարելի է հաշվի չնստել։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա տանուլ տվեց իր կյանքի ամենակարևոր՝ Հայաստանի համար ճակատամարտը՝ ընտրելով ամենապարզ ճանապարհը՝ չպայքարել նրա համար և թողնել, որ նրան խժռեն նրանք, ում հարցերը Լանսկին և Կոստելոն 24 ժամվա ընթացքում կլուծեին։ Ադելսոնի ժառանգությունը Իսրայելն է, որը ստիպում է աշխարհին հանգիստ և լուռ հետևել, թե ինչպես է պաշտպանում հրեա ժողովրդի շահերը: Այսօր Շելդոն Ադելսոնի ժառանգությունը, ով կյանքից հեռացավ 2021 թվականին (և իր կտակի համաձայն՝ թաղված է Երուսաղեմում, չնայած նա ծնվել, ապրել և մահացել է Ամերիկայում), պաշտպանում է նրա կինը՝ Միրիամը։ Նա շարունակում է ռազմավարական ծրագրեր իրականացնել Իսրայելում և հանդիսանում է Դոնալդ Թրամփի քարոզարշավի ամենամեծ հովանավորներից մեկը, ում նախագահության ժամանակ Սպիտակ Տունն իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ և ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի Բարձունքների նկատմամբ։

Քըրքորյանի և Սփյուռքի մյուս բարերարների ժառանգությունը երկիր է, որը հանձնված է Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կոլաբորացիոնիստների հոշոտմանը։ Դժվար թե Քըրքը ցանկանար լինել նման Հայաստանի Ազգային հերոսը։ Բայց փաստերը համառ են։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն