Ինքնիշխանության և անկախության մասին: Մաս Առաջին

Ինքնիշխանությունը պետության բնութագրիչներից մեկն է, բայց հաճախ այն շփոթում են անկախության հետ։ Միայն ինքնաբավ պետությունն է (ոչ թե թագավորները, նախագահները, նախարարները կամ կուսակցությունները) դառնում միակ իսկական ինքնիշխանը, որի առաքելությունն ազգի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական անվտանգության ապահովումն է։

Հայ Մտածող
Հայ Մտածող 26637
8

Հեռավոր 1576 թվականին ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժան Բոդենը հրատարակեց «Վեց գիրք հանրապետության մասին» աշխատությունը, որում առաջին անգամ փորձ արվեց սահմանել ինքնիշխանությունը։ Լինելով փորձառու պետական ​​գործիչ՝ նա հանգեց այն եզրակացությանը, որ ինքնիշխանությունը պետությանը վերապահված բացարձակ և մշտական ​​իշխանությունն է։ Այս սահմանումը պատահական չէր, քանի որ Բոդենն ապրել է Ֆրանսիայում ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանում, որը սահմանափակում էր թագավորի ազդեցությունը երկրի առանձին մասերում իր ազգականների նկատմամբ։ Նրա՝ որպես պետական ​​գործչի խնդիրը պարզ էր՝ երկիրը միավորել՝ թագի շուրջ իշխանության կենտրոնացման միջոցով: Այսպիսով դրվեց իշխանության գերակայության կամ ներքին ինքնիշխանության սկզբունքը։ Այս եզրույթն առանձնահատուկ նշանակություն ձեռք բերեց Երեսնամյա պատերազմից հետո (1618-1648թթ․), երբ այդ դարաշրջանի Եվրոպայի առաջատար խաղացողները եկան բոլորի կողմից ընդունված կանոնների և կարգերի համակարգի ձևավորման ըմբռնմանը։ Այսպես առաջացավ միջազգային հարաբերությունների առաջին՝ Վեստֆալյան համակարգը, որը սկիզբ դրեց արտաքին ինքնիշխանության սկզբունքին, որը ենթադրում էր չմիջամտել միմյանց ներքին գործերին։

Ինքնիշխանությունը պետության բնութագրիչներից մեկն է, բայց հաճախ այն շփոթում են անկախության հետ։ Առաջինը երկրի ներսում հասարակական-քաղաքական կյանքը վերահսկող իշխանության համակարգի առկայությունն է, երկրորդը՝ պետության և ազգի (անկախ սուվերենի ծագման աղբյուրից և դրա արտաքին ճանաչումից)՝ որպես մեկ օրգանիզմի՝ սեփական ազգային շահերը ձևավորելու, պաշտպանելու և դրանք միջազգային ասպարեզում առաջ մղելու կարողությունն է։ Մինչև 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը երկրի ինքնիշխանության աղբյուրն իշխանության աստվածային ծագումն էր, և Բուրբոնների արքայատոհմը լեգիտիմ էր ճանաչվել Եվրոպայի մյուս երկրների կողմից: Պաշտոնապես պահպանվում էր նրա ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, սակայն դե ֆակտո այն ժամանակվա Ֆրանսիան անցուղի էր բրիտանական, ավստրիական և ռուսական հետախուզական ծառայությունների համար, իսկ Լյուդովիկոս XVI թագավորի կինը Ավստրիայի արքայադուստր Մարի Անտուանետն էր, ով Վիեննային գաղտնի տեղեկություններ էր փոխանցում Ֆրանսիայի քաղաքական և ռազմական ծրագրերի մասին։ Երկիրն ինքնիշխան էր, բայց ամենևին էլ անկախ չէր։ Պետական ​​իմունիտետը հավասարվել էր զրոյի, ազգը պառակտված էր, բանակն էլ պարտությունը պարտության հետևից էր կրում։

Իշխանության եկած Նապոլեոն Բոնապարտը, ով զենքի ուժով ցրեց «սուվերենին» ի դեմս Դիրեկտորայի, եվրոպական արքունիքների կողմից չէր ճանաչվում որպես ինքնիշխան իշխանություն։ Սակայն դա նրան չխանգարեց երկիրը մաքրել արտաքին գործակալներից, համակարգային բարեփոխումներ իրականացնել ու հզորացնել զինված ուժերը, որոնք հաղթական երթով անցան ողջ Եվրոպայով։ Բոնապարտը դրեց անկախ ֆրանսիական պետականության հիմքերը՝ ստիպելով աշխարհին ճանաչել և հաշվի նստել նրա հետ։

Ամերիկյան գաղութները 1775-1783 թթ. պայքարում էին Բրիտանական թագից անկախանալու համար, որի ինքնիշխանությունը նրանց նկատմամբ ճանաչում էր աշխարհի մնացած մասը: Ռազմական հաղթանակը բրիտանացիներին ստիպեց կապիտուլյացիայի մասին որոշում կայացնել և ճանաչել անկախ ամերիկյան պետականությունը (պարտադրված հրաժարում այս տարածքների նկատմամբ ինքնիշխանի կարգավիճակից): Իսկ պատմության մեջ նման օրինակներն ավելի քան բավարար են։ Ժողովուրդների բացարձակ մեծամասնությունը ձգտել է հենց անկախության՝ որպես պետականաշինության ​և ազգակերտման հիմնարար պայմանի։ Օրինակ՝ ամերիկացիներ Թոմաս Ջեֆերսոնը և Ալեքսանդր Համիլթոնը որևէ տարաձայնություն չունեին այն հարցում, որ ամերիկացիները պետք է դառնան անկախ ազգ, սակայն այն ձեռք բերելուց հետո նրանք դարձան հակառակորդներ (ֆեդերալիստներ և կոնֆեդերատներ) ինքնիշխանության ներքին մոդելի ընտրության և դրա աղբյուրի հարցում։ Ինքնիշխանության խնդիրը դարձավ գլխավոր խոչընդոտը Իմոն դե Վալերայի և Մայքլ Քոլինզի հարաբերություններում՝ երկու ամենամտերիմ զինակիցների, ովքեր ամեն ինչ տվեցին հանուն անկախ Իռլանդիայի:

Ծանր աշխատանքով, քրտինքով և արյունքով ձեռք բերված անկախությունը բարձրագույն արժեք է։ Այն պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով աշխատել բովանդակային (կամ իսկական) պետականություն ստեղծելու և նրա իմունիտետն ամրապնդելու ուղղությամբ։ Միայն ինքնաբավ պետությունն է (ոչ թե թագավորները, նախագահները, նախարարները կամ կուսակցությունները) դառնում միակ իսկական ինքնիշխանը, որի առաքելությունն ազգի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական անվտանգության ապահովումն է։

Անկախությունը՝ որպես երևույթ, սկսվում է անկախ մտածող ազնվականության ձևավորումից (առաջին փուլ): Իրենց անկախ պետությունների հիմնադիր հայրերից շատերն իրենց գործունեությունը սկսել են որպես տիպիկ կոնֆորմիստ քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում էին պահպանել ծանոթ և հարմարավետ ստատուս քվոն: Ջորջ Վաշինգտոնը և Ջոն Ադամսը, որոնց շուրջ համախմբվել էր տասներեք գաղութների վերնախավը, մինչև վերջին պահը հավատում էին, որ բրիտանացիների հետ կարելի է համաձայնության գալ։ Թեոդոր Հերցլը և նրա աջակիցներից շատերը մինչ «Դրեյֆուսի գործը» կարծում էին, որ հրեաները կընդունվեն եվրոպական քաղաքակրթության կողմից, իսկ Մայքլ Քոլինզը մինչև Զատկի ապստամբության չափազանց դաժան ճնշումը, վստահ էր, որ իռլանդական և անգլիական դրոշները կարող են Դուբլինում խաղաղորեն ծածանվել կողք կողքի։ Հետագա իրադարձությունները վերոհիշյալ անձանց ստիպեցին գիտակցել դաժան իրողությունները, ինչը նրանց թույլ տվեց դառնալ ազգային ազնվականության հիմնադիրներ։ Աստիճանաբար, սակայն հաստատուն կերպով նրանց մեջ մահացան հասարակական-քաղաքական գործիչները և ծնվեցին պետական գործիչները։

Երկրորդ փուլը համազգային գաղափարախոսության ձևավորումն է։ Գաղափարախոսություն ասելով հասկանում ենք ոչ թե ցանկությունների պարզ հավաքածու, այլ ժողովրդի պատմական, սոցիալական, տնտեսական և մշակութային առանձնահատկությունների վերլուծության և համակարգման վրա հիմնված խորքային արժեքային հենքի ստեղծում։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենալավ մտածված գաղափարախոսությունը, որի ստեղծման վրա աշխատել են պայծառագույն ուղեղները, առանց գործնական փորձարկման, կվերածվի դատարկ փիլիսոփայական տրակտատի։ Նույն Հերցլի «Հրեական պետություն» աշխատությունը փոխակերպվեց սիոնիզմի քաղաքական գաղափարախոսության միայն ամբողջ աշխարհում հրեաների հետ հարյուրավոր հանդիպումներից հետո, ինչն ի վերջո հանգեց առաջին համաշխարհային համակարգային հրեական ժողովին՝ Սիոնիստական ​​կոնգրեսին: Երրորդ փուլը քանակական ու որակական ռեսուրսների գույքագրումն ու հավաքագրումն է։ Իրական անկախությունը արտոնություն է, որը պետք է նվաճել։ Եվ միայն ցանկությունը, անգամ ամենաանկեղծը, բացարձակապես բավարար չէ։ Կան նույնիսկ օրինակներ, որոնք հաստատում են, որ վերջնական հաջողության համար երբեմն բավական է ներգրավել մեկ ապահովված, սակայն անկախության գաղափարախոսությանը նվիրված մարդու՝ Էդմոնդ դե Ռոտշիլդը սիոնիզմի և Իսրայելի դեպքում (ի դեպ, նրա եղբայրն այլ կարծիքի էր և իր վրա վերցրեց 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով Ֆրանսիայի ռեպարացիաների ծածկման պարտավորությունը), Օ’Մարայի ընտանիքը Գելական լիգայի և Իռլանդիայի անկախության շարժման դեպքում:

«Առանց ինձ սիոնիստները շատ քիչ բանի կհասնեին, բայց առանց սիոնիստների իմ սեփական գործը կոչնչանար»։
Էդմոն դե Ռոտշիլդ

Անկախության ձեռք բերումը միայն սկիզբն է։ Սկզբնական փուլում այն ​​չափազանց փխրուն է և իր ճարտարապետներից պահանջում է առավելագույն նվիրում, կենտրոնացում և սառնասրտություն: Բրիտանական կայսրության դեմ հաղթանակ տարած իռլանդական ազնվականության ներսում կոնֆլիկտը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, որը պառակտեց հասարակությունը և երկիրը զրկեց Օլսթերի խնդիրը (Հյուսիսային Իռլանդիայի ազատագրումը և Իռլանդիայի հետ վերամիավորումը) արագ լուծելու ժամանակից և ռեսուրսներից: Միայն որոշ ժամանակ անց հակամարտող ճամբարների ներկայացուցիչները եկան այն եզրահանգմանը, որ ռազմավարական հաղթանակը տարել է Բրիտանիան, քանի որ առանց Օլսթերի կարելի է խոսել միայն Իռլանդիայի պետականության մասնակի անկախության մասին։ Անկախության պահպանումը շատ ավելի բարդ խնդիր է, որը պետք է լուծել ամենօրյա ռեժիմով։ Միշտ էլ կլինեն ներքին ու արտաքին թշնամիներ։ Առաջինը քաղաքական գործիչների և պաշտոնյաների խավն է, որը պետությանը վերաբերվում է որպես առևտրային ընկերության, որտեղ նրանք «տեղավորվել են» փող աշխատելու և սեփական խնդիրները լուծելու նպատակով ազդեցության գործիքներ ձեռք բերելու համար։ Երկրորդը պետություններն են, որոնք ցանկանում են չեղարկել քո անկախությունը՝ քաղաքական որոշումների մշակման և կայացման գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։

Կարճ ասած, անկախությունը բարդ ու քրտնաջան աշխատանք է, որի համար սեփական ժողովրդի մեծամասնությունից երախտագիտություն սպասել պետք չէ։ Բայց այն արժե, քանի որ չկա ավելի մեծ կոչում, քան սեփական պետությունը ստեղծելն ու պաշտպանելը, որը ոչ ոքի թույլ չի տա նվաստացնել քո ժողովրդին և թույլ չի տա, որ կրկնվեն Մեծ սովը, Հոլոքոստը և այլնը։

Շարունակելի․․․


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն