Ինչպես են կառուցվում սփյուռքերը: Մաս 1․ Հրեական Սփյուռք

Հրեական ազնվականությունը ստեղծեց անսասան արժեքի՝ պետության գաղափարախոսությունը, որն էլ ստանձնեց ոչ միայն ազնվականության, այլև համաշխարհային հրեականության պաշտպանության գործառույթը, եթե անգամ վերջինս թյուրիմացաբար կարծում է, թե չունի ո´չ այդ պետության, ո´չ էլ նրա պաշտպանության կարիքը։

Վերջին հոդվածում մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է սփյուռքը և ինչու այն չպետք է շփոթել էթնիկ խմբի և համայնքի հետ։ Այս վերլուծական էսսեի նպատակն է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել ներկայումս գոյություն ունեցող երկու սփյուռքերից մեկի՝ հրեականի ձևավորման պատմությունը։ Նրա ձևավորման պատմությունը հասնում է հին ժամանակներ և սկսվում է Իսրայելի թագավորության անկումից մ.թ.ա. 8-րդ դարում։ Սակայն հրեական համայնքների զանգվածային աճը սկսվում է հելլենիստական ​​դարաշրջանում՝ որպես սոցիալական և կրոնական հալածանքների հետևանք: Ի դեմս Հռոմեական կայսրության՝ մետրոպոլիայի դեմ տապալված ապստամբությունը (Հրեական պատերազմը) հանգեցրեց Երկրորդ տաճարի կործանմանը և հրեաների մեծ մասի վտարմանը Պաղեստինից: Այն ժամանակների աշխարհաքաղաքական իրադարձությունները հանգեցրին երեք խոշոր համայնքային կլաստերների ձևավորմանը՝ սեֆարդական (Իսպանիա մինչև 1492 թվականը), աշքենազյան (հիմնականում՝ Գերմանիա) և աֆրոասիական։

Պետք է հասկանալ, որ այս համայնքները, բացի կրոնից, միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեին։ Սեֆարդները խոսում էին լադինո լեզվով, որը մոտ է իսպաներենին, իսկ աշքենազները՝ իդիշով, որը մինչ օրս դասվում է գերմանական լեզվախմբին։ Դրանք դասական կրոնական համայնքներ էին, որոնք ոչ միայն բարեկամ չէին, այլև թշնամաբար էին տրամադրված միմյանց հանդեպ։ Ներքին խտրականությունը հարյուրավոր խոչընդոտներ էր ստեղծել միավորման ցանկացած մոդելի ձևավորման ճանապարհին։ Ամենավառ օրինակներից մեկն այն ավանդույթն է, որ աշքենազները հրաժարվում էին իրենց դուստրերին կնության տալ սեֆարդ տղամարդկանց, և հակառակը։ Սոցիալական բարեկեցությունը, հասարակական դիրքը և ընտանիքի ծագումը յուրաքանչյուր առանձին համայնքի ներսում կյանքի հիմնական չափորոշիչներն էին: Նրանց գոյատևումը մեծապես հնարավոր դարձավ հուդայականության շնորհիվ, որը արտաքին աշխարհի հետ պարիսպ ստեղծեց: Հրեական կրոնական ազնվականությունը պատրաստ էր այդ աշխարհի հետ ունենալ բացառապես պաշտոնական և գործնական հարաբերություններ։

Արմատական կաթոլիկ Իսպանիայից և Կենտրոնական Եվրոպայի երկրների մեծ մասից հրեաների արտաքսումից հետո սկսեցին ձևավորվել նոր համայնքային կենտրոններ։ Հրեական քաղաքական մտքի առաջին դպրոցները հայտնվեցին Հունգարիայում և Լեհաստանում։ Եվրոպայում և Ռուսական կայսրությունում աշխարհիկ հրեականության նշանակալի խավի առաջացումը փոխեց ոչ միայն հրեական համայնքի ընկալումը, այլև հրեական ինքնությունը: Համայնքային մտավորականության նոր սերունդը, որը բարձրագույն կրթություն էր ստացել և մեծացել Լուսավորության դարաշրջանի դասականների ստեղծագործություններն ընթերցելով, վերաիմաստավորեց իր ժողովրդի պատմությունը և նրա փխրուն դրությունը օտարության մեջ՝ ձեռնամուխ լինելով գաղափարական նոր հարթակի ստեղծմանը, որի շուրջ հնարավոր կլիներ համախմբել հրեական ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրել ցանկացող մտածող փոքրամասնությանը։ Այդպիսի առաջնորդող աստղ դարձավ իսրայելական սիոնիզմը։ Նրա հիմնադիրը՝ Թեոդոր Հերցլը, ի սկզբանե ինտեգրացիոն մոդելի ջատագովն էր, ըստ որի՝ հրեականությունը բնակության երկրների ինքնության անբաժանելի մասն է։ Սակայն նրա հայացքները փոխվեցին եվրոպական ազնվականության հետ սերտ շփումների արդյունքում, որը ծայրաստիճան քամահրական և բացասական վերաբերմունք ուներ հրեաների նկատմամբ։

Պատմական տեղեկանք

Սիոնիզմը՝ որպես կրոնական և քաղաքական փիլիսոփայություն, առաջացել է բրիտանական քրիստոնեության (անգլիկանության) խորքերում։ Նրա հիմնադիրն է համարվում անգլիացի քաղաքական գործիչ և աստվածաբան Հենրի Ֆինչը, ով իր «Աշխարհի մեծագույն վերականգնումը կամ հրեաների կոչումը» աշխատության մեջ առաջ քաշեց այն թեզը, որ անհրաժեշտ է նախաձեռնել հրեաների վերադարձը Պաղեստին՝ հանուն աստվածաշնչյան մարգարեության կատարման։ Նրա հետևորդները՝ Ջոն Դարբին և Ուիլյամ Բլեքսթոունը, զարգացրեցին այս հայեցակարգը՝ հայտարարելով, որ քրիստոնյաները պետք է ստեղծեն Իսրայելը և պաշտպանեն այն, քանի որ այդ առաքելությունը նրանց վստահել է հենց ինքը Աստված: Այսպես առաջացավ քրիստոնեական սիոնիզմի գաղափարախոսությունը, որը լայն տարածում գտավ Միացյալ Նահանգներում։ Քրիստոնեական սիոնիզմը դարձավ իսրայելական սիոնիզմի բնական դաշնակիցը: Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ քրիստոնեական սիոնիզմը դիտարկում էր իսրայելական սիոնիզմը որպես իր հայեցակարգի իրականացման գործիք, իսկ իսրայելական սիոնիզմը օգտագործում էր քրիստոնեական սիոնիզմը հրեական պետության շահերի լոբբինգի համար:

Եվրոպայում շատ ազնվական հրեական ընտանիքներ նման վերաբերմունքին ըմբռնումով էին մոտենում և ձգտում էին խուսափել որևէ ակտիվությունից՝ տեղացիներին չբարկացնելու համար։ Հերցլը նույնպես երկար ժամանակ պատրանքներ ուներ՝ հուսալով, որ մի օր հրեաները կդառնան յուրայիններ: Դրանում կարևոր դեր խաղաց պոպուլիզմը, որն ակտիվորեն ներթափանցեց եվրոպական իշխող շրջանակներ 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո։ Էմանսիպացիայի քաղաքականությունը (եվրոպական հրեաների իրավունքները տեղացի բնակչության իրավունքներին հավասարեցնելը)՝ որպես այդ հեղափոխության հետևանքներից մեկը, բարձր ակնկալիքներ ձևավորեց առավել ունևոր հրեական շրջանակներում։ Նրանք անկեղծորեն հավատում էին, որ ապրում են գերմանացի մտածող Յոհան Հերդերի մարգարեության իրականացման դարաշրջանում, ըստ որի՝ «կգա ժամանակ, երբ Եվրոպայում ոչ ոք չի հարցնի՝ հրեա՞ ես, թե՞ քրիստոնյա, քանի որ հրեաները նույնպես կապրեն եվրոպական օրենքներով ևիրենց նպաստը կբերեն ընդհանուր բարօրությանը»: Նրանք հավատացին հրաշքին։ Իսկ պատմությունը հակված է ամենադաժան ձևով պատժելու նրանց, ովքեր վերլուծության ու մտորումների փոխարեն ընտրում են հրաշքներին հավատալու ճանապարհը։

Իրականությունն ավելի դաժան էր։ Հրեաներին ազատ արձակեցին, ոչ թե նրանց ազատություն տալու, առավել ևս՝ իրենց «ընտանիք» ընդունելու համար, այլ պարզապես իրենց շահերի համար օգտագործելու նպատակով։ 1805–1812 թթ․ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրեական համայնքների ներկայացուցիչները մեծ եռանդով և խանդավառությամբ զինվորագրվեցին իրենց երկրների (հատկապես Պրուսիայում) բանակներին, նրանց մեկենասները ուրախությամբ և հպարտությամբ նշանակալի միջոցներ հատկացրեցին դրա համար։ Երբ նրանք այլևս պետք չէին, շատ երկրներում նրանց նախկինում տրված իրավունքները չեղարկվեցին, իսկ պրուսական իշխաններն ու կոմսերը, որոնց առանձնակի հավատարիմ էին հրեաները, ավելի խիստ սահմանափակումներ սահմանեցին։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ նրանք շարունակում էին միամտորեն հավատալ, որ դարձել են եվրոպական քաղաքակրթության մի մասը։

Հրեաները «վայելում» էին իշխանությունների նուրբ հոգածությունը՝ նրանց արգելված էր լքել իրենց փողոցները կիրակի օրերին, նրանք իրավունք չունեին ամուսնանալ մինչև քսանհինգ տարեկան դառնալը (որպեսզի նրանց սերունդներն ուժեղ և առողջ լինեն), հանգստյան օրերին նրանք կարող էին իրենց տները լքել միայն երեկոյան ժամը վեցին, հասարակական այգիները և քաղաքից դուրս գտնվող զբոսավայրերը նրանց համար փակ էին, և նրանք ստիպված զբոսնում էին դաշտերում: Եթե ​​հրեան փողոց էր անցնում, և քրիստոնյա քաղաքաբնակը կանչում էր՝ «Հարգանք ցուցաբերի´ր, հուդայացի´», ապա հրեան պարտավոր էր հանել իր գլխարկը։ Անկասկած, այս «իմաստուն» քայլի նպատակն էր ամրապնդել «փոխադարձ սերն» ու «հարգանքը» քրիստոնյաների և հրեաների միջև։
Լյուդվիգ Բերնե՝ գրող և հրապարակախոս։

Հերցլի գլխում շրջադարձային պահը եղավ «Դրեյֆուսի գործի» ժամանակ, երբ ֆրանսիացիները՝ փոքրից մեծ, բղավում էին «Մահ հրեաներին» կարգախոսը։ 1894 թվականին ֆրանսիական բանակի սպա Ալֆրեդ Դրեյֆուսը ձերբակալվեց և ներկայացվեց ռազմական դատարան՝ Գերմանիայի օգտին լրտեսության կեղծ մեղադրանքով։ Չսպասելով հետաքննության արդյունքներին՝ եվրոպական թերթերի մեծ մասը (տեղի բուրժուազիային պատկանող) նրա դեմ մեղադրական դատավճիռ կայացրեց՝ շեշտադրելով նրա հրեական ծագումը։ Գաղափարը պարզ էր՝ եթե հրեա է, ուրեմն դավաճան է։ Ոչ ոքի չէր հուզում, որ Ալֆրեդն իրեն ֆրանսիացի էր համարում և գլխավոր շտաբում ծառայող ամենահայրենասեր սպաներից էր։ Այն ժամանակ Հերցլը վերջնականապես համոզվեց, որ հրեական հարցի միակ լուծումը սեփական ազգային պետության ստեղծումն է։ Սկզբում այս մոտեցման կողմնակիցները շատ չէին, քանի որ հարուստ հրեական ընտանիքների մեծ մասը շարունակում էր ապրել այնպես, կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել՝ ցույց տալով իրենց հավատարմությունը տեղացիներին:

Հերցլն իր ամենամտերիմ գաղափարական համախոհների հետ միասին շատ ժամանակ է ծախսել գաղափարախոսության համակարգման և հրեական համայնքներում դրա տարածման վրա։ Բավականին կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվեց գրավել բազմաթիվ ազդեցիկ հրեաների ուշադրությունն ամբողջ աշխարհում։ Գաղափարախոսության և շահագրգռված մարդկանց անհրաժեշտ կրիտիկական զանգվածի առկայությունը հնարավորություն տվեց կազմակերպել Առաջին սիոնիստական ​​կոնգրեսը, որի շրջանակներում հայտարարվեց Համաշխարհային սիոնիստական ​​կազմակերպության ստեղծման մասին։ Ինքը՝ Հերցլը, ամփոփեց առաջին համաժողովը հետևյալ խոսքերով՝ «Բազելում ես ստեղծեցի հրեական պետությունը»։ Բովանդակային առումով նա իրավացի էր, քանի որ նրան հաջողվեց հրեական ազնվականության որոշ մասի մտքերում և սրտերում դաջել անկախ հրեական պետություն ստեղծելու գաղափարը: Սա հեղափոխական միտք էր, քանի որ մեծամասնությունը կտրականապես դեմ էր այդ գաղափարին (հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հրեաները)՝ ձգտելով պահպանել իրենց ծանոթ հարմարավետության գոտին: Նրանք հավատում էին, որ իրենց հարստությունը հմայիլ է բոլոր անախորժությունների դեմ, իսկ տեղի էլիտաների կեղծ ժպիտները՝ հարգանքի նշան են։ Ապագայում, ինչպես կանխատեսել էին սիոնիստների առաջնորդները, այդ սխալները թանկ արժեցան հրեա ժողովրդի համար (Հոլոքոստ):

Մենք մեր առջև հրեական համայնքների ներսում առկա բարդ հակասությունների պատմության մեջ խորանալու խնդիր չենք դնում, ուստի կարևոր է կանգ առնել առանցքային նվաճման՝ ի դեմս Համաշխարհային սիոնիստական ​​կազմակերպության՝ առաջին գլոբալ հրեական քաղաքական ինստիտուտի ստեղծման վրա: Այս ոչ իդեալական (բայց հեղափոխական) կառույցի շրջանակներում կերտվեցին ազգային ազնվականությունը և ազգային բուրժուազիան, որոնց փոխազդեցությունը հանգեցրեց Իսրայելի Պետության ստեղծմանը։ Առաքելությունը կատարված էր՝  հազարամյակների ընթացքում առաջին անգամ հրեա ժողովուրդը ստացավ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն: Պետությունը պատասխանատվություն ստանձնեց համայնքների համար, որտեղ կենտրոնացած է նրանց գոյատևման և զարգացման հիմնական ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: 60-ականների վերջից Իսրայելը լծվեց ռազմավարական խնդրի լուծմանը՝ անդրազգային ցանցերի ստեղծմանը, որի նպատակն էր ազդել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի առանցքային երկրների արտաքին և պաշտպանական քաղաքականության ձևավորման և իրականացման վրա։ Այս խնդիրը լուծվեց, և պետության անմիջական մասնակցությամբ վերափոխվեց և ամրապնդվեց Համաշխարհային հրեական կոնգրեսը։

Այսօր աշխարհում դժվար է գտնել գեթ մեկ երկիր, որի առաջնորդն, աշխարհաքաղաքական որոշումներ կայացնելիս, հաշվի չառնի Իսրայելի և նրա Սփյուռքի գործոնը։ Հրեական մեծամասնությունը (ինչպես ցանկացած այլ էթնիկ խումբ) մնում է պառակտված և միմյանցից անջատված՝ մի կողմից՝ աշխարհիկների և հարեդիների (կրոնականների) առճակատումը, իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուր առանձին խմբի ներսում ներքին բաժանումները: Գոյություն ունեն ամբողջական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս Իսրայելի Պետության լուծարման օգտին (օրինակ՝ «Նատուրեյ կառտա») և սատարում են նրա աշխարհաքաղաքական հակառակորդներին։ Ով ասես որ չկա՝ անհատներ, ամեն ճաշակի և գույնի կուսակցություններ և շարժումներ՝ չափավորներ և ռեֆորմիստներ, աջ արմատականներ և ձախ սոցիալիստներ, սիոնիստներ և հիպերսիոնիստներ, պատերազմի և խաղաղության կուսակցություններ, հայրենադարձության կողմնակիցներ և դրա մոլի հակառակորդներ։ Այս ամենը, բնականաբար, վկայում է հրեա ժողովրդի՝ ամուր իմունիտետով իսրայելական ազգի փոխակերպման մասին։ Հրեական ազնվականությունը ստեղծեց անսասան արժեքի՝ պետության գաղափարախոսությունը, որն էլ ստանձնեց ոչ միայն ազնվականության, այլև համաշխարհային հրեականության պաշտպանության գործառույթը, եթե անգամ վերջինս թյուրիմացաբար կարծում է, թե չունի ո´չ այդ պետության, ո´չ էլ նրա պաշտպանության կարիքը։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն