Իսրայելը նախազգուշացնում է՝ հնարավոր է գոյատևում

Վստահորեն կարելի է ասել միայն երկու բան՝ Իսրայելը և իսրայելական անդրազգային քաղաքական ազգը կաշխատեն իրենց սխալներն ուղղելու ուղղությամբ, իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարության թույլ տված սխալները կարող են անդառնալի հետևանքներ թողել։

Մեկ տարի առաջ ՀԱՄԱՍ-ն Իսրայելում դաժանաբար սպանեց մոտ 1200 մարդու, հիմնականում՝ խաղաղ բնակիչների, պատանդ վերցրեց 251-ին։ Ի պատասխան, Իսրայելը լայնամասշտաբ հարձակում սկսեց ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի դեմ՝ երկու հայտարարված նպատակներով՝ ոչնչացնել այդ ահաբեկչական կազմակերպությունը և վերադարձնել պատանդներին: Այս պահին ՀԱՄԱՍ-ը գործնականում գլխատված է, իսկ Գազայում դեռևս մնում են 97 գերիներ, որոնցից 39-ն այլևս կենդանի չեն։ ՀԱՄԱՍ-ի գրեթե ողջ ղեկավարությունը կամ ոչնչացված է, կամ փախուստի մեջ։ Ըստ տարբեր գնահատականների՝ նրա զինված ​​անձնակազմի մոտ կեսը մահացած է։ Անխոս, ավելի լրջորեն պատրաստված և Իրանին ենթակա «Հեզբոլլահի» հետ վերջին սրացման և անմիջականորեն Իրանի հետ սպասվող էսկալացիայի ֆոնին, վաղաժամ է խոսել սկզբնական և նոր նպատակների իրականացման մասին։ Սակայն մեկ տարին, որն էլ ավելի հետին պլան մղեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, բավական է Հայաստանի համար «թարմ» դասեր քաղելու համար։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք տեսանք, որ նույնիսկ իսրայելական հետախուզությունն ու բանակը կարող են անակնկալի գալ։ Այս տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես Իսրայելը, որը ժամանակին ուշադրություն չէր դարձնում փոխանակումների համամասնություններին և միշտ մեկ իսրայելացուն վեր էր դասում թշնամական տասնյակ և հարյուրավոր ուժերից, պատանդների շրջանում մահեր թույլ տվեց հանուն ավելի «գլոբալ» նպատակի՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման։ Թողնենք այն հարցը, թե հնարավո՞ր է երկրի երեսից ջնջել գաղափարախոսության վրա կառուցված և բազմամիլիոնանոց բնակչություն կառավարող մի կազմակերպություն, որին, ի դեպ, հենց դուք եք սնել։ Կարևոր է մեկ այլ բան՝ խնդիրը ոչ միայն Նեթանյահուի «մարդակերությունն» է, որին հայերը քաջատեղյակ են, այլ այն, որ Իսրայելն ահաբեկիչների հետ բանակցելու սահմանները գիտի։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրանց, ովքեր գազանաբար սպանել են ձեր խաղաղ բնակիչներին և այժմ առաջարկում են ճնշումը թուլացնելու դիմաց վերադարձնել ողջ մնացածների մի մասին։ Միամտության նման վարպետության դաս ամբողջ աշխարհին կարող է տալ միայն Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, Իսրայելի «բախտն այնքան էլ չի բերել» կռվել պաղեստինցիների, և ոչ ներկայիս հայ հասարակության հետ, ուստի ռազմական հաղթանակից հետո դեռ դժվարություններ կլինեն քաղաքական վերահսկողություն հաստատելու հարցում։ Պաղեստինցիները, չնայած որ գտնվում են ամենաիրական անելանելի շրջափակման մեջ, չեն վազի իրենց անդադար գնդակոծող Նեթանյահուի գրքերը ընթերցելու։

Այդուհանդերձ, կարևոր չէ, թե որքան իռացիոնալ է թվում նպատակը, եթե դուք, իհարկե «իրական Իսրայելի» ղեկավարը չեք։ Սիոնիստական ​​շարժման սկզբնավորումից ի վեր նրա առաջնորդները տիրապետել են հնարավորի արվեստին: Իսրայելի առաջնորդները՝ Թեոդոր Հերցլից և Դավիդ Բեն Գուրիոնից մինչև Իցհակ Ռաբին, ծառայել են որպես սեփական ռեսուրսների սթափ գնահատման և անբեկանելի քաղաքական ռեալիզմի օրինակներ։ Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես են իսրայելական ազնվականության ներկայացուցիչները կառուցել հզոր պետություն և ազգ, ազգային շահերը վեր դասելով համամարդկային արժեքներից և համընդհանուր բարիքներից, մենք գրել ենք ազգային բուրժուազիայի և գլոբալ ազգերի մասին մեր հոդվածներում: Հարևան պետությունների կողմից Իսրայելի գոյության իրավունքը ճանաչելուց հրաժարվելը ռազմական դիմադրությունը դարձրեց անհրաժեշտ չարիք և բոլոր հնարավոր միջոցները ծառայեցրեց մեկ նպատակի՝ հրեական պետության պահպանմանն ու հզորացմանը։

Եվ առավել ևս ոչ ոքի չէր հուզում, որ, օրինակ, Արևմտյան Եվրոպան՝ Իսրայելի առանցքային առևտրային գործընկերը, չէր աջակցի 1982 թվականի Լիբանանի դեմ արշավին: Ինչպես տեսնում ենք, առաջնահերթությունների ճիշտ սահմանումը բնավ չի վնասել իսրայելական տնտեսությանը։ Լիբանանին՝ որպես պետության, և ոչ թե ինչ-որ ահաբեկչական կազմակերպության, ուղղված հետագա սպառնալիքները, ներառյալ ամենավերջինները, նույնպես ուժեղ միջազգային արձագանք չեն ստացել, և ոչ այն պատճառով, որ Իսրայելը կարող է պատասխանատվություն չկրել իր գործողությունների հետևանքների համար, այլ քանզի «միջազգայնորեն ճանաչված սահմանների» անխախտելիություն կա միայն Փաշինյանի և նրա հովանավոր Լևոն Տեր-Պետրոսյանի հիվանդ գիտակցության մեջ։

Նույնքան իռացիոնալ էր անապատում պետություն ստեղծելը՝ շրջապատված բազմապատիկ գերակշռող թշնամիներով, և ակնկալել, որ հրեաները նման այլընտրանքը կգերադասեն իրենց եվրոպական բնակարանների հարմարավետությունից, վարել իրական հայրենադարձության քաղաքականություն՝ չունենալով հայրենադարձների նման ներհոսքեր ընդունելու ռեսուրսներ, հռչակել Երուսաղեմը՝ խոցելի և բոլոր աբրահամյան կրոնների կենտրոնը, որպես իր մայրաքաղաք, իսկ այնուհետև ռազմական գործողություններ սկսել՝ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար, և, վերջապես, չգնալ մասնակի զիջումների՝ նոր պատերազմներից խուսափելու համար։ Քանզի Իսրայելի ղեկավարները միշտ էլ գիտակցել են, որ տարածքները կարող են հանձնվել միայն լիարժեք խաղաղության դիմաց, ոչ ավել և ոչ պակաս:

Գլոբալ դիվանագիտության մեջ նման քաղաքականության արդյունքն Իսրայելի իրավունքն է՝ առանց վարանելու արձագանքելու սպառնալիքին։ Եվ, իհարկե, դաշնակիցները կարող են կասկածի տակ դնել այդ իրավունքի իրացման միջոցների մարդասիրությունը և նույնիսկ փորձել փրկել իրենց դեմքը՝ Գազայի հատվածին մարդասիրական օգնություն ցուցաբերելով, սակայն դա չի խանգարի ԱՄՆ նախագահին, չնայած հասարակական ճնշմանը, ինքն իրեն կոչել ամերիկյան սիոնիստ և անընդհատ հիշեցնել իսրայելական պետությունը պաշտպանելու իր պատրաստակամության մասին։

Այո´, Հոլոքոստը հրեաների զանգվածային սպանության վերջին գործողությունը չէր։ Այո´, Մերձավոր Արևելքն այժմ էլ ավելի հեռու է «հավերժական խաղաղությունից»։ Այո´, երկրի ղեկին ամենաարժանավոր ղեկավարը չէ։ Այո´, Իսրայելի խաղաղ բնակիչները հոկտեմբերի 7-ին հանկարծակիորեն մնացին անպաշտպան, քանի որ հաստատությունները կարճ ժամանակով խափանվեցին, իսկ Նեթանյահուն գրեթե «գրավեց» պետական ​​ապարատը: Բայց հենց ներքին հավասարակշռության ու սեփական գոյության համար պայքարելու պատրաստակամության  առկայությունն է, այլ ոչ թե որպես այդպիսին սպառնալիքների բացակայությունը, որ առանձնացնում է զարգացած իմունիտետ ունեցող ազգերին։

Իսրայելն, իհարկե, գործել և շարունակում է գործել ճակատագրական սխալներ։ Այո´, նա ստիպված կլինի պատասխան տալ դրանցից մի քանիսի համար։ Սակայն «չհիվանդանալ» հնարավոր է միայն իդեալական լաբորատոր պայմաններում. մեծ քաղաքականության ջունգլիներում անհնար է չհանդիպել գրգռիչների։ Իրական կյանքում, քանի դեռ քեզ Իսլանդիա կամ Շվեյցարիա չեն անվանում, քեզ վրա միայն մեկ դեպքում չեն հարձակվի՝ եթե դու գոյություն չունես։ Հատկապես, եթե դա հենց այն նպատակն է, որի մասին պաշտոնապես հայտարարում են քո հարևանները։ Հարցն միայն այն է՝ պայքարո՞ւմ ես քո գոյությունը թունավորողների դեմ, թե՞ թույլ ես տալիս, որ տոքսինները փոխարինեն առողջ բջիջներին: Այլ կերպ ասած, խնդրի լուծման առաջին քայլը դրա գոյությունն ընդունելն է։ Ուստի վստահորեն կարելի է ասել միայն երկու բան՝ Իսրայելը և իսրայելական անդրազգային քաղաքական ազգը կաշխատեն իրենց սխալներն ուղղելու ուղղությամբ, իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարության թույլ տված սխալները կարող են անդառնալի հետևանքներ թողնել։

«Մենք Իսրայելը չենք, մենք մեր ճանապարհն ունենք։ Մենք չունենք ԱՄՆ-ի աջակցությունը»,- արդարանում են «խաղաղության օրակարգի» և «իրական Հայաստանի» ջատագովները և մոռանում Արցախի ազատագրման հարցում միջազգային բոլոր հիմնական խաղացողների լուռ և երբեմն ակտիվ համաձայնության մասին։ Ավելին, 30 տարի անց նրանք հանդգնում են հայտարարել, որ ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր էր համարում, և որպեսզի նրանց համակրանքն ու կարեկցանքը ստանանք, պետք է հրաժարվենք Արցախից և ինքներս զոհ դառնանք։ Նախ՝ ո՞ւմ է պետք նման գնով համակրանքը։ Երկրորդ՝ ո՞վ է հորինել այն միտքը, թե «միջազգային հանրությունը» հաղթողներին չի հանդուրժում։ Երրորդ՝ մեր դեպքում նրա դիրքորոշումը նույնիսկ միանշանակ մեր օգտին էր (մենք գրել ենք այն մասին, թե ինչպես էր պետք դա է պահպանել անգամ Ադրբեջանի հետ նավթային «Դարի պայմանագրի» ֆոնին)։

Դե ինչ, Հայաստանի ղեկավարությունն ունի իր «այլևս երբեքի» մոդելը։ Ցեղասպանությունը չի կարող կրկնվել, եթե, առաջին հերթին, այն չի էլ դադարեցվում, և, երկրորդ՝ պատմությունը վերաշարադրվում է, ասես այն երբեք չի էլ եղել։ «Իրական» Հայաստանն այլընտրանքային տիեզերք է, որտեղ Ադրբեջանում և Թուրքիայում քնած հայի դահիճ Ռամիլ Սաֆարովին և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստերը ցուցադրող թուրք ֆուտբոլիստին գովերգելը Հայաստանի և հայերի նկատմամբ թուրքական աշխարհի ցեղասպան քաղաքականության ապացույցներ չեն, այլ դահիճներ, որոնք «օգնում են» հայերին «ռեալիստներ» դառնալ։

Իսրայելում և նրա սփյուռքում ևս պետության պահպանման միջոցների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Շատերին, այդ թվում՝  2023 թվականի հոկտեմբերի 7-ի գիշերը Գազայի հատվածի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա փառատոնում պարող երիտասարդների զգալի մասին, կբավարարեր իրենց պատմական հայրենիքում երկու պետությունների գոյությունը՝ հրեական և արաբական։ Ինչն ավելի քան «ռացիոնալ» է տասնամյակներ շարունակվող բանակցությունների և ՄԱԿ-ի անդամ երկրների 75%-ի կողմից Պաղեստինի ճանաչման ֆոնին։ Ավելին, ընդհուպ մինչև հոկտեմբերի 7-ը, պաղեստինցիները կարողանում էին մուտք գործել Իսրայելի տարածք և աշխատել այնտեղ, ինչպես նաև օգտագործել այդ երկիրն՝ իրենց արտադրանքն արտահանելու համար։ Այսինքն՝ ի տարբերություն մեզ, հրեաները խաղաղ գոյակցության մասին պատրանքներ ունենալու հիմքեր ունեին։

Ինչպես ցանկացած նորմալ մարդիկ, իսրայելցիներն էլ ցանկանում են ապրել խաղաղ, այլ ոչ թե արկերի ու ահաբեկչական հարձակումների մշտական ​​սպասումով: Նույն կերպ նրանք մարդկային կյանքը վեր են դասում ամեն ինչից և դուրս են գալիս ցույցերի՝ հիշեցնելու կառավարությանը պատանդներին վերադարձնելու հրամայականի մասին։ Իսրայելցիները կիբորգներ չեն, հասարակ մարդիկ են՝ մսից և արյունից շինված, ովքեր, չնայած նման կասկածներին, կռվում են իրենց հայրենիքի համար և պահպանում միասնական ճակատ, քանի որ իրենց նախնիների կաշվի վրա համոզվել են՝ ինչ է իրենց սպասվում առանց պետության, որտեղ էլ որ իրենք գտնվեն, քանի որ  նրանց ուղղորդում է վերնախավ, ոչ թե ժամիշխանների կույտ։

Իսկ մենք… ձևացնում ենք, թե կյանքերն ենք ընտրում, բայց շարունակում ենք աստիճանաբար կորցնել դրանք՝ չնայած «խաղաղության դարաշրջանին»։ Իրենց դժբախտության հետ մենակ ենք թողնում նրանց, ովքեր կորցնում են մտերիմներին, իսկ հետո և´ տունը, և´ հարազատների գերեզմանները՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքում և Տավուշում։ Մենք նույնիսկ չգիտենք Բաքվում տարիներ շարունակ գերության մեջ տառապող հայերի թիվը, առավել ևս՝ նրանց ընտանիքի անդամներին։ Նրանք երբեք գործադուլ չեն արել, որպեսզի ստիպեն կառավարությանը հաշվետու լինել մեր առջև մեր հայրենակիցների ճակատագրի համար։ Մենք ոչ մի րոպե սգի մեջ չենք անցկացրել հարյուրավոր ծերերի, կանանց, երեխաների ու հերոսների կորստից հետո, ովքեր իրենց վերջին ճակատամարտը տվեցին Արցախի համար արդեն ավելի քան մեկ տարի առաջ։ Հայ մարտիկների, ծերերի, կանանց ու երեխաների քանի՞ դահիճի ենք պատժել 2016 թվականից ի վեր։ Մինչդեռ նրանք շրջում են ազատության մեջ և ոչ մի գրամ չեն ամաչում իրենց դեմքերը ցույց տալուց: Թերևս, Ստեփանակերտի ու Երևանի իշխանական շրջանակներում իրենց հանցակիցների նման։ Եվ ուրեմն մենք դատապարտված ենք շարունակելու կորուստներն ու սուգը։

Մենք ընտրեցինք «խաղաղությունը»։ Իսրայելը չի ​​հասկանա։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն