Ինչո՞ւ են ժողովուրդները ձախողվում

Դարոն Աճեմօղլու։ «Ասեմօղլու»՝ թուրքերենի տառադարձությունը չիմացող աշխարհի մեծ մասի համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, քաղաքատնտեսության ոլորտում բեսթսելլերների հեղինակ, համընդհանուր ճանաչում ունեցող մրցանակների դափնեկիր։ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, ով պահպանել է իր ազգանվան հայկական արմատը և կրում է հայկական անուն։ Թվում է, թե նա իդեալական թեկնածու է բարեփոխիչների կամ առնվազն նրանց խորհրդատուների թիմին միանալու համար, որպեսզի վերջապես Հայաստանը դուրս հանի թերզարգացած ինստիտուտների և տնտեսության արատավոր շրջանից։

Ժամանակին այդպես էր «մտածում» նաև Նիկոլ Փաշինյանը, և, ըստ երևույթին, հայկական աշխարհը պետք է զգուշանար արդեն այն ժամանակ։ Ինչպես և Սերժ Թանկյանը, Աճեմօղլուն ևս կեղծ հույսեր սերմանեց հայերի մեջ, բայց, ի տարբերություն նրա, նա նույնիսկ չձևացրեց, թե հետաքրքրված է (ոչ թե անբովանդակ հետաքրքրվածություն, ինչպես ցանկացած դիտորդի մոտ 2018թ․-ին, այլ հայակենտրոն) մասնակցելու Հայաստանի և հայկական աշխարհի նոր ապագայի կերտմանը։ Կարելի է ասել, որ նա նույնիսկ կանխագուշակել էր ներկայիս վարչապետի անկեղծությունը և դեռևս «թավշյա» խելագարության գագաթնակետին հայտարարել, որ երկրի ապագայի համար պատասխանատվությունը ո´չ իր, ո´չ հայկական իշխանության ինստիտուտների և ո´չ էլ «Սփյուռքի» (հայկական համայնքներ, խմբ․) վրա է, այլ հայ «ժողովրդի»։ 2020 թվականին Փաշինյանը հմտորեն յուրացրեց այդ գաղափարները՝ դադարելով թաքցնել հայկական համայնքներից հեռու մնալու իր քաղաքականությունը և սկսելով Ադրբեջանին իր ամոթալի զիջումների ողջ պատասխանատվությունը բարդել «ժողովրդի կամքի» վրա։ Սակայն «ցանկացած ձևաչափով» աջակցել Աճեմօղլուն այն ժամանակ խոստացավ հենց կառավարությանը, իսկ 2022 թվականին փաստացի սատարեց հայկական աշխարհն իր կենտրոնից՝ հայկական պետությունից հեռացնելու 30-ամյա քաղաքականությանը՝ հայտարարելով, որ «սփյուռքի» դրական ազդեցությունը կարող է լինել Հայաստան փող և տեխնոլոգիաներ ուղարկելը, իսկ հայկական աշխարհի քաղաքական ազդեցությունը կործանարար է երկրի զարգացման համար։ Ոչ այլ ինչ, քան ինքնաամորձատում՝ ժպիտը դեմքին, հայ ժամիշխանների լավագույն ավանդույթներով։

Այժմ Աճեմօղլուն խոստովանում է, որ, չնայած երկչոտ հայտարարություններին, իրականում երբեք մտադրություն չի ունեցել մասնակցելու 2018թ․-ի տնտեսական վերափոխմանը: «Ի վերջո, ամենախորը գիտելիքներ ունեցող մասնագետները հենց երկրի ներսում են», — համեստորեն ասում է MIT-ի պրոֆեսորը, իսկ մի փոքր ուշ նշում, որ լավագույն ուղեղները Հայաստանը լքել են 1990-ականներին։ Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը գտնում է, որ հենց Հայաստանը պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում, մի երկրի, որն ապահովեց Ադրբեջանի ռազմական հաղթանակը և լիարժեք աջակցություն ցուցաբերեց Արցախի հայաթափման գործում։ Ավելին, ըստ նրա, հայ-թուրքական խաղաղ և շահավետ առևտրին խոչընդոտում է միայն «ուժեղացած» Ադրբեջանի գործոնը, որի հետ թուրք նեոսուլթան Էրդողանն այժմ դժվարանում է հաշվի չնստեղ։ Եվ գաղութատիրության ականավոր հետազոտողը և կես դրույքով թուրքահայը ոչ մի բառ չի ասում թուրքական գաղութացման ծրագրերի մասին։

Փոխարենը, «հայ-թուրքական» տնտեսագետն անտարբեր չէ իր ծննդավայրի ճակատագրի հանդեպ։ Նա բազմիցս ահազանգել է թուրքական տնտեսության վիճակի մասին և նույնիսկ կոչեր է հղել Թուրքիայի կառավարությանը՝ լիակատար փլուզումից խուսափելու համար։ Ավելին, դա շարունակել է տեղի ունենալ նաև այն բանից հետո, երբ վերջին ընտրություններում նա համաձայնեց հանդես գալ որպես Էրդողանի հակառակորդի խորհրդատու։ Թուրք ազգայնականների անընդհատ հիշեցումները, որ նա օտար է, երկրորդ կարգի և արժանի չէ վստահության, չեն բթացրել նրա հետաքրքրությունն իր «հայրենի» երկրի նկատմամբ:

Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ հայ կոչվելու համար բավական է ունենալ    «-յան»-ով վերջացող ազգանուն կամ հայ մոր մասին առասպել։ Այդ ժամանակ «–օղլուն» էլ է բավարար դառնում։ Եվ այդ վերջավորությանը` Ցեղասպանության ժառանգությանը, որևէ պահանջներ չէին ներկայացվի, եթե նման մարդիկ իրենց ռեսուրսները և այդ հենց նույն ազգանունն ուղղեին ապագայում նման թյուրիմացությունները կանխելուն, իսկ դա նշանակում է՝ հայկական պետության կայացմանը: Սակայն դրա համար պետք է կարողանալ տարբերակել «յուրայիններին» «օտարներից», այսինքն՝ սկզբում հասկանալ՝ ով ես դու, ինչ պատասխանատվություն ես կրում «յուրայիններին» պահպանելու համար և շահագրգռված լինել դրանում: Քանի դեռ մենք չենք ստեղծել ազգային ազնվականություն և Սփյուռք, մենք կբավարարվենք նրանով, որ ծագումով հայ «այսինչական» հայտնիները կամ պարզապես «այսինչական-հայկական» քաղաքագետներ/տնտեսագետներ/երաժիշտներ/ռեժիսորներ և այլները, խորհուրդներ կտան Հայաստանին, թե ինչպես բարեկամություն անել թշնամիների հետ, օգնելով հենց այդ նույն թշնամուն զարգանալ, ձեռք բերել միջազգային հեղինակություն և ազդեցություն և պարզապես գումար աշխատել իրենց հաշվին՝ արկերի համար, որոնք վաղը կթռչեն իրենց միայն հայտնի Երևանի, Գառնիի և Գեղարդի վրա։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն