Թուրքական անուրջներ

Անվերջ կարելի է նայել երեք բանի՝ ինչպես է հոսում ջուրը, ինչպես է վառվում կրակը, և ինչպես է Նիկոլ Փաշինյանի դեմքին առկայծում լայն ժպիտը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին տեսնելիս։ Այսպիսով, գործողության վայրը Նյու Յորք քաղաքն է, որը հիմնադրվել է հոլանդացիների կողմից և նախկինում կոչվում էր Նոր Ամստերդամ: Ժամանակին այս քաղաքի քաղաքական, տնտեսական և առևտրային ենթակառուցվածքների ստեղծման ակունքներում հենց հոլանդական ազնվականությունն էր կանգնած, և նույնիսկ ներկայիս դրոշը խոսում է այն մասին, թե որքան հսկայական էր հոլանդական ժառանգությունը: Պատմությունը դասական է՝ եկավ այն պահը, երբ հոլանդական առանձին կլաններ կենտրոնացան ոչ թե արտաքին սպառնալիքների, այլ միմյանց դեմ կռվելու վրա։ Արդյունքը ևս դասական է՝ այդ ազնվականության մի մասն աջակցեց բրիտանացիներին, ովքեր խոստացան իշխանությունից վերացնել իրենց մրցակից հայրենակիցներին և, ի երախտագիտություն Թագին ցուցաբերած օգնության, քաղաքի կառավարումը փոխանցել իրենց:

Մի գեղեցիկ օր Նյու Ամստերդամը դառնում է Նյու Յորք, և հոլանդական ազնվականության այն մասը, որն աջակցում էր օտարների կողմից իրենց քաղաքի գրավմանը, որոշ ժամանակ անց ձերբակալվում և մահապատժի է ենթարկվում նոր տերերի կողմից: Բրիտանիայի տրամաբանությունը պարզ էր՝ յուրայիններին դավաճանողը, անպայման կդավաճանի նաև իրենց: Այսպիսով, այս մեծագույն քաղաքն իր գոյությամբ արժեքավոր դաս է տալիս նրանց, ովքեր փորձում են խուսափել ողբերգական ճակատագրից: Ավաղ, Նիկոլ Փաշինյանը, և եկե´ք անկեղծ լինենք, հայերի առյուծի բաժինը ոչ թե սեփական և ուրիշների դասերը վերլուծելու մասին է, այլ անվերջ նույն սխալները կրկնելու։

Ենթադրում ենք, որ այս հանդիպման նախորդ գիշերը Փաշինյանը, շքեղ հյուրանոցի նախագահական լյուքս սենյակում քայլելով, կրկնել է Նորին Մեծություն Էրդողանի առջև իր ելույթը։ Դե, ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել: Չէ՞ որ նրա համար ամենադժվարին պահերին հենց Թուրքիայի նախագահն է հոգատարություն և ուշադրություն ցուցաբերել՝ ողջ աշխարհին հայտարարելով, որ Թուրքիան թույլ չի տա Երևանում գործող ռեժիմի փոփոխություն։ Սա այլևս ինչ-որ աշխարհաքաղաքականություն չէ, ոչ էլ ազգային շահեր՝ տնտեսության, լոգիստիկայի և այլ «անհեթեթությունների» հետ միահյուսված, սա ուրիշ անհամեմատ մեծ բան է՝ մաքուր և անկեղծ սեր։ Սրանում հեշտությամբ կարելի է համոզվել՝ նայելով Փաշինյանի հալչող աչքերին և նրան, թե ինչ ագահությամբ ու թրթիռով է նա իր թավշյա սրտին սեղմում Նորին Մեծություն Էրդողանի մենագրությունը։ Ակնհայտ է, որ նա չէր սպասում Թուրքիայի ղեկավարի կողմից նման պատվի արժանանալու։ Պատմությունը վկայում է, որ օսմանյան սուլթանները գրքեր նվիրում էին միայն ամենանվիրյալներին ու հավատարիմներին, որոնցից ոչ մի սպառնալիք չէին զգում։ Չէ՞ որ գրքի մեջ ամենավտանգավոր զենքն է դրված՝ գիտելիքը։ Ներկայիս թուրք սուլթանի բախտը Փաշինյանի հարցում կրկնակի է բերել՝ վերջինս ոչ միայն գերհավատարիմ է, այլ նաև խրոնիկական ալերգիա ունի պատմության, գիտելիքի ու տրամաբանության նկատմամբ։

Հաքան Ֆիդանի նման թուրք քաղաքական գայլերն իրենց հայացքն ուղղել էին Փաշինյանի պատվիրակության միակ կին ներկայացուցչի վրա։ Հնարավոր է, որ բնազդների մակարդակում նրանք վերջինիս մեջ տեսան ալֆային՝ միակ ձվերով պատվիրակին: Նա առնվազն երեսուներկու ատամով չէր ժպտում, և, ըստ մեր զգացողությունների, իրեն չափազանց անհարմար էր զգում և, հնարավոր է, նույնիսկ ամաչում էր տղամարդկային հիմնական արտաքին հատկանիշներով տղերքի փոխարեն, որոնց ազգանունները, հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, «յան»-ով են վերջանում։ Եթե ​​այդպես է, հարգելի´ Նազելի Բաղդասարյան, ապա Դուք պետք է արագ փախչեք թուրք կոլաբորացիոնիստներից և ազատեք Ձեզ և Ձեր ընտանիքին ամոթալի խարանից։ Սա կոչ է բոլորին առանց բացառության՝ նորի´ց նայեք այս լուսանկարները, ապա վերադարձե´ք Ավրորա Մարդիգանյանի պատմությանը, հիշե´ք Արցախից վտարված ձեր 120 հազար եղբայրներին և քույրերին և մտածե´ք, թե արդյոք դեռ ցանկանում եք շարունակել որևէ ընդհանուր բան ունենալ Փաշինյանի և նրա երիտենիչերիների հետ։ Յուրաքանչյուրը կարող է սխալվել տարբեր պատճառներով, բայց դեռ ուշ չէ հավերժական ամոթի ճանապարհից շրջվելու համար: Հավերժական ամոթ՝ սա է բոլոր նրանց սերունդների ժառանգությունը, ովքեր այժմ ժպիտով են դիմավորում իրենց երկրի թուրքական գաղութացումը։

Սփյուռքի հայերը նույնպես պետք է ընդունեն և հասկանան, որ  ժամանակն է դադարեցնելու միջազգային հանրությունից օգնություն խնդրելու հիմար և հակաարդյունավետ աղերսանքները։ «Ինչպիսի՞ օգնություն եք խնդրում և ումի՞ց է պետք ձեզ պաշտպանել»․ ի պատասխան կասի միջազգային հանդրությունը, և կշարունակի․ «Տեսե´ք, թե ինչ ուրախ է ձեր «ընտրված առաջնորդ» Նիկոլ Փաշինյանը, ով չունի որևէ Արցախի խնդիր, չկան այնտեղից վտարված հայեր, ով դեմ չէ ադրբեջանական նավթ գնելուն, և ով Էրդողանին և Ալիևին աղաչում է ստորագրել խաղաղության պայմանագիրը և հանուն դրա պատրաստ է ամեն ինչի»։ Հենց այդ նույն միջազգային հանրության աչքում հայ ժողովրդի ազգային շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը՝ վերընտրված ժողովրդի կողմից նույն Արցախի հանձնումից հետո, ինչի մասին մենք այնքան ջանասիրաբար պատմում ենք բրիտանացի լորդերին, ամերիկացի սենատորներին, ռուս պատգամավորներին և չինացի կոմունիստներին բարձրաստիճան ընդունելությունների ժամանակ: Եվ բոլորի գլխում, առանց բացառության, մի հարց է պտտվում, որը նրանք չեն կարող բարձրաձայնել՝ ելնելով դիվանագիտական ​​էթիկետից․ «Ովքե՞ր են այս շիզոֆրենիկները, և ինչպե՞ս նրանք դեռևս ունեն ինչ-որ բան, որը հեռահար պետություն է հիշեցնում»։

Թողնել մեկնաբանություն