Երևանում ներկայացվեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կոչվող բեմադրության երկրորդ սերիան։ Ինչպես Զարեհ Սինանյանի ղեկավարած գործակալության կազմակերպած բեմադրության 2022 թ․ առաջին սերիան, երկրորդը ևս որևէ կապ չունի իր անվան հետ՝ այն ո´չ համաշխարհային է, և ո´չ էլ առավել ևս հայկական։ Նախ, այն մեկ հարկի տակ հավաքել է ոչ թե հայկական տարասեռ և միմյանցից կտրված Սփյուռքի տարբեր հատվածների ներկայացուցիչների, այլ զուտ նրանց, ում մասնակցությունը հաջողվել է ապահովել, և ովքեր կիսում են կամ առնվազն բացահայտորեն դեմ չեն արտահայտվել Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու և Հայկական հարցը մեկընդմիշտ փակելու փաշինյանական օրակարգին, որը նա քողարկում է «խաղաղության օրակարգ» անվան տակ։ Հակառակ դեպքում՝ որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել Սփյուռքից որևէ արժանապատիվ ներկայացուցչի մասնակցությունը Սփյուքի հետ կապերի առկայության իմիտացիա ստեղծելու նպատակ հետապնդող այդ միջոցառմանը։
Երկրորդ՝ այն հայկական լինել չի կարող, քանի որ այս հարթակն օգտագործվում է ոչ թե հայ ժողովրդի և հայկական պետականության մնացորդների գլխին դեմոկլյան սրի պես կախված օրհասական խնդիրների քննարկման և դրանց լուծման՝ համազգային շահերից բխող մոտեցումներ ձևավորելու համար (միջոցառման օրակարգի պարզ դիտարկումը բավարար է), այլ ավելի շուտ հիշեցնում է Փաշինյանի և նրա իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիս, որին որպես հանդիսատես հրավիրվել են Սփյուռքի ներկայացուցիչները՝ ուշադիր լսելու և ականջին օղ անելու, թե որն է այլևս «իրական Հայաստանը», որոնք են Սփյուռքի հետ խաղի նոր կանոնները փաշինյանական «խաղաղության օրակարգի» շրջանակներում, և որ արդեն եթե ոչ միամտություն, ապա զավեշտ է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մասին հիշատակելը, քանի որ հենց նույն բեմադրիչների թեթև ձեռքով Արցախը դավադրաբար հանձնված է, իսկ նրա հայ բնակչությունը՝ արտաքսված սեփական տներից, Հայաստանն այլևս նախկին «պատմական» Հայաստանը չէ, որը նրանք գիտեին, այն այլևս «իրական» է, իսկ լավագույն բանը, որ Սփյուռքը կարող է անել Նիկոլի «իրական Հայաստանի» համար՝ դեպի պայծառ ապագա, այսինքն՝ դեպի գաղութացում նրա ընթացքը չխաթարելն է։
Բնականաբար, Փաշինյանի և նրա իշխանավորների տեսանկյունից այս հավաքույթը կարելի է բավականին հաջողված համարել․ չէ՞ որ Փաշինյանն, իրեն բնորոշ կենցաղային լեզվով Սփյուռքի ներկայացուցիչներին բացատրեց այն պարզ ճշմարտությունները, որոնց մասին նրանք թերևս վերջին տարիներին գլխի էին ընկել, սակայն վախենում էին իրենք իրենց խոստովանել։
Այս պարզ ճշմարտություններից գլխավորն այն էր, որ Հայաստանն այլևս պաշտոնապես դադարում է պատասխանալու լինել համայն հայության շահերի (թեև իրականում երբեք էլ նման դեր չի ստանձնել) առաջ մղման և պաշտպանության համար, ո´չ արցախահայության ճակատագիրը, ո´չ հայկական պատմությունն ու մշակույթը, ո´չ ազգային ինքնության պահպանումը, ո´չ Հայոց ցեղասպանության հետևանքով տարագիր դարձած և իր պատմական հայրենիքից զրկված հայ ժողովրդի համար պատմական արդարության վերականգնման հարցը, ոչ Սփյուռքի համակարգումն ու դրա ներուժի իրացումը, այլևս «իրական Հայաստանի» խնդիրները չեն։ «Իրական Հայաստանի» գոյության իմաստն ու առաքելությունն հետայսու լինելու է միայն իր 29743 քկմ տարածքի վրա ապրող քաղաքացիների ֆիզիկական գոյության և «կուշտ փորով» քնելու իրավունքի ապահովումը։ Ըստ Փաշինյանի՝ հայերին միայն լիքը ստամոքսն է կարող ստիպել ապրել և արարել իրենց հայրենիքում, չէ՞ որ որպես ազգ և հավաքականություն մեր կոլեկտիվ գիտակցության հիմքում «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքն է։ Հա, մեկ բան ևս մոռացանք՝ «իրական Հայաստանը» կապահովի իր քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որն ուղիղ հավասար է ուզած պահին ուզած երկրում ներկայացում դիտելուն։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք ժողովրդին, եթե ոչ հաց և զվարճանք։
Հաջորդ պարզ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի գործող ինշխանությունները հանուն թվացյալ «խաղաղության» պատրաստ են տալ ամեն ինչ և գնալ ամեն ինչի, այդ թվում՝ վերաշարադրել Հայոց պատմությունն այնպես, ինչպես համար է իրենց և իրենց նոր գործընկերներին՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Չէ որ «իրական Հայաստանում» անվտանգության երաշխավորը ոչ թե հզոր հայկական բանակն է, այլ՝ «խաղաղությունը»։ Վարչապետի ելույթից պարզ էր, որ հատկապես թիրախավորվելու են Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի բովանդակությունը, բոլոր այն պատմական դեմքերը՝ Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, Մոնթե Մելքոնյան, և դեպքերը՝ Մեծ Հայքի թագավորություն, Սարդարապատի հերոսամարտ, Արցախի ազատագրում, որոնք հայ ժողովրդի մեջ «կայսերական» հայրենասիրություն են սերմանել։ Ավելին, Փաշինյանը և նրա դրածոները չզլացան Սփյուռքին մեղադրել Հայաստանը որպես հայկական շահերի պաշտպանության և պատմական արդարության վերականգնման «ֆորպոստ» դիտարկելու և դրանով իսկ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար լեգիտիմ ռազմական թիրախ դարձնելու համար։
Այո՛ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն գնով հասնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ցամաքային սահմանի բացման, և այո´, ամեն գնով ասելով, նկատի ունեն նաև հայոց ցեղասպանության պահանջատիրությունից մեկընդմիշտ «ձեռքերը լվալը»։ Այո՛ նրանք պատրաստ են տալ ամեն ինչ՝ հանուն Ադրբեջանի հետ «խաղաղության», իսկ ամեն ինչը ենթադրում է հրաժարվել Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնելու մտքից (մեր ինչի՞ն է պետք 200 քկմ տարածքը, առանց դրա էլ երջանիկ ենք), ՀՀ տարածքով միջանցք տալ Ադրբեջանին, մոռանալ, որ Արցախը հայկական է, և ստիպել դա անել արցախահայությանը։
Հետաքրքիր է, որ Փաշինյանի ելույթին հետևում և նրա ասածներին գլխով էին անում Սփյուռքի՝ բեմադրությանը մասնակցող ներկայացուցիչները: Հարց է առաջանում` արդյո՞ք նրանց մեջ չկային մարդիկ, ովքեր պայքարում էին 2009 թ․ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ։ Այն, թե ինչպես Սփյուռքը կարձագանքի իր անունը շահարկող այս բեմադրությանը, և դրանում հնչած հակապետական և հակաազգային թեզերին, կլինի հայկական իմունային անբավարարության ներկա վիճակի մասին վկայող ևս մեկ ցուցիչ։
