Զարթնի´ր: Ուղերձ Սերժ Թանկյանին

Ստեղծագործական մտավորականության նկատմամբ բոլոր ժամանակներում տիրել է ոչ միանշանակ վերաբերմունք։ Նրա ներկայացուցիչների մեծամասնությունը միշտ հմտորեն, հեշտությամբ և անկաշկանդորեն վերադասավորվել և հարմարվել է գործող իշխանությանը։ Այս ոլորտում սկզբունքային մարդկանց միշտ կարելի է մատների վրա հաշվել։ Հայկական այսպես կոչված «ստեղծագործական մտավորականությունը» նույնպես բացառություն չէ։ Օրերս աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը քաղաքական հայտարարություն արեց, որ ինչ-որ միջազգային խաղաղապահներ կարող են ապահովել արցախահայերի վերադարձն իրենց տներ։ Թվում էր, թե աշխարհահռչակ հայը խոսում է հայրենի հողերից հայերի վտարման փաստի մասին և հույս հայտնում, որ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան քայլեր կձեռնարկի դրա համար։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Փորձենք բացատրել։

Նախ՝ Թանկյանն ամեն կերպ խուսափում է ճանաչել և ընդունել իր պատասխանատվությունը հայ ժողովրդի պառակտման, Արցախում էթնիկ զտումների և Հայաստանի թուրք-ադրբեջանական գաղութացման համար։ Նրա պատասխանատվությունը հսկայական է, քանի որ «թավշյա հեղափոխության» ժամանակ նա բացահայտորեն սատարում էր Նիկոլ Փաշինյանին և կոչ էր անում հայերին (հատկապես հայ երիտասարդներին) դուրս գալ Հանրապետության հրապարակ՝ ի պաշտպանություն «Հայաստանի ապագայի»։ Բացի այդ, նա վստահեցնում էր, որ հաջողության դեպքում, պատրաստ է վերադառնալ Հայաստան և բազմակողմ աջակցություն ցուցաբերել նրան։ Արցախը հանձնված է, Շուշիի բերդի վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը, Արցախի ազատագրման համար մարտնչածների շիրիմները վերածվել են ավերակների, որոնց վրա հյուրանոցներ ու ժամանցի կենտրոններ են կառուցվում, ավելի քան 120 հազար հայ վտարվել են իրենց տներից, օրակարգում Սյունիքի հանձնումն է։

Դե ինչ, պարո´ն Թանկյան, հավանում ե՞ք այսպիսի «ապագան»։ Այս ամենն այն մարդու «շնորհիվ» է, ում դուք և ձեր նմանները (այդ թվում՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը) ակտիվորեն սատարում էիք 2018 թվականի գարնանը։ Հասարակ մարդիկ հակված են մոլորվելու և սխալվելու, բայց Ձեզ նման մարդիկ պետք է հավատարիմ մնան յոթ անգամ չափելու և մեկ անգամ կտրելու սկզբունքին, քանի որ ձեր խոսքը գործելու ուղեցույց է աշխարհի միլիոնավոր հայերի համար։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Ձեզ նման անպատասխանատու անհատները, պարո´ն Թանկյան, պետք է ներողություն խնդրեին և իրենց գլուխներում մեկնարկեին վերաիմաստավորման գործընթացը։ Ոչ ոք չի ժխտում, որ այդ մարդիկ գուցե լավագույնն են ցանկացել, բայց առանց իրավիճակի խորը վերլուծություն իրականացնելու գիտելիքի և ցանկության, բարի մտադրությունները ոչինչ են և տանում են միայն մեկ հայտնի ուղղությամբ (դժոխք):

Երկրորդ՝ ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը, պարո´ն Թանկյան։ Արդյո՞ք այն մեկի մասին չէ, որը ոչ միայն չդատապարտեց, այլև իր անտարբերությամբ խրախուսեց 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, իր դիվանագետներին ուղարկեց օկուպացված Շուշի՝ Իլհամ Ալիևի գովքը երգելու, որևէ պատժամիջոց չկիրառեց Ադրբեջանի դեմ, որը նախ շրջափակման մեջ պահեց հայ բնակչությանը, ապա վտարեց հայրենի հողերից։ Հավանաբար, պատժամիջոցների բոլոր փաթեթներն սպառվել են Ռուսաստանի ու Իրանի վրա, իսկ Ալիևին ոչինչ չի մնացել։ Իսկ եթե ավելի լուրջ, մենք Ձեզ լուրջ հարց ունենք՝ Դուք իսկապե՞ս հավատում եք, որ այս աշխարհաքաղաքական ջունգլիներում, որտեղ ամեն մեկն իր գլխի տերն է, կան ազգեր և պետություններ, որոնք անկեղծորեն ցանկանում են հայերին օգնել վերադառնալ Արցախ: Թե՞ Ձեզ ուղղակի համոզել են, որ արցախահայությունը կարտոֆիլի մի պարկ է, որը կարելի է անվերջ մի մարգից մյուսը նետել։ Այս դիրքորոշումը տեղ ունի, քանի որ բոլոր արտաքին խաղացողների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի, արցախցիներն ավելին չեն, քան զինվորները մեծ խաղում, որոնց կարելի է շարժել ըստ իրենց հայեցողության և անհրաժեշտ պահին զոհաբերել՝ սեփական դիրքերը բարելավելու համար։ Եվ նրանք միշտ օգտվել են և կօգտվեն Ձեզ նման ազդեցիկ մարդկանց անտեղյակությունից ու անլրջությունից։ Այժմ Դուք երկու ընտրություն ունեք։ Առաջին՝ շարունակել հանդես գալ դելետանտական հայտարարություններով՝  մթագնելով սեփական ժողովրդի միտքը։ Երկրորդ՝ սկսել ավելի խորը ուսումնասիրել գործընթացները, վերլուծել իրողությունները և օգտագործել ձեր ուժերն ու հնարավորությունները՝ աջակցելու հայ ազնվականության կերտման գործընթացին, որը կլինի հիմք Հայաստանը վերակառուցելու և անջատ-անջատ գոյություն ունեցող հայկական համայնքները մեկ միասնական Սփյուռքի մեջ համակարգելու համար: Ծայրահեղ դեպքում՝ պարզապես լռեք, մեծ քաղաքականությունը ելույթներ ունենալու թատերաբեմ չէ, որտեղ բոլորը անհամբեր սպասում են Ձեր մտքերին։ Ձեր հանրահայտ սինգլներից մեկի՝ «Chop Suey»-ի բառերը սկսվում են «Զարթնի՛ր»-ով։ Լսե՛ք, ժամանակն է զարթնելու և Ձեզ կարգի բերելու։

Թողնել մեկնաբանություն