Կախյալ «անկախության» մասին

Բարոյականության, պատվի և արժանապատվության տեսանկյունից այս օրը պետք է ոչ թե անկախ Հայաստանի կենացը կոնյակ խմել, այլ իջեցնել բոլոր դրոշները, բացահայտել և ուղղել սխալները, որպեսզի հետո ստիպված չլինենք նայել, թե ինչպես են թուրք և ադրբեջանցի զինվորները ոտքերով ջարդում այդ տղաների գերեզմանները։

Այսօր հայկական աշխարհը նշում է ժամանակակից Հայաստանի անկախության հերթական տարեդարձը։ Սակայն այն փաստը, որ մենք հենց այս օրն ենք համարում մեր անկախության ելակետը, արդեն խոսում է դրա նկատմամբ չափազանց մակերեսային վերաբերմունքի մասին։ Հիշեցնենք, որ Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ իրացնելով հայ ժողովրդի՝ սեփական ազգային պետություն ունենալու հիմնարար իրավունքը։ Այն հետևանք էր ոչ միայն Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզման, այլև հայերի` ֆիզիկական բնաջնջումից պաշտպանվելու սեփական մեխանիզմները ձևավորելու ցանկության։ Սա սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հայկական պետության ծնունդի գործընթացն ընթացել է Արևմտյան Հայաստանի հայ բնակչության զանգվածային բնաջնջման և տեղահանության ֆոնին։ Ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներով հայկական այն ժամանակվա վերնախավին չհաջողվեց պահպանել և ամրապնդել այդ անկախությունը, ինչի արդյունքում նրա արևմտյան տարածքներն անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյանները՝ Խորհրդային Միությանը։

Ելնելով պատմաքաղաքական տրամաբանության պահպանման կարևորությունից՝ սեպտեմբերի 21-ը պետք է համարենք ոչ թե անկախության հռչակման, այլ անկախության վերականգնման օր։ Ցավոք, ուշ խորհրդային բյուրոկրատիան և ավելի վաղ՝ հայկական «վերնախավը» ոչ միայն չհռչակեցին Հայաստանի Հանրապետությունը որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, այլև գերադասեցին այն մատնել քաղաքական և իրավական մոռացության։ Ի տարբերություն հարևան Ադրբեջանի, որը բոլոր հիմնարար փաստաթղթերում ճանաչված է որպես Ադրբեջանի Ժողովրդավարական ​​Հանրապետության իրավահաջորդ։ Այս քայլը չի կարելի զուտ խորհրդանշական համարել, ընդհակառակը, այն ունի ծանրակշիռ իրական քաղաքական բովանդակություն։ Նախ, Բաքուն հստակ ազդանշան ուղարկեց միջազգային հանրությանը, որ ԽՍՀՄ կազմում իր 70-ամյա գոյությունը դիտարկում է որպես օկուպացիա։ Երկրորդ՝  ի ցույց դրեց սեփական շահերի բովանդակային համակարգ ձևավորելու պատրաստակամությունը՝ հիմնված հիմնական գլոբալ խաղացողների միջև ուժերի հավասարակշռության սկզբունքի վրա։

Պետականաշինությունը միշտ սկսվում է պետության հենքը կազմող հիմքերի և սկզբունքների հռչակումից, որոնք ձևավորում են ուղենիշներ ինչպես սեփական բնակչության, այնպես էլ շրջակա աշխարհի համար: Հայաստանի Անկախության հռչակագիրն, անշուշտ, պետք է սկսվեր այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունը, լինելով Հայաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը, իր առաքելությունն է համարում իր քաղաքացիների և Սփյուռքում (համայնքներում) գտնվող իր հայրենակիցների շահերի պաշտպանությունը և ցեղասպանության ենթարկված  և իրենց պատմական հողերից արտաքսված հայերի համար պատմական արդարության վերականգնումը»։ Եվ հարցն այն չէ, թե արդյոք Հայաստանը այդ առաքելությունը կյանքի կոչելու համար ռեսուրսներ ուներ, այլ իր աշխարհաքաղաքական հավակնությունները հստակ նախանշելու անհրաժեշտությունը։ Պետք էր անհրաժեշտ ազդանշան ուղարկել այն մասին, թե ով ես դու և որն է քո ֆունկցիոնալը (արժեքը)։ Քաղաքական ռեալիզմն ասում է, որ անկախությունը չափավոր, խաղաղ ու հարմարավետ գոյության մասին չէ, այլ բոլորը բոլորի հետ մշտական ​​պայքարի։ Միշտ էլ կգտնվեն նրանք, ովքեր կուզենան ոչնչացնել քեզ կամ, նվազագույնը, քո նկատմամբ ռազմավարական վերահսկողություն հաստատել։ Մեր բախտն այս առումով կրկնակի է բերել՝ մեր չորս հարևաններից երկուսը (Թուրքիան և Ադրբեջանը) դարեր շարունակ գործնականում ապացուցել են Հայկական Հարցը մեկընդմիշտ փակելու իրենց ցանկությունը։

Իրենց քրեական անցյալը ճանաչելու փոխարեն՝ նրանք հայ ժողովրդի դահիճներին դասում են ազգային հերոսների կարգին, փոխզիջումների փոխարեն՝ մշտական ​​վերջնագրեր ներկայացնում, փոխադարձ հարգանքի փոխարեն՝ գերեզմաններ ու եկեղեցիներ ավերում։ Նրանք գործում են նպատակահարմարորեն, հանգիստ և իրենց իրական ազգային շահերի հստակագույն գիտակցմամբ։ Իլհամ Ալիևն իր երկրի արտաքին քաղաքականությունը կառուցելիս ուշադրություն է դարձնում ամեն մի մանրուքին (չէ՞ որ, ինչպես հայտնի է, մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում)։ Նա շարունակում է վերջնագրի տեսքով փոփոխություններ պահանջել Հայաստանի Անկախության հռչակագրի և Հայաստանի Սահմանադրության մեջ, որտեղ կա հիշատակում Արցախի մասին։ Հանձնված տարածքներն ու արտաքսված բնակչությունը նրան չեն բավարարում, քանի որ որպես ռեալիստ նա գիտակցում է, որ գրավելն ու պահելը երկու բոլորովին տարբեր բաներ են։

Վերականգնված Հայաստանն ու համակարգված Սփյուռքն ունեն անհրաժեշտ ներուժ ոչ միայն Արցախը վերադարձնելու, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության ավելի բարդ և խճճված խնդիրների լուծման համար։ Արցախյան առաջին պատերազմը, որում կիրառվեց լավագույն դեպքում այդ ներուժի տասը տոկոսը, դրա վառ ապացույցն է։ Ալիևը ոչ մի հանճարեղ բան չի մտածել, պարզապես արդյունավետորեն օգտագործել է մեր ծուլությունը, նվաղկոտությունը և սխալ հաշվարկները։

Ոչ թե Ադրբեջանը հաղթեց մեզ, այլ մենք մեզ հասցրինք անխուսափելի պարտության։ Դրա վառ վկան Եռաբլուր պանթեոնն է, որտեղ 2020-ից հանգչում են 5 հազար հայ երիտասարդների ու սպաների աճյունները, ովքեր 44 օր շարունակ հետ են պահել թուրքերին, ադրբեջանցիներին և նրանց բացահայտ ու թաքնված դաշնակիցներին։ Բարոյականության, պատվի և արժանապատվության տեսանկյունից այս օրը պետք է ոչ թե անկախ Հայաստանի կենացը կոնյակ խմել, այլ իջեցնել բոլոր դրոշները, բացահայտել և ուղղել սխալները, որպեսզի հետո ստիպված չլինենք նայել, թե ինչպես են թուրք և ադրբեջանցի զինվորները ոտքերով ջարդում այդ տղաների գերեզմանները։ Հենց դրանից է կախված մեր իրական անկախությունը։

Թողնել մեկնաբանություն