Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետի գլխավորությամբ։ Նիստի վարման կարգի համաձայն՝ այն սկսվեց օրակարգի հաստատմամբ, ապա Կառավարության անդամները քվեարկեցին չզեկուցվող հարցերի փաթեթի ընդունման օգտին։ Դրանից հետո նախարարներն անցան իրենց գերատեսչության կողմից նիստի օրակարգում ընդգրկված հարցերի զեկուցմանը՝ սկսած «Ինժեներական քաղաք» ծրագրին պետական բյուջեից գումար հատկացնելուց, մինչև ճանապարհների ասֆալտապատման և հրդեհային անվտանգությանն առնչվող կանոնակարգերի հստակեցման հարցեր։
Առաջին հայացքից՝ սովորական հերթական Կառավարության նիստ։ Սակայն այս սովորականությունն այդքան արտասովոր չէր թվա, եթե սեպտեմբերի 19-ին չլրանար Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման և Արցախի հայաթափման գործընթացի մեկնարկի առաջին տարելիցը։ Հատկանշական է, որ վարչապետը Կառավարության նիստի ընթացքում որևէ հիշատակում չարեց այդ մասին, գոնե չառաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն զոհվածների հիշատակը, ովքեր հուսահատությունից ծնված վճռականությամբ օր ու գիշեր շարունակ մարտնչեցին և նահատակվեցին՝ Ադրբեջանի կողմից պաշարված և Հայաստանի կողմից լքված հայկական Արցախում։ Սեպտեմբերի 20-ին Արցախն արդեն ընկած էր։ Նման լռությունը բնորոշ է հանցագործին, ով իր սև գործն անելուց հետո շարունակում է ապրել յուրահատուկ էմոցիոնալ անջատվածությամբ՝ առանց խղճի խայթի, առանց սեփական կործանարար գործողությունների հետևանքների համար պատասխանատվության զգացումի։
Կառավարության նիստը միակ տեղը չէր, որտեղ նախընտրել էին մոռանալ արցախահայության բռնի տեղահանության տարելիցի մասին։ Ողջ հանրապետության տարածքում չիջեցվեց գեթ մի դրոշ, չանցկացվեց հիշատակի ոչ մի պաշտոնական միջոցառում, ոչ մի հատուկ թողարկում, այդ օրվա տխրահիշատակ խորհուրդը հիշեցնող ոչինչ։ Ամեն ինչ այնքան «սովորական» էր, որ կարծես թե չեն եղել 2020 թ․ 44-օրյա լայնամասշտաբ պատերազմը, դրան հետևած Արցախի շրջափակումը, ապա՝ պաշարումը, չեն եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումները և էթնիկ զտումը, ինչի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց իր հայկական բնակչության։ Միայն Եռաբլուրից լսվող Արցախի կանանց և մայրերի ողբի ձայնն էր, որ տարածվում էր երևանյան երկնքում, բայց անզոր էր թափանցել Կառավարության անտարբերության պատերից ներս։ Իսկ Եռաբլուրում մատուցվող հարգանքի տուրքին ներկա էին միայն Արցախի ներկայացուցիչները, Հայաստանի իշխանության ոչ մի ներկայացուցիչ։ Այս ամենը շատ օրինաչափ է, չէ՞ որ Հայաստանի իշխանությունների ընկալմամբ՝ Արցախը և նրա հետ կապված ամեն ինչ իրենց խնդիրը չէ։
Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ կցկտուր հայտարարությամբ՝ ձևակերպումները զգուշորեն ընտրելով այնպես, որ դրանք հանկարծ որևէ կերպ չզայրացնեն Բաքվի տիրակալին, ով հրաժարվում է ստորագրել իր իսկ ճաշակով ու ցանկություններով շարադրված խաղաղության համաձայնագիրը։ Ոչ մի խոսք արցախահայության հավաքական և անհատական իրավունքների, այդ թվում՝ վերադառնալու իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև չդատապարտեց պաշարված Արցախի դեմ ադրբեջանական հարձակումը, այլ միայն հիշեց, որ հայ բնակչության տեղահանումը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այդ էթնիկ զտումն իրականացնում էր բացահայտ և սիստեմատիկորեն՝ Հայաստանի իշխանությունների աչքի առջև։ Սակայն ինչպես և մեկ տարի առաջ նրանք լուռ հետևեցին Արցախի հայաթափմանը, այնպես էլ այսօր նախընտրեցին նույն անտարբերությամբ մոռացության մատնել այդ իսկ հայաթափման տարելիցը։ Միևնույն ժամանակ Բաքվում տոն է՝ սեպտեմբերի 20-ը հռչակված է որպես պետական ինքնիշխանության օր։
Արցախի հայաթափման և խիղճը կորցնելու տարելիցին
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
