Հայկական աշխարհաքաղաքականությունը. Մաս Երրորդ

Հաճախ ենք ստիպված առերեսվել մի դիրքորոշման, որ փոքր ու աղքատ Հայաստանը նավթային հարուստ հսկաներին դիմակայելու շանս չուներ։ Արդյո՞ք դա այդպես է:

Երրորդ Հանրապետությունը

Պատմությունը ցիկլիկ է։ Վերը նկարագրված էր, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը և Օսմանյան կայսրության փլուզումը (1908-1922) ճանապարհ բացեցին դարեր առաջ կորցրած հայկական պետականության վերականգնման համար: «Սառը պատերազմի» ավարտը և Խորհրդային կայսրության փլուզումը հայերին ևս մեկ պատմական հնարավորություն պարգևեցին։ Սակայն այս անգամ հայկական կողմն ուներ հիմնարար առավելություններ՝ միջազգայնորեն ճանաչված ֆիզիկական տարածքի առկայություն, արդյունաբերական, գյուղատնտեսական և գիտակրթական ենթակառուցվածք, բյուրոկրատական դասակարգ, ինչպես նաև փորձառու զինվորականներ և հետախույզներ։ Աշխարհասփյուռ հայ համայնքները մոտիվացված և մոբիլիզացված էին աջակցելու և մասնակցելու հզոր երկրի կառուցմանը, որը պետք է դառնար բոլոր հայերի տունը: Բայց ևս մեկ անգամ ընդգծենք՝ պատմությունը ցիկլիկ է։ Ինչպես և 70 տարի առաջ (1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ), կայացման գործընթացն ընթանում էր մեծ ողբերգությունների՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի և Բաքվի, Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադի) և Մարաղայի հայ բնակչության էթնիկ զտումների պայմաններում: Հետագայում խորհրդային ղեկավարությունը ոչ միայն չդադարեցրեց հայերի կոտորածը, այլև ադրբեջանցի զինվորականների հետ համատեղ մասնակցեց հայերի դեմ ագրեսիային և նրանց տեղահանմանը (1991 թ. «Կոլցո»/«Օղակ» գործողություն):

Գետաշենի և Մարտունաշենի բուն բնակչության տեղահանությունն իրականացվում էր պետական մակարդակով՝ ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի և Ադրբեջանական ԽՍՀ նախագահ Այազ Մութալիբովի գիտությամբ։ Անձնագրային ռեժիմի պահպանումը ստուգելու պատրվակով 24 գյուղերից տեղահանվեց ավելի քան 6000 հազար հայ։ Զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Թաթուլ Կրպեյանը և Սիմոն Աչիկգյոզյանը՝ սովետա-ադրբեջանական ՕՄՈՆ-ի (Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի) դեմ կռվող հերոսները։

Ողբերգությունների գագաթնակետ դարձավ հանրաքվեում անկախության օգտին քվեարկած արցախահայության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Նման ձգտումը չէր բխում երկու պետություն ունենալու հայերի աշխարհաքաղաքական հավակնություններից, այլ լոկ միակ հնարավոր ձևն էր որպես էթնոս գոյատևելու և սեփական կրոնական ու մշակութային ժառանգությունը պահպանելու։ Սա «անկախություն հանուն փրկության» բանաձև էր, որը միանշանակ թույլ էր տալիս Արցախին իր ինքնորոշման իրավունքն իրականացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս։ Բացի այդ, Արցախի դեմ ագրեսիայի դեպքը չպետք է դիտարկել սկզբում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) 1918-1929 թթ., ապա՝ վաղ խորհրդային Ադրբեջանի (հայկական Նախիջևանի ոչնչացման և Արցախի ժողովրդագրության փոփոխման քաղաքականության) և ի վերջո հետխորհրդային Ադրբեջանի (Սումգայիթյան ջարդերի, Բաքվի ջարդերի և այլն) տարածքներում նախկինում իրականացված էթնիկ զտումների համատեքստից դուրս։ Այդ բոլոր իրադարձություններն իրենց հերթին չի կարելի վերլուծել 1915 թ. Ցեղասպանությունից և Արևմտյան Հայաստանի ոչնչացումից կտրված։

Թուրքիան Ադրբեջանը դիտարկում էր որպես թուրքական աշխարհի բնական շարունակություն և իր աշխարհաքաղաքական շահերի հատուկ գոտի։ Նրա «տարածական հավակնությունների» շրջանակներում հայկական հերթական նախագիծը դիտարկվում էր որպես սպառնալիք և կարող էր գոյություն ունենալ միայն երկու ձևաչափով՝ կառավարելի ու չեզոք կամ էլ ենթակա:

«Չպետք է մոռանալ, թե ովքեր են հայերը և ինչու է պետք նրանց թշնամի համարել»:
Սուլեյման Դեմիրել

ԼՂԻՄ-ի ազատագրումը և հայկական ռազմական վերնախավի կողմից Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով նրա շուրջ 7 շրջանների գրավումը մի շարք մեծ տերությունների և տարածաշրջանային խաղացողների, այդ թվում՝ ելցինյան Ռուսաստանի, Հանրապետական Ամերիկայի և Իրանի լուռ աջակցությամբ, պայմաններ ստեղծեց տարածաշրջանային և համաշխարհային հայկական գործոնի ձևավորման համար։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը զսպեց Թուրքիային, որը չկարողացավ լիարժեք պաշտպանել Ադրբեջանին։ Բաքուն կարողացավ ուշքի գալ և ոտքի կանգնել երեք պատճառով. առաջինը փորձառու խորհրդային Պետական Անվտանգության կոմիտեի գեներալ Հեյդար Ալիևն է, ով կարողացավ երկիրը կենդանի դուրս բերել ներքին երկպառակություններից։ Երկրորդը եվրոպական առաջատար տերությունների էներգետիկ շահերն են՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, որոնք ձգտում էին մուտք գործել Կասպից ծովի նավթի և գազի հարուստ հանքավայրեր։ Երրորդը նման հանգամանքներում հայկական կողմի դանդաղ, անհամերաշխ և պարզամիտ վարքագծի պատճառով բաց թողնված հնարավորություններն են։

«Տարածական հավակնությունների» տեսանկյունից Հայաստանը պետք է առնվազն քաղաքականապես ամրացներ հաղթանակն Արցախում։ Միակ ընդունելի ձևը կարող էր լինել խաղաղության պայմանագիրը, որով Բաքուն կխոստովաներ իր ագրեսիայի փաստը և, որպես արդյունք, կամավոր կընդուներ Արցախում հանրաքվեի արդյունքը։ Այս օրակարգը առաջ մղելու և դրա համար առկա բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու փոխարեն հայկական կողմը հերթական անգամ հավատ ընծայեց դրսի հորդորներին և համաձայնեց ստորագրել 1994 թ. տխրահռչակ Բիշքեկյան արձանագրությունը, որն ընդամենը հրադադար էր սահմանում։

«Կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում և դիտորդների տեղակայման մասով), և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրս բերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ, բանակցային գործընթացի շարունակում:»
Բիշքեկյան արձանագրության տեքստից

Անկարելի էր Ադրբեջանին ավելի մեծ նվեր ընծայել, քանի որ նրան անհրաժեշտ միակ բանը ժամանակն էր, որպեսզի ստանար 1994 թ. Դարի պայմանագրից ակնկալվող շահաբաժինները՝ ներքին թիկունքն ամրապնդելու և միջազգային լոբբիստական ցանց կառուցելու համար։ Հեյդար Ալիևը չթաքցրեց իր ուրախությունը՝ հայտարարելով, որ հայությունը չի կարող խոշորագույն էներգետիկ խաղացողներից ուժեղ լինել: Այդ պահին Հայաստանը, տանելով բազմաթիվ կարճաժամկետ մարտավարական հաղթանակներ, ռազմավարական պարտություն կրեց։ Շոշափելի սխալ էր, բայց այնուհանդերձ դեռ ոչ մահացու։

Հաճախ ենք ստիպված առերեսվել մի դիրքորոշման հետ, որ փոքր ու աղքատ Հայաստանը նավթային հարուստ հսկաներին դիմակայելու շանս չուներ։ Արդյո՞ք դա այդպես է: Քաղաքական կատեգորիաների սահմանափակ ըմբռնումը մշտապես հանգեցնում է պրիմիտիվ մտածելակերպի և, որպես արդյունք, մակերեսային եզրակացությունների: Հայաստանը հաղթանակ տարավ պատերազմում՝ վերահսկողության տակ վերցնելով իր պատմական տարածքի կարևոր ռազմավարական հատվածը, ուներ ոգեշնչված միլիոնանոց համայնքներ, անհրաժեշտ պահին նրա կողքին էին առաջատար տերությունների քաղաքական վերնախավերը, որոնք Հայաստանին զարգացման համար բազմաթիվ գործիքներ տրամադրեցին: Հակառակ կողմից զուսպ Թուրքիան էր ու պարտված ու բարոյալքված Ադրբեջանը։ Սա «աղքատություն» չէ, ճիշտ հակառակը՝ հսկայական քաղաքական կապիտալ է, որը պահանջում էր ամենաքիչը՝ արդյունավետ կառավարում։

Արցախյան պատերազմին մասնակցելու համար հայկական զինված ուժերում կամավորագրում, Սովետական Հայաստան, 1990 թ.: Լուսանկարը` Հովհաննես Արմենակյանի, SAVE նախագծի արխիվ:

Իսրայելն իր անկախության համար պատերազմը մղում էր չունենալով դրա նույնիսկ կեսը: Պետքարտուղար Ջորջ Մարշալը ամենաբարձր մակարդակով արաբական աշխարհի շահերի օգտին էր լոբբինգ անում` մերձավորարևելյան նավթարդյունաբերության մուտք գործելու նպատակով: Սովետական միությունը երկդիմի խաղ էր վարում, իսկ եվրոպացիները բոլորովին լվացան ձեռքերը: Սահմանափակ ռեսուրսներ ունեցող ցանկացած փոքր ժողովրդի վերջնական հաջողությունը միշտ կախված է եղել գաղափարախոսության և մոտիվացիայի, ինչպես նաև ազնվականության, կառավարման և ինստիտուտների որակից: Եթե տեղի ազնվականությունն իր երկրի և ժողովրդի մասին դատում է «փոքր» և «աղքատ» կատեգորիաներով, ապա նա նախապես իրենից գցում է այդ երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը։ Ապա հարց է ծագում՝ արդյո՞ք ազնվականություն է դա։ Միանշանակ ոչ։ Այս դեպքում առաջանում է հետևյալ հարցը՝ եթե ոչ, ապա ինչո՞ւ է այն կառավարում և որոշումներ կայացնում։

Ռևանշը և կորցրած տարածքների վերադարձը դրվեցին Ադրբեջանի պետական ինքնության հիմքում, իսկ նավթը դարձավ այդ առաքելությանը հասնելու գործիքներից մեկը։ Այնպիսի հսկաներ, ինչպիսիք են British Petroleum-ը (Բրիտանիա), Chevron-ը, Amoco-ն և Exxon Mobil-ը (ԱՄՆ), Statoil-ը (Նորվեգիա), Itochu-ն (Ճապոնիա), Լուկօյլը (Ռուսաստան) ու աշխարհի 19 երկրներից ևս 35 ընկերություններ դարձան ամբողջ աշխարհում շահերի լոբբինգի գործում Բաքվի բնական դաշնակիցներ:

«Եթե զարգացած պետությունների նավթային ընկերությունները հետաքրքրվում են Ադրբեջանի նավթահանքերով, ապա այդ երկրների պետական կառույցները պետք է ուշադրություն դարձնեն հանրապետության ներկա հասարակական-քաղաքական վիճակին»:
Հեյդար Ալիև

Մի երկրում, որի դեմ գործում են նման հսկաները, քաղաքական ղեկավարության և հետախուզական համայնքի խնդիրը նրանց զսպման մեխանիզմների ձևավորումն է։ Հայաստանի տրամադրության տակ էր գտնվում սեփական նավթը՝ ի դեմս գլոբալ հայության, որի առկայությունն իսկ Երրորդ Հանրապետության համար արդեն աննախադեպ լոբբիստական և հետախուզական հնարավորություններ էր ստեղծում։ Դրա համար անհրաժեշտ էր նպաստել հայերի մասնագիտական հայրենադարձությանը և հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և կյանքի այլ ոլորտներում նրանց ինտեգրվելուն: Զուգահեռ պետք է ընթանար պետական գործիչների դաս ստեղծող ինստիտուտների կայացման գործընթացը։ Փոխարենը, ամբողջ թափով ընթանում էր իշխանության և նյութական բարեկեցության համար առանձին նեղ խմբավորումների պայքար։ Երկրում չձևավորվեց սեփական ոչ հետախուզական, ոչ էլ դիվանագիտական դպրոց։ Պետական կադրերը պատրաստվում էին օտարերկրյա հաստատություններում` ըստ սահմանված քվոտաների։ Ո՛չ ազգային անվտանգության ռազմավարություն, ո՛չ հայկական համայնքների համակարգման և դրանց Սփյուռքի վերափոխման հայեցակարգ, ոչինչ։ Ազգային ազնվականությունը և ինստիտուտները փոխարինվեցին ֆեոդալ-կլանային համակարգով, որն ի սկզբանե չէր կարող զբաղվել ազգակերտմամբ և պետականաշինարարությամբ։

Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Լրագրության դպրոցի պատվավոր դեկան, Ցեղասպանությունից փրկված Բեն Բաղդիկյանը որպես պատվավոր հյուր ելույթ է ունենում Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նիստին: Բոստոն, 1998 թ.: Լուսանկարը ՝ SAVE նախագծի արխիվից:

Յուրաքանչյուր կլան իր շուրջը համախմբեց համայնքներից անհրաժեշտ անհատներին (հիմնականում գործարարներին), որպեսզի իրեն պաշտոնապես լեգիտիմացնի ողջ աշխարհասփյուռ հայության առաջատար ուժի կարգավիճակում։ Ձևի տեսանկյունից նրանք բավականին լավ լուծեցին այս խնդիրը՝ ցուցադրելով գեղեցիկ ֆոտոռեպորտաժներ և Լոս Անջելեսից մինչև Մոսկվա խնջույքներին մեծադղորդ կենացներ արտասանելով։ Իսկ բովանդակային առումով այդ ամենը լիակատար ձախողման ցուցադրություն էր, քանի որ այդ իբր «սփյուռքահայերից» ոչ մեկը նույնիսկ սեփական համայնքների շրջանակներում որևէ լեգիտիմություն չէր վայելում։ Երրորդ Հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, ոչ միայն չեն զբաղվել Սփյուռքի ինստիտուտի կառուցմամբ, այլև դրա ի հայտ գալը դիտարկել են որպես երկրի ներսում իրենց դիրքի համար իրական սպառնալիք։

Երրորդ Հանրապետության ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն հանձն չառավ ճանաչել Արցախի անկախությունը, այլև նույնիսկ նրա հետ ռազմավարական դաշինքի պայմանագիր չկնքեց, որով հստակ կսահմաներ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Արցախի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև բանակցային գործընթացում կարմիր գծերը։ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան բազմիցս և տարբեր ձևերով փորձարկել են «հայկական դիրքորոշման» հաստատակամությունն ու «կարմիր գծերը»։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո, երբ հայկական կողմը տրամաբանական ավարտին չհասցրեց Արցախի ճանաչման գործընթացը, Բաքուն և Անկարան ճիշտ հետևություն արեցին՝ հայկական կողմը չունի ոչ դիրքորոշում, ոչ էլ կարմիր գծեր։

Բոլորին ամեն ինչ գոհացնում էր։ Երևանի ֆեոդալները կառավարում էին երկիրը ըստ իրենց կամեցողության՝ անվտանգության հարցը թողնելով արտաքին խաղացողների բարեհայեցողությանը, Ստեփանակերտում այդ կլանների հովանավորյալները փոխհաղորդում էին նրանց կամքն ու ցանկությունը արցախահայությանը, իսկ համայնքային խմբավորումները իմիտացիոն գործունեության քարտ-բլանշ էին ստացել, ուստի կարող էին զբաղվել լոկ առանձին նահանգների և քաղաքների Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր առաջ տանելով։ Նման դասավորության արդյունքն ակնհայտ է՝ Արցախի կորուստ և Հայաստանի օկուպացված տարածքներ։ Ի դեպ, Արցախից հայ բնակչության արտագաղթը, տեղի եկեղեցիների, գերեզմանների և մշակութային հուշարձանների ոչնչացումը տեղի ունեցավ Ցեղասպանության «ճանաչման և դատապարտման» բանաձևեր ընդունած երկրների լուռ ժպիտների ներքո։ Այժմ այդ նույն խաղացողները, բախվելով հետմիաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար պայքարում, կրկին մի շարք երկրների անխռով ապագա են խոստանում, եթե նրանք «ճիշտ ընտրություն» կատարեն։ Նման պատմությունները, առանց որևէ բացառության, ավարտվում են «ընտրողի» համար համընդհանուր ձախողմամբ։

Թողնել մեկնաբանություն