Մակաբույծ-յանների մասին

«Արտասահմանը մեզ կօգնի»․ այս կարգախոսը շուրթերին՝ հայտնի կերպարները շրջում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներով՝ Մոսկվայից և Թեհրանից մինչև Բրյուսել և Վաշինգտոն՝ փորձելով վաճառել իրենց, իրենց պատմությունը, իրենց ինքնությունը, իրենց ժողովրդին ու երկիրը: Ազգի իմունիտետը ձևավորող բովանդակային պետության բացակայության պատճառով առաջացել է վակուում, որը լցրել են բոլոր գույների ու չափերի անթիվ-անհամար մակաբույծներ։ Վերջերս նման երկու մակաբույծներ ուղևորվեցին Վաշինգտոն՝ հերթական անգամ զվարճացնելու տեղի սենատորներին, որոնց համար Հայաստանը լավագույն դեպքում ընդամենը տառերի հավաքածու է։ Սա ընդամենը ռեալպոլիտիկի պարզ ալգորիթմից բխող տարրական տրամաբանություն է. չկա պետականություն՝ չեն կարող լինել ազգային շահեր, չկան ազգային շահեր՝ չի կարող լինել ո´չ կարճաժամկետ, ո´չ միջնաժամկետ և ո´չ էլ երկարաժամկետ ռազմավարություն, չկա ռազմավարություն՝ չկա հիմնարար առաքելություն, չկա առաքելություն՝ չկան նպատակներ։ Մեր դեպքում գործում է գոյատևման իներցիոն ռեժիմը՝ զրոյական իրական ֆունկցիոնալություն և, հետևաբար, զրոյական իրական սուբյեկտայնություն։

Սակայն մակաբույծներին այս փաստերն այնքան էլ չեն մտահոգում, քանի որ նրանց խնդիրը ոչ թե Հայաստանը փրկելն է, այլ, ճիշտ հակառակը՝ ոչնչացնելը։ Անձնական ոչինչ, նրանց համար դա պարզապես աշխատանք է՝ կա իրենց տիրոջ հրահանգը, որը պետք է կատարել։ Իսկ ազգանվան «յան» վերջավորությունը թույլ է տալիս սեփական ժողովրդի մոտ ստեղծել իրենց երկրի ճակատագրի համար ծայրահեղ մտահոգ լինելու տպավորություն։ Ամերիկացի սենատորները մի ամբողջ ժամ փորձեցին երկու «թուրքանման հայերին» հասկացնել, որ Իլհամ Ալիևը բարեկամական Ադրբեջանի իմաստուն և կառուցողական առաջնորդն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ում վաղեմի և փորձված դաշնակից: Պետք է հավուր պատշաճի գնահատել ամերիկյան օրենսդիրներին, ովքեր ժամանակ առ ժամանակ փորձում էին սառեցնել գլխուղեղի լիբերալիզմի համախտանիշով տառապող երկու անհատների դեմոկրատական ​​ավյունը։ Նրանք, իրենց հերթին, ավարտելով իրենց պաշտոնական արարողությունը, անցան գլխավորին՝ Ռուսաստանին։ Մոռացե´ք Ալիևի ու Էրդողանի մասին, մեզ չեն հետաքրքրում իրենց տներից վտարված 120 հազար արցախցիները, մեզ չեն հետաքրքրում մեր նախնիների գերեզմանները, որոնց վրա ադրբեջանցիները հյուրանոցներ են կառուցում, մեզ չի հուզում 5 հազար հայ երիտասարդ զինվորների և սպաների հիշատակը, ովքեր 44 օր կանգնեցին երկրների կոալիցիայի և միջազգային հանրության անտարբերության դեմ։

Եվ, բնականաբար, ոչ մի հիշեցում այն մասին, որ Վաշինգտոնը պնդում էր, թե թույլ չի տա հայերի արտաքսումն Արցախից։ Կարևոր է միայն մեկ բան՝ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարության համար։ Այն նույն ժողովրդավարության, որն այժմ իրական ժամանակում ոչնչացնում է երկրի մնացորդները, օգնում է արդարացնել կառավարական ավտոշարասյան վարորդին, ով մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջը, աչք է փակում Ադրբեջանի կողմից իր քաղաքացիների ձերբակալության վրա և ջնջում է հայոց պատմությունը։ «Դե, եթե խնդիրը Ռուսաստանն է, դա իրավիճակ է փոխում», – մտածեցին սենատորները և կտրուկ աշխուժացխն՝ համենայն դեպս հիշեցնելով, որ Ալիևի հետ կարելի է գործ ունենալ և պայմանավորվել, պարզապես Պուտինը շփոթեցրել է նրան։ Այդ ամենը՝ պսակազարդված Հայաստանի տարածքային ամբողջականությունը մինչև վերջին ամերիկացին պաշտպանելու երդմամբ։ Բանաձևը պարզ է՝ հենց Ալիևը խախտի Հայաստանի սրբազան սահմանները, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, անմիջապես խստորեն կդատապարտի նրան և կոչ կանի այլևս դա չանել։ Մինչդեռ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրենց դաշնակցային պարտավորությունները կատարելու փոխարեն անընդհատ «մտահոգություն» են հայտնում, Արևմուտքը կօգտագործի այլ տերմինաբանություն՝ «դատապարտում ենք»։ Չէ՞ որ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման համար Բաքվի դեմ  արևմտյան պատժամիջոցների ամբողջ ուժը գործադրելն արդեն չափազանց է, խաղաղ բնակչությանը ռմբակոծելու և ահաբեկչական խմբավորումների զինյալներին օգտագործելու համար Ալիևին պատերազմական հանցագործ հայտարարելը՝ դե լավ, վերջացրեք, «Ազատության աջակցության» օրենքի 907-րդ բաժնի վերականգնումը՝ ինչու՞, միգուցե գոնե դեսպանին խորհրդակցությունների համար՝ հետ կանչելը՝ ինչի՞ համար, թող գնա Շուշի` ամերիկա-ադրբեջանական ամուր և ռազմավարական հարաբերությունների մասին պատմելու:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն