«Երբ 1919 թ. հոկտեմբերի վերջին ես ժամանեցի Մոսկվա՝ կուսակցության Կենտրոնական կոմիտեում ազգային հարցը քննարկելու համար, ես տեղեկացա, որ Ստալինը Բյուրոյի միջոցով ընդունել է Նարիմանովի առաջարկը, որով Ադրբեջանում ստեղծվում էր «Հումմեթ» կուսակցություն, որը պիտի միավորեր միմիայն ադրբեջանցի կոմունիստներին։ Ընդ որում, այս որոշումը ընդունվել էր առանց Բաքվի բոլշևիկների ու Ադրբեջանում աշխատող տարբեր ազգությունների կոմունիստների կարծիքի հարցման, լոկ Մոսկվա տեղափոխված էմիգրանտների՝ Մուսաբեկովի, Նարիմանովի, Էֆենդիևի, Սուլթանովի պահանջով։ Այսպիսով, ստացվում էր, որ Ադրբեջանում բոլոր ոչ ադրբեջանցի կոմունիստները (ռուսները, հայերը և այլք) պետք է մտնեն անմիջապես ՌԿԿ (Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն), իսկ ադրբեջանցիները՝ ՌԿԿ (Բոլշևիկների) Կենտրոնական կոմիտեի հետ կապված «Հումմեթ»: Այդ կազմակերպչական մեթոդների անհեթեթությունն ու հակաբոլշևիզմն ինձ մոտ վրդովմունք առաջացրեց»։
Անաստաս Միկոյան
Խորհրդային Հայաստանը մեկնարկեց որպես ամենաաղքատ և տուժած հանրապետություններից մեկը։ Թուրքիայի հետ երկու պատերազմները (1918 և 1920-ին), սովն ու հիվանդությունները տարբեր գնահատականներով պատմական Արևելյան Հայաստանի տարածքներում ավելի քան 250 հազար հայերի կյանքեր խլեցին։ Ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վիճակը աղետալի էր։ Արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտության վերականգնումը կարելի է կոչել խորհրդային շրջանի անվիճելի առավելություններ: Բացի այդ, կայսրությունն իր ծայրագավառում բազմաշերտ բյուրոկրատիայի մշակույթ սերմանեց և աճեցրեց պաշտոնյաների` միջին և կրտսեր օղակների կառավարիչների բավականին որակյալ դաս։ «Սառը պատերազմը», որում ԱՄՆ-ն ու Սովետները պայքարում էին ողջ աշխարհի մտքերի ու սրտերի համար, նույնպես նպաստեց հայկական գործոնի վերակենդանացմանը։ Հայերը լավ ինտեգրված էին իրենց բնակության երկրների հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում։ Կենտրոնացման աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ էր՝ ամերիկյան մայրցամաքից մինչև Ավստրալիա և Օվկիանիա: Այլ կերպ ասած՝ խելահեղ մտավոր ու հետախուզական ներուժ։

Ամերիկան հայկական ատլանտյան ճամբար էր ձևավորում, իսկ Խորհրդային Միությունը՝ հայկական սոցիալ-կոմունիստական դաշինք։ Երկուսն էլ քայլեր էին ձեռնարկում հայությանը իրենց կողմը հավաքագրելու համար։ Այդ դիմակայության մեջ առաջին վճռական քայլը կատարեց Մոսկվան։ Օսմանյան կայսրությունում/Թուրքիայում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին (1965 թ.) Երևանում «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կառուցման թույլտվություն շնորհվեց:

Վաշինգտոնը պատասխանեց սրընթացորեն և համաչափ. 70-ականներին սկսվեց Կոնգրեսի պատերի ներսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ակտիվ գործընթացը։ Ամերիկացիների և Սովետների համար Թուրքիան հատուկ ռազմավարական դեր էր խաղում, այդ իսկ պատճառով նրանք փորձում էին չհատել Անկարայի անցկացրած կարմիր գծերը։ Հատկանշական է, որ երկու գերտերություններն էլ տարբեր ժամանակներում բառացիորեն թուրքերին փրկեցին աշխարհաքաղաքական մահից. Սովետները հետօսմանական շրջանում Աթաթուրքին օգնեցին երկիրը հետ պահել պարտությունից և փլուզումից, իսկ արդեն 1952 թ. նախագահ Հարի Թրումանը նրանց ետ տարավ հնարավոր խորհրդային սպառնալիքից՝ Անկարային ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք) ընդունելով։
«Թուրքիայի՝ որպես անկախ և տնտեսապես նշանակալի երկրի ապագան ժողովրդավարական աշխարհի համար ոչ պակաս կարևոր է, քան Հունաստանինը։ Իրավիճակը, որում այսօր հայտնվել է Թուրքիան, զգալիորեն տարբերվում է Հունաստանում ստեղծված իրավիճակից։ Թուրքիան շրջանցեց այն աղետները, որոնք տեղի են ունեցել հարևան երկրում։ Պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Թուրքիային նյութական օգնություն են ցուցաբերել։ Սակայն այժմ Թուրքիան մեր աջակցության կարիքն ունի, որպեսզի իրականացնի անհրաժեշտ արդիականացումը՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ իր սեփական դժվարությունների պատճառով այլևս չի կարող ֆինանսական և տնտեսական օգնություն ցուցաբերել Թուրքիային։ Ինչպես և Հունաստանի դեպքում, մենք միակ երկիրն ենք, որն ունակ է տրամադրել այդ օգնությունը»։
Հարի Թրուման
1974 թ. թուրքական զինված ուժերի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան տագնապալի ազդանշան էր Սպիտակ տան և Կրեմլի համար: Ամերիկյան կողմը ոգևորված չէր դաշինքի անդամի միակողմանի ցուցադրական քայլերով, իսկ Մոսկվան մի կողմից տեսավ միջազգային գործերի վերաբերյալ «հատուկ կարծիքով» Ատլանտյան ակումբի խաղացողի, մյուս կողմից՝ կազմակերպված ռազմական մեքենա, որը սպառնալիք էր ներկայացնում տարածաշրջանում խորհրդային շահերին։ Այդ կապակցությամբ հայկական գործոնի դերը կտրուկ աճեց։ 1975 թ. նախագահ Ջերալդ Ֆորդի վարչակազմի լուռ համաձայնությամբ ընդունվեց երկկուսակցական բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվեց «Մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» և ԱՄՆ նախագահին պարտավորեցրեց «կոչ անել Միացյալ Նահանգների ժողովրդին այդ օրը նշել որպես ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915 թ. Ցեղասպանության զոհ դարձած հայազգի անձանց հիշատակի օր»: Առաջին անգամ ամերիկացիները անցան կարմիր գիծը՝ պաշտոնական փաստաթղթում 1915-1923 թթ. իրադարձությունները որակավորելով որպես ցեղասպանություն։ Թուրքական կողմը ուշադրության առավ այդ ազդանշանը և չափավորեց իր հավակնությունները, ինչի հետևանքով ցեղասպանության մասին բանաձևը կասեցվեց՝ այդպես էլ չդառնալով նախագահի կողմից ստորագրված լիարժեք օրենք։
Նույն 1975-ին իր սկսեց գործել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ-ն), որն իր նպատակն էր հռչակել պատմական արդարության վերականգնումը՝ Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. Ցեղասպանության ճանաչումը հետագա հատուցումների վճարմամբ և պատմական Հայաստանի տարածքների վերադարձով։ Ինչպես և այդ ժամանակաշրջանի ազգային-ազատագրական ուղղվածության կազմակերպությունների մեծ մասը, ԱՍԱԼԱ-ն ներկայանում էր որպես մարքսիստ-լենինյան հայացքների հետևորդ։ Այդ կազմակերպության ծագման մասին լայն քննարկումներ եղան։ Տեսությունները տարբեր էին՝ է՛լ Մուխաբարաթի (Սիրիայի և Իրաքի հատուկ ծառայության) նախագիծ՝ պաղեստինյան շարժման մեջ հայկական բաղադրիչ ներդնելու համար, է՛լ խորհրդային կրեատուրա ընդդեմ Թուրքիայի, է ՛լ ռադիկալ հայերին հավաքագրելու ամերիկյան գործիք։ Հասնում էր նույնիսկ այնպիսի արտառոց ենթադրությունների, ինչպիսին է ԱՍԱԼԱ-ի` Թուրքիային զսպելու համար խորհրդա-ամերիկյան համատեղ նախագիծ հանդիսանալը։ Վարկածների այդ առատության մեջ չկար սակայն գեթ մեկը, որ ԱՍԱԼԱ-ն կդիտարկեր որպես հայ ազգային ազնվականության կողմից ստեղծած մարտական թև: Ժամանակի ընթացքում ներքին տարաձայնությունների պատճառով կազմակերպությունը բաժանվեց երկու մասի և 80-ականների վերջին դադարեց գոյություն ունենալ։
Նույն ժամանակահատվածում ԱՄՆ Հեղափոխական կոմունիստական կուսակցության նախագահ է դառնում ազգությամբ հայ Բոբ Ավագյանը, ով ձախ ուղղվածության խոշոր ամերիկյան կազմակերպություններին, այդ թվում՝ «Ազատ խոսքի շարժմանը» և «Սև հովազներին» մասնակցելու պատկառելի փորձ ուներ։ Իր հերթին, Նահանգները սկսեց ակտիվորեն հայազգի դիվանագետներ գործուղել Սոցիալիստական դաշինքի (խորհրդային ազդեցության գոտի) և Մերձավոր Արևելքի երկրներ։ Տեղի հայ համայնքների ներկայացուցիչները լայնորեն ներգրավվել են բազմաթիվ երկրների քաղաքական, ռազմական-հետախուզական, դիվանագիտական, գիտական և տնտեսական կառավարման համակարգերում, հատկապես Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Պարսկաստանում (շահական Իրանում), Սիրիայում և Լիբանանում: Հայկական գործոնի կարևորության մասին է վկայում նաև այն փաստը, որ 1967-1970 թթ. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) Պետական անվտանգության նախարարության հետ կոորդինացիայի և կապի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակազմի 3-րդ (Անլեգալ հետախուզության) բաժնի պետ էր նշանակվել Մարիուս Յուզբաշյանը: ԳԴՀ Պետական անվտանգության նախարարությունը Արևելյան Եվրոպայի Սոցիալիստական դաշինքի անվտանգության համար պատասխանատու առանցքային կառույցներից էր: 1970-1972 թթ. նա ևս զբաղեցրել է ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության (ԱԳՎ-ի) «Ս» (Անլեգալ հետախուզության) վարչության բաժնի պետի պաշտոնը, իսկ 1978-ից` գլխավորել ՀԽՍՀ ՊԱԿ-ը։
ՊԱԿ-ի ԱԳՎ (արտաքին հետախուզության) պետի տեղակալը Իվան Աղայանցն էր, նույնպես ազգությամբ հայ, ով խորհրդային ռեզիդենտուրա (գործակալական ցանց) էր հաստատել Իրանում: Երկար ժամանակ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում է աշխատել նրա աշակերտը՝ Խորհրդային Միության հերոս, ՊԱԿ ԱԳՎ աշխատակից Գևորգ Վարդանյանը։ Միացյալ Նահանգները հետ չէր մնում. Ամերիկահայ, Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ Էդվարդ Ջերեջյանը 1962-1964 թթ. նշանակվել էր պետքարտուղար Ջորջ Բոլլի տեղակալի հատուկ օգնական, 1965-1969 թթ.` Բեյրութում (Լիբանան) քաղաքական աշխատակից, իսկ 1972-1975 թթ.` Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ-ից) փոխադրված պետքարտուղարի տեղակալ Ջոզեֆ Սիսկոյի գործադիր օգնական։ Մեկ տարվա ընթացքում Ջերեջյանը զբաղեցրել է Եվրոպական գործերի բյուրոյում աշխատակցի պաշտոնը և 1979-ից մեկնել Մոսկվա՝ ամերիկյան դեսպանատան քաղաքական դեպարտամենտը ղեկավարելու։ Ռեյգանի և Բուշ ավագի նախագահության շրջանում եղել է ԱՄՆ դեսպանը Սիրիայում (1988-1991), Քլինթոնի օրոք՝ Իսրայելում (1993-1994)։
Սովետական ղեկավար Միխայիլ Գորբաչովի կողմից հայտարարված «գլասնոստի» (խոսքի ազատության, հրապարակայնության) և «պերեստրոյկայի» («վերակառուցման») քաղաքականության ժամանակաշրջանում Վաշինգտոնը ուշադիր հետևում էր ազգային հանրապետություններում կենտրոնախույս գործընթացներին: Մի շարք պատճառներով Հայկական ԽՍՀ-ն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ամերիկյան Հանրապետական վերնախավի առաջնահերթությունների ցանկում։ Նախ, այդ ժամանակ Նահանգներում կար ազդեցիկ և Հանրապետական կուսակցությանը լավ ինտեգրված հայկական խմբավորում, որում հատուկ տեղ էին զբաղեցնում ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարար Փոլ Իգնաթիուսը, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, քաղաքական խորհրդատու Քեն Խաչիկյանը, կոնգրեսական Չարլզ Փաշայանը, գնդապետ, Պենտագոնի խորհրդական Ժան Գիզիրյանը և այլք։ Հայազգի քաղաքական գործիչները ժամանակի երեք գլխավոր հանրապետականների՝ նախագահներ Ռեյգանի, Բուշ ավագի եւ Սենատում կուսակցության առաջնորդ Բոբ Դոուլի մերձավոր շրջապատի մաս էին կազմում։ Ամերիկյան պետական գործիչների համար դա պատրաստի ռազմավարական կամուրջ էր, որը կարող էր Հայաստանը կապել ԱՄՆ գլխավորած Ատլանտյան աշխարհի հետ։ Առաջինը` նախկին ԽՍՀՄ ժողովուրդներից ոչ մեկը Ամերիկայում այդպիսի կազմակերպված և ազդեցիկ ճնշման խումբ չուներ։ Երկրորդ, ամերիկյան deep state-ը («խորքային պետությունը»), գիտակցելով ամբողջ աշխարհի հայկական համայնքների ներուժը, Հայաստանը տեսնում էր որպես կենտրոն, որի շուրջ կարելի էր կառուցել գլոբալ անդրազգային ազդեցության ցանց:

Տեսնելով հայերի բողոքային ներուժն ու ձգտումները՝ Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով (երկկուսակցական կոնսենսուսով) սատարեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Հայկական ԽՍՀ կազմ վերադարձնելու հայերի պահանջին։ Բարձրաստիճան սենատորներ՝ դեմոկրատներ Քլեյբորն Փելը, Էդվարդ Քենեդին, Ջոզեֆ Բայդենը և Ջոն Քերին ու հանրապետականներ Բոբ Դոուլը և Փիթ Ուիլսոնը բացահայտ կոչ էին անում Գորբաչովին բավարարել «Ղարաբաղ» կոմիտեի պահանջը և խիստ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում (Սումգայիթում, Բաքվում և այլն) հայերի սպանությունները դադարեցնելու համար։ Սպիտակ տունն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը՝ նրան առանձնացնելով այն երկրների ցանկում, որոնց պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերվի («Ազատության աջակցման» օրենքի շրջանակներում):
Մենք խնդրում ենք Ձեզ ձեռնարկել բոլոր միջոցները` դադարեցնելու հայ փոքրամասնության սպանությունները, ինչպես նաև այդ տարածաշրջանում բռնության այլ ձևերը: Բացի քաղաքացիական խաղաղության վերականգնումից, մենք հույս ունենք, որ խորհրդային ղեկավարների նպատակը կլինի ապահովել այդ տարածաշրջանից հայրենիք մեկնել ցանկացող հայերի անվտանգ վերաբնակեցումը: Հուսով ենք, որ Դուք նաև կճեղքեք Ղարաբաղի և Հայաստանի տնտեսական շրջափակումը, որտեղ երկրաշարժի գոտում շարունակում են աշխատել բազմաթիվ ամերիկացիներ և այլ օտարերկրացիներ: Ադրբեջանում բռնության ահասարսուռ բռնկումը ևս մեկ անգամ ընդգծում է Լեռնային Ղարաբաղի 160 հազար հայերի Հայաստանի հետ վերամիավորման անհրաժեշտությունը: 70 տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները հաջողության են հասել միայն տարածաշրջանի բնակիչների մշակութային իրավունքների ոտնահարման, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության 80%-ը կազմող Լեռնային Ղարաբաղի հայերի տնտեսական խտրականության հարցում:.
Ամերիկացի սենատորների նամակը Միխայիլ Գորբաչովին
Նույն ցուցակում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետությունը, որը Նահանգների կողմից դե յուրե (պաշտոնական) ճանաչում չուներ։ Ըստ առանձին ընդունված 907-րդ բաժնի (Section 907)՝ Կոնգրեսն արգելում էր Նախագահի վարչակազմին որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ արցախահայության դեմ վերջինիս ագրեսիայի և Հայաստանի հետ սահմանի շրջափակման կապակցությամբ:
