Նիկոլի Հայաստանի հերոսները

Մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի կատարելու Հայրենիքի հանդեպ։ Ավելի ճիշտ՝ իրական Հայաստանի Հանրապետության, որի տարածքը գործող վարչապետի կողմից «շռայլորեն» «երաշխավորված» 29800 քառակուսի կիլոմետրից հանկարծակի կրճատվեց մինչև 29743-ի։ Ի՞նչ է յուրաքանչյուր անհատ պարտք իր երկրին: Լինել լավ քաղաքացի՞, իր ոլորտում պրոֆեսիոնա՞լ, չաղտոտե՞լ շրջակա միջավայրը, երեխաների մեջ սե՞ր սերմանել հայրենիքի հանդեպ։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ ազգային հերոս դառնալու համար: Միգուցե չափազանց խիզախ արա՞րք գործել, որը կփրկի բազմաթիվ հայրենակիցների, կամ ամեն օր ինքնազոհաբերվե՞լ հանուն ընդհանուր ապագայի։ Դե ինչ, վարչապետ Փաշինյանը նման «զոհաբերություն» է համարում հարկեր վճարելը։ Ահա´ այն արարքը, որը նա ունակ է գնահատել, քանի որ իր գրպանում թղթադրամների խշխշոցը սեփական քաղաքացիների տառապանքը չէ, նա դա ունակ է զգալ։ Միգուցե այդ պատճառով նա տեր չկանգնեց ծերերին ու երեխաներին պաշարված, ապա՝ ֆիզիկապես ոչնչացված Արցախում, չէ՞ որ նրանք աշխատունակ չեն, հետևաբար հարկեր չեն վճարում։

«Ինչո՞ւ հարսանիքների ժամանակ հարկատուի կենացը չեն խմում», – տարակուսում է Փաշինյանը։ Նա կարծում է, որ առանց հարկատուների Հայաստանը բանակ չէր ունենա։ Ահա թե ինչպիսի´ն ես դու՝ Հայրենիքի համար պայքարելու մղու´մ: Եվ ահա, թե որտեղից մեր սպառազինությունը: Ո՛չ ամբողջ աշխարհի հայկական համայնքների օգնությանը, ո՛չ միջազգային վարկերին ու ամեն րոպե աճող պետական պարտքին, ո՛չ երկկողմանի համաձայնագրերին, ո՛չ էլ, ի վերջո, հայոց հողի ընդերքին՝ ազգային հարստությանը։ Ո´չ։ Մենք մեր բանակը ունենալու համար պարտական ենք նրանց, ովքեր համարձակվել են կառավարությունից չթաքցնել իրենց եկամուտները։

Մենք որևէ կերպ չենք նսեմացնում հարկերը վճարելու կարևորությունը։ Դա պետության գործառնման և արդյունավետության հիմքն է և քաղաքացու պարտականություններից մեկը։ Բայց երբ այդ պարտականությունը հասցվում է անհեթեթության՝ մոռացության մատնելով մնացած պարտականությունները, և փոխարենը չկա որևէ հաշվետվողականություն, երբ իշխանություններն իրենք են կեղտոտ մանիպուլյացիաներ իրականացնում՝ լցնելով սեփական կուսակցական բյուջեն, իսկ այնուհետև պարզապես ուսերն են թափ տալիս և խնդրում թշվառ քաղաքացիներին նորից ստուգել՝ գուցե նրանք մոռացե՞լ են, թե ինչպես են 6,5 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել ժողովրդական կուսակցությանը, և վերջիվերջո, երբ տարածքը որպես պետություն բնորոշող միակ բանը հարկերն են մնում, հարկատուների աստվածացումը հնչում է որպես ծաղրանք։ Հարկային ծառայությունը բլոգերներին վարձում է հարկերը վճարելու մասին հիշեցնելու համար, բայց Երևանում չկա ոչինչ, որը կհիշեցնի ադրբեջանական գերության մեջ տառապող հարյուրավոր հայերի մասին, իսկ դպրոցներում հետզհետե վերացնում են Արցախի պաշտպանության համար զոհվածներին նվիրված հուշատախտակները։ Ախ այո´, չէ՞ որ ո´չ առաջինները, ո´չ երկրորդները հարկեր չեն վճարում, և, հետևաբար, նրանց մասին պետք է մոռանալ: Ինչը և Փաշինյանը արեց 2024 թվականի Ամանորի գիշերն՝ իր հոտին ուղղված ուղերձը սկսելով հավաքագրված հարկերի մասին հաշվետվությամբ, կարծես թե 2023 թվականին չէին եղել Արցախի ողբերգական կորուստը և իր դիլետանտության հերթական զոհերը հայկական բանակում, և միաժամանակ, ապահովության համար, եթեր չթողնելով Կաթողիկոսի ուղերձը, որպեսզի մարդկանց տոնը չփչանա, և դա չնայած նրան, որ Եկեղեցին, հակառակ Ալեն Սիմոնյանի կեղծ մեղադրանքների, գտնվում է հարկային դաշտում: Ըստ երևույթին, հարկեր վճարելը դեռևս բավարար պայման չէ։ Սա նշանակում է, որ պետք է սկսել խմել վատ հիշողություն ունեցող և «ժողովրդական» իշխանությանն ավելորդ հարցեր չտվող հարկատուների՝ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» իսկական հերոսների կենացը։ Մինչև նրանք չծերանան և իրենց անպետք չզգան այնպես, ինչպես Արցախի աքսորված բնակիչները։

Թողնել մեկնաբանություն