Տարածական հավակնություններն ու հնարավորի արվեստը
Վերջին չորս տարիների իրադարձությունները կրկին այժմեականացրին աշխարհաքաղաքականության՝ որպես միջազգային հարաբերությունների այս կամ այն գործընթացները բացատրող դպրոցի տեղի և դերի վերաբերյալ լայն քննարկումները։ Միաբևեռ համակարգի մաշվածությունը պայմաններ է ստեղծել նոր իրողություններում գոյության և զարգացման իրենց իրավունքը նվաճելու ձգտող տարբեր խաղացողների անայլընտրանքային բախման համար։ Այս տեսանկյունից ճիշտ չի լինի անդրադառնալ բացառապես աշխարհաքաղաքականությանը, քանի որ ներկա գործընթացներն ավելի բարդ բնույթ են կրում, որը հասկանալու համար անհրաժեշտ է միջառարկայական մոտեցում: Միևնույն ժամանակ, բազում փոքր երկրների և ժողովուրդների համար աշխարհաքաղաքականությունը, որը նրանց կողմից բնորոշվում է որպես «տիտանների» միջև առճակատում, շարունակում է գերիշխել միջազգային գործընթացների նրանց ընկալման և մեկնաբանման մեջ: Նման երկրների քաղաքականությունը հանգում է ընդամենը մեկ հարցի պատասխան գտնելու փորձին՝ «տիտաններից» ո՞ր մեկին միանալ։
Նման մակերեսային մոտեցումը կապված է աշխարհաքաղաքականության խիստ նեղ ըմբռնման հետ, քանի որ այն ոչ միայն քաղաքական մտքի դասական դպրոցներից է, այլև խորը փիլիսոփայություն։ Գերմանացի մտածող Ֆրիդրիխ Ռատցելն առաջինն էր, ով շրջանառության մեջ դրեց «կենսական տարածություն» հասկացությունը, որը նա հասկանում էր ոչ միայն որպես «անփոփոխ տարածք», այլ որպես «կենդանի օրգանիզմ», որն անցնում է ծննդյան, հասունացման և մահվան փուլերով: Յուրաքանչյուր ժողովուրդ, որը ձգտում է համախմբել իր մտավոր և բնական աճի և առաջընթացի համար անհրաժեշտ պաշարները, պետք է անպայման ունենա «տարածության զգացողություն»: Այս տերմինը նշանակում է համազգային հավակնությունների խիստ ուրվագծված սահմաններ, որոնց հասնելու համար կեցության համապատասխան եղանակներ են ձևավորվում: Միավորման բարձրագույն ձևաչափը քաղաքական ազգն է, որը իր, իր հնարավորությունների և իր ներուժի մասին հստակ պատկերացում ունի: Առանց «տարածական հավակնությունների» ժողովուրդն ի վիճակի չէ վերափոխվել ազգի, ինչը հանգեցնում է մշտական «գոյատևման ռեժիմի» կայացմանը։
«Ամենաուժեղ պետությունները կլինեն նրանք, որոնցում քաղաքական գաղափարը թափանցում է ամբողջ պետական մարմինը, մինչև դրա վերջին անդամը։ Մի ժողովրդի հետ, որին դարեր շարունակ հաջողվել է պահպանել իր պետությունը նույն տարածքում, պետության այս անփոփոխ հիմքը (նրա տարածքը) այնքան խորն է միաձուլվում, որ ժողովրդին առանց նրա տարածքի անկարելի է նույնիսկ պատկերացնել»:
Ֆրիդրիխ Ռատցել
Օտտո ֆոն Բիսմարկը Գերմանիան միավորելու և գերմանական ազգ ստեղծելու գաղափարին հանգավ տեսնելով լայն «տարածական հավակնություններ» ձևավորելու ներուժը: Նա չէր ելնում այդ հավակնությունների կարճաժամկետ ազդեցության մաթեմատիկական հաշվարկներից, քանի որ առաջնորդվում էր «քաղաքականությունը հնարավորի արվեստն է» սկզբունքով։ Եվ արդեն իսկ այդ «հնարավորը» բավարար շարժառիթ էր նրա համար: Պատմությունը բավական նման օրինակներ է ճանաչում. Ջուզեպպե Գարիբալդին և նրա Ռիսորջիմենտոն (Իտալիայի ինքնիշխանության նվաճումն ու միավորումը), Հյուսիսային Ամերիկայի գաղութներից ֆերմեր Ջորջ Վաշինգտոնը և գիտնական-տպագրիչ Բենջամին Ֆրանկլինը, ովքեր որոշեցին ստեղծել ամերիկյան ազգ, Իսրայելի հիմնադիր հայրեր Դավիդ բեն Գուրիոնը և Գամլիել Քոենը, ովքեր հավատում էին Էրեց-Իսրայել հրեաների վերադարձին, իդեալիստ երազողներ Իմոն Դե Վալերան և Արթուր Գրիֆիթը, ովքեր Իռլանդիան փրկեցին 700-ամյա բրիտանական տիրապետությունից և այլք: Վերոնշյալ կերպարներն իրենց մեծագործությունների պահին անսահմանափակ ռեսուրսներով հսկաներ չէին, ընդհակառակը՝ նրանք պայքարում էին իրենց դարաշրջանի իրական «տիտանների» դեմ, և նրանց վերջնական հաջողության հիմքում ընկած էր անձնուրաց գերմոտիվացիան` անձնական ռացիոնալիզմի և սառնասրտության հետ զուգորդված։
Ողբերգության վերաիմաստավորում
Ազգակերտման պատմությունը միշտ մեկնարկում է մեծ ողբերգության վերաիմաստավորմամբ: Սա բարդ և աշխատատար գործընթաց է, որը կոնկրետ խնդիրներ առաջադրելու համար առանցքային նշանակություն ունի՝ իրական համազգային կոորդինատային համակարգերի մշակման նպատակով։
Իռլանդացի ժողովրդի ողբերգությունը բնավ 1845 թ. Մեծ սովը չէ, ինչպես և Հոլոքոստը չէ հրեա ժողովրդի համար։ Այդ իրադարձությունները այս աշխարհում իրենց գոյության իմաստների և ֆունկցիոնալության (օգտակարության) համապարփակ վերլուծության բացակայության հետևանք են: Հենց դրանում է կայանում ողբերգությունը, և այն համընդհանուր է բոլոր այն ժողովուրդների համար, ովքեր երբևէ ապրել և այժմ ապրում են այս մոլորակի վրա: Ինքնավերլուծության կարևորության ըմբռնման բացակայությունը իռլանդացիներին հանգեցրեց իրենց սեփական հողում 7-դարյա ստրկության և որպես գագաթնակետ՝ Մեծ սովի, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ և մոտավորապես այդքանն էլ ստիպված եղան լքել երկիրը: Բրիտանացիները նրանց նույնիսկ մարդասիրական օգնություն չեն ցուցաբերել՝ թույլ չտալով դա անել նաև մնացած երկրներին։ Ներքին վերաիմաստավորման և ինքնորոշման համար (հասկանալու, թե ովքեր են նրանք և ինչ են կամենում) մտավորապես պատրաստված ազնվականություն էր անհրաժեշտ, որի ձևավորվելու համար այդ իրադարձությունից հետո 10 տարի պահանջվեց: Այդ պահից սկսած գործընթացը երբևէ չի դադարել, և դրա արդյունքները միանշանակ են` 1921 թվականից ի վեր անկախ Իռլանդիա, որն այսօր հատուկ դիրք է զբաղեցնում միջազգային հարաբերություններում, Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա անդրազգային լոբբիստական ցանց, Հյուսիսային Իռլանդիայում (դեռևս դե յուրե Մեծ Բրիտանիայի կազմում) ազգային, կրոնական և գաղափարական գերիշխանության հաստատում:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ պարապություն, վատնողություն և անարդյունավետություն:»
Իմոն դե Վալերա
Եվրոպական հրեականությունը վաղ միջնադարից ենթարկվել է հալածանքների և նվաստացումների, իսկ հրեաների առաջին էմանսիպացիան (օրենսդրորեն ամրագրված ցանկացած խտրականության վերացումը) տեղի է ունեցել միայն 1791 թ., Ֆրանսիայում։ Վերաիմաստավորման գործընթացը սկսվել էր 1896 թ. Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գրքույկով, որի շուրջ կազմակերպվեցին առաջին Սիոնիստական կոնգրեսները։ Այնուամենայնիվ, հրեական ազնվականության զգալի ներքին տարաձայնությունները թույլ չտվեցին կատարած ինքնավերլուծությունը արագացրած կարգով շոշափելի արդյունքների վերափոխել: Պատրաստված էր հիմքը (1917 թ. Բալֆուրի հռչակագիրը), բայց այդ պահին դա արդեն լիովին անբավարար էր: Պատմությունը նրանց չներեց նման անփութությունը, դանդաղկոտությունն ու շռայլությունը։ Նոր ազնվականությունը, որը սնուցվել էր իր նախակարապետների աշխատություններով, ստիպված էր ուղղել այդ սխալները, մտածել և գործել համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ. Երկրորդ աշխարհամարտի) պայմաններում՝ իր ժողովրդի զանգվածային ոչնչացմանը հետևելով որպես պասսիվ դիտորդ։ Իսրայելն ու իսրայելական ազգը դարբնվում էին ամենաբարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ցանկացած անզգույշ քայլ կարող էր հեշտությամբ հրահրել այդ պետության վիժումը երկու տիտանների` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության գլխավորած միջազգային հարաբերությունների համակարգից։
«Կարևոր չէ, թե աշխարհն ինչ է ասում Իսրայելի մասին, բացարձակ կարևոր չէ, թե նրանք ինչ են ասում մեր մասին։ Միակ կարևոր բանը մեր նախնիների կտակած հայրենի հողի վրա մեր ներկայությունն է: Կարևորն այն է, որ մենք արաբներին ցույց տվեցինք, որ նրանք հրեաներին սպանելու համար ստիպված կլինեն հսկայական գին վճարել։ Առանց դրա մենք չենք գոյատևի»:
Դավիդ բեն Գուրիոն
Ողբերգության վերաիմաստավորումը իռլանդացիներին և իսրայելացիներին թույլ տվեց ոչ միայն կառուցել իրենց սեփական պետությունները, այլև որակապես այլ «տարածական հավակնություններ» ձևավորել: Առաջին պարագայում դա հիմնադիր հայրերի կողմից առաջ բերած միասնական երկրի գաղափարն էր (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորումը), որը պիտի դառնա կելտական աշխարհի` որպես միջազգային կենսագործունեության սուբյեկտի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Իսրայելական ազգի «տարածական հավակնությունները» բխում են հրեա ժողովրդի իր պատմական տարածքում` Էրեց-Իսրայելում միավորման և վերածննդի հայեցակարգից: Նման նպատակների իրագործման հաջողությունը երկրորդական հարց է, առավել կարևոր է այլ բան. նման ազգերն ունեն հիմնարար արժեքներ, առաքելություն և հավատ, որ վերջնական հաջողությունն անխուսափելի է: Ի վերջո, անկախ հաջողությունից կամ ձախողումից, ամեն ինչ հանգում է պարզ երկընտրանքի` լինելու ինչ-որ մեկ կամ ոչինչ:
Հայկական ազգային նախագիծը
Օսմանյան կայսրության փլուզումը ստեղծեց առանձին ազգային նախագծերի «տարածական հավակնությունների» անխուսափելի բախման իրավիճակ: Թուրքական նախագիծը կառուցվել է նախկին կայսրության ներքին տարածքների զգալի մասի պահպանման և ազգայնացման գաղափարի հիման վրա։ Դրա համար անհրաժեշտ էր ոչնչացնել երկու այլ ազգային նախագծեր՝ հայկականը և հունականը։ Երիտթուրքական ղեկավարությունը և հետագայում Քեմալ Աթաթուրքը չէին հավատում վերոնշյալ նախագծերի միջև փոխզիջման բանաձև գտնելու հնարավորությանը՝ առաջնորդվելով «Թուրքիայում նույնիսկ լեռները պետք է թուրք լինեն» հայեցակարգով։
«Մենք պետք է գիտակցենք, որ ազգային արժանապատվություն չունեցող ժողովուրդները այլ ժողովուրդների զոհն են դառնում: Մենք կջախջախենք բոլոր նրանց, ովքեր դեմ են թյուրքերին և թյուրքիզմին»:
Քեմալ Աթաթուրք
Այն ժամանակ հայկական գործոնը ուներ երեք չափումներ։ Առաջինը Արևմտյան Հայաստանն էր, որի ոչնչացումը ծավալվում էր 1915 թ.-ից։ Երկրորդը Արևելյան Հայաստանն էր, որի տարածքում 1918 թ. մայիսին հռչակվեց Առաջին Հանրապետությունը։ Երրորդը դրսում հաստատված ու երկու մասի բաժանված հայկական վերնախավն էր (խորհրդային և արևմտյան)։ Հայկական նախագծի վերջնական հաջողությունը կախված էր առաջին երկու չափումների ֆիզիկական և քաղաքական միավորումից (միասնական պետականությունից) և դրա շուրջ երրորդ չափման համախմբումից (միասնական ազգից):
Խոսքը տարածաշրջանային գերտերություն դառնալու դատապարտված Մեծ Հայքի կրճատված տարբերակի վերականգնման մասին է։ Դա բխում էր ոչ միայն աշխարհագրական խիստ բարենպաստ առավելություններից, այլև բոլոր տարածաշրջանային մայրաքաղաքներում (Կոստանդնուպոլիս, Թեհրան, Թիֆլիս, Բաքու) էթնիկ հայերի տնտեսական և քաղաքական ազդեցության գործոնից։ Դրական արդյունքը կախված էր նրանից, թե որքան արագ հայկական առանձին քաղաքական խմբավորումները կկարողանան հաղթահարել ներքին տարաձայնությունները, մաքրվել արտաքին գործակալական ազդեցությունից և ստեղծել միասնական ազգային ազնվականություն՝ որպես հայկական միասնական դիրքորոշման կրող։ Քաղաքական միամտության ու անփորձության հետ զուգորդված իրենք իրենց, տարածաշրջանն ու աշխարհը չհասկանալը հանգեցրին միանգամայն հակառակ արդյունքի՝ հայկական նախագծի կործանմանը։

Հունական նախագիծը փոքր-ինչ այլ հարթության մեջ էր, քանի որ անկախ Հունաստանը հայտնվեց 1830 թ. և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն արդեն ուներ իր սեփական ծովային և ցամաքային զինված ուժերը, որոնք փորձված էին 1897 թ. Օսմանյան կայսրության հետ պատերազմում: Մասնակցելով Համաշխարհային պատերազմին Անտանտի կողմից՝ հույները ձգտում էին վերահսկողություն հաստատել Արևելյան Թրակիայում և Պոնտոսի հույներով հոծ բնակեցված արևմտյան շրջաններում։ Ռեսուրսներ և փորձ ունեցող Հունաստանի «տարածական հավակնությունները» հարցականի տակ էին դնում ինքնին թուրքական անկախ ազգային նախագծի գոյությունը։ Թուրքիան իսկապես մազից էր կախված և ստիպված էր արտաքին հովանավորություն որոնել, որն իր վրա վերցրեց վաղ Խորհրդային Միությունը։ Խորհրդային ղեկավարությունն ամեն ինչ արեց հունա-հայկական հարվածը (արևելքից և արևմուտքից) միահամուռ զսպելու և թուրքերի հաղթանակը ապահովելու համար։ Ավելորդ չի լինի նշել, որ հունական և հայկական ազգային նախագծերը որպես «կոմունիզմին թշնամական» ոչնչացնելու ռազմավարության գաղափարական ոգեշնչողներից մեկը խորհրդային հեղափոխական և հայազգի դիվանագետ Լև Կարախանն էր (Լևոն Կարախանյանը):
Պատմական այդ կարևորագույն շրջանում թուրքական նախագիծը հաղթող դուրս եկավ՝ անկախ ազգ ու պետականություն կերտելու շանս ստանալով։ Արևմտյան Հայաստանը մեծ տերությունների կողմից քեմալական Թուրքիայի տիրույթ ճանաչվեց, Արևելյան Հայաստանն առանց Նախիջևանի և Արցախի (որ Ադրբեջանին են հանձնվել խորհրդային հայկական խմբավորման ակտիվ մասնակցությամբ) դարձավ Խորհրդային կայսրության մի մասը, արևմտյան հայկական քաղաքական և ֆինանսական կլանները ինտեգրվեցին իրենց բնակության երկրներին (Ֆրանսիա, Բրիտանիա, ԱՄՆ), իսկ արևելահայ խումբը ստացավ «կարկանդակի» իր կտորը խորհրդային ղեկավարությունում։ Վերջնական արդյունքում Մեծ Հայքի՝ որպես ազգի միավորման կենտրոնի փոխարեն, ստացանք վերջատած Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ) և աշխարհով մեկ սփռված բարոյալքված համայնքներ, որոնց միակ հենարանը մնում էր Եկեղեցին։
«Մեր հին միջոցներն են ամբողջապես դնել մեր պայքարի հույսերը օտարների վրա, լինեն դրանք պետություններ կամ ապստամբ տարրեր, որոնք որքան էլ արժեքավոր ազդակներ լինեն մեր իսկական ու գլխավոր թշնամուն – Թուրքին – վնասելու տեսակետից, երբեք չեն դադարի մեզ հուսախաբել ու դավել: Կրկնենք, որ այս խոսքերը որևէ դեպքում այդ զենքերի ու միջոցների ավել կամ պակաս արժեքը ժխտելուն չեն միտված, այլ միայն ասվում են նրա համար, որ այևս ՄԵՐ գոյամարտը վարենք միայն ՄԵՐ միջոցներով, միշտ տրամադրելի ու անխարդախ:»
Շահան Նաթալի
