Հայկական լոգոսի որոնումներում: Մաս 1: Կայսերականությունը որպես ինքնության մաս

Արտաշեսյան դարաշրջանի աշխարհակարգի բնույթը թելադրում էր պետությունների գոյության երկու մոդել՝ կամ դու կայսրություն ես, կամ՝ կայսրության հպատակ, այլ ճանապարհ չկար: Բովանդակային առումով առ այսօր ոչինչ չի փոխվել։

«Հայկական էթնոսը ձևավորվել է առաջին կայսությունների և հնագույն քաղաքակրթությունների բախման գործընթացում, հետևաբար նրա քաղաքական և փիլիսոփայական ակունքը կայսերական է, իսկ քաղաքական վարքագծի մոդելը՝ ռեակտիվ»։

Առաջավոր Ասիան մշտապես գտնվել է պատմական իրադարձությունների կիզակետում: Տիգրիսի և Եփրատի բերրի հովիտներում են ձևավորվել առաջին քաղաքակրթություններն, այստեղ են հիմնվել, ընդարձակվել և անկում ապրել հին աշխարհի հզորագույն տերություններն ու կայսրությունները՝ Շումերը, Աքքադը, Խեթական թագավորությունը, Սելևկյանների հելլենիստական տերությունը: Այն մշտապես եղել է բոլոր ժամանակների գերտերությունների շահերի բախման և ազդեցության գոտիների բաժանման տիրույթում: Հայկական լեռնաշխարհում ձևավորված թագավորություններից ոչ մեկին չի հաջողվել դուրս մնալ այդ աշխարհաքաղաքական գործընթացների հորձանուտից։

Ավելին՝ Հայկական լեռնաշխարհի տերություններից առնվազն երկուսը՝ Ուրարտուն և Տիգրան Մեծի կայսրությունը եղել են Առաջավոր Ասիայի առաջատարները՝ ձեռնոց նետելով այն թյուր կարծիքին, թե աշխարհագրորեն Հայաստանը դատապարտված է գերտերությունների ազդեցության գոտի լինելու կամ նրանց միջև հավասարակշռելու:

Հայկական պետությունների պատմությունը մշտապես կապված է եղել իրենց ժամանակի հզորագույն պետությունների պատմությանը, իսկ երբեմն էլ հայերն են կերտել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Հայ էթնոսի կազմավորման հարցում արտաքին ագրեսիան ունեցել է էթնոգենեզի (ազգածագման) մեխանիզմի նշանակություն։ Հենց հնագույն կայսրությունների (նախ՝ Խեթական թագավորության,  ապա՝ Ասորեստանի) հարձակումներն են, որ ստիպել են Հայկական լեռնաշխարհի տարբեր փոքր «երկրներին» միավորվել ավելի մեծ միությունների մեջ: Պարույր Սկայորդու գլխավորությամբ հայկական նոր թագավորության ստեղծման հարցում ևս արտաքին գործոնի ազդեցությունը նշանավոր է եղել: Այն ձևավորվեց նոր ծագող ուժի՝ Մարաստանի և առճակատման մեջ գտնվող Ասորեստանի և Ուրարտուի բախման պայմաններում:

Ժամանակի պատմիչների վկայություններից կարելի է ենթադրել, որ առաջին հայկական թագավորությունը ճանաչել է Մարաստանի գերիշխանությունը: Սակայն մարերի տերությունը երկար կյանք չունեցավ, և պալատական հեղաշրջման արդյունքում մ.թ.ա. 550 թվականից այս տերության տարածքներում Կյուրոս Մեծը ստեղծեց  Աքեմենյան կայսրությունը, որի վասալն էր նաև Հայաստանը, և որն այդ կարգավիճակում մնաց մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները: Հայաստանը կարողացավ անկախանալ միայն նրանից հետո, երբ 331 թ. Գավգամելայում Ալեքսանդրի զորքերը պարտության մատնեցին Աքեմենյանների վերջին թագավոր Դարեհ 3-րդ Կոդոմանի բանակին: Անկախացմանը նպաստեց նաև այն, որ Ալեքսանդրը երբեք չէր արշավել Հայաստան, միայն իր զորավարներից մեկին էր ուղարկել, որպեսզի գրավեր Սպերի ոսկու հանքերը: Ք.ա. 3-րդ դարի կեսերին Մեծ Հայքից անջատվեց Ծոփքը, և ձևավորվեց Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունը, որտեղ թագավոր դարձավ Սամոսը (Շամ)՝ Երվանդունիների արքայական տոհմից: Սակայն մ.թ.ա. 3-րդ դ. վերջերին Սելևկյանների միջամտությամբ Կոմմագենեն անջատվեց Ծոփքից: Այդպիսով, հայկական տարածքներն  բաժանվեցին չորս թագավորությունների՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի: Ալեքսանդրի մահից հետո աշխարհը կրկին ընկղմվեց աշխարհակարգի ձևավորման գործընթացի մեջ. նրա դիադոխները փորձում էին այդ հսկայածավալ կայսրությունն իրար մեջ բաժանել: Նոր աշխարհակարգն իր վերջնական ուրվագիծը ստացավ Իփսոսի (մ.թ.ա. 301 թ.) ճակատամարտից հետո, երբ Ալեքսանդրի զորավարներից Սելևկիոսին բաժին հասավ նախկին պարսկական կայսրությունը, իսկ Պտղոմեոսին՝ Եգիպտոսը: Հայաստանի անկախության պահպանումը պայմանավորած էր նաև Սելևկյան կայսրության թուլացմամբ՝ նրանից անջատվել էին պարթևները և ստեղծել իրենց պետությունը Կասպից ծովից հարավ և հարավ-արևելք ընկած տարածքներում, իսկ Կենտրոնական Ասիայում առանձնացել էր Հունա-բակտրիական թագավորությունը: Իրավիճակը փոխվեց, երբ Սելևկյանների գահին բազմեց Անտիոքոս 3-րդ Մեգասը, ով փորձեց հանձին իր կայսրության վերականգնել Ալ. Մակեդոնացու տերությունը: Նախ՝ մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Սելևկյանները գրավեցին Կոմմագենեն, իսկ Ծոփքի Քսերքսես թագավորն իր հպատակությունը հայտնեց Անտիոքոսին, սակայն Քսերքսեսի` իր կնոջ կողմից սպանվելուց հետո, այնտեղ ստրատեգոս նշանակվեց Զարեհը:

Այդ ժամանակ Մեծ Հայքում կառավարում էր Երվանդունիների վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն (Օրոնտեսը), ով հետագայում սպանվեց հայ ազնվական Արտաշեսի ձեռքով, և վերջինս էլ նշանակվեց Մեծ Հայքի ստրատեգոս: Նույն ժամանակ Արևելք էր շարժվում մի նոր աշխարհակալական ուժ՝ Հռոմը, որը գրավել էր ողջ արևմուտքը և այժմ ուղղություն էր վերցրել դեպի Արևելք՝ ընդարձակելու Pax Romana-ի սահմանները: Նման աշխարհաքաղաքական դասավորվածության պայմաններում, երբ Հայաստանի գլխավոր սպառնալիք Սելևկյան կայսրությունը թուլացել էր և պարփակվել Սիրիայի տարածքում, իսկ Հռոմն ամեն կերպ աջակցում էր Սելևկյաններին ենթակա երկրների անկախացմանը՝ նրանց հռչակելով Հռոմի բարեկամներ, Արտաշեսը դե յուրե ամրագրեց Մեծ Հայքի անկախությունը՝ թագադրվելով որպես հայոց արքա։ Նույնն արեց նաև Զարեհը Ծոփքում: Այսպիսի քաղաքական բարդ պայմաններում, գերտերությունների շահերի բախման հորձանուտում ձևավորվեց Մեծ Հայքի Արտաշեսյան հարստությունը, ում վիճակված էր մեծագույնը լինելու մեր պատմության մեջ:

Արտաշես արքայի կառավարումից շուրջ 2000 տարի հետո պետք է ամրագրվեին քաղաքական ռեալիզմի այն սկզբունքները, որ պետությունների վարքագիծը պայմանավորված է նրանց ազգային շահերով և աշխարհակարգի բնույթով։ Դրանց ամրագրումը նոր էր, սակայն կիրառումը՝ ոչ: 

Արտաշեսյան դարաշրջանի աշխարհակարգի բնույթը թելադրում էր պետությունների գոյության երկու մոդել՝ կամ դու կայսրություն ես, կամ՝ կայսրության հպատակ, այլ ճանապարհ չկար: Բովանդակային առումով առ այսօր ոչինչ չի փոխվել։

Եվ այդ պայմաններում, երբ Հռոմը հասել էր իր հզորության գագաթնակետին, Մեծ Հայքի հարևանությամբ օրեցօր հզորանում էր Պարթևական թագավորությունը, իսկ Սելևկյանները չէին ցանկանում հանգիստ թողնել իրենց նախկին վասալներին, Հայաստանի ազգային շահն ուղենշեց այն ճանապարհը, որով պիտի ընթանար հայ ազգը «կայսրությունների աշխարհում»: Եվ Արտաշեսը ձեռնամուխ եղավ ապագա հայկական կայսրության քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային հիմքերի նախապատրաստմանը: Արտաշեսը նախ միավորեց հայկական հողերը՝ հարևան ժողովուրդներից գրավելով հետևյալ տարածքները. մեդացիներից՝ Կասպիանեն, Փավնիտիսը և Բասորոպեդան, իբերներից՝ Պարիադրեսի լեռնալանջերը, Խորզենեն ու Գոգարենեն, որ գտնվում էր Կուր գետի մյուս կողմում, պալյուբներից և մոսինյոկներից՝ Կարենիտիսը և Դերքսենեն, որոնք սահմանակից էին Փոքր Հայքին կամ նրա մասերն էին, կատաոններից՝ Ակիլիսենեն և Անիտիտավրոսի կողմերը գտնվող երկիրը, և ասորիներից՝ Տամորիտոսը։ Չնայած Արտաշեսը միավորեց Մեծ Հայքի 15 նահանգներից 14-ը, հայկական հողերը շարունակում էին բաժանված մնալ երեք թագավորությունների միջև՝ Մեծ Հայքի, Ծոփքի և Փոքր Հայքի, որը նույնպես ընդարձակվել էր մինչև Սև ծով: Արտաշեսը, իհարկե, գիտակցում էր հայկական թագավորությունների միավորման կարևորությունը, և Զարեհի մահից հետո փորձեց Ծոփքը միացնել Մեծ Հայքին, սակայն չհաջողվեց, քանի որ Ծոփքի թագավորին օգնության հասավ Կապադովկիայի արքան:

Արտաշեսն իր հեռահար նպատակին չէր կարող հասնել առանց ռազմական և  տնտեսական լուրջ բարեփոխումների, որոնք ընդգրկեցին երկրի վարչատարածքային բաժանման հաստատումը, հելլենիստական մշակույթին բնորոշ քաղաքաշինությունը, ագրարային ռեֆորմները: Զարգացած տնտեսությունը նաև հզոր բանակի հիմքն է, և Արտաշեսը տնտեսական բարեփոխումները զուգորդեց նաև ակտիվ բանակաշինությամբ: Նա ստեղծեց մշտական բանակ և այն բաժանեց չորս զորավարությունների՝ ըստ աշխարհագրական ուղղությունների: Արևելյան, արևմտյան և հյուսիսային զորավարությունները նա թողեց իր որդիներին՝ Արտավազդին, Տիգրանին և Զարեհին, իսկ հարավայինը՝ իր Սմբատ զորավարին: Արտաշեսի այս և մյուս բարեփոխումների արդյունքում բարձրացավ Մեծ Հայքի քաղաքական կշիռը տարածաշրջանում: Այսպիսով, Արտաշես Առաջինի օրոք Մեծ Հայքը տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային բուռն վերելքի փուլում էր, և այս հսկայական ներուժն ու էներգիան, որ կուտակել էր Արտաշեսը, դարձավ Տիգրան Մեծի աշխարհակալական նպատակների իրագործման երաշխիքը:

Տիգրան Ա-ի մահից հետո պարթևները թույլ տվեցին նրա որդուն վերադառնալ հայրենիք, սակայն դրա փոխարեն պահանջեցին և ստացան Մեծ Հայքի հարավ-արևելյան որոշ շրջաններ: Պատմությունից հայտնի է, որ հակառակորդ երկրի գահաժառանգին իրենց արքունիքում պահելու ընթացքում փորձում էին նաև նրան ենթարկել գաղափարական ազդեցության՝ նրան դարձնելով իրենց դաշնակիցը, ավելի բարենպաստ պայմաններում՝ իրենց քաղաքական նպատակների իրագործման գործիք: Սակայն Տիգրանի դեպքն այլ էր՝ նա բավականին երկար տարիներ (20 տարուց ավելի) ապրելով պարթևական արքունիքում, ոչ միայն պարթևամետ չէր դարձել, այլև այդ ժամանակն օգտագործել էր հակառակորդին  ճանաչելու, նրա քաղաքականությունը, կայսրության կառուցվածքն ու բնույթը հասկանալու համար: Տիգրանն իր աշխարհակալության տեսլականը նախքան Հայաստան վերադառնալն էր կառուցել ու մտովի գծել Մեծ Հայքի նոր սահմանները: Մի՞թե պատահականություն կարելի է համարել այն, որ նա թագավոր ձեռնադրվեց ոչ թե մայրաքաղաք Արտաշատում, այլ Մեծ Հայքի ծայր հարավում, նույն այն վայրում, որը հետագայում նրա հսկայածավալ կայսրության կենտրոնը դարձավ և որտեղ պետք է տարիներ հետո կառուցեր Տիգրանակերտ մայրաքաղաքը:

Տիգրան Երկրորդը գահ բարձրացավ մ.թ.ա. 95 թ.՝ 45 տարեկանում: Նրա ժամանակակիցն էր նաև Միհրդատ 6-րդ Եվպատորը, ով թագավորում էր Պոնտոսում, և ում օրոք Պոնտոսն ընդլայնվել էր և հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Սև ծով և ընդգրկում էին նաև Փոքր Հայքը: Միհրդատը ևս, ինչպես և Տիգրանը, ձգտում էր ստեղծել հելլենիստական տիպի կայսրություն, սակայն եթե առաջինն իր գլխավոր հակառակորդ էր համարում հռոմեացիներին և ձգտում էր նրանց վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից, ապա երկրորդի գլխավոր ախոյանը Պարթևստանն էր: Թեև Տիգրանի և Միհրդատի նպատակները նման էին, նրանց շահերը չէին բախվում, քանի որ Պոնտոսի արքայի աշխարհակալական նկրտումների թիրախն Արևմուտքն էր, իսկ հայոց արքայինը՝ Հարավը և Արևելքը: Եվ այս ընդհանուր շահերի հիմքով ձևավորվում է հայ-պոնտական դաշինքը, որը կնքվել էր հավասարների միջև՝ փոխշահավետ պայմաններով: Տիգրանը, ով ուներ աշխարհակալական ծրագրեր, նախ և առաջ պետք է ամրապնդեր իր սահմանները՝ ստեղծելով պաշտպանական գոտի իր և Հռոմի ազդեցության տակ ընկած շրջանների միջև:

Թագադրումից հետո Տիգրանի առաջին գործը եղավ Ծոփքը Մեծ Հայքին միացնելը, և դրանով ոչ միայն ավարտվեց հայկական հողերի միավորումը, այլև՝ Հայաստանը սահմանակից դարձավ Կապադովկիային, որը Հռոմի դաշնակիցն ու սատելիտն էր: Հայկական շահերից էր բխում, որ Կապադովկիան լիներ Տիգրանի դաշնակից Պոնտոսի, և ոչ թե օրեցօր հզորացող Հռոմի ազդեցության ներքո: Հայ-պոնտական պայմանագրի կարևոր կետերից մեկն այն էր, որ նվաճված տարածքները պետք է անցնեին Միհրդատին, իսկ գերիներն ու շարժական գույքը՝ Տիգրանին: Սա Տիգրանի կողմից արված կարևոր ռազմավարական քայլ էր, որն ապահովեց ապագա նվաճումների համար անհրաժեշտ մարդկային և տնտեսական ռեսուրսները, և երբ ամուր թիկունքն արևմուտքում արդեն ապահովված էր՝ նա կարող էր անցնել իր տեսլականի իրագործմանը։

Տիգրանի հաղթարշավը շարունակվում էր՝ Ասորիքը գրավելուց հետո նա նվաճեց նաև Կոմմագենեն և Դաշտային Կիլիկիան՝ դառնալով հռոմեացիների անմիջական հարևանը: Մ.թ.ա 70 թ. Տիգրանը գրավեց նաև Պտղոմաիդ քաղաքը և իրեն հնազանդեցրեց Փյունիկիան: Այն ժամանակ, երբ Տիգրանն իր նվաճումներն էր շարունակում Սիրիայում, Միհրդատն ուժերի վերջին գերլարմամբ Փոքր Ասիայում մարտնչում էր հռոմեական լեգեոնների դեմ, որոնց հրամանատարությունը անցել էր Լուցիոս Լուկուլլոսին: Միհրդատյան Երրորդ պատերազմը վճռորոշ եղավ ոչ միայն Պոնտոսի, այլև Հայաստանի համար: Կաբիրայի ճակատամարտից հետո պոնտական բանակը ոչնչացված էր, իսկ Միհրդատը փախուստի էր դիմել:

Դժվար չէ կռահել, որ այդ պայմաններում Հռոմի հաջորդ թիրախը Հայաստանն էր, և այլևս ոչինչ չէր կարող խանգարել Հռոմին իրագործելու իր վաղեմի նպատակը՝ վերջ տալ հայկական աշխարհակալությանը և վերականգնել իր դիրքերն Արևելքում: Հույն պատմիչները փորձել են ամեն կերպ քողարկել Հռոմի իրական նպատակները՝ որպես հայ-հռոմեական պատերազմի պատճառ ներկայացնելով Տիգրան Մեծի կողմից Միհրդատին Լուկուլլոսին հանձնելու պահանջը մերժելը: Վերջինս, ի դեպ, Հայաստանի դեմ պատերազմելու մանդատ չէր ստացել սենատից: Սակայն, եթե անգամ պատմական իրողություններն իսկապես եղած լինեն այնպես, ինչպես նրանք են նկարագրում, դա կնշանակեր միայն, որ Տիգրանը շատ լավ հասկացել էր, որ անկախ իր պատասխանից պատերազմն անխուսափելի է: Սակայն այն, որ Տիգրանը մինչև Տիգրանակերտի գրավումը հրաժարվել էր հանդիպել Միհրդատի հետ, ով ապաստանել էր Հայաստանի ծայրամասերից մեկում, խոսում է այն մասին, որ հայոց արքան փորձել է անել ամեն բան հռոմեացիների հետ բաց առճակատումը կանխելու համար: Որոշ հայ պատմաբաններ հակված են այն կարծիքին, որ Տիգրանը հավանաբար ուշադրությունը սևեռելով դեպի արևելք՝ խորապես չէր հասկացել Հռոմի երկարաժամկետ նպատակները:

Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ կլիներ, եթե Տիգրանը նախքան Կաբիրայի ճակատամարտն օգներ Միհրդատին, բայց այն, որ ստեղծված իրավիճակում արտաքին գործոնները Տիգրանի օգտին չէին, ակնհայտ է: Հայ-հռոմեական բախումները փոփոխական հաջողություններով շարունակվեցին մինչև 66 թվականը, երբ հռոմեացի Լուկուլլոս զորավարին հաջորդեց Պոմպեոսը, որը և կարողացավ պարտության մատնել Տիգրան Մեծին և վերջ տվեց նրա աշխարհակալության գոյությանը: Հայաստանը պարփակվեց Մեծ Հայքի սահմաններում, և այդ սահմաններն անփոփոխ մնացին ընդհուպ մինչև Հայաստանի առաջին բաժանումը: Հայ-հռոմեական պատերազմների ընթացքի նկարագրությունը դուրս է մեր նպատակներից, քանզի մեզ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչպե՞ս կործանվեց հայոց աշխարհակալությունը, այլ թե ինչու՞ այդպես եղավ և ի՞նչ հետևանքներ ունեցավ դա մեր պատմության համար:

Տիգրան Մեծի ստեղծած տերությունը կայսրություն էր, նրան բնորոշ խայտաբղետությամբ. այն իր մեջ ներառում էր տարբեր ժողովուրդներ, ցեղեր, որոնք ունեին իրարից խիստ տարբերվող մշակույթ, կենցաղ, հավատալիքներ, խոսում էին ավելի քան 15 լեզուներով, գտնվում էին տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում: Նման «խառը նյութից» քաղաքական ազգ ստեղծելու գործընթացը երկար տարիներ, անգամ՝ դարեր և մեծ ռեսուրսներ էր պահանջում, իսկ Տիգրանն այդ ժամանակը չուներ: Պետք է ընդունել, որ այդ ժողովուրդներից, երկրներից որոշները Տիգրանի կայսրությանը հարկադրաբար էին միացվել, և թեև նրանք ճանաչել էին Տիգրանի գերիշխանությունը, դրանցից շատերն անգամ տեղում պահպանել էին իրենց ներքին ինքնավարությունը:  Ուստի, հենց ի հայտ եկավ Հայաստանին հակակշռող ուժ, այն է՝ Հռոմը, նրանք օժանդակություն ցուցաբերեցին նրան՝ ընդդեմ Տիգրան Մեծի:

Մեծ Հայաստանի անկման հիմքում ընկած է նաև մի երևույթ, որը մեր հետագա ողջ պատմության ընթացքում հետևելու է մեզ՝ դառնալով ոչ պակաս մեծ կորուստների պատճառ՝ ներքին անմիաբանությունը և ռազմավարական տեսլականի բացակայությունը։

Դեռևս Լուկուլլոսի արշավանքի ժամանակ Տիգրանին դավաճանել և հռոմեացիների կողմն էին անցել նրա վասալ թագավորները: Բայց ամենամեծ հարվածը եղավ նրա որդու՝ Տիգրան Կրտսերի դավաճանությունը, ում ազնվականության մի որոշ մաս կարողացավ իրենց կողմը գրավել: Պատմությունից հայտնի է, որ Տիգրանի մյուս երկու որդիները ևս փորձել էին սպանել նրան և տիրել նրա գահին: Իհարկե, այս խռովությունները հրահրված էին Հռոմի կողմից, ով Հայկական պետությունը հռչակել էր Արևելքում իր ամենավտանգավոր ու զորեղ թշնամին: Հայ-հռոմեական հաշտության պայմանագրի կնքման նախօրեին Տիգրան Մեծը քաղաքական բարդ իրադրությունում էր հայտնվել՝ զրկվել էր իր նախկին դաշնակից մի շարք պետությունների օժանդակությունից, Հռոմն ու Պարթևստանը նրա դեմ դաշինք էին կնքել, տերության ներսում երկպառակտությունների և դավաճանությունների ալիք էր բարձրացել, և ահա այս բարդ պայմաններում էր նա որոշում կայացրել դաշինք կնքել Պոմպեոսի հետ: Այն կնքվեց 66 թ., և թեև սրանով Տիգրան Մեծը պահպանեց բուն Մեծ Հայքի սահմանները և «արքայից արքա» տիտղոսը, Արտաշեսյան թագավորությունը սկսեց անկում ապրել, և հայ ժողովուրդն այլևս երբեք չկարողացավ վերականգնել իր երբեմնի հզորությունը:

Հայկական կայսրության կործանմամբ փակվեց հայոց պատմության կարևորագույն էջը:

Սակայն այդ կայսրության և հայոց հզորագույն արքայի՝ Տիգրան Մեծի կերպարն ընդմիշտ վառ մնաց մեր ազգի պատմական հիշողության մեջ, յուրովի դառնալով մեր գոյության ազգային խորհրդանիշ: Այդ խորհրդանիշը հաճախ նույնականացվում է հայկական կայսրության ֆիզիկական սահմանների՝ «ծովից ծով» Հայաստանի հետ, որը ձգվում էր Կասպից ծովից և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք և Կարմիր ծով, Եկբատանից մինչև Միջերկրական ծով:

Սակայն քչերն են փորձում հասկանալ, թե ինչ էր կատարվում այդ սահմանների ներսում: Քչերն են գիտակցում, որ կայսրությունների բախումից ծնված ազգը, սնվելով աշխարհակալության գաղափարներով, անցում էր կատարում ավելի բարձր՝ գերէթնոսի, քաղաքական ազգի մակարդակին: Տիգրանն առաջինն էր հայոց արքաներից, ում հաջողվեց հաղթահարել աշխարհագրության կապանքները և ծնունդ տալ հայոց աշխարհակալությանը: Նա վերջ տվեց այն կարծրացած համոզմունքին, որ գերտերությունների շահերի հատման կետում գտնվող երկրներն այլընտրանք չունեն կողմերի միջև հավասարակշռելուց, կամ նրանցից մեկի կողմն անցնելուց բացի: Այս աշխարհակալությունը ծնունդ էր առել Հայկական լեռնաշխարհից, որը մինչև Տիգրանի գահ բարձրանալը և նրա մահից հետո մշտապես մնաց բոլոր ժամանակների հզորագույն կայսրությունների շահերի բախման կիզակետում:


Լոգոս – հին հունական մատերիալիստական փիլիսոփայության մեջ՝ համընդհանուր օրինաչափություն՝ աշխարհի հիմք, իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ հոգևոր սկիզբ, աստվածային բանականություն։

Թողնել մեկնաբանություն